Ա. Լոպուխին
5-11․ «Դուք, որ կուռքերի տենչից բորբոքված այրվում եք ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին գետերի մոտ, ժայռերի խոռոչների միջև»։ [5] «Գետերի հարթ քարերի մեջ է քո բաժինը, դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց ես դու գինի հեղում և զոհ մատուցում․ մի՞թե Ես կարող եմ գոհ լինել դրանով»։ «Բարձր և ականավոր լեռան վրա դու կդնես քո անկողինը և այնտեղ կբարձրանաս զոհ մատուցելու համար»։ «Դռների, ինչպես նաև դրանդիների հետևում կդնես քո հիշողությունները, քանի որ Ինձանից երես թեքելով՝ դու կմերկանաս և կբարձրանաս, կտարածես քո անկողինը և դաշինք կկապես նրանց հետ, ում հետ սիրում ես պառկել, տեղ ես փնտրում»։ «Դու թագավորի մոտ անուշահոտ յուղով գնացիր և շատացրիր քո յուղերը, և քո պատգամավորներին հեռու ուղարկեցիր, և նվաստացար՝ մինչև դժոխք իջնելով»։ «Քո երկար ճանապարհից հոգնեցիր, սակայն չասացիր․ «Հույսը կորած է», այլ դեռ քո ձեռքում կենսունակություն գտար, և այդ պատճառով թուլություն չզգացիր»։ «Ո՞ւմից դու վախեցար և սարսափեցիր, որ անհավատարիմ դարձար ու դադարեցիր Ինձ հիշել և պահպանել քո սրտում, մի՞թե դու չդադարեցիր վախենալ Ինձանից այն պատճառով, որ Ես լռում էի, այն էլ երկար»։ (Սինոդական թարգ․)
5-11-րդ համարներում ներկայացվում է ամբողջովին մեղադրական պատկեր, որը մարգարեի կողմից առաջադրվում է հրեաներին՝ նրանց կրոնա-բարոյական տարատեսակ մոլորությունների պատճառով։ Այս ենթաբաժինն ունի նաև վսեմ, զուտ պատմական հետաքրքրականություն, քանի որ այն իրենում բովանդակում է հեթանոսական հավատալիքների և պաշտամունքների ամենատիպիկ բնորոշումները, որոնք հարևան քանանական ժողովուրդներից ներթափանցել էին Իսրայելի մեջ ու այնտեղ տիրապետող էին դարձել այսպես կոչված «կրոնական սինկրետիզմի» ժամանակաշրջանում։ Այստեղ մենք ցուցումներ ենք տեսնում նաև օրգիական պաշտամունքների (5-րդ համար), կրոնական երկրպագության «քարերի» կամ հատուկ, սրբազան քարերի (6-րդ համար), «բարձունքների վրա» հեթանոսական զոհաբերությունների կատարման ձևի (7-րդ համար), կենցաղային աստվածությունների…անգամ երեխաների արյունալի զոհաբերությունների վերաբերյալ (5-րդ համար)։ Նախագերության շրջանում հրեաների կրոնա-բարոյական այսպիսի վհատեցուցիչ վիճակի պատմական կատարյալ վավերականությունը հաստատվում է պատմական և մարգարեական բազմաթիվ այլ գրքերի համապատասխան զուգահեռների հետ համեմատությամբ (Ա Թագ․ 19։13, Դ Թագ․ 17։10, 31, 21։6, Բ Մնաց․ 23։17, 28։3, Եր․ 2։20, 3։6, 19։2-6, Եզ․ 16։20, 20։26, 23։37 և շատ ուրիշ տեղիներ)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որ անտառախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին եւ խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին:
(Արարատ թարգ․) դուք, որ ցանկությամբ գրգռվում եք բևեկնիների մեջ՝ ամեն կանաչազարդ ծառի տակ, որ մորթում եք մանուկներին ձորերում, ժայռերի խոռոչների մեջ։
(Գրաբար) որ անկեալ աղաչէիք զկուռսն ձեր ի ներքոյ անտառախիտ ծառոց. զոհէիք զուստերս ձեր ի խորաձորս ի մէջ գլխոց վիմաց,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: