Թվոց գրքի մեկնություն 17։12

Ա․ Լոպուխին

12-13․ Եւ Իսրայելի ասացին որդիները Մովսեսին. «ահա մենք մահանում ենք, կոտորվում ենք, բոլորս ենք կոտորվում։ [12]Ով որ մոտենում է Տիրոջ խորանին մահանում է, մի՞թե մենք բոլորս պետք է մահանանք»: (Սինոդական թարգ․)
   
   Հմր․ 12−13։Թեև ժողովուրդը գիտակցում է իր առաջնորդների աստվածընտրյալ լինելու ճշմարտացիությունը, սակայն իր հակաօրինական ցանկությունների ակնհայտորեն կյանքի չկոչվելը տեսնելով՝ դեռ չի կարողանում ազատվել հուսահատության մռայլ զգացումից:

   Հետագա 38 տարիների (Ռամզեսից դուրս գալու պահից քառասուն տարի է հաշվվում) դեգերումների շրջանը, որպես Աստծո արդար և ահեղ դատաստանի համաձայն ժողովրդի ոչնչացման մռայլ ժամանակաշրջան, պատմագրի կողմից գրեթե ամբողջովին լռության է մատնվում: Նշված ժամանակահատվածում իսրայելացիները կա՛մ ամբողջությամբ մի օազիսից մյուսն էին տեղափոխվում (ինչպես բեդվինները) և այնտեղ ապրում, քանի դեռ անասունների համար ուտելիք կար, կա՛մ էլ, խմբերի բաժանվելով, յուրաքանչյուրն ինքնուրույն էր քոչում: Հնարավոր է, որ բացի անասնապահությունից՝ ժողովրդի որոշ խմբեր երբեմն զբաղվում էին նաև հողագործությամբ (Ծննդ. 26): Մովսեսն էլ տարբեր ժամանակներում Խորանով պետք է այցելեր ժողովրդի նշված խմբերին: Այս խմբերի կենտրոնական, այսպես ասած, կապող օղակը կարող էր լինել Նեhևի շրջանը՝ Ավետյաց երկրի շեմը:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսրայէլացիներն ասացին Մովսէսին. «Մենք կոտորւում, կորչում, նուազում ենք:
(Արարատ թարգ․) Իսրայելի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Ահա մենք մեռնում ենք, կորչում, ամենքս էլ կորչում ենք։
(Գրաբար) Եւ խաւսեցան որդիքն Իսրայէղի եւ ասեն ցՄովսէս. Ահաւասիկ սատակիմք, կորնչիմք, ծախիմք: