Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 11:23

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

23-24 . «Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, մինչև դժոխք պիտի իջնես, որովհետև եթե Սոդոմում եղած լինեին այն զորավոր հրաշքները, որ կատարվեցին քո մեջ, ապա այն կանգուն կլիներ մինչև այսօր»։ «Բայց ձեզ ասում եմ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան քեզ համար»։
   

    Զուր չէ, որ Փրկիչն այս քաղաքներին է միացնում նաև Սոդոմին, այլ այդպես է վարվում դատապարտությունը ծանրացնելու համար։ Իրոք որ, հրեաների չարության ամենազորեղ ապացույցն այն է, որ նրանք ավելի վատն են ոչ միայն իրենց ժամանակակիցներից, այլև բոլոր ժամանակներում եղած չար մարդկանցից։

    Նույն կերպ Փրկիչը մեկ այլ տեղում էլ հանդիմանում է նրանց՝ համեմատելով նինվեացիների և հարավի թագուհու հետ (Մատթ. 12:38, 41-42)։ Բայց այնտեղ Քրիստոս հրեաներին դատապարտում է՝ համեմատելով արդարների հետ, իսկ այստեղ՝ մեղավորների հետ, ինչը շատ ավելի ծանր է։ Դատապարտման նմանօրինակ եղանակ էր գործածում նաև Եզեկիելը։ Նա Երուսաղեմին ասում էր. «Քո գործած պղծությունների պատճառով քույրերդ քեզանից ավելի արդար երևացին» (հմմտ․ Եզեկ. 16:51)։ Ահա թե ինչպես է Հիսուս Իր վարմունքն ամենուրեք համապատասխանեցնում Հին Ուխտին։

    Այդուամենայնիվ, Նա սրանով չի ավարտում Իր հանդիմանությունը, այլև սարսափ է ներշնչում՝ ասելով, որ նրանք շատ ավելի ծանր պատուհասների են ենթարկվելու, քան Սոդոմի և Տյուրոսի բնակիչները։ Այս եղանակով Հիսուս կամենում է ամեն կերպ՝ թե՛ կարեկցանք արտահայտելով, և թե՛ վախ ներշնչելով նրանց առաջնորդել դեպի հավատք։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին:
   
    Եվ դո՛ւ, Կափառնաում, մինչև երկինք չես բարձրանա, այլ կիջնես մինչև դժոխք:

    «Կափառնաում»-ը թարգմանվում է «պանդխտության» կամ «սպանության ագարակ» 1, որտեղ երկար ժամանակ պանդխտացած Տիրոջը սպանել էին խորհում, և քանի որ ամբարտավան ու մեծամիտ մարդիկ էին կամ էլ ամուր վայրում էին բնակվում, չես կարող, ասում է [Տերը], փրկվել, երբ պատիժները վրա հասնեն՝ ըստ այսմ. «Եթե բույնդ դնես անձավներում, այնտեղի՛ց էլ քեզ կիջեցնեմ» (հմմտ. Աբդիու 4): Եվ պատճառը քո չարությունն ու անդարձությունն է, որովհետև չհավատացիր Նրան, Ով եկավ քեզ երկինք բարձրացնելու, ուստի կատարելով սանդարամետի իշխանի կամքը՝ նրա մոտ դժոխք կուղարկվես:

    Որովհետև եթե Սոդոմում կատարված լինեին այն զորությունները, որ կատարվեցին քո մեջ, կմնային մինչև այսօր:

    Ցույց է տալիս, որ սրանց չարիքները նրանց ունեցածից ավելի մեծ էին, և սրանց հանդեպ խնամարկությունը՝ առավել, քան Սոդոմի հանդեպ եղածը: Սա երևում է հրաշքներից ու զորություններից: Բայց չհավատացին, ուստիև ասում է.
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ դո՛ւ, Կափառնայո՛ւմ, միթէ մինչեւ երկի՞նք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կը լինէին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:20