Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:40

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

40-41. «Որովհետև ինչպես Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր, այնպես էլ Մարդու Որդին կմնա երկրի սրտում երեք օր ու երեք գիշեր»։ «Նինվեացիները դատաստանին վեր կկենան այս սերնդի հետ և կդատապարտեն նրան, քանի որ նրանք ապաշխարեցին Հովնանի քարոզությամբ և, ահա, այստեղ Հովնանից ավելի մեծը կա»։
   
   Իսկ այժմ բացահայտում է Իր հարության մասին խոսքը, որի ճշմարտացիության մեջ նրանք կհամոզվեն հենց այն նեղություններով, որոնք հետագա ժամանակներում ստիպված պիտի լինեն կրել։ «Որովհետև, – ասում է, – Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր, այնպես էլ Մարդու Որդին կմնա երկրի սրտում երեք օր ու երեք գիշեր»։ Հիսուս հստակ չի ասում, որ Ինքը հարություն է առնելու, քանի որ հրեաները կծաղրեին այդ խոսքը, այլ կանխասում է սա ծածկաբար, սակայն այնպես, որ նրանք կարողանային հավատալ, որ Ինքը նախապես գիտեր դա։ Եվ հրեաները ճիշտ հասկացան Հիսուսի կանխագուշակության իմաստը, ինչպես որ երևում է Պիղատոսին ուղղված նրանց խոսքերից. «Այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թե՝ երեք օրից հարություն պիտի առնեմ» (Մատթ. 27։63)։ Մինչդեռ Քրիստոսի աշակերտները, քանի որ նրանցից ավելի պակաս գիտակ էին, չէին հասկանում սա. ահա թե ինչու փարիսեցիներն իրենք իրենց վրա բերեցին դատապարտությունը։

   Նկատի՛ր, թե Փրկիչն ինչպիսի ճշգրտությամբ է արտահայտում նույնիսկ Իր ամենաաննկատելի մարգարեությունը։ Նա չի ասում ՝ «երկրում», այլ՝ «երկրի սրտում», որպեսզի հստակ ցույց տա գերեզմանում Իր մնալը և որպեսզի ոչ ոք չմտածի, թե Նրա մահը եղել է պարզապես կարծեցյալ երևույթ։ Այդ միևնույն պատճառով էլ Հիսուս նախասահմանում է երեք օրերը, որպեսզի ոչ ոք չկասկածի Նրա մահվան մասին, այնպես որ ոչ միայն Իր խաչելությունը և բոլորի համար դրա ակնհայտությունը, այլև օրերի թիվն ինքնին ծառայեն որպես դրա ապացույց։ Հարության մասին պիտի վկայի գալիք ամբողջ  ժամանակը, մինչդեռ խաչին (խաչելությանը) շատ շատերը չէին հավատա, եթե այն ժամանակ չլինեին բազմաթիվ նշաններ, որոնք կվկայեին դրա մասին։ Իսկ եթե մարդիկ չհավատային խաչելությանը, ապա չէին հավատա նաև հարությանը։ Ահա թե ինչու Փրկիչը խաչի վրա Իր մահը կոչում է «նշան» (նույնն է թե՝ հրաշք)։ Եթե Քրիստոսի խաչի վրա չխաչվեր, նշան էլ չէր տրվի։ Ահա թե ինչու է Հիսուս ներկայացնում դրա նախատիպը՝ ճշմարտություն առավել հաստատելու համար։ Ասա՛ ինձ, իսկապե՞ս Հովնանի մնալը կետի որովայնում միայն երազ է եղել ։ Ո՛չ, դու չես կարող դա ասել։ Հետևաբար, նաև Քրիստոսի մնալը երկրի սրտում չէր կարող պարզապես երազ լինել։ Չի կարող պատահել, որ նախատիպը կատարվի ճշմարտապես, իսկ ինքը՝ ճշմարտությունը, մնա իբրև անիրական երազ։ Ահա թե ինչու մենք ամենուր հռչակում ենք Քրիստոսի մահը՝ և՛ սրբազան խորհուրդներում, և մկրտության մեջ, և մյուս բոլոր եկեղեցական ծիսակատարություններում։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը նույնպես բարձրաձայն աղաղակում է. «Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6։14)։ Սրանից պարզորոշ երևում է, որ Մարկիոնի կեղծ վարդապետությամբ վարակվածները սատանայի զավակներ են, քանի որ նրանք ոչնչացնում են այն ճշմարտությունը, որի հաստատման համար Քրիստոս ամեն ինչ արեց և որի ոչնչացման համար ամեն ջանք գործադրեց սատանան․ խոսքը վերաբերում է Հիսուս Քրիստոսի խաչին (խաչելությանը) և չարչարանքներին։ Ահա այդ իսկ պատճառով էլ մեկ այլ տեղում Տերը կանխասել էր. «Քանդեցե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ» (Հովհ. 2։19)։ Եվ դարձյալ. «Կգան օրեր, երբ որ փեսան նրանցից կվերցվի» (Ղուկ. 5։35)։ Իսկ այստեղ էլ ասում է. «Բայց նշան չի տրվի նրան, բացի Հովնան մարգարեի նշանից»՝ այդպիսով ցույց տալով, որ Ինքը չարչարանքների է ենթարկվելու նաև նրանց (հրեա-փարիսեցիների) համար, բայց նրանք դրանից ոչ մի օգուտ չեն քաղելու, ինչը և Հիսուս հստակ արտահայտում է նաև Իր հետագա խոսքերում։

   Եվ չնայած որ Փրկիչը գիտեր սրա մասին, այնուամենայնիվ բարեհաճեց մեռնել նրանց համար։ Ահա թե որքա՜ն մեծ էր Նրա սերը։ Իսկ որպեսզի ոչ ոք չմտածի, թե հրեաների հետ էլ կպատահի նույնը, ինչ նինվեացիների հետ, և որ, ինչպես այդ օտարերկրացիները, որոնց Տերը դարձի բերեց՝ նրանց աչքերի առաջ դնելով իրենց քաղաքի մոտալուտ կործանումը, նրանք (հրեաները) նույնպես Քրիստոսի հարությունից հետո կզղջան և կդարձի կգան, – լսե՛նք, թե հաջորդիվ ինչ է ասում Փրկիչը։ Նա հռչակում է բոլորովին հակառակը՝ որ հրեաները ոչ միայն ոչ մի օգտակար պտուղ չեն քաղի Իր հարությունից, այլև անբժշկելի նեղություններ կկրեն։ Հիսուս սա հասկացնում է՝ ներկայացնելով պիղծ ոգուց բռնված մարդու օրինակը։ Սակայն դրանից առաջ Ինքն Իրեն է արդարացնում՝ ապացուցելով, որ Ինքը մեղավոր չէ այն դժբախտությունների մեջ, որոնց հրեաները ենթարկվելու են, և որ նրանք արդարացիորեն են պատժվելու։ Դևահարվածի օրինակում Հիսուս նախապատկերում էր հրեաների վրա հասանելիք դժբախտությունները և ավերածությունները։ Իսկ այժմ էլ ցույց է տալիս, որ այդ բոլոր պատուհասները նրանք կրելու են արդարացիորեն։ Աստված այդպես էր վարվում նաև Հին Կտակարանում։ Այսպես, մտադիր լինելով կործանել Սոդոմը, Աստված նախապես արդարացրեց Ինքն Իրեն Աբրահամի հետ զրույցում՝ վերջինիս ցույց տալով այդ հիշյալ քաղաքներում առաքինության լիակատար ամայությունն ու բացակայությունը, քանի որ այդ քաղաքներում ողջամտորոեն ապրող անգամ տասը մարդ չգտնվեց (տե՛ս Ծննդ. 18)։ Նմանապես նաև, Աստված Ղովտին ցույց տվեց հյուրերի հանդեպ դրսևորվող չարությունը և սոդոմացիների անզուսպ ցանկությունները, ու միայն դրանից հետո կրակ իջեցրեց նրանց քաղաքի վրա (տե՛ս Ծննդ. 19)։ Տերն այդպես վարվեց նաև ջրհեղեղի ժամանակ՝ Ինքն Իրեն Իր գործերով արդարացնելով Նոյի առաջ։ Այդպես ցույց տվեց Նա Իր արդարությունը նաև Եզեկիելին, երբ Բաբելոնում նրա աչքերի առաջ դրեց Երուսաղեմում կատարվող բոլոր չարիքները (տե՛ս Եզեկ. 5)։ Այդպես բարեհաճեց արդարացնել Ինքն Իրեն նաև Երեմիայի առաջ, երբ ասաց նրան. «Մի՛ աղոթիր», ապա ավելացրեց. «Չե՞ս տեսնում, թե ինչե՛ր են կատարում դրանք» (Երեմ. 7։16-17)։ Աստված նույն կերպ է վարվում նաև մյուս բոլոր նմանօրինակ դեպքերում։ Այդպես է անում և այստեղ։ Մասնավորապես ի՞նչ է ասում Նա. «Նինվեացիները դատաստանին վեր կկենան այս սերնդի հետ և կդատապարտեն նրան, քանի որ նրանք ապաշխարեցին Հովնանի քարոզությամբ և, ահա, այստեղ Հովնանից ավելի մեծը կա» (համար 41)։ Հովնանը ծառա է, իսկ Ես՝ Տերը։ Նա դուրս է եկել կետի որովայնից, իսկ Ես հարություն առա մահից։ Նա քարոզեց կործանման մասին, իսկ Ես եկա ավետելու Արքայությունը։ Եվ դեռ Նինվեի բնակիչները հավատացին նրան առանց որևէ նշանի, մինչդեռ ձեզ Ես բազում նշաններ ցույց տվեցի։ Նինվեացիները մարգարեի սպառնալի խոսքերից բացի ուրիշ ոչինչ չլսեցին, իսկ Ես ձեզ ցույց տվեցի վերին իմաստության բոլոր գանձերը։ Հովնանը Նինվեում հայտնվեց որպես Աստծու ծառա, իսկ Ես՝ որպես ամենքի Տերն ու Տիրակալը, եկա ոչ թե սպառնալիքներով, ոչ թե հաշիվ պահանջելով, այլ ներողամտությամբ։ Նինվեի բնակիչները հեթանոսներն էին, մինչդեռ ձեզ հետ խոսեցին այնքա՜ն շատ մարգարեներ։ Հովնանի մասին ոչ ոք չէր մարգարեացել, իսկ Իմ մասին այնքա՜ն շատ մարգարեներ էին խոսել, և Իմ գործերը բոլորովին համաձայնում են մարգարեությունների հետ։ Նա փախավ Տիրոջ երեսից, մտածում էր խուսափել ծաղրից, իսկ ահա Ես, նախապես իմանալով, որ խաչվելու և ծաղրվելու եմ, եկա աշխարհ։ Նա չցանկացավ նույնիսկ նվաստացում կրել, որպեսզի տեսնի նինվեացիների փրկությունը, իսկ Ես կրեցի մահը, և այն էլ՝ ամենանվաստացուցիչ մահը, ու դրանից հետո դեռ շատերին ուղարկում եմ քարոզելու։ Նա նինվեացիների մեջ եղել է որպես օտար և անծանոթ մեկը, որը ոչ ոքի հայտնի չէր, իսկ Ես ձեր ազգականն եմ ըստ մարմնի՝ ծագած նույն նախահայրերից, որոնցից սերում եք և դուք։ Բայց բացի այս անվիճելի առավելություններից, դեռ շատ ուրիշներ էլ կբացահայտի յուրաքանչյուր ոք, ով սրա մասին առավել մեծ ուշադրությամբ կխորհի։

   «Նինվեացիները դատաստանին վեր կկենան այս սերնդի հետ և կդատապարտեն նրան, քանի որ նրանք ապաշխարեցին Հովնանի քարոզությամբ և, ահա, այստեղ Հովնանից ավելի մեծը կա» - Հիսուս կարծես ասում էր. բարբարոսները, որոնք ոչ մի առանձնահատուկ առաջնորդություն չեն ունեցել, մարգարեական ուսուցումներ չեն լսել, նշաններ չեն տեսել, հրաշքներ չեն տեսել, այլ միայն նավաբեկությունից փրկված մեկ մարդուց լսելով այնպիսի խոսքեր, որոնք կարող էին նրանց գցել լիակատար հուսահատության մեջ և հասցնել ծայրահեղության՝ մինչև իսկ հենց նրա խոսքերը արհամարհելու աստիճան, – այդ բարբարոսները ոչ միայն չարհամարհեցին մարգարեի խոսքերը, այլև, ստանալով կարճ՝ երեքօրյա ժամկետ, ցույց տվեցին այնքան ուժգին և եռանդուն զղջում, որ հօգուտ իրենց փոխեցին Աստծու որոշումը։ Նրանք, - ասում է, - կդատապարտեն այս սերնդին, որ Իմ այսքան մեծ հոգածությունից օգտվել, դաստիարակվել է մարգարեական գրքերով և ամեն օր նշաններ ու հրաշքներ է տեսել։ Այնուհետև, որպեսզի ցույց տա և՛ հրեաների ծայրահեղ անհավատությունը, և՛ նինվեացիների անասելի հնազանդությունը, Տերն ավելացնում է. «․․․քանի որ նրանք ապաշխարեցին Հովնանի քարոզությամբ և, ահա, այստեղ Հովնանից ավելի մեծը կա»։ Նրանք (նինվեացիները), - ասում է, - տեսնելով մի աղքատ մարդու՝ Հովնանին, և՛ ընդունեցին նրա քարոզությունը, և՛ ունեցած ամենախիստ զղջումը։ Իսկ ահա սրանք (հրեաները), տեսնելով Հովնանից շատ ավելի մեծ Մեկին՝ ամբողջ արարչագործության Արարչին, Որը շրջում էր նրանց մեջ, ամեն օր կատարում էր այնքան շատ ու մեծ հրաշքներ, մաքրում էր բորոտներին, հարություն էր տալիս մեռելներին, ուղղում էր բնության թերությունները, հալածում էր դևերին, բժշկում էր հիվանդությունները և լիակատար իշխանությամբ մեղքերի թողություն էր շնորհում՝ նույնիսկ նույնչափ հավատք չցուցաբերեցին, ինչ բարբարոսները։
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր:
   

   Որովհետև ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր:

   Հույժ չքնաղորեն է այստեղ մեծարում Հովնանին մյուս մարգարեների համեմատ, որովհետև նրանք խոսքով, իսկ սա գործով ցույց տվեց [Տիրոջ] թաղման ու հարության խորհուրդը: Ուստի մեր խոսքը փոքր-ինչ ընդարձակենք և ուրախություն ապրենք այս խորհրդի քննությունից [ծնվող] ազնվական մտքով: Ուրեմն՝ Հովնանն ուղարկվեց քարոզելու հեթանոսներին, ինչն անսովոր էր մարգարեների համար: Որովհետև երբ մարգարեները հանդիմանում էին Իսրայելին՝ հնազանդվելու Աստծո օրենքին՝ սպառնալով սով և գերություն, որպեսզի թերևս զգաստանային, ժողովուրդը հարցնում էր. «Ինչո՞ւ պիտի գերվենք», և մարգարեներից իմանալով, որ պատճառն [իրենց] մեղքերն ու կռապաշտությունն են, ասում էին. «Մեզ գերողները մեզնից առավել չարագործ են»: [Մարգարեներն] էլ պատասխանում էին թե՝ «Աստված բազմաթիվ նշանների միջոցով ձե՛զ ընտրեց բոլոր ազգերի միջից» (ըստ այսմ. «Գտավ իմաստության բոլոր ճանապարհները և տվեց Իր ծառա Հակոբին» (Բար. 3։37), և թե՝ «Ոչ մի ազգի հետ այսպես չվարվեց Տերը» (Սաղմ. 147։20)՝ պատվելով քահանայությամբ, թագավորությամբ և Օրենքով, զոհերով ու տաճարներով, որոնք թվարկում է Եսային՝ [ասելով, թե դրանք տրվել են] «սիրելի այգուն» (Ես. 5։1-7), «բայց դուք դեպի մեղքերը դարձաք, ուստի վրեժ է պահանջում: Իսկ քանի որ հեթանոսների համար [Աստված] նման ոչ մի բան չարեց, ոչինչ էլ չի պահանջում նրանցից՝ իբրև Իր խնամքից տարագրվածներից: Բայց եթե սակավ-ինչ խնամք ցույց տա նրանց հանդեպ, նրանք ավելի կհնազանդվեն, քան դուք»: Սակայն քանի որ [Իսրայելի ժողովուրդը] չէր հավատում սրան, [Աստված] Նինվեում, որն այն ժամանակ քաղաքների մեջ գլխավորն էր, քարոզելու է ուղարկում Հովնանին, այն էլ [միայն] խոսքով, առանց հրաշագործության: Եվ Հովնանը հրաժարվում էր [գնալ Նինվե], որովհետև [նախ] չէր կամենում պղծել սուրբ մարգարեությունը՝ հեթանոսներին այն տալով՝ ըստ այսմ. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել» (Մատթ. 15։26), և երկրորդ՝ նայելով իր գործին, այսինքն՝ մարգարեությանը՝ [տեսավ], որ սուտ էին դուրս գալիս Մովսեսի խոսքերը [հեթանոս թշնամիներին] սպանելու վերաբերյալ  (Թիվք 21, 25, 31 ևն): Այս պատճառով էլ [Հովնանը] փախչում էր, բայց Աստված վիճակահանությամբ (Հովն. 1:7) բռնեց նրան, մատնեց թշնամիների ձեռքը և նրանց միջոցով բանտեց կետի փորում, ինչից [Հովնանը] խելքի եկավ, երեք օրից ազատվելով աղոթքով՝ գնաց քարոզելու Նինվեում և փրկեց ամբարշտացած քաղաքը՝ ճշմարիտ ցույց տալով [Նինվեի վերաբերյալ] մարգարեությունը: Որովհետև նրա քարոզությունն այդ քաղաքի՝ երեք օրից կործանման մասին էր, որը տեղի ունեցավ, քանի որ [նինվեացիներն] իսկապես «կործանվեցին» չար բարքերից և «վերաշինվեցին» աստվածպաշտությամբ:

   Մեծ է այս պատմության խորհուրդն Ադամի և Քրիստոսի առնչությամբ, ուստի Տերը, այն այժմ հիշատակելով, ասում է.

   «Որովհետև ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր»:

   Առաջին մարդն իր աստվածանալու կրքի պատճառով չհասկացավ [Աստծո դեմ] իր ապստամբությունը, ինչպես որ Հովնանն էլ՝ իր փախուստը, որ չի կարող Աստծո իշխանության տակից դուրս գալ, և ինչպես որ Ադամը չհա վատաց պատվիրանին՝ «Եթե ուտես, կմեռնես» (Ծննդ. 2։17), այդպես էլ Հովնանը [չհավատաց Դավթի խոսքին]՝ «Թե ելնեմ երկինք, Դու այնտեղ ես, և թե իջնեմ [դժոխք, այնտեղ էլ ես մոտ]» (Սաղմ. 138։8): Ինչպես որ [Աստված] Հովնանին թույլ տվեց մխրճվել ծովի մեջ, քշվել ալիքներով և մտնել ձկան փորը, որ խրատվեր, այդպես էլ Ադամին թույլ տվեց ալեկոծվել մեղքերով, կլանվել մահվան կողմից և իջնել դժոխք: Եվ թեև սա երկուսի համար էլ պատիժ էր, սակայն նաև մեծագույն պատիվ. Հովնանի համար՝ որ տեսավ ծովում [կատարված] հրաշքը, որի մասին պատմում է իր աղոթքում (Հովն. 2։2-10), իսկ Ադամի՝ որ ստիպեց իր Արարչին մարմնով մեռնել իր համար:

   Հովնանի նմանությամբ՝ մեր Տերն էլ ուղարկվեց քարոզելու [ամբողջ] աշխարհին դառնալու չար գործերից, բայց հրաժարվում էր [սա անել] նախքան դժոխք մտնելը, որովհետև պատվիրում էր դեպի հեթանոսները [տանող] ճանապարհով չգնալ (Մատթ. 10:5): Եվ ինչպես որ Հովնանն էր ծովում, և ծովից տագնապած նավորդները վիճակ գցեցին, այն ընկավ Հովնանին, և երբ նրան ծովը գցեցին՝ ձկան փորի մեջ, ալեկոծությունը դադարեց, այդպես էլ մեր Տերն այս ալեկոծ կյանքում տեսավ, որ աշխարհը տագնապում է մեղքերից և մտատանջվում, թե ով պիտի փրկություն դառնա իր համար, և վիճակն ընկավ մահվան ոչ արժանի մեր Տիրոջը, որ մեռներ, և Նրանով փրկվեր աշխարհը՝ ըստ այսմ. «Ավելի լավ է՝ մեկը մեռնի... և մեր ամբողջ ազգը կորստյան չմատնվի» (Հովհ. 11։50):

   Ինչպես նոխազն անապատում  (Ղևտ. 9։3), [Տերը] մորթվեց Աստծո բարկությունը [մարելու] համար և մեզ ազատ արձակեց անապատում՝ երկնքում, և նրա գերեզման ու դժոխք իջնելով՝ թշնամությունը խափանվեց՝ ըստ առաքյալի (Եփես. 2։14-16): Եվ ինչպես որ ձուկը չկարողացավ վնասել Հովնանին, այդպես էլ վիշապաձև մահը չկարողացավ բռնել մեր Տիրոջը՝ ըստ այսմ. «Նրա հոգին չթողնվեց դժոխքում, և Նրա մարմինը չտեսավ ապականություն» (Գործք 2։31): Ինչպես որ Հովնանը ցամաք ելավ՝ քարոզելու նինվեացիներին, այդպես էլ մեր Տերը, երեք օրից իբրև առյուծ հարություն առնելով, Իր [հրամանով] ուղարկեց աշակերտներին՝ քարոզելու հեթանոսներին՝ վիշապին ասես կարթով բռնած լինելով՝ ըստ Հոբի մարգարեության  (Հոբ 40։20), և ասես ձագի հետ՝ խաղալով նրանով: Որովհետև ուրիշ կենդանիների ոչնչացնող գազանը դարձավ Հովնանի համար հանգստավայր, և մարդկանց վերացնող մահը դարձավ երկնային Արքայի ուրախության ու զվարճության սեղան, որը Նա ոչնչացնելով ոտնակոխ արեց:

   Ահա այս բոլոր խորհուրդները գործածելով է [Տերը] հիշատակում Հովնանին:

   «Որովհետև ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր,այդպես կլինի նաև Մարդու Որդին [երկրի սրտում]:

   Ինչո՞ւ չի ասում. «Ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օ՛ր, այդպես էլ Մարդու Որդին՝ երկրի սրտում»: [Սուրբ] Գրքին հատուկ է, որ երբեմն ցերեկն ու գիշերը մեկ օր է ասում, ինչպես այստեղ՝ «Կլինի մեկ օր» (հմմտ. Ծննդ. 10։5) ([ինչպես որ] մենք էլ ամիսն ենք երեսուն օր ասում), երբեմն էլ [օրն ու գիշերն] առանձին է դնում՝ ըստ այսմ. «Անձրև եկավ քառասուն օր ու քառասուն գիշեր» (Ծննդ. 7։12), և՝ «Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր» (Ելք 24։18): Բայց անխորհրդաբար չեն այսպես անում. որովհետև Նոյի ժամանակ ջրհեղեղը տղամարդկանց ու կանանց համար եղավ, որոնք խորհրդանշվում են «օրով» ու «գիշերով», իսկ Մովսեսը Օրենքն ընդունեց հոգիների ու մարմինների կարիքների համար, որովհետև հոգին «լույս» է կոչվում, իսկ մարմինը՝ «խավար»՝ ըստ այսմ. «Եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարն ինչքա՛ն կլինի» (Մատթ. 7։23): Նմանապես և այստեղ օրը երկուսի բաժանելը մեծ խորհուրդ ունի. ըստ մեկնության՝ գիշերը նինվեացիների կորստյան նշանն էր, իսկ ցերեկը՝ ասորիների փրկության, և Տիրոջ մուտքը գերեզման հրեաների՝ թաղմամբ կորստյան նշանն էր, իսկ Նրա հարությունը՝ հեթանոսների փրկության: Այլև Նրա մահը արդարների ու մեղավորների, ողջերի ու մեռածների, տղամարդկանց ու կանանց փրկությունն էր, և այս նշանը տեսնելով՝ հրեաները պիտի զարմանային, որ Նա, Ով մի ժամանակ կանչեց հրեաներին ու տարագրեց հեթանոսներին, այժմ կանչում է հեթանոսներին ու մերժում հրեաներին, ինչի օրինակը Հովնանով ցույց տրվեց, ինչպես [և Տերն] է ասում:

   Բայց ի՞նչ է [նշանակում]՝ «Այդպես կլինի նաև Մարդու Որդին երկրի սրտում»: «Սիրտ» է կոչում Երուսաղեմը, որովհետև ինչպես որ սիրտն է կենդանի [արարածի] միջին մասում, այդպես էլ սա է աշխարհի երեք մասերի՝ Եվրոպայի, Լիբիայի  1 և Ասիայի միջև: Կամ էլ «սիրտ» է կոչում կենդանի զորությունը, որն աստվածպաշտությունն է, որովհետև այն ծաղկեց թե՛ Հին [ուխտում] և թե՛ Նորում՝ ըստ այսմ. «Սիոնից կելնի օրենքը, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից» (Ես. 2։3): Նաև՝ [այն տեղը], ուր Աբելը թաղվեց, երկրի «բերան» կոչվեց (Ծննդ. 4։11), իսկ ուր մեր Տերը՝ անվանվեց «երկրի սիրտ», որովհետև արդարների մահվան միջոցով պատմվեց մեր Տիրոջ մահվան մասին, որով մեռածներս կենդանացանք, և մեզնից վերին [դասերը] սովորեցին՝ ասելով. «Սրտապնդեցիր մեզ, քո՛ւյր մեր հարս» 2 (Երգ 4։9): Նաև ինչպես որ սիրտը նախ գոյանում է և ապա մեռնում, այդպես էլ Երուսաղեմը նախ գոյացավ աստվածպաշտությամբ և հետո քանդվելու է նեռի օրերին, ինչ պատճառով էլ [Տերն այն] «սիրտ» է կոչում: Այլև ասելով «երկրի սրտում» և ոչ թե «երկրում»՝ հստակորեն հայտնեց գերեզմանի [մեջ Իր դրվելու] և թաղվելու մասին, իսկ հարության մասին չխոսեց, որպեսզի չծաղրեին: Սակայն [այսքանով] ևս գրեթե հայտնեց այդ մասին, որպեսզի հասկանային, որ նախապես գիտեր, [որ մեռնելուց հետո հարություն է առնելու]:

   Նաև՝ ասում է. «[Ինչպես որ] Հովնանը կետի փորում մնաց», այսինքն՝ ողջ [մնաց], «այդպես էլ Մարդու Որդին երկրի սրտում» անապական ու անմահ [մնաց]՝ ըստ այսմ. «Ես ննջում եմ, բայց իմ սիրտն արթուն է» (Երգ 5։2): Այլև ինչպես որ կետը երեք օր ոչինչ չկերավ, որպեսզի մարգարեն չխեղդվեր, այդպես էլ, երբ մեր Տերն իջավ գերեզման, մահը չհամարձակվեց կուլ տալ որևէ մեկի, որովհետև եթե մեռելները հարություն էին առնում  (Մատթ. 27։52), ի՞նչ հարկ կար, որ ողջերն այդ օրերին և այդուհետ մեռնեին, քանի որ ովքեր այժմ են մեռնում, նրանցը «մահ» չի կոչվում [Սուրբ] Գրքում, այլ «քուն»  (Հոբ 14։12, Երեմ. 51։39, 57):

   Ոմանք տարակույսներ ունեն այս երեք օրերի վերաբերյալ, որ [Տերն] ասում է. «Ինչպես որ Հովնանը կետի փորում մնաց երեք օր ու երեք գիշեր»: Նախ այսպես են բացատրում ոմանք. հինգշաբթի երեկոյան, երբ [Տերն] Իր մարմինը բաշխեց առաքյալներին, թաղվեց նրանց երկրային սրտում, և այդպիսով [մինչև Նրա հարությունը] լինում է երեք օր ու երեք գիշեր: Երկրորդ՝ ուրիշներ էլ երեք օրն ու երեք գիշերը լրացնում են՝ գործածելով ուրբաթ [օրը] կեսօրին լուսատուների խավարումը, սակայն սա ճիշտ չէ, որովհետև [Տերը] դեռ երկրի սրտի մեջ չէր դրվել: Երրորդ՝ Պողոսի աշակերտ մեծն Դիոնեսիոս [Արեոպագացին] օրն ու գիշերը միասին է երեք հաշվում, որով էլ Մարդու Որդին երկրի սրտում լինում է երեք օր ու երեք գիշեր: Սա ճիշտ է, որովհետև ուրբաթի գիշերը, շաբաթվա ցերեկն ու մյուս՝ կիրակի գիշերը, երբ [Տերը] հարություն առավ, երեքն են:

   Չորրորդ՝ քանի որ Մատթեոսն Ավետարանը գրել է եբրայեցիների համար, ուստի եբրայական սովորությանն էլ հետևել է, որովհետև նրանք օրվա սկիզբը երեկոն են դնում. նաև ընդհանուր սովորություն է ցերեկն ու գիշերը մի օր համարել, ինչպես ասաց Մովսեսը (Ծննդ. 1։5): Ինչ գործ էլ որ լինում է, ինչ ժամանակ էլ որ կատարվում է՝ ցերեկը, թե գիշերը, չեն բաժանում, այլ ասում են՝ այսինչ բանն այսինչ օրը եղավ. ինչպես ասում էր Կղեովպասը. «Արդեն երեք օր է, ինչ դա պատահել է» (Ղուկ. 14։21): Հետևաբար այս օրինակով մտածելով է, որ Տիրոջ թաղման մեջ կգտնես երեք օր ու երեք գիշեր: Որովհետև թաղվեց ուրբաթ ժամը իննին 3, երբ գիշերն անցել էր՝ այն [գիշերը], որում գառը կերավ. ուրեմն այդ գիշերն ու դրա ցերեկը, որում Տերը թաղվեց, այսինքն՝ ուրբաթը, մի օր է. մյուս գիշերն ու նրա լույսը, որ շաբաթն է, երկրորդ օրն է, իսկ հաջորդ գիշերը, որում հարություն առավ, և նրա ցերեկը՝ երրորդ օրը:

   Հինգերորդ՝ քանի որ [Տերն] արագացնում էր մեր փրկության [գործը], կրճատեց [դրա իրականացման] ժամանակը, ինչպես որ Նոյի ժամանակ ասաց, որ ջրհեղեղը հարյուր քսան տարուց էր լինելու, բայց քսան [տարին մարդկանց] չարիքների մեծաթիվ լինելու պատճառով կրճատեց  4 : Այդպես էլ [ասել էր, թե] չորս հարյուր երեսուն [տարի] պիտի ծառայեին Եգիպտոսում, բայց երկու հարյուրով բավարարվեց  5: Նույնն էլ այստեղ է [կատարվում], քանի որ [Քրիստոսը], Տեր լինելով, կարող է խափանել ու վերացնել բնության համար Իր սահմանած օրենքները: Վեցերորդ [պատճառ], որը շատ ճիշտ է. [Տերը] Հովնանի դեպքը ոչ թե օրերի համար հիշատակեց, այլ [նման] գործերի ու խորհուրդների, որոնք [Ինքը] կատարեց ու վերջացրեց, ինչպես արդեն ասվել է: Եվ յոթերորդ՝ այն նպատակով երեք օրվա մասին նշեց, որ նրանք հասկանային Իր հարությունը: Այդ պատճառով էլ ասում էին Պիղատոսին. «Այն Մոլրեցուցիչն ասում էր՝ երեք օրից հարություն եմ առնելու» (հմմտ. Մատթ. 27։63): Ուստի հրեաները դատապարտվեցին, ինչպես ասում է հաջորդ [խոսքը]:
--------------------------------
2 Ըստ Եկեղեցու հայրերի մեկնության՝ այս խոսքն ասում են հրեշտակները, որ Քրիստոս փեսայի բարեկամներն են, Եկեղեցուն՝ հարսին: Ասում են՝ «սրտապնդեցիր», այսինքն՝ «սիրտ ու հոգի տվիր՝ տեսնելու այն, ինչ չգիտեինք»՝ Տիրոջ մահվամբ կատարված փրկությունը: Հմմտ. Եփես. 3։10: Տես Սուրբ Գրիգոր Նարեկացի, Մեկնություն երգ երգոցի, Ս. Էջմիածին, 2007, էջ 91-92:
4 (Ծննդ. 6։3-ում նշված 120 տարին («Թող նրանց օրերը լինեն 120 տարի») սովորաբար մեկնաբանվում է ոչ թե որպես մարդկանց կյանքի տևողության սահմանում (քանի որ այդուհետ ևս դեռ երկար ժամանակ մարդիկ ապրում էին շատ ավելի, քան 120 տարին), այլ որպես մինչև ջրհեղեղն Աստծուց մարդկանց տրված ժամանակ՝ ապաշխարության համար, որից հետո միայն Աստված պիտի կործաներ աշխարհը ջրհեղեղով: Իսկ 100 տարին, որի մասին խոսում է Ծործորեցին, հետևությունն է Ծննդ. 5։32 և 7։6 համարներում տրված տեղեկությունների:
5 Ըստ Ծննդ. 15։13 համարի՝ Աստված Աբրահամին ասում է, որ վերջինիս զավակները չորս հարյուր տարի պանդուխտ կլինեն մի երկրում, որն իրենցը չէ (այսինքն՝ Եգիպտոսում, որն Աբրահամի զավակների երկիրը չէր): Ելք 12։40-41-ում, ըստ Աստվածաշնչի եբրայական բնագրի, ասվում է, որ իսրայելացիները Եգիպտոսում մնացին 430 տարի: Իսկ Ծործորեցու նշած 200 տարին հետևությունն է Աստվածաշնչի Յոթանասնից թարգմանության նույն համարի բովանդակության, որում 430 տարի է համարվում ոչ թե միայն Եգիպտոսում, այլ թե՛ Եգիպտոսում ու թե՛ Քանանում իսրայելացիների և նրանց հայրերի (Աբրահամից սկսած) անցկացրած ժամանակը, և ըստ Յոթանասնից թարգմանության վրա հիմնված որոշ հին մատենագիրների (Հովսեպոս Փլավիոս, Եվսեբիոս Կեսարացի և այլք) հաշվարկների՝ միայն Եգիպտոսում իսրայելացիների անցկացված ժամանակը կազմում է շուրջ 200 (ավելի ստույգ՝ 215) տարի, ինչի մասին էլ խոսում է Ծործորեցին: Այս մասին տես А. П. Лопухин, Толковая Библия, 2-ое изд., Стокгольм 1987 г, Ветхий Завет, Исх. 12:41.
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:38