Նա կարգվեց իբրև բարկության գործիք այլազգիների վրա. Աստված կամենում էր նրանով առնել վրեժ Ենակի որդիներից: Այնտեղ էր շնակերպ առյուծներից մեկը, որ գոչեց ու հարձակվեց նրա վրա: Առյուծն առյուծին հանդիպեց. մեկը հինավուրց` լի չարությամբ և մյուսը` նորօրյա առյուծի կորյուն` լի երկնային զորությամբ: Հին առյուծը ահեղաձայն մռնչում էր սարսափեցնելով մատաղ կորյունին: Իսկ նա զորությամբ մռնչում է` արհամարհելով նրա տկար խոսքը և փափուկ մարմնով խեղդում: Մինչդեռ Աստծու հրեշտակը չքնաղ մանկան հորն ու մորը ավետիս է տալիս, այնտեղ մարդկանց չարասեր թշնամին հերթով լսեց ամեն ինչ, որ հրեշտակն ասաց նրան, ակնդետ նրան էր նայում` թե ուր կորցնի նրան իր դեղի մեջ: Եվ որովայնում սնվելիս չկարողացավ վնասել նրան. (ուստի) եկավ մտավ մոլեգնած չար գազանի մեջ, կատաղեցրեց և նրա վրա հարձակվել տվեց, որպեսզի, թերևս կարողանա աստվածատուր շնորհները խափանել. ցանկալի ծաղիկը խամրեցնել, Իսրայելի տարածվող լույսը մարել: Դևերի բազում գնդերը որպես օգնություն, ինչպես և Սավուղի օրերին իմանալի չարը (սատանան) ամոնացիների հետ եկան մտան գազանացած առյուծի մեջ, (և նա) մռնչաց յոթնագիսակ մանկան դեմ: Իսկ նա, իբրև ուխտավոր քահանա, աջ ձեռքը դրեց գլխի վրա ու ձախով բռնեց կզակը և իր գիրկն առնելով խեղդեց տեսանելի բարկությունը, և թմրեցնելով անմեռ չարությունը` գազանի շունչը կտրեց դրա հետ միասին: Բազուկը բազուկին երկարեց, ձայնը ձայնին խառնեց, դևերի բազում գնդերը հալածեց` ոչ թե բռով ջախջախելով և սրով հատելով առյուծի գեղեցիկ բնությունը ապականեց, (առյուծի), որ բովանդակ աշխարհի խորհուրդն էր[1]:
Արդ, շատ օրեր անցնելուց հետո առյուծի դիակը մաքրվեց գարշ խոնավությունից, թափուր և դատարկ մնաց նրա որովայնը, թափուր և դատարկ մնացին երկինք ու երկիրը, որովհետև սրանց չշողացին երկնավոր հրեշտակները: Բզկտող դևերը մուտևել էին անում նրա փորում, հետսմուտ դառնություն էին բերում և հանում բնական քաղցրությունը. ինչպես աշխարհի միջից այնպես էլ յուրաքանչյուր մարդու միջից, Աստծո խոսքերի քաղցրությունն էին պոկում հանում նրա մտքերի միջից: Կենդանի մարդիկ նմանվում էին մեռյալ դիակների. բոլորից վանում մահվան հոտը: Կյանքի բուրմունքով օծվեց, խնկվեց մանուկ Սամսոնը, մեռած առյուծին անուշ հոտով յուղեց խնկեց: Դեպ կյանքի այդ բուրումը դիմեց մեղուների մի պարս, եկավ և ախորժեց (ըմբոշխնել) պատրաստված ամանը, տեղ զբաղեցնելով զետեղվեց նրա մեջ, և այնչափ ցանկալի ու բաղձալի էր, որ ուխտավոր մանուկը ճաշակեց, և նրան հաճելի թվաց:
Անզեն Սամսոնը հաղթեց և սպանեց գազան առյուծին: Երկրորդ Ադամը զենքով զրահավորվեց ջրերի մեջ, կապեց, գլորեց անապատի այն առյուծին, որ սկզբից սպանել էր մարդկային ցեղը: Սամսոնն առյուծի մահը չհայտնեց իր ծնողներին, (մինչդեռ) մեր Տերը բացեիբաց քարոզեց անմեռ առյուծի (սատանայի) խորտակումը և մեզ իշխանություն պարգևեց տկար մարմնով խորտակել նրա դաժանությունը: Մեր Տերն իբրև Աստված և Աստծո Որդի սպանեց չար գազանին, հալածեց դևերի գնդերն իրենց բնակարաններից, սրբեց և մաքրեց նրանց գարշահոտությունը, որ բռնել էր ամբողջ աշխարհը, օծեց և խնկեց նրանց ամբողջ գարշահոտությունը: Եվ ահա մեղուների պարսի փոխարեն երկնային հրեշտակներն էին վերուվար անում նրա մեջ:
Տես տասներկու առաքյալներին և զարմացիր: Արագաթռիչ մեղուները (տվյալ) գավառի տարածքով միայն կարող են պտտվել, և ծաղիկների առօրյա փոշին (նրանք) շտապում են նյութ դարձնել մեղրագործության համար: Անթև առաքյալներն իբրև թևավորներ հեռաստանները մեղրագործեցին որպես մերձավոր վայրեր: Ի՜նչ պատվական ծաղիկներ կան որ չես տեսնի առաքյալների մեջ. Հին աշխարհը նորոգեցին, ինչպես մեղուները մեռած առյուծին նոր ծաղիկներով նորոգեցին[2]:
Ասում է, Սամսոնը գնաց երեք հարյուր աղվես բռնեց, զույգ-զույգ, պոչ-պոչի կապեց և կրակ վառելով` դրեց նրանց պոչերի վրա ու արձակեց այլազգիների արտերի մեջ: Այս պատմությունն այլաբանություն ունի իր մեջ. նրա մեջ տեսնում ենք ոգիների ծածուկ չարությունը: Հեթանոսների եկեղեցին, որ առաքյալների կողմից հիմնադրվեց, բարիքով լեցուն արտն է. (այն) երկինք դարձած բովանդակ աշխարհն է, որովհետև Տերը բոլորի մեջ իրագործեց երկնքի և երկրի անբաժանելի միաբանությունը: Մինչդեռ ծով ու ցամաք միասին այնպիսի հրաշալի վայելչության մեջ ցնծալով ուրախանում էին, դևերի բոլոր գնդերը քայքայվելով ցրվեցին օտարության մեջ, որովհետև հին վիշապի թույնը զորազրկվեց: Մարդիկ` առողջ մարմնով և Սուրբ Հոգով հրեշտակային կյանքով էին ապրում եկեղեցու մեջ: Հանկարծ ագահության ամպը դիվահարեց և առագաստելով փառակալեց առատաբաշխ մատակարարների աչքը, և նրանցից կոծկեց իմանալի լույսը. (ամպը) աստիճանաբար տարածվեց և բռնեց բովանդակ աշխարհը: Իսկ ամեն տեսակ չարիքից հետո հենց սրանցից բորբոքվեցին անշիջանելի կրակները` այլանդակ վարդապետությունները, որոնք շատ ավելի վատ են, քան բզկտող աղվեսների երամակները. (սրանք) վարդապետների ճշմարտությունը քարոզում են հարյուր կերպարանքով, և իրենց սրտերը ճշմարիտ Աստծուց հեռացած են:
Բայց թերևս մեկը հարցնի հսկային ինչու՞ էր պետք էշի ծնոտի կարիքը զգալ: Ուշադիր հետևիր գրքի կարգաբանությանը և այնտեղից կիմանաս: Սուրբ ուխտավոր մանուկը. ինչ պիղծ բանի որ մոտենում էր` նրա ձեռքերի մեջ մաքրվում էր. այդպես էլ էշի ծնոտն էր, որ նրա ձեռքի մեջ օգնության զենք էր, իսկ հետո` հեթանոսների մաքրություն, ինչը և արարածների Տերը սրբագործեց: Սամսոնը տեսանելի պատերազմը ոսկրով արեց. նահատակների ոսկորները մարդկանց տեսանելի և անտեսանելի մեղքերը ախտազերծեցին: Իսկ ջուրը, ասում են, էշի ծնոտից ինչո՞ւ հոսեց: Նա, ով հաղթություն շնորհեց նրանց էշի ծնոտի միջոցով, նրանով էլ ծարավը հագեցրեց. այն, որ փրկության զենք եղավ, նրա փրկության պատճառը դարձավ. էշի ծնոտից խմեց ջուրը, նրա հետ էլ Աստծո իմաստությունն ըմբոշխնեց: Սամսոնն իր անձին էր վերագրում մեծ պատերազմի հաղթանակը և ոչ թե` ծնոտին: Նրա դեմ ելավ կռվելու ծարավը, որին անհաղորդ էր իր հաղթանակի մեջ և որին սակայն ճանաչեց իր սաստիկ ծարավի ժամանակ: Բայց մի փոքր ակնարկ նետենք այս ժամանակի վրա: Անասունի ցամաքած ոսկրից անհուսալի էր, (թե կարող էր) ջուր դուրս գալ. արդարությունից ցամաքած աշխարհում անհուսալի էր, որ առաջին հանցանքը ձրիաբար պետք է թողնվեր:
Ասում է. նա իջավ Գազա և մտավ մի պոռնիկ կնոջ մոտ: Քաղաքի տղամարդիկ վրդովվեցին և ամբողջ գիշեր պահապաններ կարգեցին նրա վրա: Բայց քանի որ Աստծո շնորհքը նրա վրա էր` արտաքո կարգի նոր հրաշքներ գործեց. քաղաքի դռները սեմերի և սողնակների հետ տեղահան արեց, վերցրեց և եկավ մի բարձր լեռան վրա, և կանգնեց Քեբրոն լեռան վրա, որտեղից տեսնելով քաղաքն ու քաղաքի դռները` նա մեծապես զարմանում է: Եվ սա օրինակն է մեր Տիրոջ դժոխք իջնելու ու մահվան քաղաքն ավերելու և վերջին ժամանակների մեջ (այն) չհիշելու: Իսկ եթե քո միտքը սոսկաց պոռնիկ կնոջ համար, (ապա) դու հիշիր բովանդակ աշխարհի պոռնկությունը և խիստ զարմացիր, որովհետև չխորշեց ու չգարշեց (Սամսոնը = Քրիստոս):
Բայց մեր առջև հարց կա. ի՞նչ է նրա մազերի յոթ մասի բաժանված լինելը. ի դեպ հրեշտակը զգուշությամբ պատվիրեց, որպեսզի երբեք նրա գլխին երկաթ չդիպչի: Ինչպես ասել ենք մեկ այլ տեղ, յոթ թիվը (ունի իր պատճառը). որովհետև աստվածային Գրքերի զորությունը մեկ է. նրանցից վեցը ցույց են տալիս վեցօրյա արարածներին, որ սկզբից էին, իսկ յոթներորդն Աստծուն նվիրված սուրբ և փափուկ օր է, որը և անաշխատելի զորության հանգիստ կոչվեց: Ուրեմն` այս աշխարհն ու աշխարհաստեղծը ուխտավոր մանկան մեջ դրոշմվելով անձնավորվեց: Եվ Սամսոնի մեջ այս շնորհները երևում են համաձայն նրա մազերի յոթնյակ թվի. հիշելով Եսայի մարգարեի խոսքը (ասենք) սա օրինակն էր այն գեղեցիկ շառավղի, որ աճելու էր Հեսուի արմատից (ԺԱ 1)` Սուրբ Հոգու յոթ մասերը վերագրելով նրան, համաձայն (Սամսոնի մազերի) թվաքանակի: Նաև Պողոս առաքյալն է ասում Կորնթացվոց թղթի մեջ. «Աստված եկեղեցու մեջ դրեց առաքյալներ, մարգարեներ, հովիվներ, վարդապետներ, զորություններ, բժշկություններ, զանազան լեզուներ, լեզուների թարգմանություններ» (Ա Կորնթ. ԺԲ 28): Յոթնյակի այս շնորհներն երևում են յուրաքանչյուր անձի մեջ, և եթե սրանցից մեկը պակասում է նրա մեջ` նրան խեղ են կոչում և ոչ ողջանդամ, իսկ եթե յոթն էլ բացակայում են` մեռած է և ոչ կենդանի:
Հարկ ենք (համարում) ասել մազերի բնության մասին, թե ինչու էր նրանց մեջ բնակվում Հոգու զորությունը և ո՛չ սրտի, ո՛չ մտքի մեջ և ո՛չ էլ արդարության այլ մասերում: Քանզի ահավասիկ նա պիղծ կանանց մոտ էր մտնում, բայց Աստծո Հոգին ձեռքից բաց չէր թողնում նրան և երբ նրա մազերը կտրվեցին` Աստծո շնորհները լքեցին նրան, թուլացավ ու եղավ իբրև մեկն անուժ մարդկանցից: Սավուղ թագավորը օծության հոգի ուներ նույն հոգին զորացրեց նրան ամոնացիների դեմ պատերազմելիս, բայց երբ անարգեց Աստծո պատվիրանները` ինքն իսկ ջնջեց Սուրբ Հոգու օծությունը, Տերը լքեց նրան, և պիղծ դևը սկսեց չարչարել նրան: Արդ, Սամսոնն օծության հոգի չուներ, այլ` զորության, և զորությունը քանի դեռ նրա մեջ էր, պիղծ կանայք չէին կարող խափանել նրա զորությունը, բայց երբ նրա մազերը կտրվեցին, կտրվեց և նրա մեծ զորությունը: Եվ մազերի խտությունն Աստծո օրհնության նշանակ էր, որ տրված էր Աբրահամին. «Քո զավակը երկնքի աստղերի և ծովափի ավազի նման պետք է լինի» (Ծննդ. ԼԵ 11): Աստղերի և ավազի բազմությունը ոչ ոք չի կարող թվել, բայց միայն նա, ով արարեց դրանք. նույնպես մազերի քանակը ոչ ոք չգիտի: Սրանցից ավելին իմացիր. Աստծո զորության ուժը, որ Սամսոնի մեջ էր:
Արդ, իմաստության հոգի ունեն Սուրբ Հոգի ունեցողները, բայց ինչպես այլաբանում են նրանով զորացածները, Սամսոնն օրինակն էր իր ժողովրդի աբրահամյան տոհմի, որի մեջ կար Աստծո օրհնության զորությունը, այսինքն` յոթնյակ մազերի մեջ, որոնցով պսակված էր Սամսոնի` Իսրայելի դատավորի գլուխը: Այն ցույց էր տալիս Աստծո օրհնության զորությունը, որ կար իրենց նախահայր Աբրահամի մեջ, ինչպես մեր նախահայր Ադամի, թե` «Աճեցեք և բազմացեք և լցրեք երկիրը» (Ծննդ. Ա 22), նույնպես և Ադամի որդուն` Աբրահամին, թե` «Քո զավակը բազմանալու է երկնքի աստղերի և (ծովի) ավազի նման» (Ծննդ. ԼԵ 11): Աստծո օրհնությունը գլխավորելով աճեց ու հանգեց երկուսի վրա և, իբրև Աստծո բարիքի ավետիք, ուխտավոր մանկան, այսինքն` Սամսոնի ծնողների վրա: Եվ քանի դեռ նա այդ ուխտի մեջ էր` հազարների էր հալածում և բյուրավորների` ցնցում, բայց երբ իր անձը հեռացրեց Աստծո ուխտից, այնժամ Աստծո սուրբ խորհուրդների դրուժանը դարձավ, քանզի նրա գլխի յոթնահյուս մազերը կապկպվեցին կապերով և Աստծո յոթնարփի շնորհների նշանակն ու ենթական խուզվեց պոռնիկի կողմից, կտրվեց զորությունը. նախ նրան գինիով[3] թմրեցրեց և հետո նրան` թուլացած քաջ և արի հսկային գամելով իր ծնկների մեջ, և հոգու մոլեկան ախտով, իբրև պարանով, կապելով նրան նախ մտքով կուրացրեց, որից հետո մարմնով այլազգիների ձեռքը հանձնեց:
Յոթնահյուս մազերի հատումով, յոթնյակ հանցանքներով իրենք իրենց մեջ մարեցին (Սուրբ) Հոգու յոթնարփի շնորհները` ծաղրուծանակ լինելով քանանացիների բոլոր յոթ ցեղերին: Եվ այդպես թուլացած ու նվաստացած լինելով` նրանք աղորիքի մեջ աշխատեցրին, նրան, որ կոտորում, մանրատում, ոտքի տակ կոխկրտում էր այլազգիներին իբրև օրինակ իր ժողովրդի, որ նույնպես իրենց յոթնյակ հանցանքներով կապված էին կուռքերի հետ, և պղծվեցին Բելբեգովրի մեջ, իրենց ազատության լույսի յոթնաջահյան աշտանակը թուլացրին իրենց անձերի մեջ, և այսպես ապականվեցին իրենց գործերում, և պոռնկություն արեցին իրենց ընթացքի մեջ. «Ահա իմ բարկության մեջ երդվեցի, թե իմ հանգստյան մեջ պետք է մտնեն» (Սաղ. ՂԴ 11), բայց չմտան, այլ ընկան անապատում: Մտքով տակավին Եգիպտոսում էին Եգիպտոսից ելածները, իսկ նրանցից ծնվածները, որոնց մեջ օրհնության կայծը կար, նրանով (օրհնության կայծով Հ.Ք.) զորացած ավետյաց երկիրը ժառանգեցին: Իրենց հայրերի նման սրանք ևս աճապարեցին և մոռացան Աստծո գործերը, խառնակվեցին հեթանոսների հետ, նրանց նման հավատարմորեն ծառայեցին նրանց կուռքերին, և նրան չհնազանդվեցին, այլ իրենց անձը դուրս թողեցին աստվածային խորհուրդներից: Այդ պատճառով նրանց տիրեցին իրենց ատելիները և քանանացիների յոթ ցեղերի ձեռքի տակ գտնվեցին: Ու թեպետև բազում անգամ նրանց փրկեց, բայց նրանք իրենց հայրերից ավելի վշտացրին նրան իրենց խորհուրդներով: Եվ ահա կրճատվելով ու կոտորվելով` բոլոր ազգերից ավելի թուլացան, թեպետև արմատը կտրվեց` ողկույզի հատիկը չապականվեց, որովհետև Տիրոջ օրհնությունը նրա մեջ էր, ինչպես մարգարեի խոսքն է ասում. «Եթե Տիրոջ զորությունը մեզ զավակ չթողներ` Սոդոմի պես պիտի լինեինք և Գոմորի նմանվեինք» (Եսայի Ա 9): Դարձյալ. «Թող Հուդային իշխան չպակսի և նրա արի զինվորներին` զորապետ» (Ծննդ. ԻԹ 10), որ Հեսսեյի արմատից էր: Եվ թեպետ Եգիպտոսից ելած հայրերն ու նրանց ծնունդները խոտոր գտվեցին և սխալ, ու նրանց անօրենություններն ավելի շատ եղան քան նրանց գլխի մազերը, որովհետև (հաստատ) չմնացին նրա ուխտի մեջ, և անապատում իր ձեռքը բարձրացրեց նրանց վրա` սատկեցնելու նրանց ու Քանանի մեջ այլազգի հեթանոսներին մատնելու:
Նրանց բոլոր չարությունների գլուխն այն էր, որ նրանց ծառաներից հետո, որոնք կոտորեցին, նաև նրա Սեղանը կործանեցին, ինչի մեջ Եղիան մեղադրում է Իսրայելին: Եվ Տիրոջը մեղանչեցին, ու կամենալով ժառանգությունը հափշտակել` ժառանգին սպանեցին, և այնուհետև կոտորվեցին և սպառվեցին անիրավ մշակները (տե՛ս Մտթ. ԻԱ 33-41), ինչպես ուխտավոր Սամսոնի գլխի խուզված մազերը, և նրանց այգին ուրիշ մշակների տրվեց, որոնք նոր ու կենդանի բույսեր եղան` պտղաբեր ու նահապետների արմատից աճած, այսինքն` ժողովրդի գլուխներից: Եվ այն խոսքը, որ (իբրև) հավիտենական ուխտ, երդումով կնքվեց Աբրահամի և նրա զավակի հետ, հիշեց նրա զավակի միջոցով, որ մարմնով նրանն էր. նրանով օրհնվեցին աշխարհի բոլոր ազգերը: Աբրահամի հավատքով նոր ծնվածները կոչվեցին նրա որդիներ ու ավետյաց ժառանգներ, և եղան սիրելի նորատունկներ` (Աստծո) փառքի մեջ (Սուրբ) Հոգով զորացած և Խաչի սեղանի շուրջ հավաքված լուսո ծնունդներ: (Սրա) շնորհիվ (նրանք) կարող կլինեն Խաչի բովանդակ զորությամբ դիմակայել չարին մարտի ու պատերազմի օրը, և յոթնապատիկ հատուցել նեղիչներին ծառայության (պատճառած) նեղության համար, ու նեղյալների համար պատրաստել ազատության հանգիստը: Եվ այսպես, համաձայն բնության, հրաշալի հորինվածքով մտնելով հզորի տունը, նրա գործիքները հափշտակեցին ու նրա պնդոցները ամրացված սեմերի հետ միասին, եռահյուս պարանով, այն է` եռամիասնական զորությամբ. աջ և ձախ հակընդդեմ կողմերի միաբանումով` հակառակորդին կործանելու համար ուժեղանալով` իրենք իրենց առաջ մղելով նրանց տների հենասյուները ցնցելով խարխլեցին և փլեցին նրանց գլխին, և իրենց անձը կորցրին այլազգիների հետ` նրանց (պատճառած) չարչարանքներով հանուն աստվածահրաման օրենքների և նրա սքանչելի անվան, որպեսզի վախճանի օրը գտնեն նրան և մնան հավիտենական կյանքի մեջ: Եվ այսպես մեզ նախատողների նախատինքը դուրս եկավ մեր միջից և փառավորվեց սուրբ Իսրայելի անունը, և այսուհետև պարծենալու ենք նույն փառքով փառավորված ի փառս մեր առաջին փառքի:
Նաև այլ բան են խորհրդանշում նրա շնորհալի մազերը. այս կյանքի յոթնօրյա խորհուրդը, ինչ թվով մեր ժամանակն է սկսում, որ շրջադարձական բյուր նմանությամբ բազմանում է և ավարտվում յոթնյակի նույն թվով մեկից սկսելով և միավորներով բազմանալով ու նույն ավարտն ունենալով և, համաձայն արարչության շնորհի, միմիանցով զորանալով: Նմանապես և ժամանակի ընթացքին գերագույն Գոյից գոյացած արարածներս զարգանալով բազմապիսի եղանակներով, այսինքն` բնությամբ` զորացած տեսակի, գեղեցկության բարեկարգությամբ ըստ բնության օրինի (իրարու) անհակառակ ու անմրցելի են. (սա) այն է, որ երևում է բոլորի մեջ: Իսկ երբ մասնավորները միասին զանազան այլայլումներով արտամերժվեցին (իրենց) համազոր ճշմարտությունից, մեր բանական բնությունը գոյակցական և զգայական տարրերով հանդերձ ընկավ վաղնջական ապականության տակ: Սրա պատճառը (մարդու) իշխանական (մենաշնորհի) մեջ բարության պակասելն էր, (որի հետևանքով) նախաստեղծի հանցանքներով հնացնող յոթնյակի[4] չարը հզորացավ, որ բազմապիսությամբ ավելացել ու բազմացել էր առավել, քան գլխի մազերը, և մեղքի պարաններով կապկպվելով բոլոր զգայություններն ախտակիր եղան և հափշտակվեցին (զանազան) հեշտանքներով: Եվ ահա, օտարազգի դևերի և մեղքերի ծառաները եղան մինչև որ այցի եկավ Ադամի Արարիչն ու Փրկիչը, որ ոչ այլ տեղից, բայց եթե մեր բնության միջից գտավ մեր (մեղքերի Յ.Ք.) հնության նորոգության կայծակը, որ նրա պատճառով մեր խոնարհ մարմինը վերցնելով ու վերընծայելով նորոգեց համաձայն իր փառավոր մարմնի նմանության Աստծու Որդու փառքի ազատության մեջ: Բոլոր եղականներիս[5] հետ միասին գալով, որոնք ըստ ինքյան ապականված էին, փառավորվելով զորացան և հաղթող դուրս եկան հաղթողի (նկատմամբ), որ հակառակ էր կյանքին: Եվ վերաբուսելով հասակ առան և եղան կատարյալ այլև միավորական զորությամբ հոդակապվեցին գլխի` Քրիստոսի հետ: Եվ այնուհետև Հիսուսի աստվածպետական կյանքը հայտնի դարձավ մեր մարմնի մեջ, (Նրա կյանքը), որ կենսատու լինելով հաղթող գտնվեց մահաբերի հանդեպ:
Այսպես Սամսոնի յոթնահյուս մազերի խորհուրդը զանազանվում է Ադամի խորհրդից, որովհետև Տեր Աստված մարդուն ստեղծեց հողից և նրա մեջ կենդանական շունչ դրեց: Եվ Աստված այնպես իր պատկերով ստեղծեց մարդուն ու հորինելով արարչական զորությամբ` իր անմահական ու անապական փառքի պատկերի նմանությունը պարգևեց (նրան): Բայց ուխտազանց հանցավորության պատճառով նրա մեջ դրված աստվածակերտ փառքը գահավիժեց: Եվ ահա ադամորդիների մեջ կա մահվան և ապականության հնացնող նույն զորությունը, կա նաև երբեմն (արտահայտվող) նրա հավերժական փառքի նշանը` անմահական հավերժական կյանքում, ինչպես` անմահության հետ անապականը Ենովքի փոխման և Եղիայի վեր համբառնալու մեջ, (նրա) պայծառությունը` Մովսեսի երեսի փառքի լուսավորությունից, և նրա անձի զորությունը` Սամսոնի գլխի յոթնահյուս մազերից: Իսկ մահից հետո այս բոլորից զրկվելը ցույց է տալիս հանցանքներից հետո նրա տարամերժված լինելը:
Բայց Սամսոնի մեջ մեկ այլ նորահրաշ վարդապետություն էլ կար, որովհետև զորության հետ միասին նրա գլխի մազերը կտրվելուց հետո երկար ժամանակի ընթացքում նոր յոթնահյուս մազերը բույսի նման աճեցին և, իբրև օրինակ Ադամի վերստին ծննդյան, վերջին ժամանակներում հաղթության նշան դարձան. (Ադամի), որի մահից և դժոխք իջնելուց հետո կյանքի գոյարարը նույն կենսաբեր նախասկզբնական կյանքի զորությամբ դժոխք իջավ և նրա մեջ սերմանեց կյանքի սերմի բուսական զորությունը և բազում արդյունարար ներգործական զորությամբ ամենահաղթ նշանով նրա մեջ աճեցրեց:
Սակայն կար ուրիշ վարդապետություն ևս, որովհետև, ինչպես Գիրքն է ասում, Աստծո զորությունն առավելապես տկարության մեջ է երևում (տե՛ս Բ Կորնթ. ԺԲ 9) սա ունի բազմաթիվ օրինակներ. քանզի Ադամը, որ արարվել էր Աստծո պատկերով և նմանությամբ, հողից էր ստեղծվել, և Նոյը տապանով փրկվեց բոլոր կենդանիների հետ միասին, ու աշխարհի սերմը պահպանվեց: Կեղված գավազանով Հակոբը բազում հոտեր ունեցավ, մի թերուս գերու[6] միջոցով (բովանդակ) Եգիպտոսը հեռու և մոտիկ գավառներով կերակրեց յոթնամյա սովի ժամանակ, և խայթող մժեղների ու գորտերի միջոցով չարչարեց Եգիպտոսը, Մովսեսի գավազանի ծայրով հարվածելով ամենայն ինչ քարացրեց, (բայց) նաև նրանով ապառաժից ջուր բխեցրեց, Մովսեսի ձեռքերի տարածմամբ ոչնչացրեց Ամաղեկը[7]` բազմության հետ միասին, տապանակով դեպ վեր ուղղեց Հորդանան գետը[8], փողերի ձայնով կործանեց Երիքովը, թույլ պիծակներով խայթելով կոտորեց քանանացիներին, փողի ու ջահի միջոցով վանեց Մադիամը, և մի ցամաք ծնոտով Սամսոնը հազարավոր այլազգիների սատկեցրեց ու բյուրավորների վանեց: Ինչպես չոր թզով Եզեկիայի վերքերը բժշկեց, այնպես տկար և չնչին մազերով երկնային և ոչ թե երկրային հաղթությունն էր ցույց տալիս, որովհետև այդ ոչ թե մարդու տեսանելի զորությունն էր, այլ` անտեսանելի Աստծո, քանզի Աստծո զորության առավելությունը ոչ թե մեր մեջ և ոչ թե թանձրամած ոսկորներում, այլ, ի հանդիմանություն թերահավատ Իսրայելի, թույլ մազերում է:
Եթե հրեա մի այր այնքան կարող էր զորանալ Աստծո շնորհքով, որ գտնվում էր նրա գլխի յոթնահյուս մազերի մեջ, դրսևորվելով անպարտելի զորություն` լոկ իր անձի մեջ էր ցույց տալիս յուր ժողովրդի բովանդակ ազատությունը, որի միջոցով քսան տարի շարունակ դատեց Իսրայելը[9], ապա որքան ևս ավելի հազարավոր և բյուրավոր ամբողջ ազգը (այդպիսին կլիներ) եթե մնար Աստծո ուխտի մեջ և նրա արդարությամբ քայլեր:
Եվ արդ, Սամսոնն անփույթ գտնվեց Աստծո շնորհների հանդեպ ու երկրպագեց մոլեկան ախտին և այդպես զրկվեց շնորհներից անճարակ դարձավ, տկարացավ, ուստի և հեթանոսների տղաներից ու աղջիկներից (բռնադատվելով) աղորիքի մեջ աշխատեց և նրանց համար ծաղր ու ծանակ եղավ: Այդպես էլ բովանդակ Իսրայելը, երբ հորթին երկրպագեց և երինջներին զոհեց. Քամովսին ընծա բերեց[10], Բահաղին պաշտեց[11], Ակկարոնի ճանճիկին հարցրեց[12] և նստելով լաց եղավ Թամուզի համար[13]. այնժամ նրանց զորությունը գերության մատնեց և հեթանոսների սրի տակ պահեց նրանց, և չկար մեկը, որ օգներ նրանց, և այդպես նախատինքով մնաց հեթանոսների մեջ:
Իսկ Սամսոնը որքան նախատվեց նրանցից մազերի աճի և նրա մեջ Աստծո շնորհների զորանալու հետ միասին, այնքան անարգանքով պատվեց նրանց երեսը: Այդպես էլ Իսրայելը գերեդարձից հետո. երբ Աստված տեսավ նրանց նեղությունները, այնժամ հիշեց Աբրահամի հետ իր կատարած ուխտը և, համաձայն Իր մեծ ողորմության, նրանց փոխարեն զղջաց, այցելեց ու հավաքեց հեթանոսների միջից Իր ժողովրդի զավակներին, որպեսզի այդուհետև նրանցից մեկը չասի, թե ուր է նրանց Աստվածը: Եվ ահա Աստծո զորությունը նրանց վրա երևաց իրենց ատելիներից մահվան վրեժ պահանջելիս, և յոթնապատիկ հատուցեցին իրենց դրացիներին: Եվ այդպես, նրանց վրա ծագեց Աստծո փառքը, որով փառավորվելով պարծենում են Տիրոջ մեջ, որովհետև Նրան է վայել փառքը, իշխանությունը և պատիվը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
[1] Ակնարկում է Ա Պետ. Ե 8:
[2] Ինչպես երևում է, այս բացատրությունն է աչքի առջև ունեցել Թ դարի հեղինակ Համամ Արևելցին իր Առակաց մեկնության մեջ. «Այս սքանչելի մեղուները` աստվածախոս մարգարեներն ու առաքյալները աստվածային օրենքներ փափագողներ և աստվածային ծաղիկներ բերողներ են»: Արդ, սրանց մոտ է առաքում ձեզ այս իմաստունը` ասելով. «Գնա ջանասեր մեղուների մոտ, ովքեր բժշկեցին մեր բնության հիվանդությունը քաղցրախոս քարոզչությամբ». տե՛ս Մատենագիրք Հայոց, հտ. Թ, Անթիլիաս, 2008, էջ 465 [266-267]:
[3] Տե՛ս Դատ. ԺԶ 18-19, ուր սակայն գինու մասին խոսք չկա:
[4] Յոթ մահացու մեղքերը:
[5] Հորինված, ստեղծված էակներ, որ, նյութավոր լինելով, ենթակա են ժամանակի օրենքներին:
[6] Նկատի ունի Հովսեփին Ծննդ. ԻԱ-Ծ:
[7] Այսօրինակ մեկնաբանությունը սերում է Առաքելական հայրերի ժառանգությունից. Բառնաբասի նամակում (ԺԲ) ամաղեկացիների դեմ պատերազմում Մովսես Նախամարգարեի ձեռքերի պարզումը տիպաբանական բացատրությամբ, համարվում է Խաչի նախօրինակը. «Բառնաբասի նամակը», հին հունարենից թրգմ. Սիմոն Կրկյաշարյանը, խմբ. և ծանոթ. Միքայել եպս. Աջապահյանը. տե՛ս «Գանձասար», Թ, Եր., 2010, էջ 191:
[8] Տե՛ս Ելք Ը 1-14, ԺԷ 5-16, Հեսու Գ 4:
[9] Իսրայելի դատավորը եղավ:
[10] Տե՛ս թվեր ԻԱ 29, Դատ. ԺԱ 24 Գ Թագ. ԺԱ 7. Դ Թագ. ԻԳ 13 Երեմ. ԽԸ 7:
[11] Տե՛ս Դատ. Զ 25-32, Դ Թագ. Ժ 18:
[12] Տե՛ս Դ Թագ. Ա 2:
[13] Տե՛ս Եզեկ. Ը 14:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: