Ծննդոց գրքի մեկնություն 10:10

Սրբ. Եփրեմ Ասորի

Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 10:9
   

Ա. Լոպուխին

 … Նրա թագավորությունն սկիզբ առավ Բաբելոնում և ընդգրկում էր Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին Սենաար երկրում: (Սինոդական թարգ․) [10]

   

   …. նրա թագավորությունն սկիզբ առավ …. Ահավասիկ, Աստվածաշնչյան առաջին տեղեկությունը երկրի վրա քաղաքական, պետական կյանքի սկզբնավորման մասին: Հեղինակավոր գիտնականների գերակշիռ մասի կարծիքով Աստվածաշունչն այստեղ խոսում է գիտության կողմից այսպես կոչված` «Խալդյան առաջին միացյալ պետության(կոնֆեդերացիայի)» մասին, այսինքն խալդական քաղաքների առաջին միության մասին, որոնք միավորվել էին նշանավոր քուշ Նեբրոթի իշխանության ներքո, ով հին խալդական գրավոր աղբյուրներից հայտնի է նաև «Արբա Լիշունա», այսինքն` չորս լեզուների տիրակալ տիտղոսով:

   … սկիզբ առավ Բաբելոնում և ընդգրկում էր Որեքը, Աքադն ու Քաղանեն, որոնք գտնվում էին  Սենաար երկրում: Թվարկված այս չորս քաղաքներն էլ Սենաարի հովտում էին գտնվում, իսկ այս հովիտը, ինչպես պարզ երևում է հաջորդ 11-րդ համարից, նաև Աստվածաշնչի այլ հատվածներից (Ես.11:11), իրենից ներկայացնում էր միջագետքյան հարթավայրի հարավային հատվածը` Բաբելոնը, հենց այն երկիրը, որն էլ սեպագրերում անվանվում է Շումեր: Խալդ-բաբելոնյան այս տարածաշրջանում էլ մենք գտնում ենք վերը նշված բոլոր քաղաքների և առաջին հերթին, այդ միացյալ պետության մայրաքաղաքի` Բաբելոնի պատմական հետքերը : Հնագույն այս քաղաքի փլատակները բացվել են Եփրատի արևելյան ափին` ժամանակակից Հիլահի մերձակայքում, որտեղ տաճարի ավերակներով բարձունքն առ այսօր տեղացի արաբների կողմից պահպանել է «Բաբիլ» անվանումը:

   Հին խալդական երկրորդ քաղաքը` Որեքը(Արեքը) կամ Արախը, արդարացիորեն նույնացվում է Պտղոմեոսի Օրքոնին և սեպագրերի Արքին, հետևաբար և համընկնում է ժամանակակից Ուրուկ քաղաքի հետ, որը հին Բաբելոնից շուրջ 8 մղոն դեպի հարավ է ընկած:

   Հաջորդ երկու քաղաքները` Աքադն ու Քաղանեն  հակառակը` ներկայացնում էին այս պետության հյուսիսիային շրջանները. մասնավորապես` Աքադը, կարող է պատահել, հենց այն քաղաքն է եղել, որ իր անվանումը փոխանցել է ամբողջ Աքադ երկրին, ինչը սեպագրերում այնքան հաճախ է հանդիպում: Անգլիացի անվանի արևելագետ Գեորգ Սմիթի կարծիքով Աքադը Սարգոն թագավորի մայրաքաղաքն էր և ընկած էր Եփրատի ափին` Սիպարից ոչ հեռու, Բաբելոնից հյուսիս: Այստեղ թվարկված քաղաքներից վերջինը` Քաղանեն կամ Կալնեն, մեկնիչները կապում են Եսայի մարգարեի (Ես.10:9) նշած Քաղանեի և Եզեկիել մարգարեի հիշատակած Քալմանի հետ (Եզ. 27:23): Ոմանք, Սուրբ Հերոնիմոսին և Եվսեբիոսին հետևելով, այս քաղաքը փնտրում են ուշ հիմնված Տիզբոնի տեղում` Բաբելոնից հյուսիս-արևմուտք, ուրիշները (Ռոուլինսոն)` ժամանակակից Նիպուրի մոտ` փլատակների վայրում, Բաբելոնից հյուսիս-արևելք: Այս չորս քաղաքները կամ ինքնակամ հպատակվել են Նեբրոթին կամ էլ հավանաբար նվաճվել են նրա կողմից` ձևավորելով առաջին միացյալ պետությունը կամ հնագույն Խալդ-բաբելոնյան թագավորությունը, որտեղ ղեկավարող դերը վերապահված էր Քամի սերունդներին:

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում:
(Արարատ թարգ․) Եվ նրա թագավորությունը սկիզբ առավ Բաբելոնում, Արեքում, Աքադում և Քաղանեում` Սենաար երկրում:
(Գրաբար) Եւ եղև սկիզբն թագաւորութեան նորա Բաբելովն. և Որէգ, և Աքադ. և Քաղանէ յերկրին Սենայար։