Գիրք` 4. Թվեր

Գլուխ 36

Ամուսնացած կանանց ժառանգությունը
   
1․ Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին
2․ ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։
3․ Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիների մեկ այլ ցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։
4․ Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանը, նրանց ժառանգությունը պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին նրանք կնության են գնացել, և նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։
5․ Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Հովսեփի որդիների ցեղը ուղիղ է խոսում։
6․ Սալպաադի աղջիկների մասին Տիրոջ հրամանը հետևյալն է. “Նրանք թող ամուսնանան, ում հետ որ կկամենան, միայն թե իրենց հայրական ցեղից եղողներին կին լինեն։
7․ Իսրայելի որդիների ժառանգությունը մի ցեղից ուրիշ ցեղի թող չանցնի, որովհետև Իսրայելի որդիները բոլորն էլ իրենց հայրերի ցեղի ժառանգությանը պիտի հարեն։
8․ Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։
9․ Ժառանգությունը մի ցեղից մյուս ցեղին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի”»։
10․ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։
11․ Եվ Մաալան, Թերսան, Էգղան, Մեղքան և Նուան՝ Սալպաադի աղջիկները, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։
12․ Նրանք Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերից եղողների կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հայրական ցեղի ազգատոհմի մեջ։
13․ Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։