Ա. Լոպուխին
17-18. «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ «Մարդո՛ւ որդի, հացդ դողալո՛վ կեր և ջուրդ սարսուռով ու տրտմությա՛մբ խմիր»։ [17] (Սինոդական թարգ․)
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ․ «Մարդո՛ւ որդի, հացդ դողալո՛վ կեր և ջուրդ սարսուռով ու տրտմությա՛մբ խմիր։ Եվ ասա՛ երկրի ժողովրդին. «Այսպես է ասում Տեր Աստված Երուսաղեմի բնակիչների, Իսրայելի երկրի մասին․ «Նրանք իրենց հացը տրտմությամբ պիտի ուտեն և իրենց ջուրը վհատությամբ պիտի խմեն, որովհետև նրանց երկիրը պիտի զրկվի իր լիությունից՝ նրա մեջ բոլոր բնակվողների անօրենության պատճառով»։ Եվ բնակեցված քաղաքները պիտի կործանվեն, և երկիրը պիտի ամայանա, և պիտի իմանաք, որ Ես եմ Տերը»։
Պաշարման արհավիրքները ներկայացված են խորհրդանշական գործողությունների միջոցով։
17-20-րդ համարներում նկարագրված խորհրդանշական գործողությունները զուգահեռ (համեմատական) են 4։10-րդ համարի և դրա շարունակության հետ․ կրկնաբանությունը Եզեկիելին բնորոշ հատկանիշ է։ Այս խորհրդանշական գործողությունը, ինչպես որ մշտապես էլ տեղի է ունենում Եզեկիել մարգարեի կողմից մեջբերվող կրկնաբանությունների պարագայում, զգալի լրացումների է ենթարկվում՝ առ ի համեմատություն 4։10-րդ համարի և դրա շարունակության․ պաշարվածների ու գերիների կերակուրը ոչ միայն խղճուկ և զզվելի է լինելու, այլ նաև ճաշակվելու է ծայրաստիճան շտապողականությամբ, ինչը մարգարեն պետք է պատկերեր իր դեմքի միջոցով՝ ամենայն հավանականությամբ 4-րդ գլխում պատվիրված կերակուրը ճաշակելու ժամանակ: Հետևաբար, սույն խորհրդանշական գործողության իրականացման համար մարգարեից պահանջվում էր դեմքի միջոցով արտահայտվելու հմտագույն կարողություն, ինչը մեղմ ասած ավելի դյուրին չէր, քան նախորդող պարագայում (Կրեչմար)։ «Հաց»-ը և «ջուր»-ը կարող են նշանակել, առհասարակ, ցանկացած տեսակի կերակուր։
«Ջուրդ» («քո ջուրը») – Դերանվան կիրառությունը պայմանավորված է «հացդ» («քո հացը») արտահայտության հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ. հունարեն շատ ձեռագրերում և 4:11-րդ համարում այս դերանունները բացակայում են, սակայն 19-րդ համարում դարձյալ առկա է դերանվանական կիրառություն:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: