Եզեկիելի մարգարեության մեկնություն 11։1

Ա. Լոպուխին

«Եվ հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասի մոտ, որ նայում է դեպի արևելք։ Եվ ահա, դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար, և նրանց մեջ տեսա Հեզանիային՝ Ազուրի որդուն, և Փաղատիային՝ Բանեայի որդուն, ժողովրդի իշխանավորներին»։ [1] (Սինոդական թարգ․)

   
   Յահվեի հեռանալը Երուսաղեմից։ Տաճարի ելքի՝ արևելյան դարպասի մոտ, տեղի է ուենում հավաք, որի ժամանակ ղեկավարները, քաղաքի ամրության հարցում իրենք իրենց վրա հույս դրած, ցանկանում են համարձակվել մարտի բռնվել քաղդեացիների հետ։

   «Եվ հոգին ինձ վերցրեց ու բերեց» - ինչպես 43։5-րդ համարում՝ 3։14-րդ համարի հետ համեմատությամբ։

   «Տիրոջ տան արևելյան դարպասի մոտ, որ նայում է դեպի արևելք» - Վերջին, ըստ երևույթին անհարկի հավելումը, թերևս, նպատակ ունի տեղեկացնելու, որ այս դարպասը տաճարի վերջին դարպասն էր և ոչինչ չէր խանգարում այդտեղից ծագող արևը տեսնելու համար։ Այստեղ խորհրդի կանգնած իշխանները, արևապաշտների հետ քանակական ճշգրիտ համապատասխանությամբ, շրջվում են դեպի արևելք ինչպես և այդ վերոնշյալ արևապաշտները։

   «Դարպասի մուտքի մոտ» - այն կամարի տակ, որը կառուցված էր հաստ պարսպով։ Արևելքում դարպասների մոտ դատավարություններ էին անցկացվում, և մեղավորներն էլ անմիջապես պատժի էին ենթարկվում։ Տվյալ դեպքում, ակնհայտորեն, արևելյան դարպասի մոտ տեղի էր ունենում առաջնորդների հանդիպումը. այն, որ նշված հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե քաղաքի դարպասների, այլ տաճարի դարպասների մոտ, դա անկասկած վկայում է այդ ժամանակահատվածում նմանատիպ պրակտիկայի փաստացի գոյության մասին, (հմմտ. Երեմ․ 26:10)։ Այդ պրակտիկան է, որ Եզեկիելը կարծես թե ցանկանում է մատնանշել 44:2-3-րդ համարներում:

   «Քսանհինգ մարդ» - Եթե ​​նրանցից այն երկուսի մասին, որոնք անուն-ազգանունով են կոչվում, ասվում է, որ նրանք ժողովրդի իշխաններն են եղել, ապա դա պետք է վերաբերի նաև մնացածներին, ինչի մասին ինքնին վկայում է այն իրողությունը, որ նրանք նույնպես իրենց մասնակցությունն են բերում պետական կարևորություն ունեցող ​​այդպիսի մի ժողովի։ Սա հազիվ թե պարզապես մի կլոր թվի հիշատակություն լինի (չի ասվում՝ «մոտավորապես», ինչպես 8:16-րդ համարում և սույն համարի՝ Յոնանասնից թարգմանության մեջ)։ Հավանական է, որ իրականում տվյալ ​​ժամանակաշրջանում գոյություն է ունեցել կոլեգիալ մի կառույց, որը բաղկացած է եղել ճիշտ այդքան թվով անդամներից։ Հնարավոր է, որ այն բաղկացած է եղել ցեղերի 12 առաջնորդներից և թագավորական 12 պաշտոնյաներից կամ զինվորական իշխանության ներկայացուցիչներից, որոնց գլխավորում էր զորահրամանատարը՝ համաձայն Ա Մնաց․ 26-րդ գլխի տեղեկությունների (Քեյլ)։ Մյուսները, հիմնվելով րաբբիների փոխանցած ավանդույթների վրա, ժողովի այդ մասնակիցների շարքերում տեսնում են քաղաքի 24 թաղամասերի ղեկավարներին՝ թագավորական ընտանիքից սերող իշխանի հետ մեկտեղ: Ամեն դեպքում, այս 25 տղամարդիկ Իսրայելի ողջ քաղաքական իշխանության ներկայացուցիչներն էին, ինչպես որ 8:16-րդ համարում հիշատակված քսանհինգ քահանաներն էլ կրոնական իշխանության ներկայացուցիչներ են: Նրանց միջից երկուսը, ինչպես 8։16-րդ համարի պարագայում՝ միայն մեկը, ինչպես պարզվեց, ծանոթ էին մարգարեին և, իհարկե, նաև իր գերության ընկերներին, ուստի և Եզեկիելը ճանաչեց նրանց դեմքերը: Նրանցից երկրորդը՝ Փաղատիան, հավանաբար հիշատակվում է 13-րդ համարում տեղ գտած պարագայի պատճառով, որ էր՝ Աստծո կողմից նրա անսպասելի պարտությունը։ Իսկ առաջինը՝ Հեզանիան, գուցե հիշատակվում է ա՛յն պատճառով, որ նա որևէ կերպ աչքի է ընկել պատերազմի ժամանակ կամ էլ պարզապես որպես 8։11-րդ համարում հիշատակված Հեզանիայի անվանակից (սակայն ոչ նույնական նրա հետ, ինչպես ցույց է տալիս հայրանունը)։ Ժողովրդի այս երկու իշխանների անուններն ու հայրանունները նշանակալից են հատկապես նրանով, որ 1) նրանց այդ անվանումների բաղադրիչներից երեքն իրենց մեջ ներառում են Յահվեի անունը, ինչի վերաբերյալ բացատրությունը տե՛ս 8։11-րդ համարի մեկնաբանության մեջ 2) արտահայտում են Աստծո հանդեպ հույսի վերաբերյալ գաղափարը, որն այն ժամանակվա հրեաները քարոզում էին առանց մեղքերի համար ապաշխարությունը կարևորելու (Գենգստեյբերգ)։ «Հեզանիա՝ Ազուրի» - «Աստված լսում է, անհոգության որդի», «Փաղատիա՝ Բանեայի» - «Աստված շտապում է, Աստծո կողմից արարվածի որդի»։ Քանի որ 9-րդ գլխի համաձայն՝ Երուսաղեմի ամբողջ ամբարիշտ բնակչությունը բնաջնջվեց, իսկ 10-րդ գլխի համաձայն՝ քաղաքն էլ այրվեց, հետևաբար այստեղ քաղաքը քաղդեացիների կողմից գրավումից փրկելու մասին խոսող 25 առաջնորդների հայտնվելը համարվում է ժամանակագրական առումով անհամապատասխանություն, ինչը վերագրում են Եզեկիելի գրականագիտական անհեռատեսությանը։ Բայց Եզեկիելին այս նախատինքը հասցեագրողները մոռանում են, որ տեսիլքները հաշվի չեն առնում տարածության և ժամանակի օրենքները, քանի որ այդ օրենքները ուժ չունեն այն գերզգայուն աշխարհում, որտեղ տեսիլքներն ունակ են ներթափանցելու:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Հոգին բարձրացրեց ինձ ու բերեց Տիրոջ տան դռան դիմաց, որ նայում էր դէպի արեւելք: Եւ ահա սրահի դռան առաջ մօտաւորապէս քսանհինգ մարդ կար: Նրանց մէջ տեսայ Յազերի որդի Յեզոնիային եւ Բանեայի որդի Փալտիային՝ ժողովրդի առաջնորդներին:
(Արարատ թարգ․) Հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասը, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար. նրանց մեջ տեսա Ազուրի որդի Հեզոնիային և Բանեայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխանավորներին։
(Գրաբար) Եւ ամբա՛րձ զիս Հոգի, և ա՛ծ զիս յանդիման դրան տանն Տեառն որ հայէ՛ր ընդ արևելս. և ահա առաջի դրան սրահին արք իբրև քսանևհինգ, և տեսի ‘ի մէջ նոցա զՅեզոնիա զորդի Յազերայ՝ և զՓաղ’տիա Բանեայ՝ զառաջնորդս ժողովրդեանն։