Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց:
Ահա Ես դեպի նրանց պիտի դարձնեմ խաղաղությունը, ինչպես գետ, և հեթանոսների փառքը, ինչպես հորդահոս հեղեղ։
Աստծո ընծաների շնորհները գետի ու հեղեղի է նմանեցնում մի շարք պատճառներով. նախ՝ որովհետև ինչպես գետն ու հեղեղն են հոսում հորդառատ կերպով, նույնպես և հորդառատ են Աստծո շնորհները, ըստ այն խոսքի, թե «ով ունի՝ նրան տրվելու և ավելացվելու է» (հմմտ․ Մատթ. 25։29):
Երկրորդ՝ որովհետև ինչպես գետն ու հեղեղն են հանկարծակի հոսում, նույնպես և՝ Աստծո շնորհները, որոնք բաշխվում են այն ժամանակ, երբ Տերը կամենում է։ Այդպես եղավ վերնատանը, ուր նստած էին առաքյալները, և հանկարծակի ցնցում եղավ ու բոլորը լցվեցին Սուրբ Հոգով (Գործք 2։2-5):
Երրորդ՝ Աստծո շնորհներին ոչ ոք չի կարող արգելք լինել, ուստի և Պողոսն ասում է. «Աստված է, որ արդարացնում է, իսկ, արդ, ո՞վ է, որ կդատապարտի» (Հռոմ. 8։33-34):
Չորրորդ՝ որովհետև գետն ու հեղեղը տեսանելի են նաև ուրիշներին, նույնպես և շնորհները երևում են ոչ միայն նրանց, որոնց տրված են, այլև ուրիշները ևս տեսնում են [դրանք], ըստ այս խոսքի. «Չի կարող քաղաքը թաքնվել, կամ ճրագն իր լույսը թաքցնել բոլորից, որ տան մեջ են» (հմմտ․ Մատթ. 5։14):
Հինգերորդ՝ գետերն ու հեղեղները ետ չեն դառնում, նույնպես և, ինչպես Պողոսն է ասում. «Աստծո պարգևը և կոչն են անդառնալի» (Հռոմ. 11։29):
Վեցերորդ՝ նրանք բարձրավանդակներից իջնում են ցածրադիր վայրեր, և «Տերը հակառակ է ամբարտավաններին ու շնորհներ է տալիս խոնարհներին» (Հակ. 4։6): Յոթերորդ՝ ինչպես հեղեղից ու գետից փոքրիկ առուներ են հոսում, նույնպես և շնորհներին արժանացած շատերն աշխատանքի միջոցով հաջողությունների են հասնում, ըստ այն խոսքի, որ ասում է առակով. «Խոր ջրհոր է մարդու սրտի խորհուրդը, սակայն իմաստունը երես է հանում այն» (Առակ. 20։5): Նույնպես և ամեն տեսակ բարություն ու խաղաղություն, որ տալիս է Աստված, համապատասխանում է այդ նույն օրինակին, ինչպես որ ասվեց:
Ա. Լոպուխին
Քանի որ այսպես է ասում Տերը. «Ահա, Ես նրա վրա եմ բերում խաղաղությունն ինչպես գետ, և ժողովուրդների հարստությունը որպես հորդահոս հեղեղատ ձեր վայելումի համար, ձեզ ձեռքերի վրա են տանելու և շոյելու են իրենց ծնկների վրա»: [12] (Սինոդական թարգ․)
«Ահա, Ես նրա վրա եմ բերում խաղաղությունն ինչպես գետ, և ժողովուրդների հարստությունը որպես հորդահոս հեղեղատ․․․» - Այս բոլոր պատկերներն ու գաղափարներն այն ամենի կրկնությունն են հանդիսանում, ինչն ավելի վաղ հանդիպել ենք Եսայի մարգարեի գրքի տարբեր հատվածներում, որոնցում խաղաղությունը համեմատվում էր գետի հետ (Ես․ 48:18) ու նմանեցվում էր հոսող առվակի (Ես․ 30:28), ինչպես նաև խոսվում էր այն մասին, որ ժողովուրդների հարստությունն ու ունեցվածքը պատկանելու է հավատարիմ Սիոնին (Ես․ 60:5, 61:6): Նորկտակարանյան վկայություններն այն մասին, որ Երուսաղեմում՝ խաղաղության քաղաքում, հաստատվել էր Աստծո խաղաղությունը՝ մարդկանց հետ, ծառայում են որպես լավագույն «արդարացում» սույն մարգարեության համար (Հովհ. 14:27 և այլ տեղիներ):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Ահա ես նրա վրա եմ բերում բարօրությունն ինչպես գետ, և ազգերի փառքը՝ ինչպես հորդահոս հեղեղատ. և դուք պիտի ծծեք ու սնվեք։ Ձեզ իրենց գիրկը պիտի առնեն և գգվեն իրենց ծնկների վրա։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր. ահաւասիկ ես դարձուցանեմ ի դոսա իբրեւ զգետ զխաղաղութիւն, եւ իբրեւ զհեղեղատ յորդեալ զփառս հեթանոսաց. զմանկունս դոցա ի վերայ ուսոց իւրեանց բարձեալ բերիցեն, եւ ի վերայ ծնգաց իւրեանց գգուիցեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: