Ծննդոց գրքի մեկնություն 10:8

Ա. Լոպուխին

Քուշը ծնեց Նեբրոթին. Նա առաջին հսկան էր երկրի վրա: (Սինոդական թարգ․) [8]

   

   Քուշը ծնեց Նեբրոթին ...Սա անպայմանորեն չի նշանակում, թե Քուշի անմիջական որդին էր Նեբրոթը, այլ ընդհանուր առմամբ ապացույց է լոկ այն բանի, որ սա ուղիղ գծով Քուշի հետնորդներից էր, սերում էր զտարյուն քուշերի ցեղից, հետևաբար և ապրում էր արաբական Եթովպիայում` բիբլիական Սենաարի հովտում: Ինքը` Նեբրոթը, ոչ թե հավաքական անուն, այլ հատուկ անձնանուն է այստեղ: Բանասիրական առումով` այն նշանակում է «խռովարար, ապստամբ, հրահրող» (եբրայական «մարադ» բառից է, որ նշանակում է վշտացնել, վրդովել, ապստամբել, զայրանալ), ինչի պատճառով էլ որոշ մեկնաբաններ կարծում են, որ այս անձնանունը նրան տվել են ավելի ուշ` հիմքում ունենալով նրա բռնարարքները:

   Նա առաջին հսկան էր երկրի վրա…. Այս արտահայտության առաջին բառերը մեզ արդեն ծանոթ համարժեքներն ունեն Ենոսի (Ծննդ. 4:26) և Նոյի (Ծննդ. 9:2) մասին պատմություններում: Աստվածաշնչյան մյուս եզրույթը`«ուժեղագույնը երկրի վրա», եբրայերեն` «գիբոր», ճիշտ նույն այս տեսքով մեզ արդեն հայտնի է նախաջրհեղեղյան մարդկության բնութագրումից («նեֆիլիմ» և «գիբորիմ»): Եթե այնտեղ, ինչպես մենք տեսել ենք (Ծննդ.6:4), սույն անունն իր մեջ ամփոփված իմաստով մատնացույց էր անում ֆիզիկական ահռելի ուժ և բարոյական խաթարված էություն ունեցող հսկաներին, ապա գործածելով նույն եզրույթն այստեղ, աներկբայ է, որ բիբլիական տարեգիրը հենց դրանով կամեցել է ցույց տալ, թե ի դեմս Նեբրոթի` նորից, առաջին անգամ ջրհեղեղից հետո, հարություն է առնում ամբարտավան հսկայի տեսակը, որ դյուցազնական սխրագործություններով փառաբանվում է համայն իր երկրում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Քուշը ծնեց Նեբրոթին: Նա առաջին հսկան էր երկրի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Քուշը ծնեց Նեբրոթին. նա սկսեց հզորանալ երկրի վրա:
(Գրաբար) Եւ Քուշ ծնաւ զՆեբրովթ. նա՛ սկսաւ լինել հսկայ ի վերայ երկրի։