Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:24

Հովհաննես Ծործորեցի

24-25. Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը: Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը:
   
   Աշակերտն առավել չէ, քան ուսուցիչը, և ոչ ծառան՝ քան իր տերը: Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման:
Նախ այն է հայտնում, որ անհնար է, որ ով դեռևս աշակերտ է, իր ուսուցչից լավը լինի, և կամ ծառայության մեջ գտնվող ծառան լինի իր տիրոջ պես, և եթե երբեմն սա պատահում է, զարմանք է պատճառում՝ ըստ Սողոմոնի. «Ծառան, եթե թագավորի, և աղախինը, եթե տիկնոջ տեղը գրավի...» (հմմտ. Առակ. 30:22-23): Իսկ այստեղ [Տերը] բոլորի մասին է խոսում և ավելացնում է. «Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի, և ծառային՝ իր տիրոջ նման», այսինքն՝ ձեր հալածանքներով ու չարչարանքներով Ինձ՝ Ուսուցչիս ու Տիրոջս նմանվելը բավական է ձեզ իբրև մխիթարություն, քանի որ դուք ավելի լավը չեք, քան Ես: Նաև սա ասելով՝ Իրեն քարոզում է իբրև ամենքի Տերը, Արարիչը և Ուսուցիչը և այսպիսով հնազանդություն պահանջում նրանցից: Այլև խոնարհություն է սովորեցնում, որպեսզի [չարչարանքների մեջ] տոկունություն ցուցաբերելուց հետո չհպարտանան, այլ վշտերն այդպես համբերությամբ տանեն և չափի մեջ պահեն իրենց, որով Ուսուցչին կնմանվեն՝ ըստ Ղուկասի. «Աշակերտի համար կատարելություն կլինի, երբ իր ուսուցչի նման դառնա» (հմմտ. Ղուկ. 6:40), և մեկ այլ տեղ էլ Տերն [ասում է]. «Երբ ամեն ինչ կատարեք, ասեք՝ անպիտան ծառա ենք» (Ղուկ. 17:10):

   Եթե տանտերին Բեեղզեբուղ կոչեցին, որքա՛ն ավելի Նրա ընտանիքի անդամներին:
Չի ասում՝ «թշնամանեցին», այլ թշնամանքի գլուխը կոչեցին, և այդպես [կոչեցին] այս աշխարհի տան և [Երուսաղեմի] տաճարի Տիրոջը: Ուրեմն որքա՛ն ավելի [Նրա] ընտանիքի անդամներին [այդպես կկոչեն]: [Տերն առաքյալներին] ընտանիքի անդամներ է կոչում ազգակցության և սիրո պատճառով՝ ըստ այսմ. «Դուք Իմ բարեկամներն եք» (Հովհ. 15:14): Եթե Ինձ այսպես չարախոսեցին, ապա եթե ձեզ էլ «կախարդ» ու «մոլորեցուցիչ» անվանեն, դրանից մի՛ նեղվեք, որովհետև դրանք միայն բառեր են, ուրիշ ոչինչ: [Այս խոսքով Տերը] նաև Իր անոխակալ բարքն է ցույց տալիս, որ ներեց այդքան հանցավորների, որպեսզի սովորեցնի սեփական անձի համար վրեժխնդիր չլինել, այլ Տիրոջ և Նրա օրենքի:
   

Ստեփանոս Սյունեցի

Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը:
   
   «Աշակերտը ավելին չէ, քան ուսուցիչը, և ոչ էլ՝ ծառան, քան տերը»:

   Աշակերտը քանի դեռ աշակերտության մեջ է, անհնարին է, որ ավելի լավը լինի քան վարդապետը, և ծառան, երբ ծառայության մեջ է, առավել լինի, քան տերը: Սակայն այս ասված է Իր և առաքյալների համար, քանի որ ասաց. «Եթե ձեզ հալածեն այս քաղաքից, կփախչեք դեպի մեկ ուրիշը, և եթե ձեզ դրանից էլ հալածեն, կփախչեք դեպի այն մյուսը» (Մատթ. 10:23):

   Այժմ էլ, կարծես նրանց մխիթարելով փախուստի համար, ասաց. «Մի՛ տրտմեցեք, եթե ձեզ փախուստի մատնեն, քանի որ դո՛ւք, ծառաներդ և աշակերտներդ, ավելի լավը չեք, քան ձեր Տերը և ուսուցիչը»: Արդ, եթե ինձ՝ աշխարհի և տան Տիրոջը, բեղզեբուղ անվանեցին, որչափ ևս առավել ձեզ՝ Իմ ընտանիքի անդամներին (Մատթ. 10:24-25):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:17