Գիրք` 25. Առակներ

Գլուխ 3

Հորդոր երիտասարդներին

   

1. Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները,

2. Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։

3. Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։

4. Այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ։

5. Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։

6. Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։

7. Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։

8. Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։

9. Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։

10. Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։

11. Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։

12. Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։

13. Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։

14. Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։

15. Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։

16. Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։

17. Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։

18. Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։

19. Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։

20. Նրա գիտությամբ անդունդները պատռվեցին, և ամպերը ցող մաղեցին։

21. Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։

22. Եվ նրանք կյանք կլինեն քո հոգու համար և զարդ՝ քո պարանոցի համար։

23. Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։

24. Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։

25. Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։

26. Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։

27. Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։

28. Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։

29. Քո հարևանի դեմ չարիք մի՛ նյութիր, երբ նա վստահությամբ քո կողքին է ապրում։

30. Մարդու հետ զուր տեղը մի՛ վիճիր, եթե նա քեզ չարություն չի արել։

31. Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր,

32. Որովհետև խարդախ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունն ուղղամիտների հետ է։

33. Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։

34. Նա ծաղր անողներին իսկապես ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։

35. Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։