Ծննդոց գրքի մեկնություն 11:9

Ա. Լոպուխին

Դրա համար այն կոչվեց Բաբելոն (Խառնակություն), որովհետև Տեր Աստված այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մեկ: (Սինոդական թարգ․) [2]

   

   Դրա համար այն կոչվեց Բաբելոն (Խառնակություն), որովհետև Տեր Աստված այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուն… Այս համարը բաբելոնյան աշտարակաշինության ողջ պատմության ամփոփումն է: Համաձայն այս հատվածի՝ այստեղ տեղի ունեցած լեզուների խառնվելու հրաշքն իր անունն է փոխանցել նաև տեղանքին, որը կոչվեց «Բաբելոն»: Անվան վերաբերյալ նույն մեկնության կողմնակիցն է նաև Հովսեփոս Փլաբիոսը: Ակնհայտ է, որ ինչպես Աստվածաչունչը, այնպես էլ Հովսեփոս Փլաբիոսը «Բաբելոն» բառը բխեցնում են եբրայական «բալալ» բայից, որ նշանակում է «խառնել»: Սակայն նորագույն արևելագետներն այդ անունը բաժանում են ըստ իր բաղադրիչ մասերի՝ Բաբ-Բել, այսինքն՝ «Բելի (հին-բաբելոնյան աստվածության) պալատ» կամ «Բելի դռներ»: Սակայն, եթե նույնիսկ հնարավոր է որոշակի հիմնավորում տեսնել վերջին մոտեցման մեջ, այնուամենայնիվ, այն պետք է վերագրել ավելի ուշ շրջանի, երբ Բաբելոնում հաստատվեց Բել աստվածության պաշտամունքը և բաբելոնյան խառնակության իրադարձությունն արդեն հասցրել էր ինչ-որ չափով ջնջվել ժողովրդի հիշողությունից:

   Բաբելոնյան աշտարակաշինության և դրան հաջորդած ժողովուրդների տարածման նշանավոր փաստը տեղի է ունեցել հետջրհեղեղյան չորրորդ սերնդի ներկայացուցիչ Փաղեկի (Фалека) կամ Փեղեկի (Пелега) դարաշրջանում, որ ապրել է ջրհեղեղից հետո մոտավորապես VI դարի կեսերին (Ծննդ. 10:25, 11:16–17): Մարդկային ցեղի փրկության համար աստվածային տնօրինության պատմության մեջ աշտարակաշինության դրվագը յուրատեսակ դարաշրջան է ձևավորում, որով ավարտվում է մեկ դարաշրջան, այն է՝ ողջ մարդկության համընդհանուր պատմության փուլը և սկսվում է մեկ ուրիշը՝ միայն Սեմի աստվածընտիր սերնդի պատմությունը, որից էլ Աբրահամի և Դավթի միջոցով ծնվեց նույն ինքը՝ խոստացված Մեսիան:

   Այս իրադարձության պատմական վավերականությունը հաստատվում է համահունչ բազմաթիվ հնագույն ավանդություններով և Արևելքում իրականացված ժամանակակից գիտական պեղումների արդյունքներով: Հնագույն ավանդությունների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի Աբիդենի պատմությունը, որ մեջբերված է Եվսեբիոսի կողմից իր «Ավետարանի նախապատրաստությունները» աշխատության մեջ, որտեղ, ի շարս այլ բաների, կարդում ենք հետևյալ հրաշալի տողերը. «Ջրհեղեղից քիչ անց երկրի վրա առաջ եկան իրենց ուժով ու հասակով հպարտ, աստվածներին անարգող մարդիկ, որոնք այժմյան Բաբելոնի վայրում որոշեցին կառուցել շատ բարձր մի աշտարակ, որով կամենում էին բարձրանալ երկինք: Եվ ահա, երբ նրանց շինարարությունն արդեն մոտենում էր երկնքին, աստվածներն ուժեղ քամիներ ուղարկեցին, որոնք էլ ջարդուփշուր արեցին այդ աշտարակը: Դրա ավերակները կանգուն են ցայսօր և կոչվում են Բաբել, որովհետև մինչ այդ բոլոր մարդիկ խոսում էին մեկ լեզվով, իսկ այժմ նրանց վրա բազում և զանազան լեզուների խառնաշփոթ էր առաջացել»: Անգլիացի գիտնական Գեորգ Սմիթն այս պատմության համեմատաբար ավելի հակիրճ, բայց Աստվածաշնչին շատ ավելի հարազատ հատվածներ է հայտնաբերել նաև այսպես կոչված «քաղդեական ծագումնաբանության» կազմի մեջ մտնող սեպագիր տեքստերում: Նույն այս գիտնականն իր նշանավոր պեղումների ընթացքում Հին Բաբելոնի ավերակների մերձակայքում հայտնաբերել է նաև այդ աշտարակի ավերակները: Հերոդոտոսի և Պլինիոսի նկարագրություններից դատելով՝ այս հռչակավոր աշտարակը ավարտին հասցնելու և վերակառուցելու բազում փորձեր են կատարվել: Այն իր պատմության ծաղկման շրջանում ունեցել է գլխավոր տաճարի կամ բաբելոնյան աստվածությունների, այն է՝ յոթ մոլորակ աստվածների պանթեոնի նշանակություն, ընդ որում, աստվածներից յուրաքանչյուրին աշտարակում հատկացված էր իրեն բնորոշ գույնով ներկված հատուկ հարկաբաժին:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ:
(Արարատ թարգ․) Այդ պատճառով նրա անունը Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն: Եվ Տերն այնտեղից ցրեց նրանց ամբողջ երկրով մեկ:
(Գրաբար) Եւ նա էր սկայ որսո՛րդ առաջի Տեառն Աստուծոյ. վասն այնորիկ ասեն, իբրև զՆեբրովթ սկայ առաջի Տեառն Աստուծոյ։