Գիրք` 17. Նեեմիա

Գլուխ 5

Աղքատների հարստահարությունը
   
1. Եվ ժողովրդի ու նրանց կանանց աղաղակը մեծ էր իրենց հրեա եղբայրների դեմ։

2. Եվ կային ասողներ, թե՝ «Մենք մեր որդիներով և դուստրերով շատ ենք. ուտելիք կառնենք, կուտենք և կապրենք»։

3. Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մեր արտերը, այգիները և տները գրավ ենք դնում, որ սովի ժամանակ ուտելիք առնենք»։

4. Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մենք թագավորի հարկի համար փող ենք պարտք անում մեր արտերով և մեր այգիներով։

5. Արդ մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները՝ նրանց որդիների պես, և ահա մենք մեր որդիներին և դուստրերին հպատակության ենք տալիս. մեր դուստրերից ոմանք արդեն հպատակության մեջ են, իսկ մեր ձեռքին կարողություն չկա, որովհետև մեր արտերն ու այգիները ուրիշների ձեռքին են»։

6. Եվ ես շատ նեղացա, երբ որ նրանց աղաղակը և այս խոսքերը լսեցի։

7. Իմ սիրտը նեղվեց, և հանդիմանեցի իշխաններին ու զորականներին և ասացի նրանց. «Դուք ամենքդ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից», և նրանց դեմ մեծ ժողով գումարեցի։

8. Եվ նրանց ասացի. «Մենք, որքան որ կարող էինք, փրկանքով հետ գնեցինք մեր հրեա եղբայրներին, որ ծախված էին հեթանոսներին, իսկ դուք ծախում եք ձեր եղբայրներին. նրանք մեզ վրա՞ ծախվեն»։ Իսկ նրանք լռեցին և պատասխան չգտան։

9. Եվ ես ասացի. «Լավ չէ այս բանը, որ դուք եք անում. մի՞թե պիտի մեր Աստծու երկյուղով չընթանաք, որ մեր թշնամի ազգերի առջև խայտառակ չլինենք։

10. Ե՛վ ես, և՛ եղբայրներս ու ծառաներս նրանց փող և ցորեն ենք փոխ տվել. եկեք այս պարտքը նրանց շնորհենք։

11. Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։

12. Եվ նրանք ասացին. «Վերադարձնում ենք, նրանցից ոչինչ չենք ուզի. այնպես կանենք, ինչպես որ դու ես ասում»։ Եվ ես կանչեցի քահանաներին և նրանց երդվել տվեցի, որ այսպես անեն։

13. Եվ ես թափ տվեցի իմ հագուստըև ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։
   

Նեեմիայի անշահախնդրությունը
   

14. Եվ այն օրից, երբ թագավորն ինձ հրամայեց, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում, Արտաշես թագավորի քսաներորդ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները իշխանական հացը չկերանք։

15. Իսկ նախորդ իշխանները, որ ինձանից առաջ էին եղել, ժողովրդին ծանրություն էին տվել. նրանից հաց և գինի էին վերցնում, բացի քառասուն սիկղ արծաթից, նույնիսկ նրանց ծառաներն էին տիրում ժողովրդի վրա. բայց ես, Աստծուց վախենալով, այդպես չարեցի։

16. Նաև այս պարսպի գործում ես ջանացի, և արտ չգնեցինք, և իմ ծառաները հավաքված էին այնտեղ՝ այն գործի վրա։

17. Եվ հարյուր հիսուն հրեա ու զորական և մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մոտ՝ իմ սեղանի շուրջ, եկողներ էին լինում։

18. Եվ ահա թե ինձ համար ինչ էր պատրաստվում մեկ օրում՝ մեկ արջառ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, և տասն օրվա մեջ ամեն տեսակ գինին առատ էր լինում, և այսուամենայնիվ իշխանական հացը չուզեցի, որովհետև ծառայությունը ծանր էր այս ժողովրդի համար։

19. Ինձ բարությա՛մբ հիշիր, ո՛վ իմ Աստված, և ամենը, ինչ որ արեցի այս ժողովրդի համար։