Ծննդոց գրքի մեկնություն 1:2

Սրբ. Եփրեմ Ասորի (†373)

Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:
   
    «Երկիրն, ասում է, անձև ու անկազմ էր». սրանով հայտնեց, որ այդ ժամանակ երկիրն անպատրաստ և ամայի էր: Այս խոսքով հայտնի է դառնում նաև, որ երկիրն ավելի առաջ է եղել, քան նրա վրայի ջրերը: Այդ պատճառով էլ այն բանից հետո, երբ ասում է «եղավ», ասաց «ամայի էր և անպատրաստ»: «Երկիրն, ասում է, անձև ու անկազմ էր»: Հույնն ասում է. «Աներևույթ և անպատրաստ», որովհետև ջրերը տարածված էին նրա վրա և քանի որ երկիրն ավելի առաջ էր քան ջուրը, ինչպես ասվում է, անպատրաստ էր և ամայի, այն պատված էր ջրերով:
    Ասում է աներևույթ, որովհետև ջրերը դեռ հավաքված չէին մի կողմում և երկրի վրա դեռևս լույս չէր ծագել: Եվ կրկին երկիրն անպատրաստ էր, որովհետև ջրերի բազմությունն արգելք և խոչընդոտ էր սերմերի ու տունկերի համար, որոնց լինելու հրամանը դեռևս չկար այդ ժամանակ: Այդ պատճառով էլ «երկիրն աներևույթ և անպատրաստ էր»:

    Եվ ապա պատմեց խավարի մասին, որ տիրում էր:  Եվ ասում է, թե`

    «Խավար էր տիրում անհունի վրա», քանի որ երկնքի և անդունդների միջև` երկրի վրա բաց տարածություն էր և մութը, որ նրանց մեջ էր, կոչեց խավար, որովհետև նրանում բնություն և արմատ չկար, ինչպես եթե մեկը տուն կառուցի առանց պատուհանների: Արդ, ասաց «անհունի վրա», որպեսզի ցույց տա, թե երկնքի և անդունդների միջև խավար էր, քանի որ դեռևս ստեղծված չէր այն արարածներին երևացնող լույսը, որոնք չէին կարող երևալ առանց լուսատուի: Այլ կրկին ասում ենք, եթե սրանք ստեղծվեին առաջին օրը, սա նման կլիներ այն բանին, եթե ասենք, թե խավարը երկնքի ստվերն է: Եվ եթե վերին երկնքի և ներքին երկրի միջև լույս է, ինչպես վկայում են գրքերը, և այն ստեղծվեց երկրորդ օրը, ապա պարզ է, որ առաջին օրը եղած խավարը երկնակամարի ստվերը չէ: Երկրորդ օրը երկնակամարը ստեղծելուց հետո նրա ստվերը գործադրեց գիշերները, որ հետո եկան, այնպես ինչպես առաջին օրը անդունդների հետ միասին ստեղծվեցին նաև ամպերը և այդ ամպերի ստվերներից ստեղծվեց խավարը: «Մի փոքրիկ ամպ, ասում է, ելնում էր ծովից»: Եվ կրկին. «Նրա իմաստությամբ անդունդները պատռվեցին և ամպերը ցողեցին»:  Այլ եբրայերենում դրա փոխարեն ասվում է` «թոհ և բոհ», «խոր և խավար», այսինքն` խավար էր անդունդների վրա:  Եվ ասում է.

    «Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա». թեև կազմությամբ թերի էին... խնամվելով կատարյալ էին դառնում... շարժմամբ, որ շնչելուց էր նրանք կենդանության ուժ էին ստանում: Այսօր նույնպես Աստված գթում և խնամում է արարածներին, որովհետև Աստծուց կախված յուրաքանչյուր ոգի,  եթե Նրանից չստանա կենդանության շունչը, կխեղդվի և կմեռնի: Ջրի և խավարի օրինակը տրվեց տկար մարդուն` մկրտության ավազանի խորհուրդը պատկերելու համար, որովհետև մարդը մաքրվելու էր Սուրբ Հոգու խնամքի գթությամբ: Քանի որ պատմում էր Աստծու արարչության մասին, ոչ թե ինչ-որ արարածի, որ շրջում էր ջրերի վրա, այլ Սուրբ Հոգու, ինչպես Հայրն է ասում, Որդին գործում է, իսկ Հոգին խնամում և գորովում:
   

Ա. Լոպուխին (†1904)

Երկիրն անձև ու դատարկ էր, և անդունդի վրա խավար էր, և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա: (Սինոդական թարգ․)[2]
   
    Երկիրն անձև ու դատարկ էր ... «Երկիր» հասկացությունը Սուրբ Գրքի լեզվում հաճախ ընդգրկում է ողջ երկրագունդը, այդ թվում՝ տեսանելի երկինքը՝ որպես դրա արտաքին մթնոլորտային պատյան (Ծննդ. 14:19, 22, Սաղմ. 80:35): Հենց այս իմաստով է այն կիրառված նաև այստեղ, ինչպես երևում է համատեքստից, ըստ որի՝ այդ «երկրի» քաոսային զանգվածը ավելի ուշ իրենից առանձնացրեց հողն ու ջուրը (Ծննդ. 1:7):

    «Անձև ու դատարկ» բառերը, որոնցով բնութագրվում է սկզբնական զանգվածը, ամփոփում է «խավարի, անկարգության ու ավերի» իմաստ (Ես. 40:17, 45:18, Եր. 4։23–26), այսինքն՝ տալիս են լիակատար քաոսի գաղափար, որում գալիք լույսի, օդի, հողի, ջրի տարրերը, ինչպես նաև բուսական ու կենդանական կյանքի բոլոր սաղմերը դեռևս ոչ մի կերպ տարբերակված չէին և կարծես միախառնված էին իրար: Այս խոսքերի լավագույն զուգահեռը Սողոմոնի Իմաստության այն հատվածն է, որում ասվում է, որ Աստված աշխարհն արարեց անձև նյութից (Իմաստ. 11:18) և Բ Պետրոս. 3:5:

    Եվ անդունդի վրա խավար էր ... Այս խավարը բնական հետևանքն էր լույսի բացակայության, որը դեռևս գոյություն չուներ որպես առանձին ինքնուրույն տարր, և սկզբնական քաոսից առանձնացվեց միայն ավելի ուշ՝ արարչագործության շաբաթվա առաջին օրը:

     «խավար» և «ջրերի վրա»: Բնագրի այս հատվածում կան իմաստով մոտիկ եբրայերեն երկու բառեր ( «թեհոմ» և «մայիմ»), որոնք նշանակում են ամբողջական «անհուն» կազմող ջրի զանգված. սրանով մատնանշվում է նախաստեղծ, քաոսային նյութի հալված, հեղուկակերպ վիճակը:

    Եվ Աստծո Հոգին շրջում էր ... Այս բառերի բացատրության մեջ մեկնիչները բավական խոր տարաձայնության մեջ են. ոմանք այստեղ տեսնում են հողը չորացնելու նպատակով Աստծո կողմից ուղարկված սովորական քամու մասին պարզ ցուցում (Տերտուղիանոս, Եփրեմ Ասորի, Թեոդորետոս, Իբն-Եզրա, Ռոզենմյուլլեր), ուրիշներ տեսնում են միևնույն նպատակին ուղղված՝ հրեշտակի կամ առանձնահատուկ բանական զորության մատնանշում (Ոսկեբերան, Կայետանո և այլք), վերջապես մյուսները՝ [տեսնում են] անձնավորյալ Աստծո Հոգուն (Բարսեղ Մեծ, Աթանաս, Հերոնիմոս և շատ այլ մեկնիչներ):

    Վերջին մեկնաբանությունը ավելի նախընտրելի է. այն մատնացույց է անում արարչագործության մեջ նաև Սուրբ երրորդության երրորդ անձի՝ Աստծո Հոգու մասնակցությունը, որն իրենից ներկայացնում է այն հիմնադիր-նախախնամական զորությունը, որն ընդհանուր սուրբգրային հայեցակետի համաձայն, պայմանավորում է ողջ աշխարհի, այդ թվում նաև՝ մարդու ծագումն ու գոյությունը (Ծննդ. 2:7, Սաղմոս. 32:6, Հոբ. 27:3, Ես. 34:16, Գործք 17:28 և այլն): Ինքնին Սուրբ Հոգու ազդեցությունը քաոսի վրա այստեղ նմանվում է թռչնի գործողությանը, որ բնում թուխս է նստում և ձվերի մեջ կյանք արթնացնելու համար տաքացնում է դրանք իր մարմնի ջերմությամբ (Բ Օր. 32:11):

    Այս կերպ, մի կողմից, հնարավոր է դառնում դիտարկել քաոսում նաև բնական ուժերի որոշակի ազդեցություն, համանման ձվում սաղմի աստիճանական գոյացման ընթացքին, մյուս կողմից՝ ինչպես այս ուժերը, այնպես էլ դրանց արդյունքները ուղղակի կախվածության մեջ են դրվում Աստծուց:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ:
(Արարատ թարգ․) Երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա, և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա:
(Գրաբար) Եւ երկիր է՛ր աներևոյթ և անպատրաստ. և խաւա՛ր ի վերայ անդնդոց. և Հոգի Աստուծոյ շրջէ՛ր ի վերայ ջուրց: