Գիրք` 30. Հոբ

Գլուխ 35

   
1. Եղիուսը պատասխանեց.

2. «Սա դու իրավո՞ւնք ես համարում, որ ասում ես՝ Ես Աստծու առաջ արդար եմ։

3. Որովհետև ասացիր. Քեզ ի՞նչ օգուտ ունի, և սրանից ավելի ի՞նչ շահ կա, քան մեղանչելուց։

4. Ես քեզ կպատասխանեմ, քո ընկերներին էլ՝ քեզ հետ.

5. Երկնքի՛ն նայիր ու տե՛ս և դիտի՛ր ամպերը, որ քեզանից բարձր են։

6. Եթե դու մեղանչես, նրա դեմ ի՞նչ արած կլինես, և քո անօրենությունները երբ շատանան, նրան ի՞նչ կանես։

7. Կամ եթե արդար լինես, ի՞նչ կտաս նրան, կամ նա քո ձեռքից ի՞նչ կստանա։

8. Քեզ նման մարդուն քո ամբարշտությունը կվնասի, և մարդու զավակին՝ քո արդարությունը։

9. Հարստահարությունների շատությունից կաղաղակեն, հզորների բազուկից կբողոքեն։

10. Բայց մեկը չի ասում. Ինձ ստեղծող Աստված որտե՞ղ է, նա, որ գիշերը երգեր է տալիս.

11. Նա մեզ երկրի անասուններից ավելի գիտուն և երկնքի թռչուններից ավելի իմաստուն է դարձնում։

12. Այնտեղ աղաղակում են, բայց նա չարերի գոռոզության պատճառով չի պատասխանում։

13. Աստված հիրավի ունայն աղաղակը չի լսի, և Ամենակարողը նրան ուշադրություն չի դարձնի։

14. Թեև դու ասում ես, որ նրան չես տեսնում, սակայն քո դատը նրա առջև է, և դու նրան պիտի սպասես։

15. Եվ այժմ, քանի որ նրա բարկությունը չի պատժել և անօրենությանը մեծ ուշադրություն չի դարձրել,

16. Հոբը դարձյալ զուր տեղն է իր բերանը բաց անում, առանց հասկանալու իր խոսքերը բազմապատկում»։