Գիրք` 33. Ամովս

Գլուխ 3

Տիրոջ կշտամբանքն իսրայելացիներին
   
1․ Լսե՛ք այս խոսքը, որ Տերը խոսել է ձեր դեմ, ո՛վ Իսրայելի որդիներ, այն ամբողջ սերնդի դեմ, որ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ասելով.

2․ «Երկրի բոլոր ազգատոհմերից միայն ձեզ եմ ճանաչել, դրա համար ձեզ պիտի պատժեմ ձեր բոլոր անօրենությունների համար։

   
Մարգարեի գործը
   
3․ Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։

4․ Մի՞թե առյուծը կմռնչա անտառում, եթե որս չունենա, մի՞թե կորյունը ձայն կհանի իր որջից, եթե մի բան որսած չլինի։

5․ Մի՞թե թռչունը գետնի վրա ցանցի մեջ կընկնի, եթե որոգայթը չլինի. մի՞թե ցանցը բարձրանում է գետնից, եթե մի որս որսած չլինի։

6․ Կամ երբ փող փչվի քաղաքում, ժողովուրդը չի՞ սարսափի, կամ քաղաքին չարիք կհասնի՞, եթե այն Տերը արած չլինի։

7․ Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին։

8․ Առյուծը մռնչաց, ո՞վ չի վախենա, Տեր Աստված խոսեց, ո՞վ չի մարգարեանա»։
   
Սամարիայի դատավճիռը
   
9․ Ազդարարե՛ք Ազովտոսի ամրոցների վրա և Եգիպտոսի երկրի մեջ՝ ամրոցների վրա, և ասացե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռների վրա և տեսե՛ք նրա միջի բազում խռովությունները և նրա մեջ գործված հարստահարությունները։

10․ Նրանք ուղիղն անել չգիտեն,- ասում է Տերը,- այլ իրենց ամրոցներում բռնություն ու հափշտակություն են դիզում»։

11․ Սրա համար Տեր Աստված այսպես է ասում. «Թշնամի՜ն պատել է երկրի շուրջը։ Նա քեզնից պիտի խլի քո ուժը, և քո ամրոցները պիտի կողոպտվեն»։

12․ Տերն այսպես է ասում. «Ինչպես որ հովիվն է առյուծի բերանից երկու սրունք կամ մի ականջի կտոր ազատում, այդպես պիտի ազատվեն Իսրայելի որդիները, որոնք բնակվում են Սամարիայում՝ բազմոցի անկյունով և Դամասկոսի կերպասով զարդարված անկողնու բեկորով»։

13․ «Լսե՛ք և վկայե՛ք Հակոբի տան դեմ,- ասում է Տեր Աստված՝ Զորքերի Աստվածը։

14․ - Այն օրը, երբ Իսրայելի հանցանքների պատիժը կբերեմ իր վրա, կպատժեմ նաև Բեթելի զոհասեղանները. այն ժամանակ կկոտրվեն զոհասեղանի եղջյուրներն ու գետին կընկնեն։

15․ Եվ ես կկործանեմ ձմեռային տունն ու ամառային տունը, և կկորչեն փղոսկրով զարդարված տները, մեծամեծ տներն էլ կբնաջնջվեն»,- ասում է Տերը։