Աբդիուի մարգարեության մեկնություն 1:7

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

 Քո բոլոր դաշնակիցները կուղեկցեն քեզ մինչև սահմանը. քեզ կխաբեն, քեզ հետ խաղաղության մեջ ապրողները քեզ կհաղթեն. քո հացն ուտողները քեզ կհարվածեն։ Նրա մեջ իմաստություն չկա:։ (Սինոդական թարգ․)[7]
   
    7−րդ համարում մարգարեն նկարագրում է նեղության օրերին նրա դաշնակիցների վերաբերմունքը Եդոմի հանդեպ: Սակայն այս համարում օգտագործված առանձին արտահայտությունների ճշգրիտ իմաստը դժվար է պարզել:

    «Մինչև սահման (ad−haggevul) կուղեկցեն քեզ (schilchucha) քո բոլոր դաշնակիցները (kol anschej berithecha)». «Kol anschej berithecha» արտահայտությունը Յոթանասնիցը որպես ենթակա վերագրել է հաջորդ նախադասությանը: Այդ պատճառով 7−րդ համարի առաջին նախադասությունը Յոթանասնիցում հետևյալ տեսքն ունի`  «ewj twn oriwn sou exapesteilan se» (սլավ.՝ «նույնիսկ մինչև սահմանները արտաքսեցին քեզ»): Մարգարեի խոսքերը մեկնիչների կողմից տարբեր կերպ են ընկալվել: Ըստ ոմանց՝ մարգարեն այստեղ ցանկանում է ասել, որ դաշնակիցները օգնություն խնդրելու եկած եդոմացի պատգամաբերներին կուղեկցեն միայն մինչև սահման, այսինքն՝ ձեռնունայն կարձակեն (Մաուրեր, Քեյլ), կամ էլ, պատգամաբերներին մերժելով հանդերձ, դաշնակիցները նրանց պատվով կուղեկցեն մինչև սահման (Կլեյներտ): Մյուսների կարծիքով մարգարեն արտահայտում է այն ընդհանուր միտքը, որ «դաշնակիցները Եդոմին կարտաքսեն մինչև երկրի սահմանները» (քաղդեական թարգմանություն), «կարտաքսեն ոչ միայն քաղաքներից, այլև երկրի սահմաններից» (երանելի Թեոդորիտ)։ Ըստ Հիտցիգի` մարգարեի միտքն այն է, որ դաշնակիցներն արտաքսելու են նույնիսկ այն եդոմացի փախստականներին, որոնք նեղության օրերին կփորձեն նրանց մոտ ապաստան գտնել: Նովակն ու Հոոնակերը ենթադրում են, որ «մինչև սահմանը» արտահայտությունը պետք է վերագրել 6−րդ համարի վերջին հատվածին, որը նմանատիպ ընկալման պարագայում պետք է ընթերցվի «նրա թաքստոցները խուզարկվեցին մինչև սահմանները», այսինքն՝ ամբողջ երկրով մեկ: Հաշվի առնելով 7−րդ համարի ընկալման դժվարությունները` Վինկլերը «ad−haggevul» արտահայտության փոխարեն առաջարկում է ընթերցել «ad−geval» (մինչև Գևալ), սակայն ակնհայտ է, որ նմանատիպ սրբագրումը որևէ հստակեցում չի տալիս: Նույնն է նաև Չեյնի սրբագրման պարագայում, որը «ad−haggevul» արտահայտության փոխարեն առաջարկում է ընթերցել «ir jerachmeel» (Հիերախմեիլի քաղաք)՝ այս խոսքերը նախորդ «anschej berithecha» արտահայտության համար բացատրություն համարելով: Ըստ ամենայնի՝ 7−րդ համարի սկզբում խոսքը վերաբերում է եդոմացիներին իրենց տարածքներից արտաքսելու մասին:

    «Քեզ կխաբեն » (hischschiecha) արտահայտության փոխարեն Յոթանասնիցում փոխանցված է որպես «antesthsan soi» (սլավոներեն՝ «նրանք քո դեմ ելան»):

    «Քո հացն ուտողները կհարվածեն քեզ». սա բնագրի «Lachmcha jasimu mazor thachtecha» ընթերցման ենթադրական թարգմանություն է: Յոթանասնիցում բաց թողնված եբրայերեն «lachmcha» արտահայտությունը պետք է թարգմանել՝ «քո հացը»։  «Ուտողները» արտահայտությունը ռուս թարգմանիչների կողմից է ավելացվել, իսկ սլավոներեն տեքստի «հացը ուտողները» արտահայտությունը ներմուծվել է Վուլգաթայից: Եբրայերեն «mazor» արտահայտությունը Ովս. 5:13−ում «վերք» իմաստն ունի։ Հնագույն թարգմանություններում այն փոխանցվում է նաև «enedra» (Յոթանասնից), «epidesij, sundesmoj» (Ակյուղաս), «insidiae» (Վուլգաթա), այսինքն՝ «շողոքորթություն, դավադրություն, կործանում» բառերի միջոցով: Այս պարագայում ամբողջ արտահայտությունը «քո հացը օգտագործելու են քեզ վերքեր (դավադրություն) հասցնելու համար» տարբերակով պետք է փոխանցվի, կամ էլ, ինչպես Ակյուղասի մոտ է, «arton sou qhsousin (epidesin) epi ton sundesmon−քո հացը կործանելու են» (հմմ. Field F. Origenis, Hexaplorum quae supersunt… fragmenta. Oxford, 1875. Vol. 2. P. 981): Այսպիսով՝ անհասկանալի իմաստ է ստացվում, որն էլ մեկնիչներին դրդում է ենթադրել, որ քննարկվող տեքստը աղավաղված է և անհրաժեշտ է այն լրացնել կամ ուղղել: Տեքստի առաջարկվող սրբագրությունները բազմազան են (տե՛ս Marti K. Das Dodekapropheton erklärt. Tübingen, 1904. S. 234): Վուլգաթան և ռուսերեն թարգմանությունը, ինչպես նաև Կնաբենբաուերն ու Կոնդամինը ենթադրում են, որ եբրայերեն տեքստում «lachmcha» արտահայտությունից առաջ բաց է թողնվել «ochelej» (ուտողները) բառը (Վուլգաթայում` «qui comedunt tecum»): Ասորերեն տարբերակը «lactuncha» բառը կախման մեջ է դնում նախորդ «anschej schlomecha» (խաղաղության այրերը, որոնք ապրում են խաղաղության մեջ) արտահայտությունից և «քո խաղաղության ու քո հացի այրերը» տարբերակով է փոխանցում (այս տեսակետն են պաշտպանում նաև Էվալդն ու Մաուրերը): Հոոնակերն առաջարկում է «lachmcha» արտահայտության փոխարեն ընթերցել «lechimecha» և այն «քո դաշնակիցները» իմաստով ընկալել: «Նրա մեջ իմաստություն չկա», այսինքն՝ Եդոմում: Ըստ երևույթին, այս բացականչությունը 7−րդ համարում նկարագրված Եդոմի հանդեպ դաշնակիցների դրսևորած վերաբերմունքից բխող եզրակացությունն է. մարգարեն ցանկանում է ասել, որ իր իմաստությամբ հպարտացող Եդոմը նույնիսկ չհասկացավ իր դաշնակիցների բարեկամության կեղծավոր բնույթը:

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչեւ սահմանները ուղարկեցին. նրանք քո դէմ ելան, քեզ հետ խաղաղութիւն կնքող մարդիկ իշխեցին քեզ վրայ, խաբեցին քեզ՝ ասելով. «Նա խելք չունէր»:
(Արարատ թարգ․) Քո բոլոր դաշնակիցները քեզ մինչև սահմանը վտարեցին, խաղաղությամբ ապրողները քեզ խաբեցին ու քեզ հաղթեցին, քո հացն ուտողները որոգայթ լարեցին քո դեմ. նրա մոտ հասկացողություն չկա»։
(Գրաբար) Մինչև ի սահմա՛նս առաքեցին զքեզ. ամենայն արք ուխտի քոյ դարձան ընդդէ՛մ քո. զօրացան ի վերայ քո արք խաղաղութեան քոյ. վարեցին զքեզ. և ո՛չ գոյր իմաստութիւն ի նմա։