Զքեզ արդար եւ ուղիղ դատաւոր
ի մէջ սրբոց Քոց բարեբանիս.
հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
Զքեզ որ ի հնոցն իջեր ապաւէն.
խոնարհեալ ի գունդս մարտիրոսաց գովիս.
հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
Զքեզ որ ահաւոր Թագաւոր յաւիտենից.
այսօր ընդ դասս վկայից Քոց բարեբանեմք.
հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
(Շարակնոց)
Քրիստոսի յաղթող վկայ երանելի Գորդիոսը ծնուել է Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, որի համար Մեծն Բարսեղ Կեսարացին ասում է. «Նա առաւելապէս սիրելի է մեզ, որովհետեւ մեր սեփական զարդն է»: Արդ, նա, լինելով քրիստոնեայ ծնողների զաւակ, երբ արբունքի հասաւ, Դիոկղետիանոսի կայսրութեան սկզբնական տարիներին արքունի զօրքում կանչուեց զինուորական ծառայութեան, որովհետեւ կորովի եւ զօրաւոր այր էր, յաջողակ պատերազմական գործողութիւններում ու հոգով արի: Քաջ եւ առաջադէմ գտնուելով բազմաթիւ մրցապայքարներում՝ նա պատուի արժանացաւ զօրագլուխների ու թագաւորի իշխանների կողմից եւ ինքնակալի հրամանով հարիւրապետ կարգուեց: Սակայն երբ Դիոկղետիանոսը հալածանքներ սկսեց քրիստոնեաների դէմ, Գորդիոսը, տեսնելով սոսկալի աղէտները, որոնք հասնում էին հաւատացեալներին, մտատանջւում էր անտանելի սրտացաւութեամբ, որովհետեւ օգնել չէր կարող, իսկ նրանց տառապանքները տեսնել չէր յանդուրժում: Ամէն օր աչքերի առջեւ տեսնում էր մէկին՝ մատնուած հրի, միւսին՝ սրի, ոմանց էլ՝ տեսակ-տեսակ տառապանքների ու մահուան: Ապա քաջութեամբ մտադրուեց թողնել զինուորութիւնը եւ հեռանալ դէպի օտարութիւն, որպէսզի հաղորդ չդառնայ անօրէն հալածիչների խորհուրդներին ու գործերին: Հեռացաւ քաղաքից եւ դիմեց անապատի կողմը, ուր առանձնանալով լեռների ծերպերում՝ իրեն մենակեցութեան կարգով քաղցով ու ծարաւով մատնեց կամաւոր ճգնութիւնների եւ անդադար աղօթքների: Ու այդպէս երկար տարիներ մնալով անապատում՝ անդադար հոգեւոր կրթութեամբ եւ աստուածային լուսաւորուածութեամբ ընտրեալ մենակեաց դարձաւ:
Սրանից յետոյ՝ Լիկիանոսի թագաւորութեան տարիներին, երբ վերստին բորբոքուեց քրիստոնեաների դէմ հալածանքների հրդեհը, Արեւելքից Ագրիկողայոս անողորմ դատաւորն սկսեց չարաչար կերպով տանջել քրիստոնեաներին: Այնժամ վառուելով աստուածային նախանձախնդրութեամբ՝ երանելի Գորդիոսն անապատից իջաւ իր Կեսարիա քաղաքը, որպէսզի յայտնապէս կշտամբի հեթանոսների մոլորութիւնները ու այլ սուրբ վկաների օրինակով Քրիստոսի համար իր անձը մահուան մատնի: Եւ մի օր, երբ այդ քաղաքում պատերազմասէր դեւի թատերական խաղերի հանդիսութիւն էին կազմակերպել` ի պատիւ Արէս չաստուծոյ, հրապարակում մարդկանց հոծ բազմութիւն էր ժողովուել: Հաւաքուել էր հեթանոսների ու հրէաների մեծ բազմութիւն եւ ոչ քիչ թուով քրիստոնեաներ: Այդ օրը հանդիսութեանը մասնակցելու համար տէրերն արձակել էին իրենց ծառաներին, ուսուցիչները՝ աշակերտներին: Եկել էին նաեւ կանայք՝ թէ՛ անուանի, թէ՛ ռամիկ, եւ այդպէս հանդիսութեան հրապարակը լի էր հոծ բազմութեամբ: Աներկիւղ համարձակութեամբ հանդիսավայր եկաւ նաեւ երանելի Գորդիոսը ու զօրացած Քրիստոսի շնորհներով՝ մեծաձայն աղաղակեց. «Լսեցէ՛ք ինձ բոլորդ, որ այստեղ էք...», եւ ասես թէ ըստ Եսայու խօսքի. «Յայտնուեցի նրանց, ովքեր իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում» (Ես. ԿԵ 1), եւ ցոյց տուեց, որ ոչ թէ հարկադրաբար է վտանգի մատնւում, այլ կամաւորապէս է մարտահանդէս մտնում:
Երբ անակնկալ պահին հնչեցին այս խօսքերը, ամբոխի մէջ իրարանցում սկսուեց: Ժողովուրդը, ապշած երանելու համարձակութեան վրայ, թողնելով հանդիսութիւնը, հայեացքը դարձրեց նրա կողմը ու տեսաւ լեռնաբնակների պէս վայրագ տեսքով, ցուպը[1] ձեռքին տառապած մէկի եւ սպասում էր այդ նորատեսիլ մարդու նորալուր խօսքերի նոր աղաղակներին: Նա ունէր երկար մօրուք, խառնիխուռն մազեր, մարմնի կոշտացած անդամներ ու քրձեղէն հանդերձներ: Այնտեղ էր գտնւում նաեւ զօրականներով շրջապատուած Ագրիկողայոս իշխանը, որը նախ հրամայեց հանդարտեցնել ամբոխին, եւ ապա կանչել տուեց նրան ու հարցրեց. «Ո՞վ ես դու, եւ ինչի՞ համար են այս աղաղակները»: Սուրբն անվեհեր կերպով պատասխանեց նրան ու ասաց. «Ծառան եմ Քրիստոս անմահ Թագաւորի՝ Արարչի երկնքի եւ երկրի, իսկ նրանցում եղածներն արարածներ են՝ տեսանելի ու անտեսանելի: Եկել եմ այստեղ՝ քարոզելու Ճշմարտութիւնը եւ վկայելու Նրա սուրբ անունը»: Այնժամ իշխանը դարձաւ զօրականներին ու սկսեց հարցուփորձ անել նրա մասին: Նրանցից գլխաւորներն ասացին. «Ճանաչում էինք դրան զինուորականների դասից, որը հարիւրապետութեան աստիճան էր ստացել թագաւորներից: Իսկ թէ ինչու է այժմ եկել այդպիսի կերպարանքով եւ ինչեր է խօսում, չգիտենք»: Իշխանը, դառնալով նրան, հարցրեց. «Ո՛վ մարդ, արդարեւ ճշմարի՞տ է, որ դու եղել ես զօրականներից ու հարիւրապետներից մէկը»: Գորդիոսը պատասխանեց. «Այո՛, ճշմարիտ է, սակայն երբ տեսայ, որ անօրէն թագաւորները ճշմարիտ հաւատն ուրանալու համար պատրանքներով մոլորեցնում են քրիստոնեաներին, թողեցի զինուորական պատիւը, քանզի լաւ է ընկեցիկ[2] լինել Աստուծոյ Տան մէջ, քան մեղաւորների յարկի տակ բնակուել: Կրօնաւորելով անապատում՝ աղաչում էի Տիրոջը, որ ինձ արժանացնի աներկիւղ եւ անվեհեր կերպով թագաւորների ու իշխանների առջեւ քարոզելու Իր սուրբ անունը եւ մեռնելու Իր անուան համար, որպէսզի այդպէս հաղորդ լինեմ սուրբերին, քանզի ես քրիստոնեայ եմ ու սուրբ վկաների ծառայակիցը»: Դատաւորն ասաց. «Ինչպէ՞ս չես զարհուրում տանջանքներից կամ ինչպէ՞ս ես համարձակւում քեզ քրիստոնեայ կոչել»: Գորդիոսն ասաց. «Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ զարհուրում, մարդն ինձ ի՞նչ կարող է անել: Ես քրիստոնեայ եմ, լինելու եմ եւ հաղորդ չեմ լինի ձեր պիղծ պաշտամունքներին ու անօրէն գործերին: Քանի որ դուք չէք ճանաչում երկնքի եւ երկրի Արարչին, ձեր տգիտութեան պատճառով խաւարել են ձեր սրտերն ու օտարացել հանդերձեալ կեանքի յոյ-սից, որ կայ Աստուծոյ մօտ»:
Այնժամ իշխանը հրամայեց կապել նրան եւ տանել բանտ, որպէսզի չխափանուեն չաստուածներին նուիրուած հանդիսութիւններն ու խրախճանքները: Յաջորդ օրը՝ առաւօտեան, նա ատեան նստեց եւ հրամայեց իր առջեւ բերել երանելուն: Իշխանն սկսեց խօսել նրա հետ ու ասել. «Ինչպէ՞ս համարձակուեցիր երէկ մտնել հրապարակ եւ աներկիւղ համարձակութեամբ քեզ քրիստոնեայ անուանելով՝ արհամարհել աստուածների տօնն ու խափանել հանդիսութիւնները»: Երանելին պատասխանեց. «Ես խնդրել եմ Աստծուց, որ Իր անուան համար ինձ առատապէս համարձակութիւն տայ, քանզի սիրում եմ երկնաւոր Թագաւորին եւ զինուորագրուել եմ Նրան: Թողել եմ ժամանակաւոր զինուորութիւնը՝ լաւ համարելով մահը, քան հոգու անձկութեամբ կեանքը ու խնդրել եմ իմ Տիրոջը, որպէսզի չկործանի ինձ ամբարիշտների հետ եւ ոչ էլ իմ կեանքը վերցնի արիւնահեղների հետ: Հրաժարուելով ամէն անցաւորից՝ ինձ յանձնում եմ Աստծուն, եւ պատրաստ է իմ անձը մահուան՝ յանուն Նրա սուրբ անուան»: Իշխանն ասաց. «Թո՛ղ այդ յախուռն ու յանդուգն խօսքերդ եւ պաշտի՛ր կուռքերին, որոնց թագաւորներն են պաշտում, որպէսզի ներում ստանաս կուռքերին ու թագաւորներին ուղղուած հայհոյանքներիդ համար, որոնք համարձակուեցիր անել բազմութեան առջեւ: Դարձեալ թագաւորից զինուորական պատիւ կը ստանաս եւ կը մեծարուես արքունի իշխանների հետ»: Երանելին ասաց. «Ցանկանում եմ հաճելի լինել միայն անմահ Թագաւորին եւ ընդունել անապական պսակն ու անվախճան Կեանքը: Իսկ դու մի՛ ակնկալիր, թէ կը կորցնեմ իմ այդ յոյսը՝ ընդունելով անցաւոր պատիւները, որոնք միայն այսօր են, իսկ վաղը կորչելու են: Արդ, ինչ որ պիտի անես, մի՛ յապաղիր, քանզի ես Քրիստոսի սիրոյ համար արհամարհում եմ այն տանջանքները, որոնց պիտի մատնես ինձ: Նա ինձ ուժ եւ զօրութիւն պիտի տայ ու ամաչեցնի բոլոր նրանց, ովքեր չեն հաւատում Իրեն»: Այնժամ դատաւորը լցուեց ցասումով եւ հրամայեց նրան կախել փայտից, որպէսզի քերեն նրա մարմինը: Ու դահիճները` իբրեւ արիւնարբու գազաններ, ամրացրին նրան փայտի վրայ եւ սկսեցին դառնագոյն տանջանքներով քերել նրա կողերը: Իսկ սուրբն իր սոսկալի ցաւերի մէջ աչքերը երկինք բարձրացրեց ու աղօթեց. «Տէ՜ր Յիսուս Քրիստոս, որ Ստեղծողն ես բոլոր տեսանելիների եւ անտեսանելիների, որ գերեցիր մահն ու աւերեցիր դժոխքը, յաղթեցիր աշխարհի իշխանին՝ խաչի վրայ խայտառակելով նրա իշխանութիւններին եւ պետութիւններին, որ Քո սուրբ առաքեալներին Բարձունքներից զօրութիւն տուեցիր ու առաքեցիր իբրեւ գառներ գայլերի մէջ՝ նրանց անվնաս պահելով ապականիչների բազմութիւնից, մանուկ Դաւթին յաղթել տուեցիր հսկայ Գողիաթին, սանձեցիր Բաբելոնի հնոցի հուրը եւ ցողեցիր երեք մանուկներին ու մորենու փոքր տունկի մէջ Քո զօրութեամբ ցոյց տուեցիր ամենակեր Հուրը, այժմ զօրացրո՛ւ եւ ինձ, Տէ՜ր, եւ ուժ տուր, քանզի գիտես մեր տկարութիւնը, որն աւելի անզօր է, քան չոր խոտը, ու վայրի ծաղիկի պէս ժամանակաւոր է մեր փառքը: Վերացրո՛ւ Քո հօտի դէմ բարձրացողների զօրութիւնը, որպէսզի բոլորն իմանան, որ Դու ես միայն բարերար ու բարձրեալ եւ ուժ ու զօրութիւն ես տալիս Քեզ յուսացողներին»: Երբ աւարտեց աղօթքը, թուլացան դահիճների ձեռքերը, իսկ բռնաւորը հրամայեց իջեցնել նրան փայտից եւ տանել մահապարտների բանտ՝ սպառնալով. «Եթէ չհամոզուես, ուրիշ կտտանքներով խելքի կը բերեմ ու նախկին տանջանքների վրայից ողջ մարմինդ շիկացած երկաթներով կ’այրեմ»: Եւ մինչ սուրբին բանտ էին տանում, քաղաքում ճանապարհին նա աղաղակում էր ու ասում. «Երբ տեսնում էք նահատակուողների չարչարանքները, ապա մտաբերեցէ՛ք նաեւ նրանց ցաւերի դիմաց պարգեւները, քանզի եթէ թագաւորներն իրենց ազգի մեռած զինուորներին մեծարում են պարգեւներով, պատիւ ընձեռում, քարոզում են նրանց առաքինի վախճանը եւ նրանց յիշատակն անմոռաց պահում իրենց յետնորդներին, ապա որչա՞փ առաւել մեր մարտադիրը՝ Քրիստոս է մեծապէս պսակում Իր խաչելութեան ու յարութեան վկաներին, որոնց հանդերձեալում, որ գալու է, հաղորդ պիտի դարձնի Իր Արքայութեանը: Սա են վկայում մեզնից առաջ պսակուած նահատակների նշխարները, որոնք պատուական են ամէն հարստութիւնից»: Սուրբ վկայի յետեւից գնում էին ոչ քիչ զօրականներ եւ կեսարացիների հոծ բազմութիւնը, որոնք ուղեկցեցին նրան մինչեւ բանտ:
Տասնհինգ օր անց անօրէն իշխան Ագրիկողայոսը հրամայեց իր առջեւ բերել Քրիստոսի երանելի վկային: Նա սուրբին ասաց. «Ես չեմ գտնում, որ այլեւս քեզ խրատատու խօսքեր են պէտք, այլ կարծում եմ, որ բանտում սթափուած լինելով՝ կը պաշտես աստուածներին: Արդ, այժմ թո՛ղ քո նախկին յամառութիւնը, որպէսզի ստիպուած չլինեմ մօտենալ քեզ սաստկագոյն կերպով, այլ համոզուիր ու փրկիր քեզ առաջիկայ տանջանքներից»: Սուրբ Գորդիոսն աներկիւղ պատասխանեց. «Եթէ դու ճանաչէիր Աստուծոյ պարգեւները եւ իմանայիր, որ կարճատեւ չարչարանքների միջոցով պիտի փրկուենք յաւիտենական տանջանքներից ու որպէս հատուցում՝ թագաւորենք Քրիստոսի հետ, կը կամենայիր, որ դու եւս չարչարուէիր Քրիստոսի համար: Բայց քանի որ ձեր երկրպագած կուռքերը կուրացրել են ձեր մտքերը, մահից յետոյ չունէք այն Կեանքի յոյսը եւ ցանկանում էք ձեր առաջիկայ օրերն անցկացնել հաճոյքների մէջ, որոնց համար այդքան ջանքեր էք թափում: Ո՛վ թշուառական մարդիկ, ինչո՞ւ էք այդչափ մեծարում մարմնաւոր կեանքը ու չէք հոգում ձեր հոգիների փրկութեան համար: Երբ ելնէք այս աշխարհից, պիտի տեսնէք ձեզ համար պատրաստուած գեհենը: Այնժամ պիտի զղջաք, որ քանի դեռ ժամանակ ունէիք, չաշխատեցիք ձեր փրկութեան համար, ու անխուսափելի տանջանքների պիտի մատնուէք, որոնք դուք ինքներդ պատրաստեցիք ձեզ համար: Եւ արդ, արթնացէ՛ք ձեր մոլորութիւնից, որով բռնուած էք, դո՛ւրս եկէք խաւարից, ընդունեցէ՛ք ձեր մէջ երկնային Լոյսը ու լուսաւորեցէ՛ք ձեր խաւարած մտքերը: Դուք, որ արարուած էք Աստուծոյ Պատկերով, նմանուել էք անբան անասուններին եւ չէք ճանաչում ձեզ Ստեղծողին: Ամէն օր վայելում էք ձեր Արարչի պահպանութիւնը, սակայն արհամարհում էք Նրան ու պաշտում Նրա ստեղծած քարերը: Եւ դուք աւելին չէք, քան այդ քարերը, քանի որ դրանց պէս անզգայ էք ու չէք ճանաչում արարածների Արարչին, այլ խոզի պէս թաւալւում էք տիղմի մէջ եւ շաղախւում ձեր մարմնական ցանկութիւնների մէջ: Երբէք չէք բացում ձեր հոգու աչքերը ու ոչ էլ կամենում էք հրաժարուել մարմնաւորից»:
Իր այսպիսի սքանչելի համարձակախօսութեամբ երանելի Գորդիոսը շարժեց իշխանի սաստիկ բարկութիւնը եւ իր վրայ բերեց նրա՝ հրի պէս այրուող դառը ցասումը: Այնժամ հրամայեց դահիճներին. «Շտապ կապար հալեցրէ՛ք ու բերէ՛ք արջառաջլերից պատրաստուած փշոտ գաւազաններ: Պրկեցէ՛ք դրան անիւների վրայ, եւ թող նրան մերձենան ամէն տեսակ տանջանքներ՝ գազանների ժանիքներ, հուր, սայրասուր սուսեր, խաչ ու վիհ, որպէսզի չպարծենայ քրիստոնեաների մօտ, թէ յաղթող եղաւ ինքնակալներին, եւ չանպատուի կուռքերին»: Քրիստոսի քաջամարտիկ զինուորն ասաց դատաւորին. «Ո՛վ անիրաւ ու անզգայ իշխան, ես ոչ թէ մէկ անգամ եմ պատրաստ մեռնել իմ անմահ Թագաւորի՝ Քրիստոսի համար, այլ եթէ հնար լինի՝ բազում անգամներ: Արդ, ինչո՞ւ էք ծուլացել, բռնաւորի՛ դահիճներ, ինչո՞ւ էք դադար առել, ինչո՞ւ չէք կատարում ձեր հօր՝ սատանայի կամքը, որի սպառազինութիւնը հագել է ձեր իշխանը: Բզկտեցէ՛ք իմ մարմինը, ջախջախեցէ՛ք իմ անդամները, հրով այրեցէ՛ք ողջ մարմինս: Քանզի վէրքերի փոխարէն Յարութեան օրը մեզ համար լուսեղէն պատմուճան պիտի ծաղկի, անարգանքների փոխարէն անթառամ բրաբիոնի պսակներ պիտի ստանանք, խաւարչտին բանտի փոխարէն՝ Դրախտի վայելչութիւն եւ չարագործների հետ դատապարտութեան փոխարէն՝ հրեշտակների հետ բնակութիւն: Այժմ սերմանեցէ՛ք որքան կարող էք, որպէսզի հնձեմ առաւելագոյնը»: Խիստ զարմացան չարի արբանեակները դատաւորի հետ: Ու քանի որ զարհուրեցնելով չկարողացան սուրբին որսալ, այնժամ սպառնալից խօսքերը փոխարկեցին ողոքանքների[3]: Դատաւորն սկսեց խօսել հեզութեամբ եւ պատրող խաբէութիւններով փորձել երանելուն: Խոստացաւ թագաւորների կողմից արժանացնել պարգեւների ու պատիւների, վերստին հզօր եւ անուանի դարձնել զինուորական կարգում ու դատաւորական իշխանութիւն ընձեռել: Բայց սուրբը, լսելով այդ խոստումները, ծաղրեց նրանց հեթանոսական անմտութիւնը եւ ասաց. «Ո՛վ դատաւոր, Երկնքի Արքայութեանը հաւասար ի՞նչ արժանաւոր բան կարող ես տալ, որից զրկելու համար փորձում ես հրապուրել ինձ սին պատրանքներով: Թող կորչե՛ն քո պարգեւները քեզ հետ, իսկ դու ինչ որ պիտի անես, մի՛ ուշացրու, քանզի դեւերին ես չե՛մ զոհի ու քո չաստուածներին չե՛մ երկրպագի, այլ ես թքում եմ նրանց վրայ, նզովում եւ իբրեւ անպիտան՝ աղբ համարում: Թող կորչե՛ն քո չաստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն արարել»:
Եւ նոյն պահին բռնաւորը, լցուած անտանելի բարկութեամբ ու սրտմտութեամբ, զինուորներին հրամայեց մերկացնել նրան եւ հրապարակաւ տանջել մինչեւ մահ: Այնժամ ողջ քաղաքի բնակչութիւնը՝ մեծամեծներն ու ռամիկները, հաւաքուեցին՝ տեսնելու նրան, իսկ ովքեր չհասցրին մտնել ամբոխի մէջ, բարձրացան պարիսպների վրայ՝ տեսնելու Քրիստոսի սուրբ վկայի զարմանալի նահատակութիւնը: Հեթանոսներից նրան էին մօտենում իր ծանօթներն ու սիրելիները, փարւում էին նրան եւ ջերմ արտասուքներով խնդրում երանելուն ճողոպրել տանջանքներից, չմտնել հրի մէջ, անժամանակ կորստեան չմատնուել գեղապանծ հասակում ու չզրկուել արեգակի քաղցր լոյսից: Իսկ հաւատակիցներից ոմանք խորհուրդ էին տալիս նրան եւ ասում. «Ուրացի՛ր միայն խօսքով, իսկ խորհուրդներով ու մտքով պահի՛ր հաւատդ, ինչպէս կամենում ես, քանզի Աստուած ոչ թէ լեզուին է նայում, այլ սրտին եւ խորհուրդներին»: Իսկ երանելի ու ամենագովելի նահատակն աննահանջ եւ հաստատուն մտքով համբերում էր ժուժկալութեամբ ու չէր մտածում տանջանքների մասին, որոնց ենթարկում էին իրեն դահիճները: Երբ ժողովրդի բազմութիւնը տեսաւ երանելու՝ տանջանքներից բզկտուած, գանահարուած եւ քերթուած մարմինը, վշտակից եղաւ նրան ու աղիողորմ արտասուքներով դառնապէս լաց եղաւ նրա համար: Իսկ նա ասաց նրանց. «Լաց մի՛ եղէք ինձ համար, այլ մեծապէս ուրախացէք իմ վկայութեան համար: Դուք լաց եղէք այդ աստուածամարտների համար, որոնք գործում են ընդդէմ բարեպաշտների: Այս բոցով, որով մեզ այրում են, իրենց ձեռքով իրենց համար գեհենի հուր են գանձում: Դադարեցէ՛ք լալուց եւ մի՛ վշտացրէք ու ճմլէք իմ սիրտը, քանզի ես ուրախ եմ իմ այս տանջանքների համար»: Ապա դարձաւ նրանց, ովքեր խրատում էին իրեն ուրանալ բերանով եւ փրկուել տանջանքներից, ու ասաց. «Ո՛վ դուք, որ խրատում էք ինձ ուրանալ եւ ջանում էք պատրելով կորստեան մատնել իմ անձը, ինչպէ՞ս ուրանամ իմ Աստծուն ու Տիրոջը, Ում ընծայուեցի մայրենի խանձարուրից, Ում երկրպագում, փառաւորում եւ պաշտում եմ: Չի՞ սարսափի արդեօք երկինքն ի վերուստ, ու չե՞ն խաւարի իմ վրայ լուսաւորները` աստղերով հանդերձ, կը յանդուրժի՞ իսկ երկիրն արդեօք: Մի՛ մոլորուէք, Աստուած չի արհամարհւում: Նա մեր բերանով պիտի դատի մեզ եւ մեր խօսքերով մեզ դատապարտի: Չգիտէ՞ք Տիրոջ ահաւոր սպառնալիքների մասին, որ ասում է, թէ՝ «Ով ուրանայ Ինձ մարդկանց առջեւ, Ես էլ նրան կ’ուրանամ Իմ Հօր առջեւ, որ երկնքում է»: Ապա ինչո՞ւ էք ինձ կորստաբեր խորդակիցներ լինում ու խաբում ինձ դառը խրատներով: Ի՞նչ օգուտ ինձ, որ սակաւ օրեր շահեմ, բայց կորցնեմ ողջ յաւիտենականը, եւ ինչո՞ւ փախչելով մարմնի տանջանքներից՝ չտեսնեմ արդարների երանութիւնը»: Սա ասելով ու իրեն սուրբ Խաչի նշանով կնքելով՝ մօտեցաւ իր համար պատրաստուած տանջանքների գործիքներին: Բնաւ չփոխուեց երեսի գոյնը, եւ ոչ էլ այլայլուեց դէմքի զուարթութիւնը, այլ ծարաւ լինելով տանջանքներին՝ դիմեց նահատակութեան հանդէսին: Ու տեսնելով, որ դահիճները յապաղում են, քանզի սպասում էին դատաւորի հրամանին, երանելին ասաց իշխանին. «Արդ, ինչո՞ւ չես շտապում կատարել իմ փափագը եւ քո հօր՝ սատանայի կամքը: Իմ կեանքը Քրիստոս է, իսկ այս վկայութեամբ մեռնելը՝ անմահութեան պարգեւ»: Այնժամ բարկացած դատաւորը հրամայեց մերկացնել սուրբին, գամել նրան անիւի վրայ, տանել մի բարձրաւէտ քարքարոտ լեռ ու այնտեղից ցած գլորել: Արդ, անիւի պտտուելու ժամանակ ջախջախուեցին սուրբ վկայի բոլոր անդամները, սակայն նա չէր զգում տանջանքները: Ջարդուած մարմնի արեան վտակները ցայտում էին սռնու[4] վրայ եւ անիւից ցած թափւում: Իսկ Գորդիոսը, բանալով իր բերանը, ասում էր. «Գոհանում եմ Քեզանից, ո՛վ բարիքներ պարգեւող իմ Օգնական, իմ Ապաւէն ու իմ Փրկիչ, որ անարժանիս արժանացրիր մարտահանդէս մտնելու ընդդէմ բանսարկուի, եւ միայն Դու ես Աստուած, որ ցրում ես նրա բոլոր չար խորհուրդները: Թող ինձ չտիրեն ամբարիշտների խորհուրդները, որոնք Դու չսիրեցիր: Մեծ է Քո անունը Քո երկիւղածների վրայ»: Ապա քանդուած անիւից շտապ դուրս եկաւ: Բոլորը տեսան երանելու մարմինը՝ շաղախուած կարմիր արեամբ, իսկ հոգին` անվնաս պահուած Ամենակալի ձեռքով: Ու ամէնքը զարմացան նրա հիասքանչ անսասանութեան վրայ: Այնժամ դատաւորը նրան ասաց. «Բոլորին զարմացրիր եւ յիմարացրիր քո կախարդութեամբ, բայց ես այսուհետեւ չեմ խնայելու քեզ»: Սուրբն ասաց. «Դիւթութիւն ու մոգութիւն ես չգիտեմ, երբեւէ չեմ արել եւ չլինի, որ անեմ: Ես քրիստոնեայ էի, եմ, կը լինեմ ու կը մեռնեմ իբրեւ քրիստոնեայ»: Իշխանն ասաց. «Անմիջապէս կը շնորհեմ քեզ այն ամէնը, ինչ որ խնդրես, միայն թէ լսի՛ր ինձ՝ քեզ բարին կամեցողիս, եւ զոհի՛ր աստուածներին, որպէսզի փրկուես կրակով այրուելու տանջանքներից ու լինես մեր բարեկամը: Դատաւորական աթոռ կ’ընձեռնուի քեզ թագաւորների կողմից, եթէ աստուածների բարեպաշտ օրէնքներին հպատակ դառնաս, ինչպէս որ մենք»: Սուրբն ասաց. «Ես չեմ ընդունում անօրէն օրէնքները եւ նրանցով առաջնորդուող թագաւորներին ես չեմ ճանաչում: Թող կորչե՛ն չաստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը»: Ագրիկողայոսը, տեսնելով երանելու անսասան հաւատը, անմիջապէս գրութեամբ մահավճիռ արձակեց նրա համար այսպիսի բովանդակութեամբ. «Թող յայտնի լինի բոլորին, որ Գորդիոս զօրականը, որը թագաւորի կողմից պատւուած էր հարիւրապետի աստիճանով եւ իշխանութեամբ, ինքնակամ յօժարութեամբ անարգեց իր պատիւն ու զինուորական կարգը եւ այնպիսի խօսքերով հայհոյեց մեր աստուածներին ու թագաւորին, որ արժան չէ գրել կամ լսել: Եւ քանի որ ընդունելով գալիլիացիների աղանդը՝ յամառութեամբ մնաց իր մոլորութեան մէջ, հրամայում եմ ողջ-ողջ այրել նրան»: Ու երբ ի լուր ամէնքի ընթերցուեց մահուան այս դատակնիքը, ատեանի սպասաւորները քաղաքից դուրս՝ պարիսպների մօտ, հնոց բորբոքեցին: Այնժամ անօրէն իշխանը հրամայեց սուրբին պրկել փայտի վրայ, որպէսզի ահաբեկի նրան՝ հասկացնելով, որ չի կարող ճողոպրել հնոցից: Դահիճները դեռեւս նրան փորձելու համար կամեցան հանել նրա այծեայ մազեղէն հանդերձը, որը հագնում էր ներսից, եւ արձակել գօտին, բայց երանելին ինքը փութաց մտնել հրի մէջ՝ հանելով իր հանդերձներն ու գօտին: Կամեցան նաեւ կօշիկները հանել, սակայն տեսան, որ նա արդէն հանել էր: Այնտեղ էին ընթանում բոլոր քրիստոնեաները, որոնցից մէկն էլ խօսքերիս հեղինակն է, որպէսզի ցողուէին նրա քրտինքով: Երբ դահիճները պատրաստեցին գործիքները, կապեցին սուրբին եւ կամեցան նրան բեւեռել փայտի վրայ ու գցել հրի մէջ: Երանելին ասաց նրանց. «Թո՛յլ տուէք ինձ, քանզի Նա, Ով ինձ համբերութիւն տուեց, Նոյն Ինքն ինձ առանց դժուարութեան կը պահի հրի մէջ»: Այնժամ չբեւեռեցին փայտի վրայ, այլ միայն նրան կապելով բերեցին իբրեւ զոհաբերուող գառ եւ ողջակէզի խոյ: Իսկ հնոցի հուրը բորբոքւում էր սաստկապէս, ու բոցը երկինք էր ելնում:
Երանելին, Սուրբ Հոգով տեառնագրելով իրեն, աչքերը երկինք բարձրացրեց եւ աղօթեց. «Ամենակալ Տէ՛ր Աստուած, որ Հայրն ես Քո սիրելի ու օրհնեալ Որդու՝ Յիսուս Քրիստոսի, Ումից ընդունեցի Քո գիտութիւնը: Զօրութիւնների Աստուած եւ Ստեղծիչ բոլոր արարածների, օրհնում եմ Քեզ, որ Քո զօրութեամբ հրաւիրեցիր ինձ մարտիրոսութեան, արժանացրիր այսօր խառնուել քո վկաների գնդին, կցորդ լինել մեր Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների բաժակին ու հաւատալ Սուրբ Հոգուդ հետ հաղորդութիւնից անապականութիւն ստացած հոգու եւ մարմնի յարութեանն ու յաւիտենական կեանքին: Եւ ահա եկել եմ իբրեւ սպանդի տարուող ոչխար: Արդ, թող սուրբ եւ ընդունելի պատարագ լինեմ Քո առջեւ: Օրհնում եմ Քեզ ու յաւիտեան փառաւորում Քո անունը: Տո՛ւր ինձ զօրութիւն՝ քրիստոնէութեամբ աւարտելու իմ ընթացքը եւ առնելու յաղթութեան Քո Նշանը, որպէսզի պարտութեան մատնելով հակառակորդին՝ Քեզնից ստանամ անթառամ պսակը»:
Աւարտելով աղօթքը՝ կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով ու զուարթամիտ խնդութեամբ մտաւ հնոցի մէջ՝ ինչպէս փափկութեան Դրախտի մէջ: Եւ ո՜վ զարմանք, հուրը խորանի պէս կամարաձեւ տեսք ընդունեց սուրբի առջեւ ու քամուց փքաւորուած նաւի առագաստի պէս շրջապատեց նրան: Նա գտնւում էր հրի մէջ` ոչ թէ որպէս կրակի մէջ գցուած մարմին, այլ իբրեւ վարդ եւ անուշահոտ նարդոս: Նա հնոցի մէջ փառաւորում էր Աստծուն ու ասում. «Փա՛ռք Քեզ, Հա՛յր, Փա՛ռք Քեզ, Որդի՛ Միածին, Փա՛ռք Քեզ, Հոգի՛ Ճշմարիտ, Սուրբ Երրորդութիւն եւ մի Աստուածութիւն, այժմ, միշտ ու յաւիտեանս յաւիտենից», եւ երբ ասաց՝ ամէն, փչման պէս արձակեց հոգին: Ու ինչպէս վկայաբանն է ասում. «Տեսանք նրա հոգին փայլակի պէս երկինք վերանալիս»:
Սուրբի նահատակութիւնից յետոյ, երբ ամբոխն սկսեց ցրուել, քաղաքի ազնուականներից ոմանք վճարեցին զինուորներին, որոնք դատաւորի հրամանով պահում էին սուրբ վկայի մարմինը եւ գիշերը վերցնելով նրան՝ թաղեցին ծածուկ վայրում, ուր մնաց այնքան ժամանակ, մինչեւ դադարեցին հալածանքները: Իսկ Մեծն Թէոդոս բարեպաշտ թագաւորի ժամանակներում երանելի Բարսեղ հայրապետը, որը Կեսարիայի եպիսկոպոսն էր, վայելուչ վկայարան կառուցեց, ուր եւ տեղափոխեց սուրբ Գորդիոսի նշխարները: Ներբողական ճառով պատուեց նրան ու պատուիրեց ամէն տարի յունուար ամսին տօնել նրա յիշատակը:
[1] Ցուպ − գաւազան, ձեռքի նեցուկ:
[2] Ընկեցիկ − այստեղ` արհամարհուած (փոխ.):
[3] Ողոքանք − համոզիչ եւ աղերսական խօսքեր:
[4] Սռնի − առանցք, որի երկու ծայրերին ագուցւում են սայլի կամ կառքի անիւները£
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: