1. Տեսիլ Աբդիու որ եղև յառաջ քան զելս Ասորեստանւոյն յաւուրս Աքաաբու։ Ա՛յսպէս ասէ Տէր ցԵդոմ. Լուր լուայ ի Տեառնէ. և պաշարումն առաքեաց ի հեթանոսս. արի՛ք և յարիցուք ի վերայ նորա ի պատերազմ։
2. Ահա սակաւաւո՛ր ետու զքեզ յազգս. և անարգեա՛լ ես դու յոյժ։
3. Հպարտութիւն սրտի քոյ բարձրացոյց զքեզ բնակե՛լ ի ծա՛կս վիմաց. բարձրացուցանել զμնակութիւն իւր, և ասել ի սրտի իւրում ո՞վ իջուսցէ զիս յերկիր։
4. Եթէ բարձրասցիս իբրև զարծուի, և եթէ ի մէջ աստեղաց դիցես զբոյն քո, և անտի՛ իջուցից զքեզ ասէ Տէր։
5. Եթէ գողոց մտեալ էր առ քեզ՝ կամ աւազակաց գիշերոյ՝ ուր և էր՝ ղօղէիր. և ո՛չ արդեւք գողանային բաւական իւրեանց. և եթէ կթօղք մտեալ էին ի քեզ, և ո՞չ եթէ ճիռ մի ո՛չ թողուին։
6․ Զիա՞րդ քննեցաւ Եսաւ՝ և ըմբռնեցան ծածուկք նորա։
7. Մինչև ի սահմա՛նս առաքեցին զքեզ. ամենայն արք ուխտի քոյ դարձան ընդդէ՛մ քո. զօրացան ի վերայ քո արք խաղաղութեան քոյ. վարեցին զքեզ. և ո՛չ գոյր իմաստութիւն ի նմա։
8. Յաւուր յայնմիկ, ասէ Տէր. կորուսից զիմաստութիւն յերկրէն Եդոմայ, և զհանճար ի լեռնէն Եսաւայ։
9․ Եւ սարսեսցեն պատերազմօ՛ղք քո որ ի Թեմանա. զի բարձցի՛ մարդ ի լեռնէն Եսաւայ,
10. վասն սպանման և ամպարշտութեան եղբօրն Յակոբայ։ Ծածկեսցէ զքեզ ամօթ, և ջնջեսցիս յաւիտեան,
11. յօրէ յորմէ կացեր հակառակ, յաւուրն գերելոյ այլազգեաց զզօրութիւն նորա. և օտարք մտին ընդ դրունս նորա. և ի վերայ Երուսաղեմի վիճակս արկանէին. և դուք էիք իբրև զմի ի նոցանէն։
12. Եւ մի՛ տեսցես զաւեր եղբօրն քոյ յաւուրն օտարաց, և մի՛ ոտնհար լիցիս որդւոցն Յուդայ յաւուրս կորստեան նոցա. և մի՛ մեծաբանեսցես յաւուր նեղութեան.
13. և մի՛ մտանիցես ընդ դրունս ժողովրդոց յաւուր ցաւոց նորա. և մի՛ տեսցես զժողովս նոցա յաւուր սատակման նոցա. և մի՛ ի վերայ հարկանիցիս զօրութեան նոցա յաւուր կորստեան նոցա։
14. Եւ մի՛ առնուցուս զկիրճս նոցա սատակել զապրեալսն ի նոցանէ. և մի՛ պաշարեսցես զփախստեայս նոցա յաւուր նեղութեան նոցա.
15. զի մերձ է օր Տեառն ի վերայ ամենայն ազգաց։ Զոր օրինակ արարեր դու՝ եղիցի՛ քեզ. և հատուցումն քո հատուսցի ի գլուխ քո։
16. Զի զոր օրինակ արբեր ի վերայ լերին սրբութեան իմոյ, արբցեն ամենայն ազգք գինի. արբցեն և զիջցին, և եղիցին իբրև չեղեա՛լք։
17. Բայց ի լեառն Սիոն եղիցի փրկութիւն, և եղիցի սո՛ւրբ. և ժառանգեսցեն տունն Յակովբու զժառանգիչս իւրեանց։
18. Եւ եղիցի տունն Յակովբու հո՛ւր, և տունն Յովսեփու բո՛ց, և տունն Եսաւայ եղէգն. վառեսցի՛ն զնովաւ և կերիցեն զնա. և մի՛ մնասցէ կրակաբեր տանն Եսաւայ. Զի Տէր խօսեցաւ։
19. Եւ ժառանգեսցեն Նագեբացիք զլեա՛ռն Եսաւայ, և Սեփելացիք զայլազգիս. և ժառանգեսցե՛ն զլեառն Եփրեմայ, և զդաշտն Շամրնի և զԲենիամին, և զԳաղաադացին։
20. Եւ գերութեան սկիզμն ա՛յն իցէ որդւոցն Իսրայելի. երկիր Քանանացւոց մինչև ի Սարփաթ. և գերութիւնն Երուսաղեմի մինչև յԵփրաթա. և ժառանգեսցեն զքաղաքս Նագեբայ։
21. Եւ ելցեն ապրեալք ի լեռնէ Սիոնի՝ առնուլ վրէ՛ժ ի լեռնէն Եսաւայ. և եղիցի Տեառն արքայութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: