Աստվածային շնորհների արժանացած արդար մարդիք Աստծո տան մեջ տնկված այգի են, ըստ այն խոսքի թե` «Արդարներն արմավենու պես կծաղկեն, Լիբանանի մայրիների պես կբազմանան» (Սղմ. ՂԱ 13-14), և թե` «Ես Աստծո տան պտղաբեր ձիթենու նման եմ» (Սղմ. ԾԱ 10): Արդ, ինչպես մրգաբեր ծառերը արմատախիլ են լինում ուժեղ հողմերի շաչյունից, երբ հնությունից թուլացած ու փտած են լինում արմատները, բայց նաև ճյուղակոտոր են անում մոտակա տունկերը և թնդեցնում գետինը: Իսկ եթե այդ [պատահում է] նորահասակ ու դեռաբողբոջ տունկերի հետ, որոնք տակավին նոր են հասցրել ծաղիկ ու պտուղ ունենալ, և որոնք սակայն արմատախիլ են լինում ու ջարդվում քամիներից և թշնամիների ձեռքից, այդ է՛լ ավելի է խոցոտում և ողբի մատնում մերձավորներին, այդպես էլ բարեպաշտ Հովսիայի տարաժամ մահն է Զաքարիան նմանեցնում դաշտում կոտորված նռնենիների կոծին (տե՛ս Զաքարիա ԺԲ 11): Արդ, եթե անբան առարկաների հետ կատարված դեպքերն այդպիսի կրքեր են (բորբոքում), ապա որքան ավելի երկնավոր տունկեր և Աստծո պատկեր (հանդիսացող) բանականներիս ու հոգևորներիս (հետ պատահած դեպքերը), եթե մահվան հողմի շաչյունից ծերերից կամ երիտասարդներից մեկը գլորվի` մնացյալ անդամների վրա կծանրանա աղետի կոծը, որով կկատարվի գրվածը. «Եթե մի որևէ անդամ վշտանում է, նրա հետ վշտանում են մյուս անդամները» (Ա Կորնթ. ԺԲ 26): Եթե այս այսպես է բոլոր հավատացյալների համար, ապա եթե հանգուցյալը եկեղեցական կարգից և քահանայական աստիճանից է` որքա՜ն ավելին է վշտի ծանրությունը դասակիցների համար, որով ավազանից լինելիք ոչ թե մեկ, այլ երկու և երեք երկունք է խափանվում, ինչպես նաև` (նրանք զրկվում են) երկնավոր շնորհների դպրությանը (մասնակից լինելու) կոչից, սարկավագության և քանայական կարգերից, (այլևս չենք հիշում) արյունակիցների և սննդակիցների գութն ու կսկիծը, որովհետև եթե նրանց ձեռնադրությունը ավելացնում է եկեղեցու փառքը և աշխարհի փրկության պատճառ է, քանզի քահանան, ասում է, Աստծո բերանն է, որ անարգը զատում է պատվականից, քավում աշխարհի հանցանքները` հաշտության կոչ կարդալով տգետներին ու մոլորյալներին` նրանց առաջնորդելով արդարության ճանապարհով` ապա այդպիսիների բացակայությունն այս ամենի խափանումն է: Այս պատճառով մեզ (համակում է) անչափ թախիծ ու տրտմություն կամ մեզ վրա (գալիք) մեղքերի պատուհասի կամ էլ` (մխիթարություն) մեկնողի (գալիք) մեղքերը խնայելու, տառապանքներից զերծ մնալու և տրտմության այս հովտից դուրս գալու համար, որովհետև ավելի լավ էր նրան Աստծո հետ լինել, բայց մեզ` որբության վատաբախտություն և ամայություն (վիճակվեր): Սակայն հավատքի օրենքը և անդենականի հույսը արգելում է մեզ հեթանոսական սովորություններում եղած սաստիկ տրտմությունից (հեթանոսների), որոնք հույս չունեն (տե՛ս Ա Թեսաղ. Դ 12): Եվ հարկավոր չէ կնատիպ լինել ու այս ցավի վրա հառաչել` տրտմությունից հուսահատվելով, որովհետև հույս կա, թե ժայռի (վրա) վախճանված արմատով ծառը ջրի բուրմունքից մյուս անգամ ամռանը կծաղկի, ինչպես ավազանում տնկված քրիստոնյաները, որոնք եթե հավատի վիմաժայռի վրա վախճանվեն` մեր Տիրոջ կենսաբեր գալստյան բուրմունքից (կծաղկեն` հարություն կառնեն), ինչի մեջ մկրտվել են ջրով, որ բխել է զինվորի գեղարդով խոցված Նրա կողից: Այս պատճառով զորացնելով խոսքիս թիկունքը, բանականության դեմքից վանելով տրտմության մառախուղը` խոսենք ի սպասավորություն հայրերի ու հարազատ եղբայրների սրբազան սեղանների` նրանց մատռվակելով մխիթարության բաժակը, որ Սողոմոնը հրամայում է տալ սգավորներին, վշտացողներին և տկարներին (տե՛ս Առակ. ԼԱ 6)` Դավթի միջոցով հիշեցնելով այս անցավոր կյանքի ունայնությունը, ինչը բոլորիս հեռացնում է սրա վայելչությունից` փութացնելով մեզ դեպ անանց աշխարհ, որտեղ մերժված են թե՛ ցավերը, թե՛ վշտերը, թե՛ հեծությունը, ինչի մասին մեզ ծանուցում է հարյուրմեկերորդ սաղմոսը, որի վերնագիրն է. Բորոտի աղոթքը, երբ նա իր անձկության մեջ Տիրոջ առջև սփռեց իր աղաչանքները. ուրիշները (բորոտի փոխարեն) ասում են աղքատի, որ մեր բնությունն է և նշանակն այս զազիր կյանքի, որ, բորբոսված բորոտի ախտով, զրկված է առողջ ու ամենագեղեցիկ փառքի դրախտից և աղքատացած այնտեղի հոգևոր բարիքից, քանզի աղքատ է նա, ով կարոտ է ամեն ինչի ինչպես և մենք, որ մերկ եկանք և մերկ պետք է գնանք այստեղից (Հմմտ. Հոբ Ա 21), որովհետև ովքե՞ր են մերկից ավելի աղքատ և կամ բորոտության ախտով ավելի ապականված, քան վերքերով պատռվածները, որոնք ննջում են գերեզմաններում:
Հարյուրը և մեկը կատարյալ թիվ է, որովհետև հուսով սպասում ենք կատարյալ կյանքին, մեկ և անվախճան, անստվեր ճշմարտության վերջին օրվան` սպառելով բազմահոգ, ստվերական, խավարատանջ և դառնաբեր օրերը, ինչպես ասում է սուրբ Դավիթը ողբերգական ձայնով.
Օրերս անցան ստվերի պես և ես խոտի նման ցամաքեցի (Սղմ. ՃԱ 11).
Սա արեգակի բազմապտույտ շարժումն է, որն իր ծագումով ակնարկում է մեր ծնունդը և մայր մտնելով` մեր գերեզման մտնելը, իսկ երբ ծագում և այլևս մայր չի մտնում` ցույց է տալիս գերեզմաններից մեր արեգակնափայլ ծագումը հարությամբ, որից հետո այլևս չենք մտնի ու չենք ծնվի և ոչ էլ որևէ փոփոխություն կկրենք:
Օրերս անցան ստվերի պես.
Ինչպես և Յակոբ նահապետն էր ասում «պանդխտությամբ և նժդեհությամբ անցան» (Ծննդ. ԻԳ 4): Օրինակ մանկական մահճակալը օրորոց է ասվում, և մայրը, մանկան լացը դադարեցնելու համար, օրոր է ասում: Հասունացումից հետո այդ տեղը մահճակալ է ասվում, այսինքն` մահվան մեջ իջնել, որի համար մեծն Հոբը ասում է. «Թե քնեմ ասում եմ. Ե՞րբ պիտի բացվի լույսը, արթնանամ` դարձյալ թե` Երբ կլինի երեկո» (Հոբ Է 4): Միշտ ցանկանում եմ աներեկո օրվան և չեմ գտնում, որի պատճառով բազում ցավերով եմ, ասում է, հարափոփոխ օրերի մեջ, քանզի այս անցավոր կյանքը հոգնակի կերպով Օրեր է անվանում: Եվ չի ասում` Օրերս ստվեր էին, այլ թե` անցան ստվերի պես` ստվերի նման. համակ ոչնչություն է ցույց տալիս: Եվ հարկ է իմանալ, թե ստվերը, որ շուքն է, (այն ժամանակ է լինում) երբ արևը առնում է թե՛ շնչավոր և թե՛ անշունչ մարմնին: Իսկ երբ արևը և մարմնի բարձրությունը մեկ է լինում[1] ստվեր չի լինում, մինչդեռ արևը ամպի տակ մտնելիս ամբողջ աշխարհն է ստվերանում և առավելապես` արևը մայր մտնելիս: Իսկ երբ երկուսով միակողմանի են` բացորոշ ստվեր է լինում. ինչպես երբ հոգին և մարմինը միասին են` չի լինում առանց կրքի, կասկածանքի և ախտերի և պակասությունների: Միակողմանի բուն իսկ ստվերի մեջ են նաև աղքատը, հիվանդը, նեղսիրտը, (որոնց համար) արևը ամպի տակ է` չնայած աղոտ կերպով կենդանի է, բայց երբ արեգակը մայր է մտնում, այսինքն` երբ հոգին վերադառնում է Աստծո մոտ, որ նրան ստվեր[2] տվեց` մարմինն անցնում, քայքայվում է իր գոյացությունից, սակայն ուր էլ որ լինի հոգին գալիս է, ինչպես արեգակը` այս աշխարհ, որովհետև հոգին զգայությունից և իմաստությունից է, ու տեսնում է իր պատրաստած տեղը, և իմանում, թե ինչ են անում հետնորդներն իր հանդեպ: Նա միշտ մխիթարվում է եկեղեցու խորհրդով, երբ բարեգործում է` երկրում անճառելի խնդությամբ: Բայց մարմինն օրեօր աճելով ու պանդխտելով քայքայվում է, անցնում, գնում միանալու իր տարերքին, որից բաղկացած է` (վերածվելով) հողի, կրակի, օդի և ջրի, ըստ Արարչի սահմանումի, թե «Հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ. Գ 19): Բայց ուրիշ նյութ չի հիշում և (իրապես արարելիս միայն հողը հիշեց. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդ. Բ 7). հիշելով ծանրը, անարգը, ստորինը և ոտքի կոխանը` (կամեցավ) որպեսզի (մարդը) չափի մեջ մնա ու չհպարտանա[3]:
Երբ ես խոտի նման ցամաքեցի.
Ես-ը մարմնի (համար է) ասում, որովհետև մարդը երկակի է` հոգի և մարմին, երբեմն հոգու անունից է խոսում, երբ ասում է. «ես ամեն ժամ քեզ հետ եմ» (հմմտ. Հովհ. ԺԵ 42), որովհետև նա անմահ է և ամեն ժամ Աստծո հետ: Իսկ այստեղ մարմինն է ցույց տալիս` ասելով. Ես խոտի նման ցամաքեցի: Ցամաքել է անվանում նախ հնձողների ձեռքը, ինչպես ծերացած մարմնի հասակի համար` մահը կամ էլ ցավերից ցամաքելը և Աստծո խնամքով պատշաճ նկատվելով մինչև այնտեղ ապրելը, որովհետև շատ խոտեր կան, որ դեռ չաճած խորշակից չորանում են և կամ տանիքի խոտը, որ դեռ չամրացած չորանում է: Եվ խոտ է անվանում անարգության պատճառով, որ խոտան և անպատիվ է, էժան ու վաղանցիկ: Նույնպիսին է նաև մարմինը, երբ նրանից հեռանում է հոգու դալարությունը, դառնում է ամեն ինչին անպիտան, ինչպես այլուր ասում է. «Ամեն մարմին խոտ է և փառքը նման է ծաղկի» (Եսայի Խ 6)` դյուրաթառամ և շուտ խամրող: Եվ ինքը` Դավիթն ասում է. «Խոտի նման են մարդու օրերը» (Սղմ. ՃԲ 15): Եվ նման-ը ավելացնելով` ցույց է տալիս է՛լ ավելի անարգ համարելը, համաձայն Իմաստունի, որ ոչ միայն ունայնություն է կոչում այս աշխարհը, այլև` նմանությունների նմանություն, այն է` «ունայնություն ունայնությանց» (Ժող. Ա 1), որ դատարկությունների դատարկությունն է, որի համար սա ասում է. Ես խոտի նման ցամաքեցի: Եվ եթե մեկը փոխի հնչյունը ու խ-ի փոխարեն նրա տեղը հ-ը դնի` «հոտ» կլինի, այսինքն` գոլորշի, որ առարկաների ցամաքումով չքանում է և ինքը, ու երբ սպառվում է խոնավությունը սպառվում է և գոլորշին, ինչպես մարմինը, որ հոտում, ապա իսպառ հողի վերածվում ու չորանում է: Դարձյալ կա խոտի մի տեսակ, որ օրվա մեջ հազիվ մեկ ժամ է ապրում` բուսնելով, աճելով ու հասունանալով, սրան փուճ են անվանում, ինչպես այլուր ասվում է. «մարդը նման է ունայնության» (Սղմ. ՃԽԳ 4): Պատմում են, թե հնում թագավորները սերմ էին պահում, և հացի ժամին (դրանք) սկուտեղի հողի մեջ էին ցանում, ու, դեռ գինուց շատ չհարբած, (սերմերը) իսկույն բուսնելով և աճելով ցամաքում էին: Այդ պատճառով, հիշելով մեր բնությունը, դադարեցնում էին ճաշկերույթը, ինչը և մեզ է անհրաժեշտ կատարել ու խրատվել ասածներիցս, քանզի ասում է. Օրերս անցան ստվերի պես: Որովհետև ինչպես ծառի և ամեն տեսակ մարմնի շուքը տեղափոխվելով փութով երկարում կամ կարճվում և պտտվում է մինչև որ գիշերվա գալով լիովին ստվերանում, նույնպես և մեր կյանքը. ամեն տեսակ բարի դիպվածները, փառքը, ինչքերն ու գեղեցկությունները: Եվ այսպիսի բաները երբևէ վկա չեն թողնում ու մնայուն չեն, և խոտի նման ցամաքում և անցնում են հասունանալուց, խորշակից կամ կարկուտից կամ ոտնակոխ լինելուց ու ջախջախվելուց, նույնպես և մեր կյանքը պակասում է տեսակ տեսակ ու զանազան պատահարներից և անսպասելի որոգայթներից: Այս պատճառով մեր կենարարը զգուշացրեց ասելով. «Ամեն ժամ արթուն մնացեք, որովհետև չգիտեք ժամն ու օրը» (Մտթ. ԻԴ 42, ԻԵ 13). ժամը, որովհետև այն հանկարծակի կգա բոլորի վրա, ովքեր բնակվում են երկրի երեսին, (այսպես կլինի) ոչ միայն Տիրոջ գալուստն ու վախճանի օրը, այլև յուրաքանչյուրի կյանքի վախճանը, որովհետև դիպչում է ամեն հասակի, ամեն աստիճանի ու փառքի, և չի խնայում կամ ողորմում ոչ մեկին: Այդ պատճառով այն օրը գիշերվա գողի և որոգայթի է նմանվում (հմմտ. Մտթ. ԻԴ 43): Սակայն զգաստների, արթունների և պատրաստների համար այսպես չէ. ընդհակառակը ամեն տեսակ պատրաստությամբ, զգուշությամբ և խնդությամբ լցված նրանք կընդունեն իրենց քրտինքի և աշխատանքի ավարտը, ու տեսնելով իրենց անձերի (վրա հանգչող) խաղաղությունն ու պսակը` կգնան իրենց Տիրոջ մոտ` ասելով.
Դու, Տեր, հավերժ ես, և սերնդից սերունդ է հիշատակը Քո (Սղմ. ՃԱ 12):
Որովհետև մենք կառուցվեցինք Քո կողմից և հանցանքների պատճառով փլուզվեցինք և Քո ողորմությամբ, Տեր, երկուստեք սկիզբն ու վախճանն ընդունեցինք, քանզի մեզ ստեղծեցիր դրախտը վայելելու համար և ի պատիվ Քո պատկերի, Տեր: Եվ մեղանչելու պատճառով փլուզեցիր (մեր մեղավոր կառույցը), որպեսզի միշտ չմնանք չարի մեջ, ինչպես առաջին հանցագործ սատանան:
Դու, Տեր, հավերժ ես` չունենալով ոչ սկիզբ ոչ վախճան` ոչ միայն մշտնջենավոր բաներով, այլև` անայլայլ, անեղ և անփոփոխ հավիտենությամբ որովհետև հավերժ-ը ցույց է տալիս բարի բնության անշարժ ու հաստատուն լինելը, ինչպես այլուր ասում է. «Աստված կա և մնում է հավիտյան» (Սղմ. Թ 7), քանզի մենք` եղականներս ոչ էական բաներից էության փոխարկվեցինք հեղաբեկումով ու փոփոխումով, և ներքին հոսման[4] ու ծորման մեջ ենք մենք` բանականներս` (բաղկացած լինելով) հոսական տարրերի խառնուրդից. այս պատճառով մեր փոփոխումը երկուսն է[5], և երրորդը մահն է: Իսկ վերին բանականները` հրեշտակները միայն մեկ փոփոխություն ունեն, որովհետև անէությունից էության են եկել և չեն (կրել) երկրորդ փոփոխությունը համաձայն հասակի, կարիքի, քաղցի, ծարավի և այլն: Բայց եթե մեկն ասի սատանայի համար, ապա (կասենք, թե) նրա (կրած) փոփոխությունը բարուց թափուր լինելն է: Մինչդեռ ամեն տեսակ փոփոխությունից միայն Աստված է ազատ, ինչպես ասում է. Դու, Տեր հավերժ ես և Քո հիշատակը ազգից ազգ է: Եվ Տեր անունն է օգտագործվում` (ակնարկելով) նրա դատողական (բնույթը), որովհետև ցամաքածը հանցավոր կյանքի խոտի նման մոտեցել է դատավորի ատյանին, և աղերսում է նրան ամենևին դատաստանի մեջ չմտնել մեր դյուրանցիկ ու վաղամեռ բնության հետ, որովհետև «Նրա առջև չի արդարանա ամեն տեսակ մսեղի» (Սղմ. ՃԽԲ 2), այլ համաձայն Իր հավիտենական ու անմահական բնության կմեծացնի Իր ողորմությունը և կթեթևացնի մեր սխալական բնության տոկոսները, ըստ մեր սակավակյաց փոքրության, որովհետև Ինքն ասաց. «Այս աշխարհը ողորմությամբ կառուցեցի» (Սղմ. ՁԸ 3): Թող արդար լինի զույգ ստեղծվածների վախճանը, քանզի նրա ողորմությունը մինչև երկինք է (Հմմտ. Սղմ. ԾԶ 11, ՃԷ 5), իսկ դատաստանի իրավունքը մինչև ստորին ամպերն է (հասնում): Եվ Քո հիշատակը ազգից ազգ է, այսինքն` Քո բարիքի հիշատակը անմոռաց է, որովհետև երբեք թույլ չտվեցիր մոռանալ Քո բարերարությունը` ազգից ազգ` Ադամին, Աբելին, Ենովսին, Ենովքին, Նոյին, Աբրահամին, Իսահակին, Հակոբին և ըստ կարգի մյուսներին, որովհետև յուրաքանչյուրի հանդեպ ցույց էր տալիս Իր հրաշագործությունների երախտիքը, համաձայն այն խոսքի, թե «Հիշեցրեց Իր հրաշագործությունները» (Սղմ. ՃԺ 4): Տերը ողորմած, գթած է. նա երբեք չի անտեսում իր սիրելիներին տված ավետյաց ուխտը, բարիքի խոստումը և անարժաններին խնայում իր ողորմությունը: Ըստ որում ասում է. Պիտի ողորմությամբ հիշեմ բոզ Րախաբին, խառնակված Բաբելոնը, այլազգիներին, Ծուրը, մեղքերով սևացած բնիկ կռապաշտ ժողովրդին: Այս պատճառով և արդարների անունները գրված են կենաց գրքում, որ Աստծո անմոռաց հիշատակն է: Կուտակված են նաև անօրենների և հանցավորների գործերն ու չարությունները, որ մոռացված չեն և պահված են դատաստանի օրվա համար: «Մի՞թե այս ամենն ինձ մոտ չի հավաքված և կնքված չի պահվում իմ գանձարանում` վրեժի օրը նրանց հատուցելու համար» (Բ օր. ԼԲ 34) որոնց հատուցումը թող տա համաձայն իր մեծության և հավիտենականության` ողորմությամբ խնայելով մեր խոտանման, ծաղկաժամանակ, շոգետեսակ, մսեղեն բնությունը, որի համար այժմ իսկ ասում է. Դու բարձրանալով պիտի գթաս Սիոնին (Սղմ. ՃԱ 14), որ մեր բնությունն է, որպեսզի գթա, երբ բարձրանա խորտակելու համար հողը[6], որովհետև Տիրոջ աչքը բարձունքն է, և մեր վրա բարձրանալը (ակնարկում է) տառապած մարդուն: Այս օրինակը հինգ իմաստ ունի. որովհետև մենք բարձրանում ենք քնից, մահվանից, նստելուց, գլորումից, հիվանդությունից: Մինչդեռ Աստծո վրա այսպիսի կրքեր չկան, բայց սրանցից երկուսը այլաբանությամբ ու խորհրդանշանաբար են ասվում. «Աթոռին նստելն ու ննջելը»: «Աթոռին նստել»-ը երբեմն ցույց է տալիս փառքն ու հանգիստը, որովհետև փառավորվում և հանգչում է երկնավորների սրբության և հնազանդության մեջ: Ըստ որում «Աթոռ» են կոչվում նաև վերին էակները, երբեմն էլ` դատաստանի քննությունը, ինչպես ասում է «Աթոռին նստեցիր, արդարության դատավոր» (Սղմ. Թ 5), և «Իր աթոռը դատաստանի պատրաստեց» (Սղմ. Թ 8): Իսկ «ննջել»-ը ոմանց հանդգնության, արդարների վշտի և աղքատների տառապանքի հանդեպ ժամանակավորապես անփույթ գտնվելն ու անտեսելն է: Իսկ այն մեր այլաբանությունն է, որովհետև մեր «քունը» անհոգությունը և անգործությունն է (ակնարկում) նույնպես և «նստել»-ը կամ հանգստանալը և պատիվը, կամ էլ արդար քննություն կատարելը, որ Գիրքը հանդգնում է Աստծուն վերագրել, ինչը ճշմարիտ չէ, որովհետև սրանք (վերաբերում են) մարմնին: Իսկ Աստծո` Աթոռից բարձրանալը կամ քնից արթնանալը, թշնամիներից վրեժ առնելն ու զրկվածներին բարիք անելն է ցույց տալիս, ըստ այն խոսքի թե` «աղքատների տառապանքի և տնանկների հեծության պատճառով այժմ պիտի բարձրանամ փրկությունը դնեմ և համարձակ հատուցեմ նրանց» (Սղմ. ԺԱ 6): Քանզի ներելն ու համբերելը դարձի և զղջումի ակնկալության պատճառով էր, ինչի համար և տևական համբերությունից հետո այլուր աղաչում է նույն մարգարեն և ասում. «Ժամն է Տիրոջ բարձրանալու, որովհետև անօրենները խափանեցին Քո օրենքը» (Սղմ. ՃԺԸ 126): Եվ նույն մտքով էլ «Այժմ, ասում է, Դու բարձրանալով պիտի գթաս» (Սղմ. ՃԱ 14), որ յոթանասուն տարի հետո Աստծո խոստումով Սիոնին, այն է` Երուսաղեմին գթալու ժամանակն է, (Երուսաղեմի), որ կառուցված է Սիոն լեռան վրա` (զորացնելու) բովանդակ հրեական ազգը` կառուցելու Երուսաղեմը և հրեից ժողովրդի դարձով բարիք գործելու: Եվ նրանց գթալը կործանումն էր Բաբելոնի և քաղդեցիների թագավորության, որ քանդեցին Երուսաղեմը և գերեցին Իսրայելի ազգին: Ինչպես և այլուր ասում է. «Հարվածեց բազում ազգերի և սպանեց թագավորների» (Սղմ. ՃԼԴ 10, ՃԼԵ 18), որովհետև հավիտյան է Նրա ողորմությունը, քանզի ապականողների կորուստը ողորմություն և գթություն է խոնարհված և արհամարհված ժողովրդի հանդեպ, ինչպես և վեց հազար տարի հետո ժամանակն էր մեր Քրիստոս Աստծո` գթալու մեր բնության վրա, համաձայն Սուրբ Հոգով առաջատես մարգարեների նկատումի, որ ասում էին, թե «Աստված գիտե արդարության բոլոր ճանապարհները և այն տվեց Իր Հակոբ ծառային և Իր Իսրայել սրբին»: Եվ սրանից հետո երկրում պիտի երևա մարդկանց մեջ շրջի (Բարուք Գ 38) յոթ անգամ յոթ և վաթսուներկու անգամ յոթ (=483) տարի հետո[7]: Եվ նրա գալը մարմնի երևումով գթություն էր մեր բնությանը, որ Սիոնն է, ինչը թարգմանվում է մայր, որից ծնվեց Քրիստոս Աստված մեր բնությամբ` բայց կուսությամբ (լինելով) մեր բնությունից վեր: Եվ դա սատանայի կորուստն ու դժոխքի կործանումն էր և փրկություն տառապած ու վտանգված մարդկությանը[8], նա, որ ոչ միայն Իր հայրական Աթոռից և իմաստությունից չզատվեց, այլև` կամավոր մահից, և երեք օրից հարություն առնելով գթաց Սիոնի վրա, որ եկեղեցին է, սուրբ դիտանոցը, ուր հոգևոր դետերը[9] ժողովրդին հիշեցնում են Տիրոջ պատվիրանները, որովհետև Յոթանասուն թարգմանիչները «Սիոն»-ը «Դիտանոց» թարգմանեցին, ուրիշները` «Պատվար» և «Սգո վայր», ուր ապաշխարողները երանելի սուգը կրեցին իրենց անձանց վրա, (ուր), այսինքն` Սուրբ և Կաթողիկե տիեզերական եկեղեցում, որ գնեց Քրիստոս և, հարություն առնելով մեռելներից, փրկեց Իր աստվածային արյամբ, և այժմ նույն մարդասիրությամբ և մեծ ողորմությամբ բարձրանալով պիտի գթա մեր սուրբ եկեղեցում` լրացնելու պակասած անդամների թիվը և հորդորող եպիսկոպոսների խրատական պատվիրաններով` (հոգևոր) սաների, ովքեր որբացան մարմնով, որ վերջացավ, նաև` եղբայրներիդ, ովքեր տրտմեցին և կարիք ունեցան օգնականի: Թող նաև ձեր աղոթքներով (Տերը) նայի և լուսավորի խոսքերիս ընթացքը Իր շնորհի ճրագով, որ իբրև խորհրդական բանալի թող պարզ ու հեշտալուր դարձնի ձեր լսելիքին (նրանց խոսքերը), ովքեր իմաստությամբ շարադրեցին քահանայից թաղման կարգը[10], ինչը խորթ չէ այն խոսքին, ուր Տիրոջով հայցվում է ժամանակին ու կարիքի օրը բարձրանալ գթալու Սիոնին, որի վերաբերյալ Ինքը` Տերը մոտենալով Խաչի չարչարանքին, ասում է. «Հայր, հասել է ժամը, փառավորիր Քո Որդուն» (Յովհ. ԺԷ 1): Նա, որ նախապես ասում էր. «Իմ ժամանակը չի հասել, բայց ձեր ժամանակը ամեն ժամ պատրաստ է» (Հովհ. Է 6), այսինքն` ամեն տեսակ բնության մուտքն այս աշխարհ ու ելքը (այս աշխարհից) ակամա և անսպասելի է, իսկ Տիրոջ ծնունդը և կամավոր մահը սահմանված է պատշաճ օրերի: Այսպիսին է նկատվում նաև քահանայական մուտն ու ելքը, որը հատուկ է համարվում Աստծուն: Ինչպես առաքյալներին է ասում. «Ձեզ` տասներկուսիդ ընտրեցի» (Հովհ. Զ 71), որ ասում է նաև Երեմիային, թե «Քանի դեռ չէիր ստեղծված, որովայնից գիտեի քեզ» (Երեմիա Ա 5): Գիտե լինելիք լավը, գիտե նաև խոտանը. ովքեր գալու են շնորհին ծառայելու, թեպետ չեն գնալու իրենց կոչմանն արժանի (ճանապարհով), ինչպես Հուդան. Նա վաղ է նկատում Իր շնորհը ընդունողներին: Նույնպես և (այս աշխարհից) հեռանալիս մեծարում է և փառավորում Իր շնորհը` պատվելով Նրանց մահը, գերեզմանը և թաղումը: Այս պատճառով (քահանայի թաղումը) անսովոր ու տարբեր է մյուս մեռելների (թաղումից), որովհետև հասնելով վախճանին` հուսով և հավատով ուղղափառ խոստովանությամբ տալիս է հավատի դավանությունը` ավելի լայն ու ընդարձակ, քան մկրտության ժամին է` առընթեր լինելով Ավետարանին և սուրբ նշանին, քահանայական դասերով սուրբ խորհրդի պաշտամունքին իբրև բարի վկայություն եղբոր դավանության` նրան տալով վերջին հաղորդությունը, որից հետո հոգին ավանդում է Աստծո ձեռքը, ինչպես Հիսուս Քրիստոս` Իր Հորը, որովհետև «արդարների հոգիները Աստծո ձեռքում են» (Իմաստ. Գ 1): Իսկ մարմինը քահանաները լվանում են և իր ժամի մեջ սուրբ սեղանի առջև Նրան օծում են սուրբ յուղով, ինչպես օլիմպիական մարզիկին[11]: Եվ մարտահանդեսից հետո (մարզիկին) դարձյալ բաղնիք են տանում լվանում փոշուց, քրտինքից և օծում հանգստյան համար և նրան պսակելով նոր հյուսքերով ու բրաբիոնի ոստերով` ցնծում նրանով: Նույն օրինակը այստեղ են ցույց տալիս` ավազանով օծելով նրան հանում են թշնամի սատանայի դեմ մարտահանդեսի: Եվ մարտահանդեսի ավարտից հետո օծում և նրան ի նորո զգեստավորում են քահանայական նոր հանդերձներով` մարմինը, գլուխը և թիկունքը պատելով փիլոնով, ստքերին հագցնում են մաշիկներ, և կապում գոտի, որովհետև ճանապարհորդում է դեպ նոր կյանք ու զինավառվում թշնամու դեմ, որ օդում է` իր դեմքը և ոտքերը ուղղելով դեպ արևելք, որտեղից ակնկալում է իր Տիրոջը և իր իսկ հայրենիքը, որ Եդեմում է` իբրև նշան իր ձեռքում ունենալով խնկերի կապոցն ու Ավետարանի խոսքերը, որովհետև անուշահոտ վարքով և Ավետարանի խրատներով ընթացավ այս կյանքում, և քանի որ հող է ու հոգին երկնքից և երկրից նրանում մեկտեղված է Արարչի կողմից, Նրա հրամանով այժմ երկնավորը զատվելով գնում է Աստծո ձեռքը և հանձնվում երկնավորներին, իսկ խեցեղեն անոթը հողեղեններն են խնամում[12]: Եվ քանի որ քահանա ու եկեղեցական է (նրանք) շնորհքով և Սուրբ Հոգու հաղորդությամբ ու քահանայական հանդերձանքով միացած են մարմնին, ուստի Խաչով և Ավետարանով գնալով` օրհնությամբ ու աղոթքով մարմնի դիրքը նմանեցնում են եկեղեցուն, որպեսզի հավիտենապես միշտ եկեղեցու մեջ մնա, քանզի, ըստ Դավթի` «երանելի է Տիրոջ տանը բնակվողը» (Սղմ. ՁԳ 5): Այս պատճառով եկեղեցու կարգի համար (սահմանված) Սողոմոնից ասված ընթերցվածն է նշանակվում, թե` «Իմաստությամբ կառուցեց իր տունը» (Առակ. ԻԴ 3) և Անգե մարգարեից ասված. «Ո՞վ է ձեզանից տեսել այս տունը իր նախկին փառքի մեջ» (Անգե Բ 4): Սկզբից Արարիչը այս գետնի[13] տունը կառուցեց յոթ սյուներով, (սակայն) մեղքի (պատճառով այն) այլայլվեց, ոչնչացավ, և Քրիստոսի գալստյամբ սրբվեց: Եվ արդ, հիմա ևս քահանայական ոսկորները մտնելով հողի տակ` վերջինիս փառքը լինում է առավել քան առաջինինը, ինչպես և վկայում է Ղուկասի Ավետարանը` հիշատակելով Զաքարիային, թե` «Այսօր այս տանը փրկություն եղավ» (Ղուկ. ԺԹ 9): Այս խորհուրդը ցույց է տալիս նաև մեծն Հովհաննեսը, երբ գոհություն և օրհնություն էր տալիս իր աստվածազգյաց մարմնի համար գերեզման փորելիս[14]: Եվ քահանաները գերեզմանափորներին թողնելով նվիրական վայրը` իրենք գալիս են վախճանվածի մոտ և նրան բերում եկեղեցու գավիթը և այնտեղ կատարում հին ուխտի խորհուրդը` ընթերցելով նահապետների վարքն ու վախճանը` հարության հուսով դրանց ավելացնելով առաքյալներինն ու ավետարանիչներինը, որովհետև հինն այս մասին էր մարգարեանում: Եվ հետո տանում են եկեղեցի, ու կատարելով քրիստոսավանդ կտակարանների խորհուրդը, հանում են բեմ` ցույց տալով քահանաների համար սահմանված պատիվն ու տեղը, նաև` օրենքի և մարգարեների կատարվելուց հետո Քրիստոսի երկինք բարձրանալը` նախապատրաստելու համար Իր սիրելիների հանգիստը, (սիրելիների), որոնցից են նրա տնօրենությանը սպասավոր ու պաշտոնյա քահանաները, որոնց մահը ցույց է տալիս Քրիստոսի մեռելությանը նրանց կցորդ լինելը, իսկ համբույրով նրանց խնդությամբ ողջունելը` մահից չվախենալը: Սա համարվում է վերին Երուսաղեմի բնակիչների սիրահամբույր ողջույնը, որով նրանք ողջագուրվում են նրա հոգուն: Եվ այսպես են աղոթում, որպեսզի արժանի լինի Նրան, և հանձին նրա օրհնելով հուղարկավորներին` (հորդորում է նրանց) մնալ նույն երկյուղով և հուսով ու պատրաստ լինել սահմանված օրվան` հիշելով արարչագործ աղոթքի ահասարսուռ խոսքերը, ուր ասվում, թե քահանաները ում, ինչպիսիների և ինչքան սրբերի են նմանվում: Սրանից հետո նրան հանում են եկեղեցու դուռը, և ինչպես Պողոս առաքյալը Մելիտոնի երեցներին երկյուղով զգուշացնում է խնամք տանել ու հոգալ իրենց անձանց և հոտին, որ նրանց ավանդվեց Սուրբ Հոգուց (տե՛ս Գործք առաքելոց Ի 17-23): Եվ ապա սա կատարելով եկեղեցու չորս անկյուններում, վկայում են նրան, թե քառագլուխ Ավետարանի խրատներով նրանք պտտվում են եկեղեցու շուրջ բոլորը այն խորհրդով, թե (Ավետարանը) քարոզվեց աշխարհի չորս կողմերում. նախ` արևելքում, որ նշանակն է Միածնի, որ Հոր ծոցում է, որից մեզ ծագեց արդարության Արեգակը և օգնեց մեզ քրիստոնյա անունով Քրիստոսի եղբայր կոչվել և Աստծուն Հայր անվանել և այս անվանումով սկզբնական[15] փառքին արժանանալ, ըստ որում ասում են, թե սա օգնություն է մեզ Տիրոջ անունով, այլև քահանայական անունն է մեզ վրա (սփռում) հավիտենական Քահանան, որ Մելքիսիդեկի կարգից է: Եվ հետո դեպ հարավ տանելով դարձյալ Տիրոջն են ակնարկում, որ եկավ հարավից հողմով հարավի, այն է` Սուրբ Հոգով և մեզ համար հոգևոր գարուն արարեց, որից և բուսնում են պտղաբեր տունկերը և բժշկությունը` հիվանդացած մարդկության համար, որոնք քահանայական ընծաներ են, որով օգնություն են ստանում հավատացյալների երանելի ազգերը, ինչպես վկայում է այս երգը, ուր ասվում է. «Երանի այն ազգերին, որոնց Տերը Աստված է» (Սղմ. ԼԲ 12): Եվ հետո դիակը դեպ արևմուտք տանելով այն ցույց են տալիս Նրան, ով «նստում է արևմուտքում և նրան անունը Տեր է» (Սղմ. ԿԷ 5): (Արևմուտքը) մեր բնությունն է: Եվ քահանայական աստիճանը նրա փառքի աթոռն է, որից օրհնվում և կենդանանում են մարդիկ, համաձայն այն խոսքի, թե` «Տերը այնտեղ պատրաստեց օրհնությունն ու հավիտենական կյանքը» (Սղմ. ՃԼԲ 3): Դրանից հետո տանում են դեպ հյուսիս, որտեղից եկավ Սիոնի և հին եկեղեցու շնորհքը ու մտավ հեթանոսների եկեղեցի և քահանայական ընծաներով ցրտաշունչ օդը գնաց և օրհնության աղբյուրներ երևացին հյուսիսային կողմում, ինչպես ասում են «Տերը օրհնելու է մեզ Սիոնից» (Հմմտ. Սղմ. ՃԼԴ 21): Իսկ ավետարանական ընթերցումներով ցույց է տրվում, թե նրանով մեզ բաշխվեցին երկնային բոլոր բարիքները: Սրանով գուշակվում է և այն, որ պետք է փող հնչի աշխարհի չորս ծագերում և վերջին օրը` հարության ավետիքը: Եվ այս խորհրդով ու հավատով, սաղմոսներով ու հոգևոր երգերով տանում են հանգստյան տեղը և կանոնի համաձայն դնում օրհնյալ հարկի ներքո: Եվ հոգին, որ (պատրաստվում է) գնալ երկնաչու ճանապարհով, մարմնի մեջ է մնում այնքան մինչև ավարտվում են խորհրդակատարություններն ու խորհրդական ընթերցումները: Եվ այն ուղեգնացության համար իբրև հույս, հավատ ու ճանապարհի պաշար և մասնակից լինի նրանց և դրանցով, իբրև զենքով, զինավառվի դևերի դեմ մղվելիք, առաջիկա պատերազմում, որոնք պատահելու են նրան օդում[16] ինչպես հայտնվեցին Անտոնին[17]: Նույն նպատակով կարդում են նաև Հովհաննեսի «Հանգիստը». որպեսզի նրա խոսքերը նույն աղոթքներով կատարվի այժմ, հեռանա խավարը, տկարանա վիհը, մարի կրակը, զմռսվի հնոցը, փարատվի մութը, քանզի նրանք թանձրացնում են խավարը, ցույց են տալիս վիհը, բորբոքում գեհենը ծխեցնում հնոցը, տարածում մութն ու մռայլը, կրճտում ատամները և ջանում են արգելել (հոգու վերընթացը)` հիշեցնելով մանկությունից (գործած) նրա բոլոր սխալները: Այս պատճառով հրեշտակները բազում ճիգուջանքով և սպառնալիքներով հոգին անցկացնում են խավարի իշխանություններով, որ լուսնի տակ են: Ասում են, թե հրեշտակները յոթ օր ճանապարհորդում են հոգիների հետ: Ապա անցնելով յոթնաստեղյան խորաններով հասնում են այն վայրին, ուր հոգիների կայաններն են: Եվ այստեղ նրանք հանգստության, գիտակցության և զգայության մեջ են, որովհետև նրանց մտքի արթնությունը չի խափանվում, և իմանում են, թե ինչ է նախապատրաստված իրենց համար իբրև հատուցում նրանց աշխատանքի: Նույնպես, նրանց համար կատարվեց ամեն ինչ, պատարագ, աղոթք, ողորմություն, որ մատուցվում է ի փառս վերին լույսի և դրախտի հոտի, նրանց համար մխիթարություն կլինի: Բայց լիակատար վարձ նրանք կընդունեն հարության ժամանակ իրենց կողակիցների հետ միասին, երբ նրանց վարքը կպատկերվի նրանց իսկ մարմինների վրա ու նրանց մարմինները կլինեն ջրով ծածկված մագաղաթի նման, և ամեն ոք կիմանա գրվածը և կկարդա իր գործերը: Այս պատճառով ինչպես հոգին է եկեղեցու հոգիների մեջ և վերին քահանայարանում, այնպես էլ ոսկորներն են ստորին խորանում, որ նրա համար եղավ ստորին յոթ աստիճանով, ըստ որում յոթ օրվա ընթացքում ծածվում է հողով` խաչով, աղոթքներով և խորհրդական ընթերցումներով կնքելով յոթ օրերը, որպեսզի դա լինի նրա հոգու ճանապարհի ճրագ և երկնքի բանալի:
Դարձյալ յոթ օրերի խորհրդածությունը նշանակում է այս կյանքի յոթ ժամանակները, երբ գտնվում ենք մահվան, կարիքի և մեղքերի վախի տակ, այս պատճառով և կարիք ունենք վերին օգնության, որ խնդրում ենք աղոթքով, որպեսզի բացերես անցնենք այս վայրիվերո ժամանակներով` հասնելու համար ութերորդ ժամանակին` հավիտենապես հաստատուն, անշփոթ և անմահական վիճակին:
Եվ դարձյալ քահանայի յոթնօրյա հիշատակը խորհրդանշում է Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհները, որոնցով օժտված էր իր կյանքում և մեռնելիս չզատվեց նրա հոգուց և ոսկորներից: Այն, որ կենդանության օրոք (նա օժտված էր Սուրբ Հոգով), ցույց է տալիս ներգործությամբ և արարողական իշխանությամբ, որովհետև պատարագում, մկրտում, պսակում է, խոստովանություն է ընդունում, օրհնում Խաչ և հիվանդների ձեթ, և թաղում վախճանվածներին, որ չի կարող աշխարհականներից և ոչ մեկը: Եվ արդ, ասածս նույն շնորհներն ու Սուրբ Հոգու պարգևները առաջնորդ և ուղեկից թող լինեն մեր եղբորը` անխռով և աներկյուղ անցնելու օդաբնակ դևերի չարության միջով, թող նա լրջմտությամբ ու բարի բերկրանքով հանդիպի անդրանիկների եկեղեցուն, որ կազմված է նրանից առաջ գնացած սուրբերի հոգիներից, թող գթությամբ և ողորմությամբ նրան նայի Դատավորի և արարածների արքայի աչքը, նրան քաղցր ձայնով հրավիրի իր սիրելիների մեջ, նրա անունը գրի իր կենաց գրքում, խաչակնքելով օրհնի սրա մարմնի զգայարանները և ոսկորները, ու Քրիստոս Աստված թող սրա հանգստյան վայրը դրոշմի անշարժ և անսասան մատանիով, որ հավիտենական է, ու նրա հիշատակը ազգից ազգ է` մեր բնությամբ չարչարանքով փառավորվածը ու Հոր և Սուրբ Հոգու խնամքով մեռելներից հարություն առածը, այժմ ևս հարություն առնելով` թող գթա մայր Սիոնին` մեր սուրբ եկեղեցուն և մխիթարի սրա մանուկներին ու անդամներին` գլխավորից սկսած մինչև հետինը, և մխիթարի սպասավորների հոգևոր և մարմնավոր պետքերը, ձեր երեսից սրբի արտասուքն ու թախիծը, խոսի յուրաքանչյուրի սրտին հաճելի բաներ` վերանալու աշխարհից և աշխարհային զբաղումներից, ցանկություններից` «Նայելու դեպ վեր` երկինք և դեպ վար` երկիր» (Եսայի Ե 30), ուր ամբարված են Ադամից սկսած բոլոր մարդկանց հոգիները և մարմինները, որոնց հետ նաև Ինքը` յուրաքանչյուրին (հորդորում է) մտածել և այն մասին, որ դատաստանի օրվա և ամբարիշտների կորստյան համար ամբարված հուր կա երկնքում և երկրում, որից թող զերծ պահի մեր Աստված Քրիստոս մեզ` Իր անվանը հավատացողներիս, և Ինքը թող օրհնյալ լինի Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:
[1] Այսինքն` երբ արևը գտնվում է զենիթում:
[2] Այսինքն` մարմին:
[3] Միտքը համերաշխ է ս. Հովհան Ոսկեբերանի Ծննդոց մեկնության հետևյալ արտահայտությանը. «Ես զնիւթ մարմնոյն ի հողոյ ստեղծ, զի եթէ հոգիովն հպարտասցի` հողովն շիջանեսցի», տե՛ս Ս.Յովհան Ոսկեբերան, Ա. Ճառք, Բ. Ի մեկնութեանց Սուրբ Գրոց, Ս. Էջմիածին, 2008, էջ 271:
[4] Աստվածաբանական եզրաբառարանում «հոսումը» կամ «հոսել»-ը մատնանիշ է անում նյութի հարափոփոխ, դյուրանցիկ, լուծվող լինելը: Այս իմաստով եզրը թերևս առաջին անգամ կիառվում է ս. Աթանաս Ալեքսանդրացու (+373թ.) ժառանգության մեջ. Г.В. Флоровский, Восточные отцы IV века, Париж, 1931, с. 31: Հայ եկեղեցական մատենագրության մեջ ևս այն օգտագործվում է այս նույն իմաստով. տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Բ, էջ 120 («հոսական», «հոսանուտ»):
[5] Այսինքն` ծնունդը և աճումը:
[6] Այսինքն` մարդու հողեղեն բնությունը:
[7] Սա գրեթե 100 տարով տարբերվում է աստվածաշնչագիտության մեջ ընդունված այն հաշվարկից, ըստ որի Բարուքը, որ մտերիմ բարեկամն էր Երեմիայի, վերջինիս մարգարեական պատգամները շարադրել է 586 կամ 605թ. Ն.Ք., որից շուրջ 600 տարի հետո Քրիստոս պետք է երևար և շրջեր մարդկանց մեջ, մինչդեռ ըստ Վարդան Արևելցու այդ պետք է կատարվեր շուրջ 500 տարի հետո:
[8] Բնագրում` «ազգիս մերոյ», որ նկատի ունի մեր տեսակը` մարդուն` մարդկությանը:
[9] Նկատի ունի եպիսկոպոսներին, որովհետև հայերեն «դետ»-ը կամ «տեսուչ»-ը հունարեն «եպիսկոպոս»-ի իմաստային համարժեքն է:
[10] Ըստ հնավանդ մի վկայության, Քահանայաթաղի կարգը շարադրված է ս. Եփրեմ Ասորու և ս. Սահակ Պարթև հայրապետի կողմից: Ս.Եփրեմի երկը հայացրել է Ղազարիկ թարգմանիչը Ե դ.: Իր այսօրվա ձևի մեջ այն խմբագրվել է ԺԸ դ. Սիմեոն Երևանցի կաթողիկոսի ջանքերով. տե՛ս Մայր Մաշտոց, Կ.Պոլիս, 1807, էջ 344, նաև էջ 423: Քահանայաթաղի մեկնաբանությունը տրված է ս.Գրիգոր Տաթևացու (+1409) կողմից, Գիրք քարոզից, Ձմերան հատոր, էջ 247-250. տե՛ս Նորայր Արք. Պողարեան, Ծիսագիտութիւն, Նիւ Եորք, 1990, էջ 113:
[11] Ս.Գրիգոր Տաթևացին անդրադառնալով սրան` նկատում է. «Նրանց օծում ենք իբրև ըմբիշի, որպեսզի մարտի մեջ մտնեն օդի չար դևերի դեմ», տե՛ս «Գիրք Հարցմանց», Երուսաղեմ, 1993, էջ 672:
[12] Այսինքն` մարմնի նկատմամբ կարգ է կատարվում մարմնավորների կողմից:
[13] Նկատի ունի հողեղեն մարդուն:
[14] Տե՛ս «Հանգիստ սրբոյ Յովհաննու Առաքելոյ եւ Աւետարանչի», Զ. Է. աշխարհ. թրգմ. Ս.Ստամբոլցյանի, «Գանձասար», Զ, 1996, էջ 484-485, նաև Ներսես Լամբրոնացու մեկնությունը` անդ. էջ 520-535:
[15] Այսինքն` նախամեղսական:
[16] Օդը սատանայի, չարքերի և դևերի բնակության վայրն է նկատվում եկեղեցու հայրերի ժառանգության մեջ: Արդար հոգին, որին ուղեկցում է պահապան հրեշտակը, հաղթանակով դուրս գալով պատերազմով ուղեկցվող օդեղեն այդ տարածքից, բարձրանում է, ոգեղեն տարածք և փրկվելու հստակ գիտակցությամբ սպասում Տիրոջ դատաստանին իրեն հատկացված պարունակում:
[17] Նկատի ունի Անտոն Անապատականին (251-356), որ Թեբայիդի եգիպտական անապատում հիմնել է բազմաթիվ մենաստաններ: Հայ եկեղեցին, ինչպես և բոլոր հին եկեղեցիները նրան դասել են իրենց տոնելի սրբերի շարքը: Ս.Աթանաս Ալեքսանդրացին գրել է այս մեծանուն սուրբի ներբողական վարքը. տե՛ս «Ս. Աթանասի Աղեքսանդրիոյ հայրապետի ճառք…», Վենետիկ, 1899, էջ 533-614:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: