Գիրք` 27. Երգ Երգոց

Գլուխ 2

   

1. Ես Սարոնի ծաղիկ եմ, հովիտների շուշան եմ։

2. Ինչպես շուշանն է փշերի մեջ, այնպես էլ իմ սիրուհին է աղջիկների մեջ։

3. Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։

4. Ինձ գինու տունը տարավ, և նրա դրոշն ինձ վրա սեր է։

5. Զորացրե՛ք ինձ չամիչով կարկանդակներով, ուժեղացրե՛ք ինձ խնձորներով, որովհետև սիրով հիվանդ եմ ես։

6. Նրա ձախ ձեռքը գլխիս տակ թող լինի, և աջ ձեռքը գրկի ինձ։

7. Երդվել եմ տալիս ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք սիրուհուս, մինչև որ ինքը չբարեհաճի։

 
Երկրորդ երգ
 

8. Իմ սիրեկանի ձայնն է. ահա նա գալիս է՝ թռչկոտելով սարերի վրա, ոստոստելով բլուրների վրա։

9. Իմ սիրեկանը այծյամի կամ եղնիկի ձագի նման է. ահա նա կանգնած է մեր պատի ետևում, դիտում է պատուհաններից, նայում է վանդակներից։

10. Իմ սիրեկանը պատասխանեց և ասաց ինձ. «Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։

11. Որովհետև ահա ձմեռն անցել է, անձրևն անցել-գնացել է։

12. Հողի վրա երևում են ծաղիկները, հասել է էտելու ժամանակը, և տատրակի ձայնն է լսվում մեր երկրում։

13. Թզենին իր պտուղներն է հասունացնում, և ծաղկած որթատունկերը բույր են արձակում։ Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։

14. Ո՛վ իմ աղավնի, ժայռի խոռոչներում, քարափի թաքստոցում, ցո՛ւյց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի՛ դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է, և դեմքդ՝ հաճելի»։

15. Մեզ համար բռնեցե՛ք աղվեսներին, այգիներն ավերող փոքրիկ աղվեսներին, որովհետև մեր այգիները ծաղկել են։

16. Իմն է իմ սիրեկանը, և ես՝ իրենը. նա շուշաններով է սնվում։

17. Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, ե՛տ դարձիր, ո՛վ իմ սիրեկան, նմանվի՛ր այծյամին կամ եղնիկի ձագին Բեթերի լեռների վրա։