Այսօր հրեշտակաց դասքն ի յերկինս
ուրախանան ի վերայ ճգնութեան սրբոցն:
Այսօր ճգնազգեաց սրբոց դասքն ի յերկրի
պսակեցան երկնային աստուածեղէն փառօքն:
Այսօր անմարմնոց զինուորութիւնքն մեծապէս տօնեն.
քանզի երկրաւոր զինուորաց բազմութիւնքն
ընծայեցան ի խորան սրբութեան երկնից:
(Շարակնոց)
Մակաբայեցիները Հին օրէնքի պանծալի վկաներն էին եւ գերազանցում էին Նոր օրէնքից շատերին: Նրանց վարքն ու պատմութիւնը մեզ է հասել Սուրբ Գրքի Մակաբայեցիների՝ քաջ Յուդա Մակաբայեցու եւ նրա եղբայրների մասին աւանդութիւնից: Նրանցից անդրանիկը Յովսեփէոսն էր, երկրորդը՝ Աբերը, երրորդը՝ Մախիրին, չորրորդը՝ Յուդասը, հինգերորդը՝ Աքասը, վեցերորդը՝ Արէթն ու եօթերորդը՝ Յակոբը: Նրանց նաեւ այլ անուններ են ընծայում, սակայն ստոյգն անյայտ է, եւ միայն նրանց մօրն են միաբերան կոչում Շամունէ կամ Սաղոմոնիս:
Նրանց հետ է կատարւում Եղիազար քահանայի տօնը: Ոմանք նրան համարում են Շամունէի եօթ որդիների դաստիարակը եւ կարծում են, որ բոլորն էլ Երուսաղէմում են նահատակուել, բայց աւելի ստոյգն այն է, որ նրանք Անտիոքում են նահատակուել: Այժմ պատմենք նրանց վկայական հանդէսի մասին՝ ըստ Սուրբ Գրքի աւանդութեան:
Ասորեստանի Անտիոքոս անօրէն արքան Անտիոքոս Մեծի որդին էր: Նա մի սիգապանծ ու խրոխտ, ժանտ եւ գազանաբարոյ այր էր, որն իշխանութեան աթոռին նստեց Ք. ա. 170 թուականին: Երբ զօրացաւ իր թագաւորութեան մէջ ու պատերազմով յաղթեց Եգիպտոսի Պտղոմէոս արքային, եկաւ հասաւ Երուսաղէմ եւ կողոպտեց Երուսաղէմի տաճարը: Մեծամեծ չարիքներ գործեց, մեծ կոտորած արեց ու սոսկալի սուգի մէջ գցեց ողջ եբրայական ազգին, իսկ ինքը մեծ աւարով եւ գերութեամբ դարձաւ Ասորեստանի արքայանիստ Անտիոք քաղաքը:
Երկու տարի անց Անտիոքոսը մեծ զօրքով մի հարկահաւաք իշխան առաքեց Հրէաստան, որը վերստին աւերեց Երուսաղէմը, աւար վերցրեց ու հեթանոսների բնակութեան համար այնտեղ ներքնաբերդ կառուցել տուեց: Բազում չարիքներ գործեցին, տաճարում խափանեցին եբրայեցիների պաշտամունքները, որի պատճառով շատերը խոյս տուեցին անապատ եւ անշէն վայրեր: Նրանց թւում էր նաեւ մակաբայեցիների հայրը՝ Մատաթիա քահանան: Սակայն վեհերոտներն ու երկչոտները գնացին հեթանոսների յետեւից եւ դարձան կռապաշտներ:
Տեղեկանալով այս մասին՝ Անտիոքոսը տիրաբար հրաման արձակեց, որ իր տէրութեան մէջ գտնուող բոլոր հրէաները եւ առհասարակ բոլորը թողնեն իրենց հայրենի օրէնքները ու դառնան հեթանոսական կրօնին: Քաղաքներում կանգնեցնել տուեց կուռքերի արձանները: Պիղծ արձաններ կանգնեցնել տուեց նաեւ Աստուծոյ տաճարում՝ Սրբութեան Սեղանի վրայ: Այդ տարին սաստիկ հալածանքների տարի էր բոլոր եբրայեցիների համար, որոնց թւում եղաւ նաեւ սուրբ Մակաբայեցիների նահատակութիւնը՝ ըստ այս աւանդութեան:
Այն ժամանակներից ի վեր, երբ Աստուծոյ Տան մէջ սկսեցին կատարուել հեթանոսական պաշտամունքները, անտիոքացի մի չարագործ այր՝ Աթենեբիոս անունով, Երուսաղէմ քաղաքը լցրեց ամէն տեսակ պղծութիւններով: Նա արքունի հրամանով մահուան էր մատնում նրանց, ովքեր յանձն չէին առնում թողնել մովսիսական օրէնքը, ու նրանց կապանքներով ուղարկում էր թագաւորի մօտ: Այդ շրջանում թագաւորի ծննդեան տօնի օրը, երբ ժողովուրդը հոծ բազմութիւններով զոհաբերութիւններ էր անում կուռքերին, եւ բոլորին ստիպում էին զոհաբերել կամ ճաշակել, բռնեցին Եղիազար քահանային, որն իննսունամեայ մի ծերունի էր՝ իմաստուն խորհուրդներով, երեւելի պատուով, զարդարուած բարեպաշտ վարքով, օրէնսգէտ ու օրինապահ: Արդ, երբ անօրէններն սկսեցին պատկառելի այրին ուրանալ տալ հրէութիւնը եւ ստիպեցին, ըստ թագաւորի հրամանի, զոհել կուռքերին, նա հաստատուն հոգով ու ամուր սրտով յանձն առաւ քաջի անունով մեռնելը, քան թէ խղճի խայթով ապրելն ու իւրայիններին գայթակղեցնելը: Այդ պատճառով նախընտրեց ընդունել ամէն տեսակ տանջանքներ, քան հեռանալ ճշմարիտ Աստուծոյ օրէնքից: Նրա բերանին գելոց[1] դնելով՝ ստիպեցին խոզի միս ուտել, սակայն նա բացէիբաց մերժեց նրանց, համարձակուեց թքել եւ անարգել նրանց պաշտամունքները: Այնժամ իրեն ծանօթ աւագանու որոշ մարդիկ մի կողմ տարան նրան ու սկսեցին անմտութեամբ խրատել, որպէսզի նա յետ կանգնի իր հաստատ որոշումից՝ ասելով. «Յանձն առ թագաւորի հրամանը: Մենք քեզ ուրիշ միս կը տանք, բայց դու ցոյց կը տաս, թէ որպէս խոզի միս կերար: Այդպէս կը փարատես նրանց կարծիքները եւ կը փրկուես մահուանից»: Բայց նա, ինչպէս որ վայել էր իր պատկառելի տարիքին, իր վեհութեանն ու իմաստութեանը, փառահեղ սպիտակ մազերին, մանկուց ստացած կրթութեանը եւ յատկապէս աստուածադիր սուրբ օրէնքներին հաւատարիմ մարդուն, արժանապէս պատասխանեց. «Ո՛չ արժան է եւ ո՛չ էլ պատշաճ, որ այս տարիքի հասած մարդը կեղծաւորաբար մօտենայ խոստովանութեան սրբութեանը: Քանզի կարող է շատ երիտասարդներ, խէթ նայելով ինձ վրայ, կասկածեն իրենց մտքում ու ասեն. «Եղիազարն իննսուն տարեկան հասակում, հասնելով մահուան դռանը, դաւանափոխ եղաւ»: Նրանք կը գայթակղուեն իմ կեղծաւորութեան պատճառով, իսկ ես խղճի խայթ կ’ունենամ եւ աշխարհում վատ անուն կը թողնեմ: Այդ պատճառով ծերութեանս արժանի կերպով կամենում եմ քաջութեամբ հեռանալ աշխարհից ու բարութեան եւ առաքինութեան օրինակ թողնել սերունդների համար, որպէսզի նրանք յօժարութեամբ, քաջութեամբ ու կեանքի գնով կարողանան պաշտպանել իրենց սուրբ օրէնքները»: Սա ասելուց յետոյ ինքնակամ եւ սիրայօժար կերպով դիմեց դէպի տանջանքներն ու մահը: Նրանք, որ առաջ մխիթարում էին իրեն, այժմ չարացան նրա դէմ, նրա իմաստուն խորհուրդները մոլորութիւն համարեցին եւ աշխատեցին արագացնել նրա տանջանքները: Իսկ նա, որ բազում կտտանքներ կրելուց յետոյ մերձ էր իր վախճանին, հեծեծանքներով բացեց բերանը, սկսեց խօսել Տիրոջ հետ, Ով տեսնում է մարդկանց սրտերի սուրբ խորհուրդները, ու ասաց. «Դու գիտես, որ իմ ձեռքին էր այս տաժանելի մահից ազատուելու կարողութիւնը: Համբերելով՝ կրում եմ մարմնիս այս խիստ տանջանքները, բայց հոգով դրանք հաճելի քաղցրութեամբ եմ ընդունում` Քո հանդէպ ունեցած երկիւղի պատճառով»: Եւ այսկերպ մաքառելով՝ փոխուեց աշխարհից:
Սրանից յետոյ Սուսանդրում բռնեցին եօթ եղբայրներին իրենց մօր՝ Շամունէի հետ, տարան Անտիոք եւ կանգնեցրին թագաւորի ատեանի առջեւ: Ծեծելով ու խոշտանգելով նրանց՝ ստիպում էին խոզի միս ուտել: Նրանցից մէկը՝ Ակարը, սկսեց համարձակապէս խօսել ու ասել. «Ի՞նչ էք ուզում անել մեզ, ի՞նչ էք ուզում իմանալ մեզնից: Մենք պատրաստ ենք մեռնել, բայց ոչ երբէք մեր հայրերի օրէնքներից հրաժարուել»: Թագաւորը լցուեց զայրոյթով. հրամայեց տապակներ, կաթսաներ եւ անիւներ շիկացնել ու տանջանքների պէս-պէս գործիքներ պատրաստել, ապա հրամայեց նահատակին առաջ բերել: Նախ կտրեցին լեզուն, գլխի կաշին շուռ տուեցին դէմքին, յետոյ մօր եւ եղբայրների առջեւ կտրեցին ծայրանդամները: Ու երբ խօսելու եւ գործելու անկարող դարձրին, հրամայեց ողջ-ողջ նստեցնել շիկացած տապակների ու կաթսայի վրայ: Երբ ճենճերի[2] ծուխն սկսեց ծաւալուել տապակից, եղբայրներն սկսեցին իրենց մօրն ու միմեանց մխիթարել եւ ասել. «Կը մեռնե՛նք քաջութեամբ եւ անուն ու հոգի կը թողնենք: Տէր Աստուած տեսնում է, թէ ինչպէս ենք չարչարւում այս պայքարում: Նա կարեկից կը լինի իր ծառաներին, ինչպէս իր օրհնութեան մէջ յայտնապէս ասել է Մովսէսը»:
Երբ առաջին եղբայրը փոխուեց աշխարհից, երկրորդին, որի անունն էր Մակար կամ Մաքիր կամ էլ Մակաբ, տարան տանջանքների վայրը: Նրա գլխի կաշին` մազերով հանդերձ, շուռ տուեցին դէմքին ու հարցրին. «Խոզի միս կ’ուտե՞ս, թէ՞ մարմինդ անդամ առ անդամ հատենք»: Սա եւս հրաժարուեց, որի համար նոյն տանջանքների ենթարկուելով՝ վախճանուեց: Հոգին տալուց առաջ նա սկսեց խօսել եւ ասել թագաւորին. «Ա՛յ դու սիգապանծ, հպարտ ու ամբարտաւան: Դո՛ւ, որ մեզ զրկում ես այս կեանքից, իմացի՛ր, որ թէպէտ մենք մեռնում ենք օրէնքի համար, սակայն Նա, Ով աշխարհի Թագաւորն է, յաւիտենական կեանքում երկրորդ ծննդեան ժամանակ մեզ նորից կեանք կը պարգեւի»:
Նրանից յետոյ բերեցին երրորդին՝ Խորէն կամ Գուրիաս կոչուածին: Կամենում էին նրա լեզուն դուրս հանել, սակայն նա ինքն անմիջապէս դուրս հանեց եւ քաջասրտութեամբ տարածեց ձեռքերը: Թագաւորը յոյժ զարմացաւ պատանու քաջութեան վրայ, որովհետեւ տեսաւ, որ նա արհամարհում է տանջանքները:
Երբ սա նոյնպէս նահատակուեց, չորրորդին բերեցին նոյն տեղը (սրա անունը, ինչպէս գրուած է, Խորսէն էր) ու նոյն տանջանքներով չարչարեցին նրան: Երբ մերձ էր հոգին աւանդելուն, ասաց. «Մեզ համար լաւ է, որ փոխւում ենք այստեղից, քանզի հաւատում ենք մեռելների յարութեանը՝ երկրորդ ծննդեանը»:
Սրանից յետոյ հինգերորդին՝ Ամինադաբին բերեցին տանջանքների վայրը: Սա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագաւորին, սկսեց խօսել նրա հետ եւ ասել. «Դու՝ մահկանացուդ, իշխանութիւն ունենալով մարդկանց վրայ, անում ես, ինչ կամենում ես, բայց մի՛ կարծիր, թէ քո չարութեամբ կարող ես մեր ազգը վերացնել կամ հեռացնել Աստծուց: Սպասի՛ր եւ շուտով կը տեսնես այն մեծամեծ հրաշքներն ու չարաչար հարուածները, որոնցով Տէրը պիտի պատժի քեզ ու քո ազգատոհմին»:
Բերեցին նաեւ վեցերորդին՝ Դաղիլէին: Երբ մեռնելու մօտ էր, թագաւորին ասաց. «Այս ամէնը մեզ վրայ են գալիս մեր մեղքերի պատճառով, քանզի Աստուծոյ առաջ մենք զարմանքի արժանի մեղքեր ենք գործել: Իսկ դու յոյս չունենաս, թէ աստուածամարտ լինելով՝ ողջ-առողջ եւ անվնաս կը մնաս»:
Առաւել եւս բարի յիշատակի էր արժանի նրանց սքանչելի մայրը՝ Շամունէն, որը մի օրում այդպիսի եօթ որդիներ կորցրեց՝ նրանց յանձնելով Աստուծոյ ձեռքը: Քաջալերում էր նրանցից իւրաքանչիւրին, ապա կանացի տկարութեան վրայ առնական քաջութիւն առնելով՝ առաջ եկաւ ու իրենց լեզուով ասաց. «Ես չէ, որ ձեզ կեանք եւ հոգի եմ պարգեւել ու ոչ էլ կերպարանք տուել ձեզնից իւրաքանչիւրին, ոչ էլ ձեզ սնել ու հասցրել այս հասակին: Այսուհետ ես ոչինչ իմը չեմ համարում, այլ Նրանը, Ով աշխարհի Արարիչն է, Ով ստեղծել է մարդկանց սերունդները եւ Ով Իր ողորմածութեամբ ու Իր Գալստեամբ ձեր կեանքն ու հոգին ձեզ պիտի վերադարձնի»:
Անտիոքոսը թէպէտ քաջ նահատակների խօսքերից իրեն արհամարհուած զգաց, բայց քանի դեռ իր ձեռքում էր կրտսեր եղբայրը՝ Դադիդէն, սկսեց ոչ միայն մխիթարական խօսքեր ասել, այլեւ երդմամբ խոստացաւ հարստութիւն, խոստացաւ պարգեւել իշխանութիւն ու դարձնել թագաւորներին պատուական բարեկամ, միայն թէ հրաժարուի իր նախնիների օրէնքից: Երբ թագաւորը տեսաւ, որ պատանին ամենեւին չի հնազանդւում իր խօսքերին, կանչել տուեց նրա մօրը, որպէսզի խրատի որդուն նրա կեանքը փրկելու համար: Երբ շատ ստիպեց, մայրը դարձաւ դէպի որդին եւ սկսեց խօսել նրա հետ. «Ողորմի՛ր ինձ, որդեա՛կ իմ, քանզի ինն ամիս կրել եմ քեզ իմ որովայնում, երեք տարի գրկել, կրծքովս կերակրել ու քեզ հասցրել այդ հասակին: Արդ, աղաչում եմ քեզ, որդեա՛կ, նայի՛ր երկնքին եւ երկրին ու նրանցում եղած արարածներին: Իմացի՛ր, որ նրանց Աստուած ստեղծել է ոչնչից: Նոյնպէս եւ ստեղծել է մարդկային սերունդը: Դու մի՛ զարհուրիր դժնդակ դահճից, այլ բաժնեկից եղիր եղբայրներիդ ու ընտրի՛ր մահը եւ ոչ թէ այս աշխարհի կեանքը, որպէսզի Աստուծոյ ողորմածութեամբ քեզ ընդունեմ եղբայրներիդ հետ»: Ու մինչդեռ մայրն այս քաջալերական խօսքերով հաստատում էր որդուն, նա ասաց. «Ո՞ւմ էք սպասում, ինչո՞ւ էք ուշացնում: Ես թագաւորի հրամանին չեմ ենթարկուելու, այլ հնազանդ եմ Մովսէսի միջոցով մեր հայրերին տրուած օրէնքներին: Իսկ դու, որ ամէն տեսակ չարիքների մատնեցիր եբրայեցիներին, չես փրկուի Աստուծոյ ձեռքից, քանզի եթէ մեր կենդանի Տէրը մեզ խրատելու համար է պատուհասի ենթարկում եւ մի փոքր բարկանում մեզ վրայ, սակայն նորից ողորմածութիւն է ցուցաբերում Իր ծառաների հանդէպ: Իսկ դու՝ անօրէ՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ ու վախկո՛տ, քո սնոտի յոյսերով իզուր ես բարձրամտում Նրա ծառաների վրայ եւ չես փրկուելու ամենագէտ, ամենազօր Աստուծոյ դատաստանից: Այժմ մեր եղբայրները յաւիտենական կեանքի ու Աստուծոյ կտակարանների ուխտի համար համբերեցին տանջանքներին եւ մահ ընդունեցին: Ես էլ իմ եղբայրներին հաւասար պատրաստ եմ զոհել իմ շունչն ու մարմինը հայրերի օրէնքի համար: Յոյսով աղօթում եմ Աստծուն, որ Նա քաւութիւն շնորհի մեր ազգին, իսկ քեզ մեծամեծ տանջանքներով խոստովանել տայ, որ միայն Ինքն է Աստուած, եւ ուրիշ մէկը չկայ: Իսկ իմ ու իմ եղբայրների նկատմամբ ցուցաբերած քո բոլոր բարկութիւնները կ’անցնեն եւ կը մոռացուեն»:
Եօթ եղբայրների այսպիսի քաջասրտութիւնից թագաւորն առաւել սրտմտեց, որի պատճառով կրտսեր եղբօրն աւելի դառը տանջանքների ենթարկեց: Սակայն սա եւս, յուսալով Տիրոջը, անարատութեամբ ու սրբութեամբ հեռացաւ աշխարհից: Որդիներից յետոյ մայրը եւս նոյն ձեւով նահատակութիւն ընդունեց: Թէ ինչ կտտանքների ենթարկեցին այս զոհերին եւ ինչ սաստիկ տանջանքների մատնեցին նրանց, բաւարարուենք այսքանով:
Այսպէս, Ք. ա. 163 թուականին մարտիրոսացան հրաշալի ու առաքինի նահատակները, աստուածային օրէնքի պանծալի սուրբ վկաները եւ Փրկչի մօտակայ Գալստեան առաջընթաց կարապետները, որոնց արժանաւոր գովասանական ներբողները կարող էք գտնել սուրբ վարդապետների, յատկապէս` սուրբ Յովհան Ոսկեբերանի, սուրբ Գրիգոր Աստուածաբանի, երանելի Օգոստինոսի եւ այլոց աշխատութիւններում:
[1] Գելոց (գելարան) – տանջանքի գործիք, որով պրկում (ճմլում) էին նահատակների մարմինները:
[2] Ճենճեր − եփած մսից սաստիկ բուրմամբ վեր բարձրացող ճարպաւոր գոլորշի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: