Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 4:21

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

21-22․ «Այնտեղից առաջանալով՝ Նա տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու Հովհաննեսին` նրա եղբորը, իրենց հայր Զեբեդեոսի հետ նավի մեջ` ուռկանները կարգի բերելիս, և կանչեց նրանց»։ «Եվ նրանք, իսկույն թողնելով նավն ու իրենց հորը, հետևեցին Նրան»։
   
   Հաջորդիվ՝ տես, թե որքան մանրամասնությամբ է Ավետարանիչը հիշատակում նրանց (Հակոբոս և և Հովհաննես առաքյալների) աղքատության մասին. Հիսուս նրանց գտավ իրենց ցանցերը կարկատելիս։ Նրանք այն աստիճան աղքատ էին, որ նույնիսկ միջոցներ չունեին նոր ցանցեր գնելու համար և այդ իսկ պատճառով էլ կարկատում էին հնացածները։ Միևնույն ժամանակ, որպես նրանց առաքինության ոչ փոքր ապացույց է վկայաբերվում նաև այն, որ նրանք (Հակոբոս և և Հովհաննես առաքյալները) հեշտությամբ էին տանում իրենց աղքատությունը, սնվում էին արդար աշխատանքով, սիրո կապերով էին կապված միմյանց, ապրում էին իրենց հոր հետ և սպասավորում էին նրան։ Երբ Քրիստոս այսպես «որսաց» նրանց, սկսեց նրանց ներկայությամբ հրաշքներ կատարել՝ գործերով հաստատելով այն, ինչ Հովհաննես Մկրտիչն ասել էր Իր մասին։ Հիսուս սկսեց հաճախակիորեն այցելել ժողովարաններ (սինագոգներ)՝ Իր աշակերտներին ուսուցանելով, որ Ինքն Աստծուն հակառակող չէ և ոչ էլ որևէ խաբեբա է, այլ աշխարհ է եկել Հոր կամքի համաձայն։ Եվ ժողովարաններ այցելելիս նույնպես Քրիստոս ոչ միայն քարոզում էր, այլ նաև հրաշքներ էր գործում։
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

21-22. Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց: Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից:

   

    Այդտեղից առաջ անցնելով՝ տեսավ երկու ուրիշ եղբայրների՝ Զեբեդեոսի [որդի] Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, նավում, իրենց հայր Զեբեդեոսի հետ, և իրենց ուռկանները նորոգելիս, և կանչեց նրանց: Նրանք, իսկույն թողնելով նավն ու իրենց հորը, գնացին Նրա հետևից:

   Սրանց [արարքն] առավե՛լ զարմանալի էր: Որովհետև հայրն էլ էր նրանց մոտ, բայց նրա սերը ոչինչ համարեցին Կանչողի սիրո համեմատ, և սա՝ նախքան լսելը թե՝ «Ով սիրում է հորը կամ մորը [Ինձնից առավել], Ինձ արժանի չէ» (Մատթ. 10։37), և՝ «Ով [գալիս է Ինձ մոտ և] չի ատում հորը կամ մորը, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14։26): Այլ Եղիսեի նման գնացին իրենց Ուսուցչի հետևից  188, որովհետև նույն Հոգին էր դեպի բարին շարժում թե՛ [Եղիսեին], թե՛ նրանց: Հավանաբար նրանց հայրն էլ, բարեբարո [մարդ] լինելով, չարգելեց, այլ նույնիսկ քաջալերեց գնալու այդպիսի Կանչողի ձայնի հետևից:

   Արժե քննել, թե [Տերն] ինչո՞ւ գլխավոր առաքյալներին ձկնորսներից ընտրեց, իսկ մարգարեներից շատերին՝ հովիվներից: Պատճառն այն է, որ հովիվներն արածեցնում են ընտանի և իրենց հոտերը, ինչպես մարգարեները՝ Իսրայելին, որն Օրենքի շնորհիվ ընտանի էր և ազգությամբ՝ իրենցը: Իսկ որսորդները որսում են օտար և վայրի [կենդանիներ], ինչպես որ առաքյալները [որսացին] հեթանոսներին, ովքեր մարմնի ցեղով օտար էին [առաքյալներին] և վայրենամիտ վարքի պատճառով՝ վայրի, և նրանց դարձրին սրբերին քաղաքակից և Աստծո համար ընտանի: Նաև ինչպես որ որսորդները որսը, մանավանդ ձկները, բռնելու համար բազմաթիվ միջոցների են դիմում, իսկ հովիվները՝ ոչ, այլ հովվողները նրանց ձեռքի տակ են, այդպես էլ առաքյալները [Սուրբ] Հոգու բազմատեսակ միջոցներով որսացին հեթանոսներին [Քրիստոսի] հավատքի համար, իսկ մարգարեները միայն որսացվածներին էին հովվում: Այլև՝ որպեսզի կատարվեր [առաքյալների] մասին մարգարեությունը. «Ձեզ մոտ որսորդներ կուղարկեմ, և կորսան ձեզ» (Երեմ. 16։16): Որովհետև եթե [Տերը քարոզության] ուղարկեր իմաստունների, հակառակորդները կասեին, թե իմաստությամբ խաբելով համոզեցին մարդկանց: Եթե հարուստներ ուղարկեր, կասեին՝ դրամով կաշառելով խաբեցին: Եթե զորեղներ [ուղարկեր], կասեին՝ ուժով զարմացրին: Իսկ [առաքյալները] սրանցից ոչ մեկը չէին, այլ սրանց հակառակը: Տկար էին, բայց հզորներին ձգեցին իրենց վարդապետությունն ուսանելու. աղքատ էին, բայց հարուստներին սովորեցրին աղքատանալ. տգետ էին, բայց իմաստուններին ու խորագետներին աշակերտ դարձրին. որովհետև աշխարհի իմաստությունը տեղի տվեց [Սուրբ] Հոգու իմաստությանը, որն իմաստությունների իմաստությունն է:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց:
   
«Եվ այնտեղից առաջ գնալով՝ տեսավ երկու այլ եղբայրների՝ Զեբեդիոսի որդի Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, մինչ նավակի մեջ էին իրենց հոր՝ Զեբեդիոսի հետ միասին»:
   Ամենագետ Փրկիչը՝ մարդկանց հոգիների քննողը, իմանալով Զեբեդիոսի որդիներին և նրանց սրտանց հոժարությունը, որ ունեին Աստծու նկատմամբ, նաև նրանց է հրավիրում անբանների ձկնորսությունից բանականների [ձկնորսության]: Ուստի նրանք, զվարթությամբ լսելով Քրիստոսի կենարար ձայնը, երկրային բոլոր ցանկությունները և զբաղմունքները լքելով, փութով գնացին կանչողի ետևից: Մի կողմ թողնելով իրենց հորը և բնական հայրենի գութը՝ հետևեցին Քրիստոսին, քանի որ հոգով լսեցին գալիք կենարար ձայնը, որ նրանց ասելու էր. «Ով իր հորը և կամ մորը ինձանից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10։37): Այդ պատճառով Քրիստոսի նկատմամբ խիստ սիրուց հառնելով` խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով և ցանկություններով հանդերձ (Գաղատ. 5։24), և թողնելով ամեն ինչ՝ եղան ունկնդիր Քրիստոսի ձայնին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:17