Հովհաննես Ծործորեցի
Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են:
Կամ չե՞ք կարդացել Օրենքում, որ շաբաթ օրերը քահանաները Տաճարում պղծում են շաբաթը, բայց չեն մեղանչում։
Որքա՜ն մեծ է Տիրոջ իմաստությունը, ինչպե՛ս նրանց երկու հարցին էլ Օրենքի համաձայն երկու պատասխան տվեց. նախ՝ քահանաներին դեռ չմատուցված երախայրիքի վերաբերյալ, և երկրորդ՝ շաբաթի խախտման: Առաջինի համար Դավթի օրինակը բերեց, որից ըմբերանվելով լռեցին, իսկ երկրորդի համար օրինակ բերեց քահանաներին, քանի որ ոչ թե որևէ աշխարհական այն էլ Տաճարից դուրս էր խախտում շաբաթը, այլ քահանաները և Տաճարի ներսում, սակայն չէին մեղադրվում: Բայց ինչպե՞ս էին խախտում: Կամ թլփատություն էին անում շաբաթ օրը, քանի որ շաբաթ օրը ծնված մանուկներին ըստ Օրենքի ութերորդ օրը քահանաները թլփատում էին Տաճարում, և եթե [շաբաթ օրվա] ծնունդն իրենց կամքից անկախ էին համարում, ապա թլփատությունը կամովին էին կատարում, որովհետև թլփատությունը, Աբրահամից սկսած լինելով, խափանում էր Մովսեսի [միջոցով սահմանված] շաբաթվա [օրենքը], ինչպես և այլուր ասում է [Տերը]. «Մարդը թլփատվում է շաբաթ օրը, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի» (Հովհ. Է 23): Որովհետև դա ոչ թե Մովսեսից էր [սկսվել], այլ [նախկին] հայրերից, և թլփատությունն ավելի էին պատվում, քան շաբաթը՝ իբրև ավելի հին [օրենք] և մարդկանց կյանքի պատճառ, որովհետև ով չէր թլփատվում ութերորդ օրը, վերացվում էր ժողովրդի միջից: Ուրեմն քահանաները սա էին գործում ըստ Օրենքի և չէին մեղանչում: Կամ էլ՝ [Տերը] շաբաթի խախտում է համարում զոհերի մատուցումը, որովհետև թեպետ ժողովուրդը դադարում էր կենցաղային գործեր կատարելուց, բայց քահանաները փայտ էին կոտրում ու խարույկ վառում, ողջակեզներն այրում և ճարպն ու արյունը զոհասեղան հանում՝ որպես շաբաթ օրը կատարվող սովորական գործեր, բայց պատժի չէին արժանանում: Այդպես էլ սրանք են [շաբաթը խախտում], ասում է [Տերը], որովհետև [Հին ուխտի] թերաքամ ստվերը ներկա ճշմարտությունն է խորհրդանշում: Բայց որպեսզի չասեին, թե [աշակերտները] քահանա չեն, ավելացնում է.
Մաղաքիա արք. Օրմանյան
Կամ թէ Օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը եւ անմեղ են:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: