Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Երբ գնաք, քարոզե՛ք ու ասե՛ք, որ Երկնքի արքայությունը մոտեցել է»։
«Երբ գնաք, — ասում է Նա, — քարոզե՛ք ու ասե՛ք, որ Երկնքի արքայությունը մոտեցել է»: Տեսնու՞մ ես այդ սպասավորության մեծությունը: Տեսնու՞մ ես առաքյալների արժանապատվությունը:
Նրանց չի պատգամվում որևէ զգայական խոսք խոսել, ինչպես խոսում էին Մովսեսն ու նախկին մարգարեները, այլ հրամայվում է խոսել նոր և անսովոր բաների մասին: Առաջինները (մարգարեները) քարոզում էին ոչ թե Երկնային արքայության, այլ երկրի և երկրային բարիքների մասին, իսկ այս վերջինները (առաքյալները) քարոզում են Երկնային արքայության և այնտեղ եղած ամեն ինչի մասին: Բայց առաքյալները միայն սրանով չէ, որ գերազանցում են մարգարեներին, այլև նրանցից առավել են իրենց հնազանդությամբ:
Քրիստոսի այս առաքյալները չեն հրաժարվում, չեն խուսափում հրամանները կատարելուց, ինչպես հնում վարվում էին մարգարեները, այլ, լսելով վտանգների, պատերազմների ու անտանելի չարիքների մասին, ամբողջական հնազանդությամբ ընդունում են հրամանները՝ որպես Արքայության քարոզիչներ: Բայց ի՞նչն է այստեղ զարմանալի, - կասես դու, - եթե նրանք սիրով հնազանդվեցին քարոզել՝ այն դեպքում, երբ պետք էր քարոզել առանց տխրության և վշտի ծանրության: Այդ ի՞նչ ես ասում: Կարծում ես նրանց չի՞ հրամայվում որևէ ծանր բեռ կրել: Բայց չե՞ս լսում բանտարկության, մահապատիժների, ազգակիցների կողմից հալածանքների ենթարկվելու, համընդհանուր ատելության մասին: Այս ամենը, համաձայն Քրիստոսի խոսքի, նրանք շուտով պետք էր զգային իրենց մաշկի վրա: Հիսուս առաքյալներին ուղարկում է որպես քարոզիչներ և ուրիշներին անհամար բարիքների տարածողներ, իսկ նրանց համար հռչակում և կանխատեսում է անտանելի պատուհասներ:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
Եվ երբ գնաք, քարոզեք ու ասեք, որ մոտեցել է երկնքի արքայությունը:
Տեսնո՞ւմ ես առաքյալ լինելու պատիվը, թե [առաքյալները] որքա՛ն ավելի հարստացան, քան նախնիները, որովհետև [Տերը] ոչ մի տեսանելի ու մարմնավոր բան չի հրամայում քարոզել, ինչպես Մովսեսն ու մյուս մարգարեները, ովքեր խոստանում էին երկրի ժառանգություն և անցավոր կյանքի բարիքներ: [Առաքյալներն] ավետարանում էին երկնքի նոր ու չքնաղ բարիքները և այնտեղ եղած երանությունները: [Տերն] «արքայություն» է անվանում նաև Իրեն և [առաքյալներին] թելադրում ասել. «Թող ձեզ անհնար չթվա կամ տարակուսանքի ու վարանման մեջ մի՛ ընկեք, թե դժվար թե երկնքի [արքայությունը] գա: Ահա երկնքի Արքան մարմնավոր գալստյամբ մոտեցել է ձեզ, ուստի հավատով հարակցելով Նրան՝ երկնքում կճեմեք՝ չնայած մարմնով երկրի վրա բնակվելուն»: «Արքայության» անունով նաև հանդերձյալ Օրն է հիշեցնում, թե՝ «Մոտեցել է դատաստանի և հատուցման ժամանակը. փութացե՛ք Նրա մոտ, որպեսզի կշտամբանքի չարժանանաք»:
Իսկ «քարոզեք» [ասելը] համարձակություն է հաղորդում [առաքյալներին], թե՝ ո՛չ թե ծածուկ, այլ բացահայտ ու հանդիսավոր խոսքո՛վ ասեք. որովհետև տկարության վախը վերանում է շնորհաբաշխության պարգևով: Եվ որպեսզի չասեին. «Եթե չլսեն, ի՞նչ ենք ասելու», ասում է՝ խոսքի հաստատման համար հրաշքնե՛ր գործեք, ինչպես Ես: Ուստի ավելացնում է.
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. «Երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: