Որ լուսով աստուածային Բանին զարդարեցեր զԵկեղեցի. եւ զխաւարն անգիտութեան հալածեցեր յոգւոց մարդկան. ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:
Որ զհամագոյ բնութիւն` միասնական Երրորդութեանն յայտնեցեր Եկեղեցւոյ խոստովանել միութիւն, ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:
Որ զփրկական տնօրէնութիւն մարդացելոյն վասն մեր ուսուցեր մի յերկուց նոր խառնումն սքանչելի. ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:
(Շարակնոց)
Հայրերից աստուածամերձը եւ սուրբ վարդապետներից գերագոյնը, հաւատի հաստատութեան սիւնն ու ուղղափառների պարծանք Գրիգոր Աստուածաբանը երկրորդ Կապադովկիայի Նազիանզ քաղաքից էր, որը նախկինում կոչուել է Դիոկեսարիա: Նա ազգութեամբ յոյն էր եւ ծնուել է Դ դարի սկզբներին: Նրա մայրը հաւատով քրիստոնեայ ու յոյժ բարեպաշտ կին էր, որի անունը յունարէն կոչւում էր Նոննա, իսկ հայերէն՝ Նունի: Հայրն էլ, որի անունը նոյնպէս Գրիգոր էր, որը յետոյ որդուց տարբերուելու համար Գրիգորիոս կոչուեց, յարում էր հելլէնական հեթանոսական այն աղանդներից մէկին, որի [անդամները] սնոտիապաշտներ էին, պատւում էին կրակն ու ճրագը եւ արհամարհելով կուռքերին՝ դրանց պաշտամունք ու զոհաբերութիւններ չէին մատուցում: Նրանք ճանաչում էին մի բարձրեալ աստուծոյ, որի համար «բարձրելապաշտներ» էին կոչւում: Ունէին ինչ-ինչ ընդհանրութիւններ հրէական աղանդի հետ, այսինքն՝ պահում էին շաբաթ օրերը եւ խտրութիւն էին դնում կերակուրների միջեւ, սակայն մերժում էին թլփատութիւնը: Գրիգորիոսը, երկար տարիներ ապրելով այդ մոլորութեան մէջ, երբ աւելի քան յիսուն տարեկան էր, վերին տւչութեամբ ընդունեց քրիստոնէական հաւատը՝ ըստ այս օրինակի: Նրա կինը՝ բարեպաշտուհի Նունին, յարատեւ աղօթքներով ու արտասուքներով Աստծուց դարձ էր խնդրում ամուսնու համար, որի համար անդադար յորդորում էր նրան հեզ խօսքերով, բայց աւելի շատ՝ իր բարի վարքի օրինակով: Կամաց-կամաց ամուսնու մէջ սէր բորբոքուեց քրիստոնէութեան հանդէպ, եւ մի օր նա մի զարմանալի տեսիլք ունեցաւ. գիշերուայ քնի մէջ նրան թուաց, թէ երգում է իրեն անծանօթ սաղմոսի այս տողերը. «Ուրախանում էի, երբ ինձ ասում էին. «Գնանք Տիրոջ տուն»: Այս խօսքերից լոյս ծագեց նրա սրտում, բոցավառուեց նրա սիրտը ու ցանկացաւ քրիստոնէութիւն ընդունել: Երբ արթնացաւ տեսիլքից, այն պատմեց իր կնոջը, որը մեծապէս ուրախ եղաւ եւ թախանձեց ամուսնուն անփոյթ չգտնուել ու չարհամարհել Աստուծոյ հրաւէրը: Եւ Գրիգորիոսը, հաստատուելով այդ խորհրդի մէջ, սկսեց կամաց-կամաց իր անձը պատրաստել մկրտութեան:
Պատահեց, որ այդ օրերին Նազիանզ քաղաքով պէտք է անցնէին Նիկիայի սուրբ ժողովին մասնակցող եպիսկոպոսները: Նրանց մէջ էր Կեսարիայի սուրբ Ղեւոնդիոս եպիսկոպոսապետը, որի հովւութեան ներքոյ էր գտնւում նաեւ Նազիանզը: Գրիգորիոսը դիմեց նրան ու յայտնեց սուրբ մկրտութեան խորհրդին մօտենալու իր ցանկութեան մասին: Եպիսկոպոսապետն ուրախացաւ, եւ նրան մկրտելու համար մտցրին երախայութեան կարգի մէջ[1]: Նոյն օրերին այդտեղ ժամանեցին նաեւ մեր երանելի Արիստակէսը, որը, ի դէմս սուրբ Լուսաւորչի, պէտք է մասնակցէր ժողովին, Մեծն Յակոբ Մծբնայ հայրապետը, Եդեսիայի Եւթաղէ եպիսկոպոսն ու Պարսից Յովնան եպիսկոպոսը: Սրանք բոլորը, ներկայ գտնուելով Գրիգորիոսի մկրտութեան արարողութեանը, տեսան, որ երբ նա ջրից դուրս եկաւ, նրա շուրջբոլորը լոյս էր փայլատակում: Մի այլ բարեխորհուրդ նշան եւս երեւաց այդտեղ. երբ կատարւում էր մկրտութեան կարգը, որն ընթանում էր սուրբ Ղեւոնդի եւ Նազիանզի եպիսկոպոսի գործակցութեամբ ու այլ եպիսկոպոսների մասնակցութեամբ, անակնկալ կերպով մտքի յափշտակութեամբ նրանք սկսեցին նրա համար խօսել քահանայական եւ եպիսկոպոսական ձեռնադրութեան մասին: Իսկ երբ սթափուեցին, ասացին, թէ մեզ ոչ թէ դա թուաց, այլ ըստ հաւաստի յայտնութեան՝ քիչ անց սա պիտի հասնի եպիսկոպոսական աստիճանի, որը եւ եղաւ, քանզի երկու տարի անց վախճանուեց Նազիանզի եպիսկոպոսն ու նրա փոխարէն եպիսկոպոսական տեղի համար Գրիգորիոսը՝ Գրիգոր Աստուածաբանի հայրը, նոյն Ղեւոնդ պատրիարքի կողմից եպիսկոպոսական ձեռնադրութիւն ընդունեց:
Իսկ Գրիգոր Աստուածաբանի ծնունդը եղաւ իր հօր քրիստոնէութեան դարձի սկզբում այսպիսի սքանչելիքով: Նրա բարեպաշտ մայրը ստէպ-ստէպ խնդրում էր Աստծուն իրեն արու զաւակ պարգեւել: Եւ նախքան յղիանալը խոստացաւ նրան Տուողին ընծայել՝ նուիրելով Տիրոջ տաճարի ծառայութեանը կամ մենակեցութեան ուխտին: Երկար ժամանակ յարատեւելով այդ պաղատանքներում` մի անգամ մայրն անուրջի մէջ տեսաւ այն մանկանը, որին պէտք է ունենար: Անուրջը տեւեց այնքան [ժամանակ], մինչեւ մտքի մէջ պայծառ ձեւաւորուեցին նրա կերպարանքն ու առաքինազարդ բարեմասնութիւնները: Նմանապէս եւ իմացաւ նրա անունը, որը պէտք է Գրիգոր լինէր: Ամէն ինչ անվրէպ կատարուեց ըստ տեսիլքի, ու մանուկն աճում էր՝ կրթուելով աստուածապաշտութեամբ: Երբ մեծացաւ, մայրը նրան յայտնեց իրեն Աստծուն նուիրաբերելու իր ուխտի մասին, իսկ Գրիգորը խնդամիտ յօժարութեամբ յանձն առաւ լսածը, քանզի նա ամէն բանում հնազանդ էր իր քրիստոսասէր ծնողի հոգելից խրատներին:
Եւ մինչդեռ փոքր էր, երազում տեսաւ երկու պարկեշտ կոյսերի, որոնք կային իր առջեւ լռութեամբ եւ խոնարհութեամբ ու աչքերը գետնին յառած: Գրիգորը նրանց հարցրեց. «Ովքե՞ր էք դուք»: Նրանցից մէկն ասաց. «Ես մաքրութիւնն եմ», իսկ միւսը՝ «Ես պարկեշտութիւնն եմ», եւ յորդորեցին նրան նմանուել իրենց: Նրանք ասացին. «Մենք սիրելի ու հարազատ ենք երկնաւոր Թագաւորին: Եւ ովքեր նմանւում են մեզ, նրանց զարդարում ենք լուսեղէն զգեստներով ու տանում կանգնեցնում աստուածութեան Աթոռի առջեւ»: Սա ասելով՝ նրանք հեռացան: Գրիգորն արթնանալով սկսեց մտածել հրեշտակային առաքինութիւնների պատուի մասին եւ ցանկացաւ անթերի կերպով դրանք կերպաւորել իր անձում: Հասակի աճելուն զուգընթաց, երբ իր մէջ առաջ էին գալիս ընդդէմ մաքրութեան ու պարկեշտութեան չար խորհուրդներ, նա յիշում էր այդ տեսիլքը եւ անդորր գտնում հոգով: Օրըստօրէ նրա առջեւ այնքան էր քաղցրանում առաքինութեան ճանապարհը, որ նա ոչինչ էր համարում բոլոր երկրաւոր վայելչութիւններն ու ինչպէս դառը դեղից՝ խորշում էր ճոխ կերակուրներից, հանդերձներից, բոլոր զուարճութիւններից եւ իր հասակակիցների բոլոր զբաղմունքներից:
Գրիգորն ունէր մի եղբայր ու մի քոյր՝ Կեսարիոսը եւ Գորգոնիան, որոնք իր նմանութեամբ մեծացան բարեպաշտ վարքով, սակայն Գրիգորն անհամեմատ վեր գտնուեց նրանցից: Նա իր մատաղ հասակում նրանց համար առաքինասիրութեան ու երկիւղածութեան սքանչելի օրինակ էր: Բարեպաշտ մայրը բազում անգամներ Գրիգորի ձեռքն էր դնում սուրբերի վարքագրութիւնները եւ պատմելով սուրբ նահապետների պատմութիւնները՝ յորդորում էր նրան հետեւել նրանց աստուածահաճոյ ընթացքին: Այդպէս մանուկ Գրիգորն անյագ փափագով առաջադիմում էր սուրբ գրքերի ուսման մէջ ու հոգու զմայլանքով խորամուխ լինում դրանցում:
Երբ պատանի դարձաւ, կամեցաւ ուսանել նաեւ ներքին եւ արտաքին իմաստութիւնները: Ու քաղաքում չգտնելով մէկին, որից կարողանար ուսում ստանալ, որոշեց գնալ կրթութեան կենտրոններ, որի համար համոզելով ծնողներին՝ մեկնեց նախ Կապադովկեան Կեսարիա, իսկ որոշ ժամանակ անց մի քանի իր ուսումնակիցների հետ ուղղուեց դէպի Պաղեստինեան Կեսարիա, ուր մնալով ոմն Թեսպէս անունով մեծանուն հռետորի մօտ՝ կարճ ժամանակում ձեռք բերեց մեծ գիտելիքներ, սակայն ձգտելով առաւելագոյնին՝ տեղափոխուեց Աղեքսանդրիա, որտեղ գիտական դպրոցն առաւել հռչակաւոր էր: Եւ երբ այնտեղ էլ մեղուաջան աշխատասիրութեամբ իմաստութեան մեծ պաշար ամբարեց իր անձում, այնուհետեւ տենչաց հասնել Աթէնք, որը համարւում էր իմաստութեան մայրաքաղաք ու իմաստասէրների վայր: Շտապ այնտեղ հասնելու փափագով չսպասեց նաւարկութեան համար բարենպաստ եղանակի, այլ անբարեխառն եղանակին շտապեց նաւ նստել: Եւ ահա ծովում յանկարծակի մեծ մրրիկ սկսուեց, ու նաւն այնքան վտանգուեց, որ բոլոր նաւորդները կտրեցին ապրելու յոյսը եւ սկսեցին բարձրաձայն ողբալ իրենց կորստեան համար: Իսկ Գրիգորը ոչ այնքան մահից, որքան հոգու վտանգից էր զարհուրում, վախենում էր մեռնել առանց սուրբ Աւազանի լուացման եւ կորստեան մատնուել: Ըստ ժամանակի տարադէպ սովորութեան, որն արմատացած էր շատերի մօտ, նա եւս որոշել էր մկրտուել երիտասարդ տարիքում: Այդ պատճառով արտասուքներ հոսեցնելով՝ ողբում էր դառնագին ու ասում. «Մինչ սպասում էի կենդանի Ջրին, ժամանեց ինձ մահառիթ ջուրը»: Եւ գոչում էր Տիրոջը. «Թող ինձ չընկղմեն կորստական ծովի ջրի հոսանքները, մինչեւ չլուացուեմ սուրբ Աւազանի կենարար Ջրով»: Եւ այնպիսի աղիողորմ ձայն բարձրացրեց երկինք, որ նաւորդներն ու նաւաստիները, մոռանալով իրենց անձերի վտանգը, սկսեցին կարեկցութեամբ հարցնել Գրիգորի ողբի պատճառը: Իսկ նա պատասխանելու փոխարէն առաւել ողբագին ձայնով էր աղաղակում Նրան, Ով միայն կարող է սքանչելագործել: Իր խնդրանքներում նա յիշատակում էր Աստուծոյ հրաշագործութիւնները Եգիպտոսում ու Կարմիր ծովում եւ ասում. «Տէ՛ր, կարող ես եւ այժմ, փրկի՛ր մեզ, ինչպէս կամենում ես»: Նաեւ խոստացաւ կորստից ազատուելու դէպքում չյետաձգել իր մկրտութիւնը, բոլորանուէր ընծայուել Կեցուցչին՝ մերկանալով աշխարհից ու կրօնաւորութեամբ ծառայել Տիրոջը, ինչպէս ուխտել էր իր մայրը:
Ծովի այս ալեկոծութեան դէպքը տեսիլքով յայտնուեց Գրիգորի ծնողներին, որի համար նրանք եւս ուժգին գոչմամբ աղաղակեցին Աստծուն: Նրանց եւ Գրիգորի աղօթքները լսելի եղան: Եւ ահա նաւավարներից մէկը, որը Գրիգորի մտերիմն ու սիրելին էր, տեսաւ, որ նրա բարեպաշտուհի մայրը՝ Նունին, համարձակ մտնելով ծովը, քայլեց ջրերի վրայով, բռնեց նաւից եւ ցամաք հանեց: Ու մինչ Գրիգորին պատմում էր տեսիլքի մասին, այն անմիջապէս իրականացաւ. անակնկալ պահին ծովը հանդարտուեց, եւ խաղաղութեամբ հասան Հռոդոս կղզի: Նաւում գտնուող անհաւատները, սա տեսնելով, խոստովանեցին, որ միայն քրիստոնեաների Աստուածն է Փրկիչ ու Օգնական, եւ նրանցից շատերը հաւատացին Քրիստոսին:
Սրանից յետոյ նաւարկելով յաջողակ հողմով՝ Գրիգորը հասաւ Աթէնք, ուր երկար տարիներ ուսումնասիրելով հելլէնական իմաստասիրութիւնը՝ իր անձում գիտական մեծ պաշար հաւաքեց: Այնտեղ եկաւ նաեւ Բարսեղ Կեսարացին, որը եւս ուսումնառութեան նպատակով շրջում էր Բիւզանդիայում ու միւս քաղաքներում: Նրանք երկուսով եղան մի սիրտ եւ մի հոգի՝ միմեանց հացակից ու բնակակից: Ձեռք ձեռքի տուած՝ դարձան արտաքին իմաստութեան քաջ գիտակներ եւ կարեւորը՝ խրատ ու օրինակ եղան իրենց ընկերներին, որ աւելի շատ առաջադէմ լինեն աստուածապաշտութեան, քան արտաքին գիտութիւնների ուսման մէջ: Իբրեւ մենակեացներ՝ նրանք ժուժկալում էին պահեցողութեամբ եւ աղօթքներով, ընթանում անարատ վարքով ու իրենց կրթում Սուրբ Գրքի ընթերցուածքներով, որի համար սքանչելատես եւ զարմանալի էին բոլոր աթէնացիների համար: Նրանց իմաստութեան ու առաքինութեան համբաւը տարածուեց ողջ Հելլադայում եւ հեռաւոր վայրերում, ու բոլորն ասում էին, թէ Աթէնքում չգտնուեց մէկը, որն իր կատարեալ առաքինութեամբ եւ դրան զուգահեռ` կատարեալ գիտութեամբ նման լինէր Գրիգորին ու Բասիլիոսին[2]:
Այդ օրերին՝ Տիրոջ 354 կամ 355 թուականին, ուսումնառութեան համար Աթէնք եկաւ Մեծն Կոստանդիանոսի եղբօրորդին՝ երիտասարդ Յուլիանոսը՝ ստահակ եւ չարանենգ մէկը: Տեսնելով նրա ընթացքն ու վարքը ՝ Գրիգորը կանխազգաց այն չարիքները, որ նա պիտի անէր իր թագաւորելուց ոչ քիչ անց, որի մասին յայտնեց նաեւ իր ուսումնակիցներին՝ ասելով. «Աւա՜ղ, ինչպիսի՛ չար կորիւն է սնուցում հռոմէական ինքնակալութիւնը, սակայն տայ Աստուած, որ սուտ դուրս գան իմ բերանի խօսքերը»: Սրանից յետոյ՝ 355 կամ 356 թուականին, Բարսեղը որոշեց հեռանալ Աթէնքից, քանզի այնտեղ չգտաւ այն, ինչ կարծում էր, եւ չյագեցաւ կատարեալ իմաստութեան հասնելու իր ծարաւը: Գրիգորը յոյժ տխրեց նրա մեկնելու համար, փորձեց մեծ ջանքերով նրան պահել, սակայն չկարողացաւ: Ապա միմեանց խոստացան դարձեալ հանդիպել իրար, միաբան հրաժարուել աշխարհից ու անապատի մենակեացների օրինակով Աստծուն ծառայելով՝ առանձնական կեանք վարել: Բաժանուելուց յետոյ նրանք ամէն օր հառաչանքներով յիշում էին միմեանց: Գրիգորը կամենում էր շուտ հասնել Բարսեղին, սակայն աթէնացիներն ու Գրիգորի այլ ուսումնակիցներն աղաչում էին նրան մնալ իրենց մօտ, որովհետեւ բոլորին ցանկալի էր վայելել նրա իմաստութեան պտուղները եւ տեսնել հրեշտակային վարքը: Կամենալով խափանել նրա որոշումը՝ անդադար համոզում էին նրան ընդունել աթէնացիների իմաստութեան Աթոռը ու լինել վարդապետ Արիսպագում: Գրիգորը, տեսնելով, որ իրեն արգելում են հեռանալ, միառժամանակ լռեց, ապա որոշ ժամանակ անց պատրուակով խոյս տուեց Աթէնքից եւ ուղղուեց դէպի Կոստանդնուպոլիս, ուր գտաւ իր Կեսարիոս եղբօրը, որը կրթութիւն ստանալու նպատակով նոր էր եկել Աղեքսանդրիայից: Ապա ծնողների թախանձանքով գնաց իր հայրենի քաղաքը՝ Նազիանզ, ուր, ինչպէս կարծւում է, նախ իր հօրից՝ Գրիգորիոս եպիսկոպոսից, մկրտութիւն ընդունեց եւ ապա փութով հեռացաւ բոլորից ու առանձնացաւ անապատում: Սակայն նրա ծնողները շուտով յետ դարձրին նրան եւ միառժամանակ արգելեցին հեռանալ իրենցից, ինչպէս եւ Բարսեղին՝ իր իւրայինները: Այսպէս, Գրիգորը, մնալով ծնողների մօտ, խնամում էր նրանց իրենց ծերութեան մէջ ու միաժամանակ անխոնջ կերպով պարապում հոգեւոր կրթութեամբ եւ Սուրբ Գրքի վերծանութեամբ: Բոլոր նրան տեսնողները զարմանում էին, որովհետեւ իր հօր տան կարեւոր գործերով զբաղուածութեան հետ մէկտեղ նա ունէր մենակեացների կատարեալ հանդարտութիւն, բնակակից էր մարդկանց, սակայն նրա քաղաքացիութիւնը երկնքում էր, քանզի իր մէջ ուխտել էր ամենուր ապրել ինչպէս անապատում ու ամէն բանում հոգու կարիքները նախապատիւ համարել մարմնի կարիքներից, զգոյշ պահել իր անձն աշխարհի բոլոր պատրանքներից, հանապազ վերինը խորհել, չդատարկաբանել, չերդուել, որեւէ մէկին չերդուեցնել, երբէք անգործ չմնալ, այլ գիշեր-ցերեկ ուսանել Սուրբ Գիրքը: Եւ առաքինասէր վարքով ամբողջովին միաւորուելով Աստուծոյ հետ՝ բազում անգամներ գիշերային տեսիլքներում յայտնապէս տեսնում էր Քրիստոսին եւ ընտանեբար խօսակցում Նրա հետ:
Այդ ժամանակներում՝ Կոստանդիանոսի որդի Կոստանդի թագաւորութեան տարիներին, զօրացել էին արիոսականները, եւ Գրիգորի հայրը՝ Նազիանզի Գրիգորիոս եպիսկոպոսը, զինուեց ընդդէմ նրանց՝ օգնականութիւն գտնելով իր որդուց, որն Աստծուց տրուած կատարեալ իմաստութեամբ ու ճշմարիտ աստուածաբանութեամբ յաղթում եւ յետ էր դարձնում մոլորուածներին: Արիոսականները, տեսնելով, որ իրենց մոլորութիւնը յանդիմանւում է ուղղափառների կողմից, որոշեցին մի տառի փոփոխութեան միջոցով որսալ տգէտներին ու գիտուններից շատերին: Քանզի պատճառ բռնելով, թէ բոլոր խռովութիւններն առաջ են գալիս «ÐmioÚsioj» բառի պատճառով, որը նշանակում է «համագոյ», այն փոխարինեցին «ÐmioÚsioj» բառով, որը նշանակում է «նմանագոյ», եւ ասում էին, թէ դա կը լինի ընդունելի բոլորի համար ու խաղաղութեան առիթ: Այսպիսի հնարքներով ժողով գումարեցին Սելեւկիայում եւ Արիմինայում, աղաւաղեցին նիկիական սուրբ հաւատի սահմանումը ու իբրեւ համաձայն նոյնին՝ խօսքերի յօրինուած շարադրութեամբ տարածեցին իրենց դաւանութիւնը: Եւ կայսեր հրամանով հարկադրեցին բազում եպիսկոպոսների ձեռք դնել իրենց ժողովի ձախողակ վճռի վրայ, որն էլ արեցին ոչ քիչ անուանի անձինք՝ չտեսնելով այլափառների[3] չարարուեստ խաբէութիւնը: Նոյն պատրանքներով բռնուեց նաեւ Գրիգորի հայրը՝ Գրիգորիոս եպիսկոպոսը, եւ ըստ ինքնակալի կամքի՝ ստորագրեց Արիմինայի վճիռը:
Սա տեսնելով՝ Նազիանզի Եկեղեցու ժառանգաւորներն ու մերձակայքում գտնուող մենակեացները խոյս տուեցին եւ հեռացան իրենց հովուի հետ հաղորդութիւնից, որը բռնուել էր արիոսականների թակարդով: Եւ նաեւ ինքը՝ Գրիգորը, նոյն պատճառով հեռացաւ հօրից՝ օտարութիւն ցուցաբերելով նրա հանդէպ, սակայն մտածում էր տարբեր միջոցներով իր ծերունի հօրը ճշմարտութեան ճանապարհին դարձնելու մասին ու իրենից զատուած ծնողին դարձեալ միաբանել իր հետ: Եւ անցնելով ծանր խնդիրների ու երկպառակութիւնների միջով՝ սքանչելի Գրիգորը, որը զարդարուած էր իմաստութեամբ եւ բոլոր առաքինութիւններով, շահեց հովուին ու ամբողջ հօտին, քանզի փրկեց հօրը նենգամիտների պատրանքներից, ժողո-վրդին հաշտեցրեց նրա հետ եւ իր աստուածախօս բերանի հանապազօրեայ վարդապետութեամբ բոլորին հաստատեց նիկիական հաւատի ուղղափառ դաւանութեան մէջ: Ու այնքան վսեմ եւ խորին էին նրա խօսքերը, միանգամայն ճարտար ու վայելուչ, որ բոլոր լսողներին ձգում էր դէպի իրեն եւ համոզում բոլոր դժուարալուր ականջ ունեցողներին:
Երբ թագաւորեց Յուլիանոս Ուրացողը, նա հրամայեց Գրիգորի Կեսարիոս եղբօրը արքունիքում կարգել աւագանու դասում, որի մասին լսելով՝ երանելի Գրիգորը յորդորական խրատ գրեց եղբօրը՝ զգուշացնելով հեռու մնալ թունաւոր չար վիշապներից: Եւ նա, անսալով իր հարազատ եղբօր ազդու ու հոգեշահ խրատին, ինքնակամ հրաժարուեց արքունական պատիւներից եւ աճապարելով վերադարձաւ իր հայրենիք, որի համար յոյժ ուրախ եղաւ Գրիգորը: Սակայն առաւել ուրախ էր այն բանի համար, որ այնուհետեւ Կեսարիոսը կը հոգայ իր հօր տան կարիքները, ու ինքը կը կարողանայ հեշտութեամբ դիմել առանձնութեան՝ իր մտերիմ Բասիլիոսի մօտ: Եւ մինչ պատրաստւում էր հեռանալ, հայրը բռնադատեց նրան ու քահանայ ձեռնադրեց, որպէսզի իր ծերութեան օրերին օգնական լինի իրեն Եկեղեցու խնդիրների համար: Նոյն օրինակով Բարսեղը եւս, բռնադատուելով իւրայիններից, քահանայ օծուեց: Այդ առիթով Գրիգորը նրան գրեց. «Ինչպէս դու, այնպէս էլ ես, միօրինակ կերպով բռնուեցինք»: Սակայն որոշ ժամանակ անց, երբ գժտութիւն ծագեց Կապադովկեան Կեսարիայի եպիսկոպոս Եւսեբէոսի ու Բարսեղի միջեւ, վերջինս խոյս տուեց անապատ՝ դէպի իր ցանկալի առանձնութիւնը: Լսելով այս խռովութեան մասին՝ Գրիգորը, նրանց երկուսին նամակներ գրելով, հաշտեցրեց նրանց եւ ապա փութաց ինքը եւս գնալ անապատ՝ Բարսեղի մօտ, սակայն մահուան դռներին հասած ծնողների ծանր հիւանդութիւնը խափանեց իր որոշումը: Ապաւինելով աղօթքին՝ նա Աստծուց բժշկութիւն ստացաւ ծնողների համար, եւ այդպէս յաջողուեց նրան գնալ Բարսեղի մօտ՝ Պոնտոսի կողմերը: Այնժամ, ինչպէս ուխտել էին միմեանց, սկսեցին հանդարտել իրարից փոքր-ինչ հեռու գտնուող առանձին վայրերում, իրենց անձերում կեանքի կոչել առաքինութիւնները ու մի հոգով նահատակուելով[4]՝ պահեցողութեամբ, աղօթքներով եւ մարտահանդէսներով կրել կրօնաւորական կեանքի խստակեցութիւնը: Միասին յաճախակի իմաստասիրում էին քրիստոնէական հաւատի շուրջ ու շարադրում անբիծ կենցաղավարութեան մասին բազում ճառեր: Երանելի Գրիգորն ասում էր. «Հրաժարւում եմ հելլէնական իմաստութիւնից, քանզի այն պիտանի չեղաւ ինձ: Այլ հարկ է արհամարհել այն եւ ուսանել ու ճաշակել աստուածային վարդապետութեան քաղցրութիւնը, քանզի Տիրոջ խօսքերն իմ քիմքին առաւել քաղցր եղան, քան մեղրախորիսխը: Աստուածային սուրբ գրքերից ես ճանաչեցի երկրաւոր իմաստութեան սնոտի խաբէութիւնները, որը, արտաքինից պաճուճուած լինելով, ինչ-որ բան է թւում, սակայն իրականում թերի է գտնւում»:
Պատահեց, որ Բարսեղի ծանօթները թախանձանքով նրան Կեսարիա կանչեցին, իսկ նա նամակով նրանց պատասխանեց. «Ինչպէ՞ս կարող եմ հեշտութեամբ բաց թողնել բազում չարչարանքներով հազիւ գտած փափագելի իմ առանձնութիւնը: Ներեցէ՛ք ինձ, աղաչում եմ ձեզ, եւ թոյլ տուէք միառժամանակ վայելել այս երանութիւնը, որին արժանացայ, քանզի ես կենդանի ջրի խոր ջրհոր եմ գտել՝ ընտրեալ անօթ, Քրիստոսի բերան, երանաշնորհ անձ Գրիգորին»:
Անապատից Գրիգորը յանդիմանական գիր ուղարկեց ուրացող Յուլիանոսին, որը քրիստոնեայ պատանիներին արգելում էր ուսանել արտաքին իմաստութիւնը, մինչեւ չընդունեն հեթանոսական կրօնը, «քանզի,- ասում էր,- եթէ իմանան իրենցն ու սովորեն մերը, կը մարտնչեն մեր դէմ»: Իսկ Գրիգորը, գտնելով, որ քրիստոնեաները կարիք չունեն արտաքին իմաստութեան, աստուածիմաստ հանճարով շարադրեց բազում ճառեր, իմաստասիրական խօսքեր եւ պէս-պէս տաղաչափութիւններ: Դրանք ուսանելու համար տուեց քրիստոնեայ զաւակներին, որոնք առաւել խորամուխ եղան դրանցում, քան արտաքին գիտութիւնների ուսման մէջ: Յուլիանոսը, տեսնելով, որ ոչինչ չկարողացաւ անել, վերացրեց իր նախկին հրամանը, քանզի տեսաւ, որ Գրիգորի՝ հանճարով լի գրութիւնները յոյժ վեհագոյն էին, քան հելլէնական իմաստուններինը: Եւ ամենակարեւորը. Գրիգորը քաջապէս ցոյց էր տալիս, որ արտաքին գիտութիւններն առանց Սուրբ Գրքի հետ միաբանութեան լոկ ստուեր են՝ հիմնովին անհաղորդ լոյսին ու լի ունայնաբանութեամբ:
Այս ամէնից յետոյ Գրիգորը ծեր ծնողների թախանձանքով մերթ գնում էր իր հայրենի Նազիանզ քաղաքը, մերթ անապատ՝ Բարսեղի մօտ: Բայց երբ թագաւորեց արիոսական Վաղէսը, եւ դարձեալ արիոսականները համարձակութիւն ստացան, Գրիգորի հայրը ստիպուած որդուն իր մօտ կանչեց, որը հարկադրուած դարձաւ անապատից ու մեծ նպաստ բերեց Եկեղեցուն: Ջանաց նաեւ, որ Բարսեղը եւս անապատից գայ Կեսարիա եւ ձեռք մեկնի ուղղափառ դասին: Գրեց նրա եղբօրը՝ Գրիգոր Նիւսացուն, որն այն ժամանակ ուսումնասիրում էր արտաքին գիտութիւնները, թողնել երկրաւոր իմաստութիւնն ու հետամուտ լինել աստուածային գիտութեանը, որպէսզի կարողանայ հաւատացեալների միջից հեռացնել հերձուածողների չար սերմերը: Եւ նրանք երեքով Եկեղեցու լուսաւորութեան համար եղան իբրեւ եռալոյս պայծառ ջահ: Սակայն այս բոլոր ջանքերով հանդերձ, որ նրանք ներդնում էին Եկեղեցու օգտի համար, Գրիգորն ու Բարսեղը չէին թողնում իրենց առանձնութիւնը: Նրանք, ստէպ-ստէպ հանդարտելով մերձակայ աւաններում, ճգնում էին խստակրօն վարքով եւ աստուածային խոկումներով ու իրենց քաղաքներն էին գնում միայն Եկեղեցու կարեւոր խնդիրների լուծման համար:
Մահացաւ Գրիգորի եղբայրը՝ Կեսարիոսը, եւ Աստուածաբանը նրան պատուեց ներբողական ճառով՝ վկայելով նրա մասին, թէ բազում անգամներ է տեսել նրա հոգին՝ զուարթ ու լուսափայլ: Եւ քանի որ ծնողները յոյժ ծերացել էին, հարկ եղաւ, որ Գրիգորը մնայ տանը ու իր հօր փոխարէն, որը մօտ 90 տարեկան էր, լինի Նազիանզի Եկեղեցու հոգաբարձուն:
Այդ օրերին վախճանուեց նաեւ Կապադովկեան Կեսարիայի Եւսեբէոս եպիսկոպոսապետը, եւ նրան յաջորդեց երանելի Բարսեղը, որը ձեռնադրուեց Գրիգոր Աստուածաբանի հօր կողմից: Իսկ սա եղաւ Գրիգորի ջանքերով, քանի որ գիտէր Բարսեղի առաքինութիւնները, համարում էր նրան քաջ ախոյեան՝ ընդդէմ ժամանակի աղանդաւորների, եւ միայն նրան էր ճանաչում արժանի այդ Աթոռին: Այնուհետեւ սուրբ Բարսեղը Եկեղեցում ծագած խնդիրներում իրեն օգնական լինելու համար յաճախ իր մօտ էր կանչում Գրիգոր Աստուածաբանին՝ ասելով. «Միայն քո ներկայութիւնը բաւական է` յաղթելու հաւատի թշնամիներին»: Եւ այդպէս օգնական էր լինում նրան Եկեղեցու բարեկարգութեան բոլոր գործերում: Հոգում էր նաեւ աղքատների մասին, որոնց համար կառուցել տուեց հիւանդանոցներ, հիւրանոցներ ու աղքատասիրութեան մասին սքանչելի ճառեր գրեց:
Որոշ ժամանակ անց, երբ իշխանասէր անձանց կողմից Բարսեղի թեմի համար խռովութիւն ծագեց, նա ստիպուած եղաւ աւելացնել եպիսկոպոսարանները: Նա, բռնադատելով նաեւ Գրիգորին, կամեցաւ նրան Սասիմի եպիսկոպոս ձեռնադրել, որպէսզի կարողանայ տիրապէս հովուել ժողովրդին իր աստուածախօս վարդապետութեամբ: Սակայն Գրիգորը հրաժարւում էր, որպէսզի չզրկուէր իր առանձնութիւնից եւ հոգեպարար անզբոս կեանքից, ու բացի դրանից՝ այդ վայրը լի էր աշխարհական խուռն բազմութեամբ: Յատկապէս տեսնում էր, որ ժողովրդի մէջ բազում խօսակցութիւններ կային չարակն ու մախացող մարդկանց կողմից, որոնք աղանդաւորների բանսարկութեամբ բամբասում էին իրենց երկուսի բարեկամութիւնից: Մինչեւ անգամ կարողացան փոքր-ինչ տարաձայնութիւն գցել նրանց մէջ, իսկ սուրբ Բարսեղը, ոչինչ համարելով այդ ամէնը, շտապ եկաւ Նազիանզ եւ Գրիգորին ձեռնադրեց Սասիմ քաղաքի եպիսկոպոս: Սակայն թշնամիների առաջացրած խռովութիւնները թոյլ չէին տալիս Գրիգորին համարձակապէս հովուել, որի համար նա չկամեցաւ նստել այդ Աթոռին ու առանձնութեան ձգտելով՝ ինքնակամ դարձաւ իր տեղը: Այնժամ նրա ծերունի հայրը հարկադրեց նրան ընդունել նաեւ Նազիանզի իր Աթոռը, քանզի ինքն այլեւս չէր կարող հովուել հօտը: Երանելի Գրիգորը թէպէտ շատ ընդդիմացաւ, սակայն յաղթուելով հնազանդութիւնից՝ յանձն առաւ գործակցել հօրը` այն պայմանով, որ նրա մահից յետոյ չստիպեն իրեն մնալ Աթոռին, այլ ըստ իր փափագի՝ թոյլ տան իրեն առաձնանալ:
Սրանից յետոյ՝ Տիրոջ 373 թուականին, վախճանուեց նրա հայրը՝ Նազիանզի եպիսկոպոս երանելի Գրիգորիոսը, որն ապրեց ոչ պակաս քան հարիւր տարի եւ 44-45 տարի վարեց եպիսկոպոսական պաշտօնը: Սուրբ Գրիգորը Մեծն Բարսեղի ներկայութեամբ դամբանական ճառով մեծապէս պատուեց հօրը, խօսքի սկիզբը նրան՝ Բարսեղին ուղղելով, ապա հիասքանչ կերպով խօսեց հօր առաքինութիւնների մասին: Դեռեւս կենդանի էր բարեպաշտուհի մայրը՝ Նունին, որին եւս արժանապէս դրուատեց ու մխիթարեց: Իսկ երբ որոշ ժամանակ անց վախճանուեց նաեւ մայրը, երանելի Գրիգորը, ազատուելով բոլոր հոգսերից, յայտարարեց նազիանզացիներին. «Ես այլեւս ձեր եպիսկոպոսը չեմ եւ ազատ եմ Եկեղեցու բոլոր գործերից: Ձեզ համար հովիւ ընտրեցէք ու ինձ ազատ թողէք»: Բայց քաղաքացիները եւ մերձակայ գաւառների առաջնորդներն ընդդիմացան ու իր փոխարէն մէկին ընտրելու խոստումով աղաչեցին, որ նա միառժամանակ մնայ իրենց մօտ, սակայն մտադիր չէին որեւէ մէկին ընտրել, այլ կամենում էին նրան մշտապէս պահել: Այնժամ ծածկաբար խոյս տուեց Նազիանզից եւ գնաց Սելեւկիա՝ Ս. Թեկղի վանք, ուր մնաց բաւական ժամանակ՝ մտածելով, որ այդ ընթացքում որեւէ մէկին Նազիանզի եպիսկոպոս կ’ընտրեն: Անցան հինգ տարիներ, ու նազիանզացիներն իրենց եպիսկոպոս չընտրեցին: Որոշ առաջնորդներ սկսեցին մեղադրել Գրիգորին` հօտն անտերունչ թողնելու համար, եւ այդ պատճառով Տիրոջ 378 կամ 379 թուականին ժողովրդին հովուելու համար նա ստիպուած վերադարձաւ Նազիանզ, սակայն յաճախակի յիշեցնում էր, թէ՝ «Ե՛ս չեմ տեղի եպիսկոպոսը, որեւէ մէկին ձեզ հովիւ ընտրէք»: Այդ շրջանում երանելին ծանր ճգնութիւններից ու չարչարանքներից հիւանդացաւ եւ այդ դրութեան մէջ լսեց Կեսարիայի հայրապետի՝ սուրբ Բարսեղի՝ այս կեանքից փոխման մասին, որից խորը տրտմութեան մէջ ընկաւ: Գրիգորը մխիթարական նամակ գրեց նրա եղբօրը՝ Գրիգոր Նիւսացուն, իսկ երբ փոքր-ինչ թեթեւացաւ հիւանդութիւնը, շարադրեց Բարսեղին նուիրուած մի ներբող, ուր նկարագրում էր նրա սրբութեան նախանձելի վարքը: Նրան, ըստ իր վկայութեան, բազում անգամներ տեսնում էր գիշերային տեսիլքներում ու նրանից ընդունում պատգամներ եւ քաջալերութիւն՝ արիաբար մնալու իր ծառայութեան մէջ ու չդադարելու Եկեղեցու օգտի համար աշխատելուց:
Այդ օրերին Անտիոքում տեղի ունեցաւ եպիսկոպոսական ժողով՝ Եկեղեցու խաղաղութեան համար միջոց գտնելու եւ բոլոր Եկեղեցիներում ուղղափառ հովիւներ կարգելու համար, որպէսզի արիոսականներն իսպառ չզօրանան: Ժողովի մասնակից հայրերը նամակ գրեցին երանելի Գրիգոր Նազիանզացուն ու հրամայեցին, որ նա առանց վարանելու գնայ թագաւորական քաղաք՝ Կոստանդնուպոլիս, եւ առաջնորդի ժողովրդի ուղղափառ դասին, որովհետեւ արիոսականներն այնտեղ առաւել էին զօրացել, ու նաեւ բազմացել էին տեսակ-տեսակ հերձուածները: Մեծ էր Եկեղեցու վտանգը, եւ չկար մէկը, որ կարողանար յաղթել չարափառներին եւ ուղղափառներին հաստատուն պահել ճշմարիտ վարդապետութեան մէջ, բացի երանելի Գրիգորից, որի իմաստութեան ու սրբութեան համբաւը տարածուել էր ամենուր: Այնժամ բռնադատուելով հայրերի հարկադրող հրամանից՝ Տիրոջ 379 թուականին գնաց Կոստանդնուպոլիս: Այդ շրջանում մեռաւ արիոսական Վաղէս կայսրը, եւ ինքնակալ ընտրուեց բարեպաշտ Մեծն Թէոդոսը:
Երբ Գրիգորը հասաւ թագաւորանիստ քաղաք, քանի դեռ այդտեղ չէր եկել Թէոդոս արքան, չկարողացաւ ազատօրէն գործել, որովհետեւ նրան խոչընդոտում էին արիոսականները, որոնք Վաղէսի ու Կոստանդի ժամանակներից սկսած տիրում էին Եկեղեցուն: Այդ պատճառով իջեւանեց իր ծանօթներից մէկի տանը, ուր ծածկապէս ժողովւում էին ուղղափառները եւ լսում նրա քարոզութիւնները: Այդ տեղն այնուհետեւ դարձաւ ուղղափառների ժողովատեղի, աղօթարան ու տիրապէս ուղղափառութեան վերահաստատման վայր, որը թւում էր, թէ արդէն կործանման վտանգի տակ էր: Ուստի այդ հաւաքատեղին կոչուեց «Անաստասիա», որը թարգմանւում է «Յարութիւն», ուր յետագայում Եկեղեցի կառուցուեց:
Եւ թէպէտ սուրբի քարոզութեան վայրն այդպէս անշուք ու աննշան էր թւում, սակայն այն օրից, ինչ երանելին մուտք գործեց այնտեղ, քաղաքում ծաղկեց ուղղափառութիւնը, եւ բեկուեց այլափառների զօրութիւնը: Կատարուեց Սուրբ Գրքի այն խօսքը, թէ՝ «Դաւթի տունը գնալով զօրանում էր, իսկ Սաւուղի տունը` գնալով խաւարում»: Այնտեղ երանելի Գրիգորը բազմութեան առջեւ երեւան հանեց իր հրաշալի աստուածաբանութեան աստուածաձիր պարգեւը: Ամէն օր ժողովուածներին խորիմաստ ու ազդու խօսքերով վարդապետում էր համագոյ եւ միասնական Սուրբ Երրորդութեան հրաշափառ Խորհուրդը ու քարոզում Միածնի անճառ տնօրէնութիւնը: Քարոզում էր Բանի աստուածութիւնը՝ ընդդէմ քրիստոսամարտների, եւ Սուրբ Հոգու աստուածութիւնը՝ ընդդէմ հոգեմարտների: Այդպէս ուղղափառ դասին հաստատեց Ճշմարտութեան մէջ ու ամաչեցրեց հակառակորդներին, քանզի մէկ առ մէկ հերքում էր ժամանակի բոլոր աղանդաւորների՝ արիոսականների, մակեդոնականների, եւնոմէականների, փոտինեանների, մարկեղականների, սաբելէականների, ապողինարների, նովատիանոսների եւ նրանց նմանների սնոտի բարբաջանքները: Սրանք յաճախ էին վիճաբանութիւնների մէջ մտնում նրա հետ, սակայն գլխիկոր յետ էին դառնում, քանզի նա, զօրացած Տիրոջով, յաղթում էր հազարաւոր հակառակորդներին: Կոստանդնուպոլսի ժողովուրդը զարմանում էր երանելի Գրիգորի բերանից ելնող աստուածիմաստ խօսքերից, որի համար նրան կոչեցին Աստուածաբան ու պատուեցին Յովհաննէս Աւետարանչի առանձնական անուամբ:
Օրըստօրէ ծաղկում էր Աստուածաբանի վարդապետութիւնը, եւ բազում մոլորուածներ կանգնեցին ճշմարտութեան ճանապարհի վրայ: Չարացան նրա դէմ հաւատի հակառակորդները՝ արիոսականներն ու նրանց արբանեակները, եւ չկարողանալով խօսքով ընդդիմանալ նրան՝ սկսեցին տեսակ-տեսակ անարգանքներով համբաւազերծ անել նրան: Լինում էր, որ քաղաքով մէկ ծաղրում էին նրան ՝որպէս աննշան ռամկի, լինում էր, որ անարգում էին հանդերձների համար՝ իբրեւ քրձազգեստ մէկի, երբեմն էլ նուաստացնում էին ծերութիւնից ու հիւանդութիւնից ձեռք բերած անշուք տեսքի համար եւ այդպէս լրբութեամբ ծաղրանքի ենթարկում: Քանզի նախանձաբեկ լինելով նրա սքանչելի, պերճախօս ու հրաշախօս բեմասացութիւններից՝ անարգական նետեր էին արձակում նրա վրայ՝ նրան նմանեցնելով գուսաններին եւ վարձկաններին: Իսկ մի անգամ էլ իրենց սաստիկ չարութիւնից ատամները կրճտացնելով՝ բրիչներով ու քարերով յարձակուեցին նրա վրայ, սակայն Տէրը նրան անվնաս պահեց նրանց ձեռքից: Դարձեալ մէկ այլ անգամ սուտ մեղադրանքներ բարդեցին նրա վրայ, թէ իբր յանցաւոր է արքունի օրէնքը խախտելու մէջ, եւ նրան կապանքներով կանգնեցրին հեթանոս դատաւորի առջեւ: Սակայն երբ երանելին հեզութեամբ ապացուցեց իր անմեղութիւնը, դատաւորը հրամայեց նրան ազատ արձակել:
Այս բոլոր եւ նաեւ այլ բիւրապատիկ վշտերի ու հալածանքների մէջ երանելին միշտ անվրդով էր մնում: Եւ որքան սաստկանում էր ոսոխների գազանութիւնը, այնքան նա՝ իբրեւ անմեղ գառ, սիրով ու քաղցրութեամբ էր խօսում նրանց հետ, որով եւ անհամար թշնամիների դէպի իրեն էր ձգում: Նա այնպիսի առանձնական շնորհ ունէր, որ պատեհ ժամին, ըստ իրեն լսողների ընդունելութեան, այնպէս էր մատուցում խօսքը, որ անհնար էր նրան մի անգամ աննախանձ լսողին չյարել նրան: Այդպէս շատերին դարձրեց մոլորութիւնից եւ ուղղափառ հաւատին համընթաց` քաղաքում ծաղկեցրեց աստուածապաշտութիւնը:
Ու քանի որ նրա համբաւը տարածուել էր հեռաւոր վայրերում, նրան սկսեցին այցելել շատ երեւելի մարդիկ, որոնցից մէկն էր Մեծն Հերոնիմոս Գաղմատացին: Սա հռոմէացի լուսաւոր եւ բարեբեր վարդապետներից էր՝ ծաղկած ամէն գիտութեամբ, եւ այդ ժամանակ գտնւում էր ասորիների երկրում: Նա գնաց Բիւզանդիա՝ Գրիգոր Աստուածաբանի մօտ, ու իր համար փառք համարեց համարուել նրա աշակերտներից մէկը, «քանզի,- ասում էր,- անհամեմատ գերագոյն եմ տեսնում սրա վարդապետութիւնը, քան յոյների եւ լատինների ուսմունքը»:
Ու երբ ամենուր բազմացան երանելի Գրիգորի բարեկարգութեան արդիւնքները, Կոստանդնուպոլսի ուղղափառ ժողովուրդը միաբանուեց՝ նրան պատրիարք կարգելու համար, քանզի այդ ժամանակ չունէին ուղղափառ եպիսկոպոս: Այս որոշմանը միաւորուեց նաեւ Աղեքսանդրիայի հայրապետը՝ Պետրոս Երկրորդը, եւ գրութեամբ հաստատեց նրան` որպէս թագաւորանիստ քաղաքի հովուապետ: Սակայն երանելի Գրիգորն ընդդիմացաւ, յանձն չառաւ այդ պատիւը ու մինչեւ անգամ արտասուքներով աղաչեց ժողովրդի իշխանաւորներին, որպէսզի այլ արժանաւոր մէկին ընտրեն, սակայն նրանք չհրաժարուեցին իրենց որոշումից եւ նրան իրենց հայրապետ կարգեցին:
Ու քանի որ դեռեւս արիոսականների ձեռքին էին գտնւում Եկեղեցիները, իսկ ինքնակալ Թէոդոսը պատերազմական եւ այլ խնդիրների լուծման համար գտնւում էր հեռաւոր երկրներում, արիոսականները մեծ աղմուկ բարձրացրին թագաւորական քաղաքում ու բազում չարիքներ պատճառեցին ուղղափառների դասին: Իսկ երանելի Գրիգորը, չարին բարութեամբ հատուցելով, սիրով եւ քաղցրութեամբ նուաճեց բոլոր թշնամիներին:
Երբ Թէոդոսը հասաւ Թեսաղոնիկէ եւ տեղեկացաւ Եկեղեցու խռովութեան ու արիոսականների ստահակութեան մասին, արձակեց մի հրովարտակ, ըստ որի՝ թագաւորական քաղաքում չպէտք է գտնուէր Նիկիական հաւատից շեղուած որեւէ մէկը, իսկ բոլոր աղանդները պէտք է կա՛մ միաբանուէին Եկեղեցուն, կա՛մ հեռանային քաղաքից: Այս հրամանով թէպէտ զօրացան ուղղափառները, սակայն իսպառ չընկրկեցին չարափառները, քանզի ոչ բոլորը հեռացան քաղաքից, իսկ շատերն էլ յայտնապէս ընդդիմացան արքունի հրովարտակին ու մինչեւ անգամ հրապարակում արիւնահեղութիւն արեցին: Բայց սուրբ Գրիգորը շարունակում էր հեզահամբոյր վարք ցուցաբերել ընդդէմ գազանացած թշնամիների եւ ջանում էր քաղցրութեամբ գրաւել նրանց սրտերը: Միշտ սիրալիր յորդորանքներով էր խօսում նրանց հետ ու այնպիսի մարդասիրութիւն ցուցաբերում, որ շատերը, յաղթուելով նրա սիրուց, յօժարութեամբ խոնարհւում եւ հպատակւում էին Եկեղեցուն: Սակայն Աստուծոյ մարդու այս գովելի ընթացքը, որով դիւրագոյն կերպով բոլորին որսում էր Աւետարանի ուռկանի մէջ, անպատեհ թուաց ուղղափառների դասին, որոնք, այդքան ժամանակ կեղեքուած լինելով արիոսականներից, համարձակութիւն գտնելով Մեծն Թէոդոսից, կամեցան հատուցել նրանց ու սկսեցին քրթմնջել Աստուածաբանից:
Ժողովրդի այս տրտունջը խռովութեան մեծ դուռ բացեց, քանզի մախացողներից եւ փառասէրներից ոմանք Աստուածաբանին Աթոռից հեռացնելու համար սկսեցին արատաւորել նրան: Նրանց գլխաւորում էր ոմն Մաքսիմոս Աղեքսանդրացի՝ մի այր՝ խորամանկ ու ճարտար խառնակութիւններ եւ յուզումներ առաջացնելու մէջ, որը եղել էր կիւնիկեան, այսինքն՝ իմաստասէրների շնական[5] աղանդի անդամ ու մի ժամանակ զոհաբերել նաեւ կուռքերին: Նա աքսորուած է եղել իր անիրաւութիւնների համար, սակայն աքսորից փախուստ էր տուել, իրեն քարոզում էր որպէս հալածուած Քրիստոսի անուան համար եւ հանդէս գալիս որպէս կենդանի նահատակ: Արդ, սա նախ կեղծապատիր հնարքներով շնորհ գտաւ երանելի Գրիգորի առջեւ, բազում բարերարութիւններ ստացաւ նրանից ու մինչեւ անգամ դարձաւ նրա սիրելի սպասաւորներից եւ աշակերտներից մէկը, իսկ ապա՝ նաեւ բնակակիցն ու սեղանակիցը: Երբ նա լսեց Գրիգորի մասին ժողովրդի բողոքները, սկսեց յեղաշրջել ամբոխին ընդդէմ Գրիգորի եւ բազմութեանը գրաւել դէպի իր կողմը, քանզի հանդէս էր գալիս որպէս ամբողջ հոգով թշնամի չարափառներին ու ինչպէս ինքն էր ասում. «Գրիգորի պէս համախոհ եւ համահունչ չեմ ճշմարտութեան թշնամիներին»: Այս կերպով նա հաճոյացաւ ժողովրդին ու այնքան առաջ տարաւ իր չարարուեստ հնարքները, որ գրաւեց նաեւ Աղեքսանդրիայի Պետրոս պատրիարքի սիրտը: Վերջինս, հրաժարուելով իր նախկին մտահաճութիւնից, որով Գրիգորին պատրիարքութեան էր կարգել, Եգիպտոսից ուղերձ յղեց եպիսկոպոսներին, որպէսզի Կոստանդնուպոլսի Աթոռին նստելու համար ձեռնադրեն Մաքսիմոս Աղեքսանդրացուն:
Երբ եպիսկոպոսներն այդ նպատակով եկան թագաւորական քաղաք, մեծ ընդունելութեան արժանացան երանելի Գրիգորի կողմից: Եւ մինչ խորհուրդ էին անում այն գործի շուրջ, որ եկել էին իրագործելու, հիւանդացաւ երանելի Գրիգորը, ու եպիսկոպոսները, օգտագործելով այդ առիթը, Մաքսիմոսի հետ գիշերը հաւաքուեցին ոմն փողհար ռամկի տանը, ուր նրան եպիսկոպոս ձեռնադրեցին եւ կարգեցին Կոստանդնուպոլսի պատրիարք: Ու քանի որ կայսրը քաղաքում չէր, հրապուրանքներով եւ կաշառքներով քաղաքի մեծամեծներին հեշտութեամբ հաւանութեան բերեցին: Սակայն այդ բանին համաձայն էր ոչ ամբողջ ժողովուրդը, որի համար լուրը տարածուելուն պէս մեծ պառակտութիւն ընկաւ ժողովրդի մէջ, ու ողջ քաղաքն ալեկոծուեց: Իսկ երանելի Աստուածաբանը հիւանդ վիճակով միառժամանակ հեռացաւ քաղաքից՝ ոչ թէ հոգալով իր անձի մասին, այլ` Աստուծոյ ժողովրդի, քանզի յայտնապէս տեսաւ հօտի ցրումը յափշտակիչ գայլերի կողմից: Նա անհանգստանում էր՝ Եկեղեցու անդամներին վտանգուած տեսնելով, որի համար գրութեամբ եւ խօսքերով բոլորին ցոյց էր տալիս աղանդաւոր Մաքսիմոսի բռնակալութեան պատճառած հոգեւոր կորուստը: Եւ այնչափ ազդու էին սուրբի խրատները, որ շատ չանցած Մաքսիմոսի բոլոր համախոհները հեռացան նրանից, իսկ ինքը, մնալով անօգնական, դիմեց Թեսաղոնիկէում գտնուող Թէոդոս կայսրին: Բայց նրանից եւս նախատինքներով մերժուելուց յետոյ գնաց Աղեքսանդրիա, ուր ստիպեց Պետրոս հայրապետին, որ կա՛մ իրեն հաստատի Կոստանդնուպոլսի Աթոռին, կա՛մ էլ հայրապետն ինքը եւս հեռանայ իր Աթոռից, սակայն քաղաքապետը, արագ վրայ հասնելով, հալածեց նրան քաղաքից:
Եւ քանի որ թագաւորական քաղաքում չէին հանդարտւում պառակտութիւններն ու աղմուկները, երանելի Գրիգորը որոշեց թողնել Աթոռը եւ վերադառնալ իր տուն, որի համար մի օր բեմ բարձրացաւ ու ժողովրդին ասաց. «Մնացէ՛ք խաղաղութեամբ: Ես այսուհետեւ իսպառ հրաժարւում եմ հովւութիւնից եւ գնում եմ դէպի առանձնութիւն, որպէսզի իմ պատճառով խառնաշփոթ ու բաժանութիւն չառաջանայ Քրիստոսի հօտի մէջ: Միայն աղաչելով՝ սա եմ խնդրում ձեզ. անթերի պահեցէք ուղղափառ հաւատը, որպէսզի իզուր չանցնի ձեզ համար իմ թափած քրտինքը»: Սա լսելով՝ ժողովրդի բազմութիւնն արտասուեց եւ չհանդուրժելով քաջ հովուի հեռանալը` միաբերան գոչեց. «Դո՛ւ ես մեր հայրը, հովիւն ու վարդապետը: Մենք չե՛նք թողնի մեր առաջնորդին»: Սակայն տեսնելով, որ Աստուածաբանը չի կամենում լսել իրենց, բողոքի ձայն բարձրացրին եւ ասացին. «Եթէ հեռանաս մեզանից, ո՛վ հայր սուրբ, մենք կը հեռանանք ճշմարիտ հաւատից, ու մեզանից կ’օտարանայ Սուրբ Երրորդութիւնը: Եւ ինչպէ՞ս ես անտեսում Տիրոջ ժողովրդին, որ Քրիստոսի Արեան գինն է, կամ ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուն»: Այնժամ սուրբը, խոնարհուելով նրանց արտասուքներին, խոստացաւ միառժամանակ մնալ, մինչեւ կը գար արժանաւոր մէկը:
Այդ օրերին՝ 380 թուականին, Կոստանդնուպոլիս քաղաք մտաւ աստուածասէր Թէոդոս թագաւորը եւ տեսնելով, որ քաղաքը Գրիգոր Աստուածաբանի ջանքերով ծաղկել է ուղղափառութեամբ, յոյժ ուրախ եղաւ եւ ապա սուրբի յորդորով քաղաքը մաքրեց մնացած աղանդներից, հեռացրեց արիոսական եպիսկոպոսներին ու Եկեղեցին, որին նրանք տիրում էին քառասուն տարի, յանձնեց ուղղափառների ձեռքը, իսկ երանելի Գրիգորին՝ որպէս օրինաւոր հայրապետի, հանդիսապէս տարաւ աւագ Եկեղեցի: Ճանապարհին, երբ ինքնակալը հայրապետի հետ տաճար էր գնում, յանկարծակի երկինքը պատուեց մթագին ամպով, եւ թանձրամած խաւարը ծածկեց ցերեկուայ լոյսը: Սա տեսնելով՝ հերձուածողների խմբերն սկսեցին խայտալ ու ասել. «Ահա սա յայտնի նշան է, որ Աստուած չէր կամենում մեր արտաքսուելը թագաւորական քաղաքից»: Իսկ սրանց հակառակ՝ ուղղափառ դասի պարզամիտ ժողովուրդը մեծ տրտմութեան մէջ ընկաւ, քանզի հանդիսաւոր տօնի օրուայ խաւարելը չարագուշակ նշան համարեց: Բայց երբ երանելի Գրիգորն արքայի հետ մտաւ Խորան, անմիջապէս ցրուեց մթագին ամպը, եւ պայծառ լոյս ծագեց, որի համար ուղղափառները մեծապէս ուրախացան, իսկ հակառակորդներն ամաչեցին: Այնժամ արքան, սիրալիր պատուելով Գրիգորին, ասաց նրան. «Ահաւասիկ, հա՛յր սուրբ, Տէրն Ինքը քեզ յանձնեց Եկեղեցին, որը ծաղկեցրիր՝ ոռոգելով քո քրտինքով: Այսուհետեւ քոնն է հօտը ու քոնն է հայրապետական Աթոռը»: Եւ որչափ երանելի Գրիգորն ընդդիմանում էր մտնել այդ լծի տակ, այնքան բարեպաշտ կայսրը հարկադրում էր նրան յանձն առնել այդ պաշտօնը: Աստուածասէր Թէոդոսը յոյժ մեծարում էր Աստուածաբանին եւ իբրեւ հոգիների հարազատ հօր՝ հպատակ էր նրան ամէն բանում: Յաճախ էր նրան հրաւիրում արքունի պալատ, սակայն նա խոյս էր տալիս ու ասում. «Իմ գործը Քրիստոսի հօտին ծառայելն է եւ ոչ թէ թագաւորական սեղանները վայելելը»:
Երբ արիոսականներն ու միւս հակառակորդները տեսան, որ իրենց աղանդը ջախջախողը յոյժ պատւուեց ինքնակալի կոմից, մեծապէս կաշառեցին մի գազանամիտ զօրականի՝ սուրբ հայրապետին դաւադրութեամբ սպանելու համար: Եւ նա, իր հետ վերցնելով իր գործակիցներին, յանկարծակի մտաւ սուրբի սենեակը, ուր նա, տկարացած իր մարմնաւոր հիւանդութիւնից, պառկած էր մահճում: Սուրբը, նրանց տեսնելով, շարժուեց մահճում եւ ոտքերը դուրս հանեց: Այնժամ Տիրոջից մեծ ահ ընկաւ այդ մարդու վրայ, կապուեցին նրա ձեռքերը, ու ոչինչ չկարողացաւ անել: Երբ նրա ընկերները դուրս եկան, զօրականն արտասուքներով ընկաւ սուրբի ոտքերը եւ իրեն թողութիւն խնդրեց այն չար գործի համար, որ եկել էր անելու: Իսկ սուրբը քաղցրութեամբ խրատեց նրան ու սիրով արձակեց՝ ասելով. «Թող Աստուած, որ պահեց ինձ թշնամու որոգայթից, քեզ պահապան լինի»: Երանելին բոլորից ծածկեց այս դէպքը եւ իր անոխակալութեամբ շահեց իր հակառակորդներին:
Սրանից յետոյ Աստուածաբանը բարեպաշտ Թէոդոսին յորդորում էր հոգալ Եկեղեցու խաղաղութեան համար ու մաքրել իր տէրութիւնը տեսակ-տեսակ հերձուածողներից` յատկապէս հոգեմարտ մակեդոնականներից, որոնց չար որոմները սերմանուել էին ամենուր: Միաժամանակ աղաչում էր նաեւ գտնել արժանաւոր մէկին եւ կարգել Կոստանդնուպոլսի Աթոռին, իսկ իրեն ազատ արձակել: Ու այս խնդիրների համար 381 թուականին Կոստանդնուպոլսում գումարուեց սուրբ ժողով 150 հայրապետների մասնակցութեամբ, որոնց մէջ անուանի էր Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը: Արդ, ընդդէմ ժամանակի հերձուածողների հաւատի սահմանումը հաստատելուց յետոյ սուրբ Մելիտոսը եւ այլ եպիսկոպոսներ բռնադատեցին Գրիգոր Աստուածաբանին ու հաստատեցին թագաւորական քաղաքի պատրիարքութեան Աթոռին: Եւ թէպէտ նա սկզբում ընդդիմանում էր, սակայն յետոյ յանձն առաւ հնազանդուել ժողովի հայրերին եւ նայեց ոչ թէ միայն իր առանձնութեան ցանկութեանը, որին փափագում էր, այլ Քրիստոսի հօտին, որը կարիք ունէր նախանձախնդիր հովուի:
Եւ երբ դեռ չէր աւարտուել ժողովը, վախճանուեց սուրբ Մելիտոսը, որին ուրիշների հետ ներբողական ճառով պատուեց նաեւ Գրիգոր Աստուածաբանը: Մելիտոսի՝ Անտիոքի Աթոռը ժառանգելու համար քաղաքում հակառակութիւններ ծագեցին, որոնց խաղաղութեան միջնորդն ու խրատատուն եղաւ Աստուածաբանը: Բայց քանի որ ոչ բոլորն ընդունեցին նրա խորհուրդները, սաստկացաւ երկպառակութիւնը, եւ շատերը թշնամացան սուրբի հետ: Այնժամ մէկ այլ խռովութիւն եւս ծագեց. եգիպտացի եպիսկոպոսներից ոմանք, ուշ հասնելով ժողովին, մեղադրեցին հայրերին, թէ ինչո՞ւ առանց իրենց համաձայնութեան Գրիգորին պատրիարք նստեցրին ու չսպասեցին իրենց գալստեանը: Գրիգորի հակառակորդները, սա եւս առիթ դարձնելով, սկսեցին չարախօսել նրանից, թէ նա իր փառքի եւ պատուի համար առանց իրաւունքի ու օրէնքից դուրս է ընդունել Կոստանդնուպոլսի Աթոռը՝ թողնելով Սասիմի, ապա Նազիանզի փոքր առաջնորդութիւնը՝ իբր եպիսկոպոսարանների հետամուտ մի թափառական: Եւ հեգնելով՝ նրան կոչում էին եռեպիսկոպոս՝ երեք տեղերում եպիսկոպոս ընտրուած լինելու պատճառով:
Եւ քանի որ խռովութիւնն օրըստօրէ սաստկանում էր, երանելի Գրիգորը կանգնեց ժողովի բեմին, հրաշալի ատենախօսութեամբ մերկացրեց չարախօսների զրպարտութիւնները ու իր համար հրաման խնդրեց հայրերից հրաժարուել Աթոռից եւ ասաց. «Եթէ այս խռովութիւններն իմ պատճառով են, ապա ես աւելի լաւը չեմ, քան Յովնանը. ինձ վերցրէք ծովը նետեցէք, ու ձեր մէջ կը դադարի մրրիկը: Սակայն ես մեծապէս ուրախ եմ, որովհետեւ կ’ազատուեմ տառապալից հոգսերից եւ կը դառնամ առանձնութեան իմ ցանկալի օթեւանը: Եւ առաւել ուրախ եմ ի Տէր, քանզի ովքեր ինձ հեռացնում են Աթոռից, չեն կարող հեռացնել ինձ Աստծուց, այլ աւելի կը մօտեցնեն, որին կարօտ եմ: Թո՛յլ տուէք ինձ, աղաչում եմ ձեզ, ապրել առանձնութեան անզբաղ կեանքով, որպէսզի միայն իմ Տէր Աստուծոյ հետ լինեմ: Իսկ դուք ձեզ համար ընտրեցէք այնպիսի մէկին, որը կ’առաջնորդուի Աստուծոյ Հոգով ու Եկեղեցին խաղաղութեան մէջ կը պահի, քանզի ինձ համար ծանր է տանել այսպիսի դժուարակիր պայքարը, ցուցաբերել հեզութիւն եւ փոխարէնը որպէս յանցաւոր դատուել: Ես չեմ կարող կռուել մախացողների հետ ու միօրինակ կերպով մաքառել սիրելիների եւ թշնամիների հետ»: Այսպիսի խօսքերով նա բազում անգամներ խօսեց ժողովի հայրերի, նաեւ ժողովրդի ու թագաւորի առջեւ եւ մի կերպ նրանց համոզելով՝ հրաման առաւ վերադառնալ իր հայրենի քաղաքը: Բայց հեռանալով հանդերձ` քիչ անհանգստութիւն չկար երանելու սրտում, որովհետեւ չգիտէր, թէ հօտն ո՛ւմ ձեռքը կ’ընկնի, որին ժողովեց այդչափ դժուարութեամբ, եւ կամ իր հոգեւոր որդիներն ինչպէ՞ս կը պահեն ուղղափառ հաւատը, որոնց ծնեց ի Քրիստոս մեծ երկունքով: Այսպէս, նա հեռացաւ Կոստանդնուպոլսից մի կողմից ուրախ՝ աղմուկից ազատուելու համար, բայց միւս կողմից տխուր՝ իր որդիներից բաժանուելու համար: Սակայն առաւել տրտմեցին սուրբ ժողովի հայրերը, եւ բազում արտասուքներ հեղեցին նրա որդիները: Ու այնքան մեծ էր ճշմարտասէրների սրտի թախիծը, որ նրանցից ոմանք խոյս տուեցին եպիսկոպոսներից եւ կրծքները բախելով՝ հեռացան քաղաքից, որպէսզի Աստուծոյ մարդու՝ Գրիգորի տեղում ոչ ոքի չտեսնեն: Իսկ եպիսկոպոսներն ընկան վարանումների մէջ, թէ Գրիգորի փոխարէն ո՛ւմ դնեն Աթոռին, ու երկպառակութիւնների պատճառով ելք չէին գտնում, մինչեւ որ Թէոդոս ինքնակալի հաւանութեամբ ընտրուեց Նեքտարիոս Տարսոնացին՝ մի բարի այր պալատականների դասից:
Իսկ երանելի Աստուածաբանն առանձնացաւ իր հօր կալուածքում, որը գտնւում էր Նազիանզի մօտ՝ Արիազոն կոչուող վայրի աւանում, եւ իր անձը մենակեցութեամբ մատնեց ճգնութիւնների: Նազիանզացիները նրան ստիպում էին իրենց առաջնորդ լինել, բայց նա յանձն չէր առնում, որպէսզի չզրկուէր առանձնութիւնից, որը գտաւ` ըստ իր փափագի: Նազիանզի եպիսկոպոսութեան Աթոռին ձեռնադրել տուեց իր կողմից ճանաչուած մի բարեկրօն մարդու՝ Եւղաղիոսին, իսկ ինքն իր հօր տան ողջ ունեցուածքն աղքատներին բաշխելուց յետոյ ուրախութեամբ առանձնացաւ Արիազոնում: Անդադար Տիրոջից այնքան էր գոհանում, որ Կոստանդնուպոլսի Սոփրոնիոս իշխանին գրեց, թէ՝ «Շատերը պատիժ ու զրկանք համարեցին ինձ Աթոռից հեռացնելը, սակայն երանութիւն են այսպիսի զրկանքները, որովհետեւ դրանք ինձ համար առիթներ են հանդարտելու եւ անզբաղ կեանքով իմաստասիրելու համար»: Այնտեղ երանելին գրեց բազում պիտանի ճառեր ու թղթեր՝ յօգուտ եւ ի շինութիւն Եկեղեցու եւ ի նուաճումն ժամանակի աղանդաւորների, քանզի թէպէտ ազատուած էր բոլոր հոգսերից, սակայն անխնամ չէր թողնուած Աստուծոյ շնորհներից, որոնք տրւում էին նրան Եկեղեցու պայծառութեան համար: Հակառակորդների անդուռ բերանները խցելու համար չափածոյ խօսքերով այնտեղ շարադրեց իր վարքը, քանզի շատերը բամբասասէր մտքով ասում էին, թէ նա մերժուեց Աթոռից յանցաւորութեան կամ մոլորութեան պատճառով, շատերն էլ ասում էին, թէ ակամայ հրաժարուեց իշխանութիւնից, ու շատերն էլ այլեւայլ արատներ էին կամենում վերագրել նրան: Այդ պատճառով ստուգութեամբ գրեց ամէն ինչ եւ ուղարկեց Կոստանդնուպոլսի բնակիչներին, որով ամօթահար եղան բոլոր չարախօսները:
Բայց չար դեւը չդադարեց նաեւ հանդարտութեան մէջ փորձութիւնների ենթարկել սուրբին, քանզի իր մերձաւորներն սկսեցին բամբասել իրենից, թէ նա իր ծերութիւնն անց է կացնում այգեստաններում ու զուարճութիւնների մէջ եւ կարծել է տալիս, թէ ապրում է մենակեացի խստակրօն վարքով, ու չարախօսում էին նման բազում դժպատեհ խօսքերով: Եւ չգիտէին, որ երանելին ճգնում էր ծածուկ ու ամէն օր տանջում էր իր ծերացած մարմինը խիստ պահեցողութեամբ, գետնախշտութեամբ[6] եւ խարազնազգեցութեամբ՝ առաւել, քան անապատի խստակրօն ճգնաւորները: Իր հիւանդութեան յարատեւ ցաւերի հետ չխնայելով իրեն՝ զինւում էր ընդդէմ իր անձի ու առիթ էր փնտրում իրեն տանջելու համար: Ինչպէս մի անգամ, երբ իրեն թուաց, թէ ըստ իր ծերունական բարքի՝ խստութեամբ եւ անհամբերութեամբ խօսեց մէկի հետ, քառասուն օր լռութեամբ սանձահարեց իր լեզուն:
Մէկ-երկու անգամ սուրբը Թէոդոս կայսեր ու եպիսկոպոսների կողմից հրաւիրուեց գալ Կոստանդնուպոլիս, որպէսզի մասնակցի պէս-պէս հարցերի շուրջ գումարուող նոր ժողովներին, սակայն նա յանձն չառաւ, քանզի չէր սիրում եպիսկոպոսների միջեւ ծագած աղմուկները: Բայց երբ նրան յոյժ ստիպեցին, երանելին պատասխանեց. «Թէեւ կը յօժարէի գալ, սակայն ինձ թոյլ չի տալիս մարմնիս խիստ տկարութիւնն ու մահացու հիւանդութիւնս: Եւ ուրախ եմ, որ անկարող եմ գալ»: Այնուամենայնիւ, նա չէր դադարում իմաստալից գրերով թիկունքից օգնութեան հասնել եպիսկոպոսներին եւ ուսուցանել արժանին: Այդպէս, մինչեւ իր վերջին օրը նա իր զօրաւոր աստուածաբանութեամբ պայքարում էր հերձուածողների դէմ ու անգամ ծանր հիւանդութեան մէջ չէր դադարեցնում օգտակար խօսքերի շարադրութիւնը, որոնք գրում էր թէ՛ անձամբ եւ թէ՛ գրագիրներին էր աւանդում: Ու երբ սաստկացան ցաւերը, եւ մերձեցաւ մահուան դռներին, սկսեց խանդակաթ խօսքերով ընտանեբար խօսել Քրիստոս Փրկչի հետ ու այդ խօսակցութեան մէջ էլ Տիրոջ 389 կամ390 թուականի յունուարի 25-ին քաղցրութեամբ Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին: Բացի առաքելական վաստակից՝ որպէս անգին գանձեր՝ նա Եկեղեցուն թողեց իր աստուածաբան վարդապետութեան մատեանները, որոնք անվրէպ կանոն եւ ուղեցոյց եղան ճշմարիտ աստուածաբանութեանն աշակերտողների համար, իսկ նրա խօսքերի վկայութիւնները՝ անջինջ արձանագրութիւններ բոլոր եկեղեցական ժողովներում:
Սուրբի պատուական մարմինը թաղուեց Նազիանզում՝ հօր գերեզմանի մօտ, սակայն շատ տարիներ անց մեծ պատուով փոխադրուեց Կոստանդնուպոլիս` սուրբ առաքեալների տաճար, եւ դրեցին սուրբ Յովհան Ոսկեբերանի հանգստարանի մօտ: Ու ինչպէս որ Հռոմն է պարծենում սուրբ Պետրոսով եւ Պօղոսով, կամ երկինքը՝ արեգակով ու լուսնով, այնպէս էլ Կոստանդնուպոլիս քաղաքն է պարծենում սուրբ Գրիգոր Աստուածաբանով եւ սուրբ Յովհան Ոսկեբերանով:
[1] Նորադարձ քրիստոնեայի համար մկրտութիւնից առնուազն երեք շաբաթ առաջ սահմանւում է ապաշխարութեան եւ պահեցողութեան մի շրջան, որի ընթացքում նրան սովորեցնում են Եկեղեցու վարդապետութիւնն ու հաւատքի սահմանումները: «Մաշտոց» ծիսամատեանում այն կոչւում է «Կարգ երախայացուցանելոյ» («երախայ» նշանակում է «չմկրտուած»):
[2] Բասիլիոսը Բարսեղի յունական անուանումն է:
[3] Այլափառ − այլ դաւանանքի պատկանող« ոչ ուղղափառ:
[4] Այստեղ խօսքը ներքին` հոգեւոր նահատակութեան մասին է:
[5] Հին յունական շնականների (kunikՁς) դպրոցն ունէր սոկրատեան իմաստասիրութեան թեքում: Իմացաբանութեան մարզում յարել են իմաստակների (sojistής) զգացապաշտութեանը (sensualism):
[6] Գետնախշտութիւն − մերկ գետնի վրայ ննջելը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: