Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
1-2. «Այդ օրը տնից դուրս գալով՝ Հիսուս նստեց ծովի եզերքին»։ «Եվ Նրա շուրջը հավաքվեց ժողովրդի այնպիսի բազմություն, որ Նա նավակ մտավ և նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած մնաց ծովի եզերքին»։
«Այդ օրը,— ասվում է, — Հիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովի եզերքին» (Մատթ. 13:1)։
Եթե ուզում եք տեսնել և լսել Ինձ, — ասում է Նա, — ահա Ես դուրս եմ գալիս և խոսում եմ»։ Բազում նշաններ կատարելուց հետո Նա կրկին ուզում է օգուտ տալ Իր ուսմունքով և նստում է ծովի ափին, որպեսզի որսա և դեպի Իրեն գրավի երկրի վրա ապրող մարդկանց։ Հիսուս նստել էր ծովի ափին ոչ առանց նպատակային մտադրության (և ավետարանիչը հենց դա է ակնարկում՝ նշելով այդ հանգամանքը), այլ ուզում էր այնպիսի դիրք ընդունել, որ ոչ ոք Իր հետևում չլիներ, այլ ամենքն Իր աչքի առջև լինեին․ «Եվ Նրա շուրջը հավաքվեց ժողովրդի այնպիսի բազմություն, որ Նա նավակ մտավ և նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած մնաց ծովի եզերքին» (Մատթ. 13:2)։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
1-2. Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին:
Այդ օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց ծովեզրին: Շատ ժողովուրդ հավաքվեց Նրա մոտ:
Մատթեոս ավետարանիչը միշտ հոգ է տանում [դեպքերի] կարգի ու ժամանակի մասին, ինչը հատուկ է նրան, իսկ մյուս [ավետարանիչները] միայն խոսքերի իմաստին [են ուշադրություն դարձնում]: Որովհետև երբ [Հիսուսը] զարմացրեց, ասում է, և կատարեց Իր ծնողի ու եղբայրների ուզածը, ինչպես այն հարսանիքի ժամանակ (Հովհ. 2։1-10) (թե պետև նախ նրանց սնափառությունը բժշկեց, ինչպես այնտեղ, և հետո՛ պատշաճ պատիվը մատուցեց ծնողին), այնուհետև տնից դուրս եկավ և ծովեզրին նստեց, որպեսզի ամենքը, այդ ընդարձակ վայրում հավաքվելով, շահեին Նրա վարդապետությունից, միևնույն ժամանակ որսար ծովեզերքի [բնակիչներին], որոնցից շատերը, [Նրան այնտեղ] տեսնելով, հավաքվեցին Նրա մոտ:
Իսկ այլաբանորեն՝ Իր մեծ մարդասիրության պատճառով դուրս եկավ հայրենի սեփական իշխանական տնից, նկատի ունեմ աներևույթ [տունը], պայծառ ու անմատչելի լույսի ծագմամբ, որը խորհրդանշվում է «օր»-ով, և անտեսելով Իր իմանալի ու երկնավոր բնությունը՝ նստեց այս մարմնավոր կյանքի ծովեզրին՝ մնալով մտքի ամբոխումների և մարմնի մեղքերի ծփական ալիքներից դուրս, որով, հավատի միջոցով, բազմաթիվ հրեաների ու հեթանոսների բերեց Իր մոտ:
Այնպես որ մտավ նավն ու նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզրին:
Այն բանի համար մտավ նավ, որ ոչ ոքի չթողներ թիկունքում, այլ ամենքին [Իր] դիմաց կանգնեցներ և Իր ուսմունքն ամենքին անխոչընդոտ ներկայացներ: Իսկ այլաբանորեն՝ մտավ մահկանացու մարմնի մեջ, և որպեսզի չկարծես, թե միայն թափանցմամբ [մտավ], [ավետարանիչն] ասում է՝ «նստեց», ինչը սերտ միությամբ հանգրվանելն է նշանակում, և դրանով անվնաս մնաց աշխարհի ծովում: Եվ ոչ միայն սա [արեց], այլև Իր մարմնով լռեցրեց մարդկանց մեջ եղած ալեկոծությունը, որով մարդկանց հանեց այս կյանքի ծովի եզրը՝ ազատելով մահվանից և անմահ ու անապական դարձնելով:
Ստեփանոս Սյունեցի (†735)
1-2. Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին:
«Այդ օրը Հիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին: Եվ նրա մոտ շատ ժողովուրդ հավաքվեց»:
Բազում մարդասիրության պատճառով դուրս էր գալիս տնից ոչ միայն տեսանելի կերպով, այլև ինչպես ինձ է թվում, անտեսանելի: Եվ անտեսելով Իր բնության հոգևոր և երկնային լինելը՝ նստում է ծովեզերքին՝ այս ծով[անման] ալեծուփ կյանքում, որպեսզի հանդարտեցնի և խաղաղեցնի ծովը՝ մարդկային ալեկոծ կյանքը, նաև նույն մարդասիրության պատճառով նավ էր մտնում, այսինքն՝ մեր մարդկային մահկանացու և ապականացու մարմինների մեջ, որպեսզի ազատի մահվանից ու ապականությունից և դարձնի անմահ և անապական:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
1-3. Այդ օրը Յիսուս տնից դուրս գալով՝ նստեց ծովեզերքին: Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում.
Ավետարանի ինքնատիպ հանգամանքներից մեկն էլ Հիսուսի առակներն են, որոնց այստեղ հանդիպում ենք: Նմանություններով խոսված բաներ, այլաբանական դարձվածքներ սրանից առաջ էլ տեսանք, սակայն ամբողջ վիպական ձևի մեջ առակներ մինչ այժմ չտեսանք: Բայց այս պատճառով չենք կարող ասել, որ Հիսուսը սրանից առաջ այդ տեսակ առակներ չէր պատմում. նույնիսկ զանազան առակների ամփոփումը մտածել է տալիս, որ ավետարանիչները, ինչպես մի դեպքում հրաշքները կամ քարոզները, նույնպես էլ այս դեպքում զանազան իրավիճակներում խոսված առակներն են ցանկացել ի մի հավաքել: Հիսուսի առակները մեծ մասամբ ժողովրդական կյանքից են և հատուկ ժողովրդի զբաղմունքներից են վերցված, դրանց վիպական ձև է տրված, որպեսզի ավելի տպավորիչ և ավելի ազդեցիկ լինեն, իսկ առակներից հետո տրված են մեկնությունները՝ երբեմն ընդարձակ բացատրությամբ, երբեմն՝ համառոտ ակնարկներով: Առակների ուժն անուրանալի է, որովհետև հասարակ ժողովրդի մտքի վրա շատ ավելի տպավորություն է գործում նյութական կամ նյութական ձեւի վերածված պատկերը, քան թե վերացական սկզբունքը:
Հիսուսին վերջին անգամ տեսանք խառը ժողովրդով շրջապատված և Տիրամայրը նրան փնտրելիս: Մատթեոսը մի նոր իրավիճակ նկարագրելու համար, այս խոսքերով է սկսում. Յաւուր յայսմիկ ելեալ Յիսուս ի տանէն նստէր առ ծովեզերն: Արդյոք ուզու՞մ է ասել, թե Հիսուսը մոր հետ տուն վերադարձավ ու հետո նորից տնից դուրս եկավ, քաղաքից էլ դուրց եկա և Գալիլիայի լճի ափը գնաց: Մեկնությունն անհավանական չէ, բայց պնդելու համար էլ ավետարանից նշում չունենք: Ստույգն այն է, որ Հիսուսին նորից ժողովրդի բազմության մեջ ենք տեսնում, Կափառնայումից դուրս՝ դեպի հյուսիս տարածվող լճափյա տափարակի վրա, որը Հիսուսի քարոզների գլխավոր լսարանն էր դարձել: Բազմությունն էլ այնքան շատ էր, որ հեշտությամբ խոսել կարողանալու համար, Հիսուսը ստիպված իր սովորական միջոցին դիմեց՝ ինքը նավը մտավ և այնտեղից խոսեց ափին խռնված ժողովրդի հետ, ինչը որ ուրիշ անգամ էլ էր արել (Ղուկ. 5:1-11): Այս նավի հանգամանքը հաստատում է, որ Հիսուսն իր տրամադրության տակ նավեր կարող էր գտնել և այս նավերն էլ անշուշտ Հովնանյան և Զեբեդյան եղբայրների ձկնորսության նավերն էին. և եթե Պետրոսն ու Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը ձկնորսությունից հեռացել էին՝ շարունակ Հիսուսի հետ լինելու համար, իրենց նավերը վարձակալների ու յուրայինների հսկողության տակ դեռևս աշխատում էին, և երբ պետք էր լինում՝ Հիսուսին ու յուրայիններին տեղափոխելու էին ծառայում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: