Ա. Լոպուխին
«Եվ ասաց նրան Տերը. «Անցի՛ր քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով, և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ ողբում ու հառաչում են նրա մեջ կատարվող բոլոր պղծությունների համար»»։ [4] (Սինոդական թարգ․)
«Եվ ասաց նրան Տերը» (Յահվեն)- Այստեղ առաջին անգամ հիշատակվում է տեղի է ունեցող ամեն բանի գլխավոր դերակատարի անունը, քանի որ այժմ սկիզբ է առնում դատաստանը, որը պետք է իրականացնի Ինքը՝ Յահվեն, մինչդեռ մինչ այս պահը պարտադիր չէր, որ անմիջականորեն Յահվեն առաջնորդերմարգարեին, խոսեր նրա հետ և կանչեր պատժողներին։
«Քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով» - նկատի է առնվում այդ դժբախտ Երուսաղեմը (առկա է հատուկ շեշտադրություն, հմմտ․ Եզեկ․ 4:1)։ Սակայն սլավոնական և որոշ հունական ձեռագրերում այսպես է․ «Երուսաղեմ քաղաքի մեջտեղում․․․»։
«Ճակատներին» - Ոչ միայն այն պատճառով, որ այս դեպքում նշանը շատ ավելի տեսանելի կլիներ, այլ նաև ա՛յն պատճառով, որ սա հատուկ մատնանշում էր պարունակում մարդու մտքի և ինքնագիտակցության վրա, որոնց «հանգրվանը» համարվում է գլուխը։ Սա հաշվի առնելով՝ բավականին հին ժամանակներում մարդկանց ճակատներին դրվում էր այս կամ այն նշանավոր ընտանիքի կամ պաշտամունքի պատկանելու հատուկ նշան, որի «շնորհիվ» այն կրողն անձեռնմխելիություն էր ստանում (հմմտ․ Ծննդ. 4:15, Smith W. R. Kinship and Marrige in early Arabia, 1885, 215)։ Հետևաբար հետաքրքիր կլինի այս հարցի առնչությամբ նմանություններ գտնելը․ եգիպտական Ալիսը ճակատին ուներ սպիտակ եռանկյունու կամ քառանկյունի պատկեր։ Հնդկական Շիվայի ճակատին պատկերված էին Գանգեսի հորդառատ ջրերը։ Շիվայի կամ Վիշնայի նշանը դրվում էր այն հինդուի ճակատին, որը սրբվում էր սուրբ ջրերում։ Ճապոնացի ուխտավորը Տենսիո Դաի Սին տաճարում որպես ներման նշան մի փոքրիկ քառակուսի տախտակ է ստանում, որի վրա մեծ տառերով գրված է Աստծո անունը և որը նա կրում է իր ճակատին։ Դարձյալ, ստրուկների ճակատին նույնպես դրվում էր նրանց տիրոջ անունը պարունակող գրառում (inscripti. literati servi)։ Հետևաբար, այս նախօրինակներից կարող է իր գոյությունը ստացած լինել նաև ներկայիս պատկերը՝ հետագայում կիրառություն գտնելով նաև Հայտնության 7:3-րդ, 14:1-ին համարներում։
«Որ ողբում ու հառաչում են․․․բոլոր պղծությունների համար» - և ոչ թե միայն նրանց, ովքեր չեն մասնակցում այդ պղծություններին։ Եբրայեցերեն «տավ» բառը կարող է ունենալ թե՛ այս իմաստը, և թե՛ կարող է գործածվել զուտ որպես եբրայեցերենի վերջին տառ։ Սակայն քանի որ հին այբուբեններում այս տառը (ոչ միայն եբրայեցերեն, այլ նաև սամարական, փյունիկյան, եթովպական, հունական և հռոմեական) ուներ խաչի ձև, իսկ խաչը մշտապես եղել է ամենահարմար և ընդունված նշանը (և՛ ավելի նկատելի, քան գիծը կամ կետը, և ավելի պարզ ու բնական, քան վերոնշյալ գծիկը կամ կետը), այդ իսկ պատճառով էլ եբրայական այբուբենում այն կոչվում է «նշան»՝ «տավ»։ Այդ դեպքում ուրեմն, եթե «տավ»-ն այստեղ նշանակում է «նշան», այլ ոչ թե գործածվում է որպես տառ, հետևաբար «փրկվածների» դասին պատկանողներն իրենց ճակատներին նշանագրված ունեին ոչ այլ ինչ, եթե ոչ խաչի՛ նշանը։ Փրկագնման քրիստոնեական նշանի հետ համընկնումը հազիվ թե պատահական լիներ, թեև ինքը՝ մարգարեն, հազիվ թե նկատեց այս նշանի մարգարեական իմաստը: Ռաբբիները ենթադրում էին, որ «տավ»-ը ճակատին դրվում էր որպես «Թորա»-ի՝ «օրենք»-ի սկզբնական տառ կամ էլ որպես «տիխէէ»՝ «թող ողջ մնա» արտահայտության սկզբնատառ։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց նրան. «Անցի՛ր Երուսաղէմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծում են ու հոգոց հանում այդ վայրերում կատարուած անօրէնութիւնների վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերը նրան ասաց. «Անցի՛ր քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով, և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում ու ողբում են նրա մեջ կատարվող բոլոր պիղծ բաների համար»։
(Գրաբար) Եւ ասէ ցնա Տէր. Ա՛նց ընդ մէջ քաղաքիդ Երուսաղեմի, և դի՛ր նշան ‘ի ճակատ արանցդ որ հեծեն և յոգոց հանեն ‘ի վերայ անօրէնութեանցն գործելոց ‘ի մէջ դոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: