1. Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։
2. Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։
3. Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։
4. Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը «Բարեկա՛մ» կոչիր,
5. Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։
Անբարոյական կինը
6. Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի
7. Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,
8. Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց.
9. Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։
10. Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։
11. Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։
12. Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։
13. Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.
14. «Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։
15. Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։
16. Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։
17. Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։
18. Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք,
19. Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։
20. Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։
21. Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։
22. Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը՝ պատժվելու։
23. Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։
24. Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։
25. Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։
26. Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։
27. Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: