Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:30

Հովհաննես Ծործորեցի

Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»:

 

   Թո՛ւյլ տվեք երկուսին էլ աճել միասին մինչև հունձքը:

   Համբերեք, ասում է, մինչև պատշաճ ժամանակը, որովհետև նրանցից շատերը, որ այժմ որոմ են, ցորեն են դառնալու, քանի որ եթե կամենան, հնարավոր է, որ դարձի գան ու պիտանի դառնան: Իսկ ի՞նչ է [նշանակում] երկուսի միասին աճելը: Նշանակում է բարիների՝ իրենց բարի գործերով և չարերի՝ իրենց չար գործերով կատարյալ դառնալը, կամ էլ՝ որ այս կյանքում [նրանք] պետք են միմյանց, ինչպես որ ցորենահատին իր փոճոկն 740 [է պետք]: Թեև [Տերը] կամենում է որոմներն արմատախիլ անել, սակայն հնձողների անգիտության պատճառով չի կամենում ա՛յժմ [դա անել]: [Իսկ այն հարցին] թե՝ «Որտե՞ղ է արդյոք ասված, թե հրեշտակները չգիտեն նրանց, ովքեր տանջանքի արժանի են», կպատասխանենք՝ ոչ [մի տեղ չի ասված], այլ [հետևյալ] մարգարեությունից է երևում. «Ում վրա այդ նշանը լինի,- ասում է [Տերը],- [նրան] չմոտենաք» (Եզեկ. 9։6), և Եգիպտոսից դուրս գալու ժամանակ եբրայեցիների դռների շեմերն [Աստված] արյամբ ներկել տվեց 741, որպեսզի սատակիչը չմտներ [դրանց մեջ]: Որովհետև երբ [Աստված] հայտնում է [մի բան], ինչ որ հայտնում է, [հրեշտակները միայն] դա գիտեն, ինչպես և [այս առակում է Տերն] ասելու. «Վերջում կասե՛մ հնձողներին»: Իսկ եթե մեկը հարցնում է, թե ինչո՛ւ այժմ չի հայտնում, [կպատասխանենք]՝ նախ՝ որպեսզի, ինչպես ասվեց, [որոմները] զղջան, և երկրորդ՝ որպեսզի սովորեցնի, որ այստեղ ո՛չ ամենքից է վրեժ խնդրվելու, այլ մի մասից՝ ի խրատ այլոց, իսկ բոլորի կատարյալ հատուցումն այնտեղ [է լինելու]:

   Եվ հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. «Նախ որո՛մը քաղեք և խրձերով կապեք այրելու համար, ապա ցորե՛նը հավաքեք իմ շտեմարաններում»:

   Հայտնապես ցույց է տալիս, որ Ինքը դատավոր է՝ ըստ Հովհաննես [Մկրտչի] խոսքի 742, և փառքի ու տանջանքի տերը: Իսկ «հունձքի ժամանակ» է կոչում կամ յուրաքանչյուրի մահվամբ ելքն ու պատժի ժամանակը, երբ, մեղքերի [չափը] լրացրած լինելով, տանջվում են տանջող հրեշտակների ձեռքով՝ ըստ այսմ. «Նրանց տանջանք ուղարկեց չար հրեշտակի ձեռքով» (Սաղմ. 77։49), կամ էլ՝ այս աշխարհի վերջը, ինչպես Ինքն է ասում 743 , երբ նեռի օրերին [հրեշտակները] քաղեն որոմները՝ ըստ այսմ. «Ով քաղում է իշխանների հոգիները» (Սաղմ. 75։13): Այլև կքաղեն նրանցից մասնավոր բարի գործերը, որպեսզի ամբողջովին այրվելու ենթական մնա, և ցողունները խրձերով կկապեն՝ հավիտենական գեհենում այրելու համար՝ ըստ այսմ. «Կապեք դրա ձեռքերն ու ոտքերը» (Մատթ. 22։13), և՝ «Իրենց ձեռքերի գործերով կկապվեն մեղավորները» (Սաղմ. 9։17), այսինքն՝ տանջանքներից չեն ազատվի՝ ամենքը միասին ասես շղթայով կապված լինելով՝ խրձի նմանությամբ: Որովհետև երբ որոմը դեռ ցորենի մեջ է, պետք է խնայել [նրան], որպեսզի թերևս դարձի գա և ցորենն էլ չկոխոտվի, իսկ անզեղջ մնալուց հետո [որոմը] կքաղվի և չի խնայվի:

   Բայց ինչո՞ւ են առաջինը որոմը [քաղելու]: Որպեսզի չկարծվի, թե ցորենը նրանց հետ [նույն վայրում] է հավաքվելու: Ուստիև [Տերն] ասում է. «Ցորենը հավաքեք իմ շտեմարաններում»՝ վերին արքայությունում, որն ի սկզբանե պատրաստվել է նրանց համար, ովքեր սուրբ հաց դարձան և Աստծո ու մարդկանց կերակուր: Եվ երկրորդ՝ ըստ հաջորդականության այնպես է պատահելու, որ նախ մեղավորներն են այրման ուղարկվելու և հետո են արդարները Տիրոջ նման փառավորվելու:

   [Այս խոսքը] հասկացվում է նաև այսպես. «Վերցրե՛ք մեղքն աշխարհից ու կապեք սատանայի գլխին (ով դրա պատճառը եղավ), որպեսզի վառվի գեհենի կրակով՝ ըստ այսմ. «Մեղավորները կվերանան երկրից, և ամբարիշտներ նրանում այլևս չեն լինի» (Սաղմ. 103։35), իսկ արդարները, նրա խաբեություններից ազատվելով, կհավաքվեն հրեշտակների հետ և հավիտյան կօրհնեն Աստծուն»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 13:24