Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը:
Այդժամ ասաց այդ մարդուն. «Պարզի՛ր ձեռքդ», և նա պարզեց, և այն դարձավ առողջ, ինչպես մյուսը:
Մարկոսն ասում է. «Բարկությամբ նայեց նրանց» (Մարկ. 3։5), որպեսզի դրանով նրանց դեպի Իրեն գրավեր, բայց չազնվացան, ուստի նրանց սրտի կուրության վրա զայրանալով՝ անցավ գործի և ասաց. «Պարզի՛ր ձեռքդ», և [մարդը] «պարզեց, և այն դարձավ առողջ, ինչպես մյուսը»: Տառապյալի ձեռքի պարզման միջոցով նրան հաղորդակից դարձրեց հրաշքին, որով նա [Տիրոջ] խոսքից արագապես առողջություն ընդունեց հավատի շնորհիվ: Բայց նրանք չզգաստացան, այլ մտածում էին սպանել [Հիսուսին], ինչպես ասում է [ավետարանիչը]:
Իսկ այլաբանորեն՝ «ձեռք» ենք հասկանում բանականներիս՝ մարդկանցս դասը, որը ստեղծվեց Աստծո ձեռքով՝ ըստ Հոբի 640, բայց չարի խաբեությամբ չորացավ՝ մարմնի մահկանացու դառնալու և հոգու՝ մեղքերի մահվամբ մեռնելու պատճառով: Ուստի աշխարհի Փրկիչը եկավ բժշկելու [մարդկանց], ինչից չարացավ Բանսարկուն և իր դևերի միջոցով որպես պատրվակ գործածեց շաբաթը՝ իբրև իր և մարդկանց հանգիստ համարելով մեղքն ու անօրինությունը: [Տերն] էլ սաստեց նրան և մարդկանց սովորեցրեց ձեռքը պարզել դեպի Աստված՝ ըստ այսմ. «Ձեռքս պարզում եմ դեպի բարձրյալ Աստված» (Ծննդ. 14։22)՝ Աբրահամից սկիզբ առած աստվածպաշտությամբ, որը կատարյալ դարձավ Աստվածորդու տնօրենության իրականացմամբ, և դրանով [մարդն] «առողջացավ, ինչպես մյուսը»՝ կամ հրեշտակների պես ճանաչելով Արարչին և ձեռքերի տարածմամբ աղոթք ու օրհնություն ընծայելով Նրան, ինչ պատճառով և անվանվեց «ընկած ոչխար», որը ելավ խառնվեց չմոլորվածների հոտին, կամ էլ հարության հույսով անմահացած մարմնով, ինչպես հոգին, որին [Տերը] «մյուս ձեռք» է կոչում, քանի որ երկուսն էլ՝ հոգին ու մարմինը, արարող են և բարին կրողներ, մանավանդ Քրիստոսի միջոցով առողջանալուց հետո 641:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:9
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: