Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
4-6. «Եվ Հիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք»»։ «Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Բարի լուրն (Ավետարան) է քարոզվում»։ «Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի Ինձանով»։
Աստվածային ամենիմացությունը, գիտենալով այն մտադրությունը, որով Հովհաննեսն իր աշակերտներին ուղարկել էր Քրիստոսի մոտ, այդ նույն ժամի համար նախախնամեց, որ Քրիստոս բժշկի կույրերին, կաղերին և շատ ուրիշներին՝ ո՛չ թե Հովհաննեսին համոզելու համար (ինչո՞ւ համոզել արդեն իսկ համոզվածին), այլ Հովհաննեսի կասկածամիտ աշակերտների՛ն համոզելու համար։ Եվ բժշկելով՝ Քրիստոս ասում է. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք։ Կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներին Բարի լուրն (Ավետարան) է քարոզվում» (Մատթ. 11:4-5)։
Իսկ հետո էլ ավելացրեց. «Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի Ինձանով» (Մատթ. 11:6)՝ դրանով ցույց տալով, որ գիտե նաև նրանց գաղտնի մտածումները։ Եթե Հիսուս ասեր՝ «այո, Ես եմ Քրիստոս», ինչպես որ ինձ է թվում, սա կարող էր նրանց (Հովհաննեսի աշակերտների) համար անհաճո լինել և տեղիք տալ մտածելու (թեկուզ և չհայտնեին այդ մտածումը) այնպես, ինչպես հրեաները. «Դու քո անձի մասին ես վկայում» (Հովհ. 8:13)։ Ահա թե ինչու Քրիստոս Ինքը չի ասում դա, այլ թողնում է, որ նրանք (Հովհաննեսի աշակերտները) հրաշքներից եզրակացնեն ամենը՝ դրանով Իր ուսմունքը դարձնելով անկասկածելի և ակնհայտ։
Միաժամանակ նաև՝ Քրիստոս թաքուն հանդիմանում է նրանց։ Քանի որ Հովհաննեսի աշակերտները գայթակղվում էին Հիսուսի անձի մասին մտածումներով, ուստի Հիսուս, բացահայտելով նրանց հիվանդությունը և հարցի ամբողջական հանգուցալուծումը թողնելով միայն նրանց խղճին, նաև՝ նրանցից բացի ոչ ոքի վկա չդարձնելով այդ հանդիմանությանը (որը նրա՛նք միայն կարող էին հասկանալ), այդպիսով նրանց էլ ավելի գրավեց դեպի Իրեն՝ ասելով. «Երանի՜ նրան, ով չի գայթակղվի Ինձանով»։ Ահա թե ինչու այս վերոնշյալ խոսքն ասելով՝ Հիսուս հենց Հովհաննեսի աշակերտներին էր նկատի ունենում։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք.
Հիսուսը պատասխանեց՝ ասելով նրանց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին՝ ինչ որ լսեցիք ու տեսաք:
Հիսուսը հասկացավ Հովհաննեսի միտքը, այդ պատճառով էլ ոչ ասաց՝ «Ես եմ», ոչ էլ թե՝ չեմ, այլ գործերով հաստատեց [խոսքը]: Որովհետև երբ նրանք մոտեցան հարցնելու, անմիջապես բժշկեց շատերի՝ հավաստի վկա դառնալու Հովհաննեսի մտքին, թե՝ «Եթե այն, ինչ գործում եմ, Հովհաննեսի խոսքերին չի համապատասխանում, ապա սուտ է նրա քարոզությունը, իսկ եթե ստույգ են նրա վկայությունները, որ նրանից ավելի զորավորը կա, պետք է ոչ թե ձայնին, այլ գործին աշակերտեք»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: