Գիրք` 18. Եսթեր

Գլուխ 5

Եսթերը գնում է թագավորի մոտ
   
1. Երրորդ օրը Եսթերը հագնվեց թագուհու ձևով և կանգնեց թագավորի տան ներքին գավթում՝ թագավորի պալատի դիմաց։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա՝ թագավորի պալատում, պալատի դռան դիմաց։
2. Երբ թագավորը տեսավ գավթում կանգնած Եսթեր թագուհուն, նա շնորհ գտավ նրա աչքի առաջ, և թագավորն իր ձեռքի ոսկե գավազանը դեպի Եսթերը մեկնեց։ Եսթերը մոտեցավ և դիպավ գավազանի ծայրին։
3. Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։
4. Եվ Եսթերն ասաց. «Եթե հաճելի է թագավորին, թող այսօր թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ պատրաստել եմ իր համար»։
5. Եվ թագավորն ասաց. «Շտապ բերե՛ք Համանին, որ Եսթերի ասածը կատարի»։ Թագավորը Համանի հետ գնաց Եսթերի սարքած խնջույքին։
6. Գինի խմելիս թագավորն ասաց Եսթերին. «Քո խնդրանքն ի՞նչ է, քեզ պիտի տրվի, և ի՞նչ է քո ուզածը, մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։
7. Եսթերը պատասխանեց և ասաց. «Իմ խնդրանքը և իմ ուզածը.
8. եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։
   
Համանը ծրագրում է սպանել Մուրթքեին
   
9. Համանն այն օրը դուրս եկավ ուրախ և սրտով զվարթ։ Բայց երբ Համանը թագավորի դռանը տեսավ Մուրթքեին, որը ո՛չ կանգնեց և ո՛չ էլ նրանից դողաց, Մուրթքեի նկատմամբ բարկությամբ լցվեց։
10. Սակայն Համանն իրեն զսպեց և իր տունը գնաց. մարդ ուղարկեց և բերել տվեց իր բարեկամներին և իր կնոջը՝ Զերեսին։
11. Համանը նրանց պատմեց իր մեծ հարստության և բազմաթիվ որդիների և այն ամենի մասին, որ թագավորը նրան մեծարել է և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաներից և իշխաններից։
12. Համանն ասաց. «Արդարև, Եսթեր թագուհին թագավորի հետ ինձանից բացի մեկ ուրիշին չտարավ իր պատրաստած խնջույքին, և նույնիսկ վաղը ես թագավորի հետ նրա մոտ եմ հրավիրված։
13. Բայց այս ամենից գոհ չեմ, քանի որ անընդհատ հրեա Մուրթքեին տեսնում եմ թագավորի դռանը նստած»։
14. Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր բարեկամներն ասացին նրան. «Թող մի բարձր փայտ շինեն՝ հիսուն կանգուն, և առավոտյան թագավորին ասա՛, որ Մուրթքեին կախեն նրանից. հետո թագավորի հետ ուրախ գնա՛ խնջույքի»։ Այս խոսքը հաճելի թվաց Համանին, և նա փայտը շինել տվեց։