Գիրք` 14. Բ Մնացորդաց

Գլուխ 27

Հուդայի Հովաթամ թագավորը
(Դ Թագ. 15.32-38)

1․ Հովաթամը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հերուսա՝ Սադոկի դուստրը։

2․ Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայրը՝ Ոզիան։ Միայն թե սա Տիրոջ տաճարը չմտավ. սակայն ժողովուրդը շարունակեց մեղանչել Տիրոջ դեմ։

3․ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը և շատ շինություններ արեց Օփաղի պարսպի վրա։

4․ Նա Հուդայի լեռներում կառուցեց քաղաքներ, իսկ անտառներում՝ բերդեր և աշտարակներ։

5․ Նա պատերազմեց ամմոնացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Ամմոնացիներն այդ տարի նրան տվեցին հարյուր տաղանդ արծաթ, տասը հազար քոռ ցորեն և տասը հազար քոռ գարի։ Այդպես արեցին նրան երկրորդ տարին էլ, երրորդին էլ։

6․ Հովաթամը զորացավ, որովհետև իր ճանապարհներն ուղղեց իր Տեր Աստծու առջև։

7․ Հովաթամի մնացած պատմությունը, նրա բոլոր պատերազմներն ու ինչ որ նա արել է, գրի են առնված Իսրայելի և Հուդայի թագավորների հիշատակների գրքում։

8․ Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։

9․ Հովաթամը ննջեց իր հայրերի հետ. նրան թաղեցին Դավթի քաղաքում, և նրա որդի Աքազը թագավորեց նրա փոխարեն։