Հովհաննես Ծործորեցի
43-45. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:
Այլ երբ պիղծ ոգին մարդուց դուրս է գալիս, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ փնտրում և չի գտնում: Այդժամ ասում է. «Վերադառնամ իմ տուն, որտեղից ելա», և գալիս գտնում է [այն] դատարկ, մաքուր ու հարդարված: Այդ ժամանակ գնում է և իր հետ վերցնում յոթ ուրիշ՝ իրենից ավելի չար ոգիներ և մտնում բնակվում այնտեղ, և այդ մարդու վերջը սկզբից չար է լինում: Այսպես կլինի և այս չար ցեղի հետ»:
[Տերը] նախ այն է ցույց տալիս, որ ոչ միայն այն աշխարհում, այլև հենց այստեղ են սաստիկ պատիժներ կրում, և ինչ որ ասում է, սա է: Ինչպես որ դիվահարները, երբ այդ ախտից բուժվում են և ծուլության մեջ ընկնում, է՛լ ավելի խիստ են մոլեգնում (քանի որ [Տերն] այս խոսքն այն ժամանակ ասաց, երբ [Նրա մոտ] պիղծ ոգիներից բուժվելու համար [մարդիկ] էին եկել և Նրա հետ շրջում էին, ինչպես Մագդաղենացին, ումից յոթ դև էր դուրս եկել 698, Հոհաննան և Շուշանը), այդպես էլ ձեզ հետ կլինի: Որովհետև առաջ էլ էիք դիվահար, երբ երկրպագում էիք կուռքերին և [ձեր] որդիներին զոհում դևերին՝ մոլությունը չափազանց շատացնելով, սակայն ձեզ չթողեցի, այլ մարգարեների միջոցով դևերը հանեցի և անձամբ գալով՝ կամեցա ավելի մաքրել ձեզ, բայց դուք չկամեցաք, այլ վերստին ձեր չարիքներին դարձաք: Եվ մարգարեների արյան վրա որոշել եք [ավելացնել] նաև Իմը, ուստի անտանելի պատիժ եք կրելու, ավելի ծանր, քան առաջվանը. [կրելու եք] Տիտոսի ու Վեսպասիանոսի [ձեռքով] 699, և [ձեր] անդարձության պատճառով դա ավելի ծանր է լինելու, քան Եգիպտոսի, Բաբելոնի և Անտիոքոսի 700 [ձեռքով եղած պատիժները]:
Երկրորդ՝ քանի որ նշան պահանջեցին, ասում է թե՝ ի՞նչ օգուտ ձեզ բժշկելուց, եթե չեք հավատում, որովհետև եթե բժշկվելուց հետո երկմտեք, նախկինից էլ ավելի վատ կլինի ձեզ համար: Մի մարդու է նմանեցնում Իսրայելի ամբողջ [ժողովրդին], որի մեջ պիղծ ոգի էր բնակվում, երբ գտնվում էր փարավոնի ծառայության ներքո, և [Աստված ստրկությունից] ազատելով բժշկեց նրան՝ ըստ այսմ. «Ուղարկեց Իր խոսքն ու բժշկեց» (Սաղմ. 106։20), «նրանց անցկացրեց ծովի միջով» (հմմտ. Սաղմ. 77։13), որպեսզի մաքրվեին, բայց «չկամեցան»՝ ըստ առաքյալի (Գործք 7։39): «Նրանցից հեռացրեց» (Սաղմ. 77։55) յոթ ազգերին 701 իրենց դևերով և «սրանց երկիրը ժառանգություն տվեց» (Սաղմ. 135։21) [իսրայելացիներին]: Բայց վերջիններս չթողեցին իրենց չար գործերը, այլ երբ պետք էր հավատալ, մերժեցին և ուրացան Նրան, ինչ պատճառով էլ [Տերն] ասում է. «Գնում շրջում է անջրդի վայրերում»՝ հեթանոսների մեջ, ովքեր ստվածպաշտությունից ցամաքած էին: Եվ հանգիստ չգտավ, որովհետև նրանց տեսավ Ավազանի շնորհով ծովացած՝ ըստ այսմ. «Քեզ տվեցի որպես ազգի ուխտ և հեթանոսների լույս» (հմմտ. Ես. 47։8), և՝ «Հեթանոսները Նրա անվան վրա հույս կդնեն» (Ես. 42։4), քանզի «անապատը դարձավ ջրալից վայր» (հմմտ. Սաղմ. 106։35)՝ խմելով Հոգու կենդանի ջուրը, որ հոսում է դեպի հավիտենական կյանք: Եվ այդտեղից վերադարձավ հրեաների մոտ, ովքեր անջրդի մնացին՝ [զրկվելով] աստվածային մկրտության ջրերից: Եվ բարու կարողությունից դատարկ նրանց հոգիները «հարդարված» գտավ և բնակվեց նրանց մեջ յոթ չար ոգով, ինչի մասին ասաց Երեմիան, թե հղիացավ և յոթ ձագ ծնեց անապատում 702՝ Ռոբովամի երկու [ոսկյա երինջները] Դանում ու Բեթելում 703 և Մանասեի չորեքդիմի կուռքը 704: Եվ նրանց վերջը սկզբից վատ եղավ, որովհետև այն [սկզբնական վիճակը] Քրիստոսը քավեց, իսկ հաջորդ անգամ գալու է ոչ թե ցավերը դարձյալ ձրի՝ միայն հավատի միջոցով բուժելու համար (քանի որ Ով մեռավ, մի անգամ մեռավ՝ նրանց մեղքերն անարգելով), այլ դատաստանի և հատուցման համար, ինչպես ասում է. «Այսպես կլինի և այս չար ցեղին», ինչպես ասացի: Սա՛ է վճիռը, որովհետև նրանց մեղքերը մարգարեների միջոցով գցեցի Բաբելոնի վրա՝ ըստ այսմ. «Երբ հարյուրամյան մեռնի, անիծված ու մեղավոր կկոչվի 705» (Ես. 65։20), իսկ մնացածին Ե՛ս եկա քավելու: Բայց քանի որ, նախանձով լցված լինելով, չհավատացին, թողություն չեն գտնի այս կյանքում, այլ նախանձի կրակը կմաշի նրանց շատ ավելի դաժանորեն, քան նախկին փորձանքները, որովհետև դրանք միայն մարմնական էին և վախճանավոր, իսկ սա՝ հոգևոր ու մարմնական և անվախճան:
Իսկ այլաբանորեն՝ երբ մարդուց դուրս է գալիս պիղծ դևը՝ ութ չար խորհուրդներից մեկը՝ որկրամոլությունը (որովհետև նախ սա է բույն դնում բոլոր կենդանի [արարածների] մեջ, մանավանդ փափկակենցաղ մարդկանց), և Աստծո շնորհով [մարդն] ազատվում է [նրանից]՝ [Սուրբ] Գրքով դաստիարակվելով [և սովորելով], որ կերակուրն ու որովայնը, ըստ առաքյալի, խափանվելու են 706, և շրջում է ուրիշ մեղավոր հոգիների մեջ, ովքեր բազմաթիվ ախտերով են վարակված՝ Հոգու շնորհից ցամաքած լինելով և հավատ ու [առաքինության] գործեր չունենալով, և հանգիստ չի գտնում նրանց մեջ, որ ամբողջապես դիվացած են՝ նրանցում առատորեն բնակված դիվային լեգեոնների պատճառով, վերադառնում է իր նախկին տունը: Որովհետև խորհուրդներին հատուկ է ոչ թե մի անգամ, այլ բազմաթիվ անգամներ դիմել մտքի վրա՝ ըստ յան խորհուրդը] գտնում է [մարդուն] իր նախկին ցանկությամբ լցված և դարձյալ փափկակեցության մեջ ու փորի մասին հոգ տանելիս՝ խրատված չլինելով Տիրոջից, [Ով ասում է]. «Մի՛ հոգացեք, թե ինչ եք ուտելու» (հմմտ. Մատթ. 6։25), այդժամ ոչ միայն ինքը՝ որկրամոլության [դևն] է մտնում, այլև իր հետ բերում է յոթ ուրիշ՝ է՛լ ավելի չար դևեր՝ պոռնկության, արծաթսիրության, տրտմության, բարկության, ձանձրույթի, հպարտության և սնափառության 707: Իսկ ինչո՞ւ ավելի չար: Որովհետև հպարտությունը, բարկությունը, տրտմությունն 708 ու ձանձրույթը շատ ավելի չար են, քան որկրամոլությունն ու պոռնկությունը, քանի որ ոչ թե մարմինը, այլ հոգո՛ւ դղյակն են քանդում: Եվ «վերջը սկզբից վատ է լինում», որովհետև ով կրոնական ժուժկալությամբ չկարողացավ մեկից ազատվել՝ մարմնական կերակուրներից, ինչպե՞ս [կազատվի] շատից ու ավելի դաժան [դևերից], որոնք հանկարծորեն, արագ ու աննյութաբար վրա հասնելով՝ հոգին պաշարում են՝ գերելով դեպի մեղքի օրենքը: Եվ թշվառական միտքը, եթե նախկինում քրքրվեց մեկ թեթև [խորհուրդից], ապա հետո կծկվում է ծանր ախտերից: Կամ էլ, եթե առաջ հույս ուներ, թե մկրտությամբ քավվում է, ապա մկրտությունից հետո [գործված] մեղքն ավելի ծանր է, քան [մկրտությունից] առաջ [գործվածը], որովհետև մաքրվում է ապաշխարությամբ ու արտասուքով տաժանմամբ: Կամ էլ՝ ակամա մեղքից մեկը դյուրավ է մաքրվում խոստովանությամբ, իսկ եթե կամովին է մեղքի մեջ ընկնում, սա նախորդից չար է, որովհետև մեղքը կամովին ու սիրով գործողը չի զղջում, իսկ չզղջա ցողը դժոխքի հատակն է գնում, ուստիև [կամավոր մեղքը] մյուսից ավելի չար է՝ անվախճան ու անեզր լինելով:
Ստեփանոս Սյունեցի
43-44․«Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած:
«Սակայն երբ պիղծ հոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում՝ հանգիստ գտնելու, երբ չի գտնում, այն ժամանակ ասում է. «Դառնամ իմ տունը, որտեղից ելա»: Եվ գալով այն գտնում է դատարկ, մաքրված ու կարգի բերված»:
«Անջրդի վայրերը» մարդկանց հոգիներն է, որոնցում սատանան հանգիստ չի գտնում, իսկ «մաքրված ու կարգի բերված տունը»՝ մեղավոր հոգիները, որոնցում հանգստանում և բնակվում են սատանան և նրա պաշտոնյաները: Այս տեսակը նմանեցնում է այն փարիսեցի մարդուն, ով իր հոգին զարդարում է որպես տաճար և բնակավայր դևերի համար:
Մաղաքիա արք. Օրմանյան
43-45. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: