Ծննդոց գրքի մեկնություն 12:5

Ա. Լոպուխին

Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդուն՝ Ղովտին, Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին, և ճանապարհ ընկան, որ գնան Քանանի երկիր: Եվ եկան Քանանի երկիր: (Սինոդական թարգ․) [5]
   

   Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային… Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին… Այս խոսքերից կարելի է ենթադրել, որ Աբրամը բավական երկար ժամանակ է կանգ առել Խառանում, քանի որ նա հասցրել է ունեցվածք և ստրուկներ ձեռք բերել: Սբ. Հովհան Ոսկեբերանը հատուկ ընդգծում է, որ այդ ամենն Աբրամը Խառանում էր ձեռք բերել և նրա արդար վաստակն էր, իսկ հայրական ողջ ժառանգությունը թողել էր քաղդեացիների երկրում՝ աստվածային պատգամի համաձայն:

   և ճանապարհ ընկան, որ գնան Քանանի երկիր… Թեև Աբրամի հավատն ու հնազանդությունը փորձելով Տերը նրանից որոշ ժամանակ թաքցնում էր նրա ճանապարհորդության վերջնանպատակը՝ սակայն, ակնհայտ է, որ բուն ճանապարհի ուղղությունն այսպես, թե այնպես Աստված էր Աբրամին ներշնչել կամ հայտնել ինչ-որ հատուկ նշանով:

   Եվ եկան Քանանի երկիր… Այսինքն՝ Պաղեստինյան արգավանդ երկիրը, որտեղ Քանանի սերունդներն էին ապրում: Նրա հյուսիսային սահմանը Լիբանանյան լեռներն էին, հարավայինը՝ արաբական տափաստանները, արևելքում Սիրիական անապատն էր, իսկ արևմուտքում՝ Միջերկրական ծովը: «Ընտրյալ ժողովրդի համար որպես ժառանգություն նախասահմանված այս երկիրը, որ շրջապատված էր սարերով, տափաստաններով և ծովերով, ավելի քան ցանկացած այլ երկիր, բարենպաստ էր նրան հեթանոսական ազդեցություններից հեռու դաստիարակելու համար: Մյուս կողմից, գտնվելով այն ժամանակ հայտնի աշխարհի կենտրոնում, Եվրոպայի (ծովի կողմից), ասիական երկրների մեծամասնության և Աֆրիկայի խաչմերուկին, այս երկիրը բավականին հարմար էր, որպեսզի ավետարանական քարոզչությունն ամենուրեք տարածվեր» (Վիսարիոն):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Աբրամն առաւ իր կին Սարային, իր եղբօրորդի Ղովտին, Խառանում ձեռք բերած ողջ ունեցուածքն ու ստրուկներին: Նրանք ճանապարհ ընկան, որ գնան Քանանացւոց երկիրը: Նրանք եկան Քանանի երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամը վերցրեց իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, Խառանում իրենց ձեռք բերած ողջ ունեցվածքն ու մարդկանց և դուրս եկան՝ Քանանի երկիրը գնալու համար: Եվ եկան Քանանի երկիրը:
(Գրաբար) Եւ ա՛ռ Աբրամ զՍարա զկին իւր, և զՂովտ զեղբօրորդի իւր, և զամենայն զինչս իւրեանց զոր ստացան, և զամենայն ոգիս զոր ստացան ի Խառան. և ելին գնա՛լ յերկիրն Քանանացւոց. և եկին յերկիրն Քանանու։