Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
47-50. «Դարձյալ, Երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում»։ «Որը երբ լցվեց, ցամաք հանեցին և նստելով՝ լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին»։ «Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կելնեն և արդարների միջից չարերին կզատեն»։ «Ու նրանց կրակի հնոցը կգցեն։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց»։
Բայց որպեսզի մենք չափազանց շատ չապավինենք միայն քարոզչությանը և չկարծենք, որ միայն հավատքը բավարար է մեր փրկության համար, Տերը պատմում է մի նոր, ահասարսուռ առակ։ Ո՞րն է դա։ Ուռկանի մասին առակը։ «Երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանի, որ ամեն տեսակ ձուկ է հավաքում, որը երբ լցվեց, ցամաք հանեցին և նստելով՝ լավերն ամանների մեջ հավաքեցին, իսկ վատերը դեն նետեցին»։ Ինչո՞վ է այս առակը տարբերվում որոմների առակից։ Այն առակում նույնպես ոմանք փրկվում են, իսկ մյուսները՝ կործանվում։ Բայց այնտեղ ոմանք կործանվում են, որովհետև ընդունում են վնասակար ուսմունքներ, իսկ մյուսները, ինչպես նշվեց վերևում, որովհետև բավարար ուշադրություն չեն դարձնում (Աստծու խոսքին)։ Իսկ ահա այստեղ կործանման պատճառը չարաբարո կյանքն է։ Այսպես, կործանվածներն ամենադժբախտներն են. նրանք և՛ գիտելիքներ են ձեռք բերել, և՛ բռնվել, բայց այս ամենից անկախ՝ չեն կարողացել փրկվել։ Այլ տեղերում ասվում է, որ Հովիվն ինքն է բաժանում. այստեղ դա վերագրվում է հրեշտակներին, ինչպես որոմների առակում։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ Տերը երբեմն իր աշակերտների հետ խոսում է ավելի քիչ փակագծեր բացելով, իսկ երբեմն՝ ավելի վսեմաձայն խոսքեր է հնչեցնում։ Եվ Հիսուս այս առակը բացատրում է ոչ թե իր աշակերտների խնդրանքով, այլ Իր սեփականկամքով։ Ավելին, Քրիստոս մեկնաբանում է դրա մի մասը՝ դրանով իսկ մեծացնելով վախը: Եվ որպեսզի դու, լսելով, որ չարերը հեռու են վտարվել, նմանօրինակ կործանումն անվնաս չհամարես, Քրիստոս Իր բացատրության մեջ մատնացույց է անում նաև պատժի ձևը՝ ասելով, որ նրանք կնետվեն կրակի հնոցը, որտեղ կլինի ատամների կրճտոց և անպատմելի տառապանք: Տեսնո՞ւմ ես, թե որքան շատ ճանապարհներ կան, որոնք դեպի կործանում են տանում: Քարերը, փշերը, ճանապարհը, որոմները, ուռկանը: Այսպիսով, իզուր չէ, որ ասվում է, թե «կործանման տանող ճանապարհը լայն է, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով» (հմմտ․ Մատթ․ 7:13):
Հովհաննես Ծործորեցի (†1338)
47-48. Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին:
Երկնքի արքայությունը նման է նաև ծովը գցված ուռկանի, որ ամեն տեսակ [ձուկ] է հավաքել, և որը, երբ լցվեց, հանեցին ցամաք և նստեցին հավաքեցին լավերն ամանների մեջ, իսկ խոտանը դեն նետեցին:
Եթե մինչև այժմ առակները հեթանոսների՝ դեպի հավատք կոչման վերաբերյալ էին և ավետարանի ուսմունքն էին խորհրդանշում, այս մեկը վերաբերում է հանդերձյալում [տեղի ունենալիք] ընտրությանը, որը ոչ թե հավատքի, այլ գործերի քննություն է [լինելու]: Ուստի այս աշխարհի ծովի մեջ ավետարանի ուռկանի գցվելուց և հրեաներին ու բոլոր ազգերի հեթանոսներին հավատքով հավաքելուց հետո, կամ էլ մարդկանց բազմադիմի ցանկությունները, ինչպես նաև հեթանոսների Եկեղեցին մի տեղում հավաքելուց և այս կյանքի ավարտից հետո, մի ուրիշ ահավոր ընտրություն է լինելու պատկառազդու և ճշգրիտ ատյանով, որպեսզի ստուգապես բարիները, ովքեր հավատով սկսեցին ու գործով ավարտեցին, արքայության ամանների մեջ ժողովվեն, իսկ խոտանները, որ հավատքի եկան, բայց [այն] ուրացան կամ գործերով անպիտանացան, դեն նետվեն:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել.
«Դարձյալ՝ երկնքի արքայությունը նման է ծովը նետված ուռկանին, որ ամեն տեսակ բան է հավաքել»:
Ալեկոծյալ ծովը մարդկային կյանքն է: Աներևույթ ուռկանով բոլոր ազգերից հավաքելը՝ կա՛մ զանազան ու բազմադիմի մարդկանց հոժարությունն է, կա՛մ էլ հեթանոսների կոչումը: Ուռկան գցողները Տերն ու հրեշտակներն են, որ սպասավորում են Նրան: Եվ ուռկանը դուրս չի գա մինչև չլցվի հեթանոսներով՝ [հեթանոսությունը վերջ չգտնի], այսինքն՝ Քրիստոսի վարդապետությունը չի դադարի մինչև աշխարհի վախճանը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:44
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: