Ա․ Լոպուխին
«Կենդանիների գլխավերևում կամարի նմանությամբ մի բան կար, որ շլացնող բյուրեղի տեսք ուներ և տարածվում էր նրանց գլուխներից վերև»։(Սինոդական թարգ․)[22]
«Կենդանիների» - Եբրայեցերենում սույն համարում, ինչպես 19-րդ և 21-րդ համարներում էր, դարձյալ կիրառված է այդ «տարօրինակ» (Կորնիլ) եզակի թիվը (չնայած որ եբրայեցերեն երեք ձեռագրեր՝ Քենեկոթի ձեռագիրը, Յոթանասնից թարգմանությունը, Թարգումը, Պեշիթոն և Վուլգաթան այն փոխադրում են հոգնակի թվով) բոլոր չորս քերովբեների համար, քանի որ այստեղ, ինչպես որ այդ վերոնշյալ համարներում էր, քերովբեները համարվում են օրգանական մեկ էություն։ «Նմանություն» բառն ընթերցողին հայտնում է այն առեղծվածի մասին, որն այժմ նկարագրվելու է: Մարգարեն դարձյալ (ինչպես 5-րդ, 10-րդ և 13-րդ համարներում էր) տեսնում է մի երևույթ, որի միայն նմանությունը կարող ենք «գտնել» երկրի վրա. անիվների մասին չի ասվում, որ դրանք տեսանելի նմանություններ ունեին միմյանց հետ։ Դրանից հետո արդեն այս բառը պիտի օգտագործվի միայն գահը և Նրա վրա Բազմողին նկարագրելիս։ «Կամար», սլավոներեն՝ «հաստատություն», եբրայեցերեն՝ «ռաքիա» (stereoma, firmanentum) բառը Հին Կտակարանում օգտագործվում է բացառապես «երկնակամար», «երկնքի հաստատություն» նշանակությամբ: Ճիշտ է, այդ միտքն արտահայտելու համար համապատասխան բառի բացակայությունը հնարավորություն է տալիս, որ այստեղ այդ «հաստատություն» բառը չընկալվի «երկնակամար» նշանակությամբ, սակայն քանի որ Յահվեի գահը երկնքում է, ուստի «ռաքիա» բառն այստեղ կարող է նշանակել միայն «երկինք», «երկնակամար»: Սակայն սա այն երկնակամարը չէր, որը մենք սովորաբար տեսնում ենք, այլ միայն նրա նմանությունը, շատ ավելի գերազանց, քան նախատիպը: Յոթանասնից թարգմանության մեջ «կամար» բառից առաջ առկա է նաև «նման», «նմանությամբ» (կարծես թե) մասնիկը։ Եթե այս մասնիկը բնօրինակային իսկություն ունի, ապա մարգարեին երևացած «երկնակամարի նմանությունը» գնալով ավելի է նվազում և վերածվում է թույլ նմանության: Տեսանելին ու զգացականը կարող են միայն շատ անբավարար պատկերացում հաղորդել անտեսանելի երկնքի մասին։ Մովսեսը և «Իսրայելի ավագները», որոնք տեսան Աստծո կանգնած տեղը, այն մտքին հանգեցին, որ այդ վայրն իր մաքուր և թափանցիկ լույսով նմանվում էր երկնքի հաստատությանը (երկնակամարին)․ «Ջինջ երկնքի նմանությունն ուներ» (Ելք 24։10)։ Եզեկիել մարգարեն քերովբեների գլխավերևում երևացած կամարը բավարար չի համարում համեմատել միայն երկնակամարի հետ, ուստի այն համեմատում է նաև «կերախի»՝ «բյուրեղ»-ի հետ։ Կերախ» բառը մի իմաստով նշանակում է «ցուրտ», «սառնամանիք» (Ծննդ․ 31:40, Երեմ․ 36:30), մյուս իմաստով՝ «սառույց» (Հոբ 27:10; 38:29)։ Այս երկրորդ նշանակությամբ բառն ավելի հազվադեպ է հանդիպում, չնայախ որ, կարծես թե, ավելի ուշ այն պետք է ճանաչվեր որպես բառի հիմնական իմաստ, քանի որ այս բառի արմատը «հարթ լինելն» է, ուստի, հետևաբար, այն ի սկզբանե պետք է կիրառված լիներ ցրտի պատճառով հարթ դարձած ջրի վերաբերությամբ: Սակայն քանի որ սառույցի տեսքը, որքան էլ այն մաքուր և թափանցիկ լինի, ամենևին էլ այնքան հոյակապ տպավորություն չի թողնում, որպեսզի այս պարագայում ծառայեր որպես դիպուկ համեմատության գործիք, ուստի Յոթանասնից թարգմանությունը և գրեթե բոլոր հին թարգմանությունները (միայն Թարգումն է բառը փոխադրում «սառույց» նշանակությամբ) հիմնվեցին բյուրեղ կամ շափյուղա բառի վրա՝ որպես մի առարկայի, որը «սառույց» բառից էլ ավելի շատ է պատշաճում այս համատեքստին։ Չնայած որ «կերախ» բառը «բյուրեղ» նշանակությամբ ոչ մի տեղ չի օգտագործվում (Հոբ 28։17-րդ համարում «գավիշ» բառն է, որ թարգմանվում է «բյուրեղ»), վերոհիշյալ հին թարգմանությունների հեղինակները կարծում են, որ այդ բառը կարելի է «բյուրեղ» իմաստով թարգմանել կա՛մ այն պատճառով, որ այն նման էր սառույցի, կա՛մ էլ, համաձայն հին շրջանի հեղինակների վկայությունների, քանի որ այդ «կերախ»-ն առաջանում էր ցրտի արդյունքում (Պլինիոս, «Բնական պատմություն», XXXVII, 8, 9)։ Ենթադրվում է, որ երանելի Հովհաննեսը, ակնարկելով Եզեկիելի մարգարեության 1։22-րդ համարը, Հայտնության գրքի 4։6-րդ համարում հակված է ընդունելու բառի հենց այս վերոնշյալ իմաստը, չնայած որ նա ավելի շուտ համատեղում է այդ երկու իմաստները, երբ ասում է, որ Աստծո գահի առաջ եղել է «ապակե ծով, որ բյուրեղի նմանությունն ուներ»: Հոբի գրքում բյուրեղը (եթե կարելի է այդպես թարգմանել «գավիշ» բառը), ըստ երևույթին, ավելի ցածր արժեք է ներկայացնում իրենից, քան օֆիրի ոսկին, սակայն համարժեք է համարվում սովորական, մաքուր ոսկուն (28:17,18), հետևաբար հնում այն մեծ արժեք ուներ և, թերևս, արժանի էր ընդգրկվելու այն վեհաշուք տեսիլքում, որում ամեն բան, նույնիսկ անիվները, թվում էր թե պատրաստված էին լավագույն թանկարժեք քարերից։ Հին Արևելքի ամենահարուստ պալատների հատակները ծածկված էին բյուրեղով կամ ապակիով։ Ղուրանում (սուրահ 25, 44-րդ համար) Սաբայի թագուհին ջրի դիմաց վերցնում է Սողոմոնի գահի դիմաց գտնվող բյուրեղյա հարթակը: Սակայն եթե «կերախ» ասելով ի նկատի ունենանք բյուրեղը, ապա անհասկանալի կլինի, թե ինչու է մարգարեն այդքան ոչ կիրառելի անվամբ կոչում այդ կամարը։ Մարգարեին անհրաժեշտ էր մի հանքանյութ, որը լիակատար թափանցիկության և քարի կարծրության լավագույն համադրությունը կլիներ ու կկարողանար ծառայել որպես երկնային մաքրության և պարզության հրաշալի խորհրդանիշ:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Եւ կենդանի էակների գլխավերեւում երկնակամարի նման մի բան կար, որ բիւրեղի տեսք ունէր ու վերեւից տարածւում էր նրանց թեւերի վրայ:
(Արարատ թարգ․) Կենդանի էակների գլուխների վրա հաստատության նման մի բան կար՝ շլացնող բյուրեղի նման տարածված նրանց գլուխներից վերև։
(Գրաբար) Եւ նմանութիւն հաստատութեան ‘ի վերայ գլխոյ գազանացն իբրև զտեսի՛լ ական վանի՝ տարածեալ ‘ի վերայ թևոց նոցա ‘ի վերուստ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: