Հովհաննես Ծործորեցի
Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»։
Եվ Նա ասում է նրանց. «Այդ պատճառով էլ երկնքի արքայությանը աշակերտած ամեն օրենսգետ նման է տանտեր մարդու, ով իր գանձարանից հանում է նորն ու հինը»:
Սա նաև Սողոմոնն է ասում թե՝ «Նորը հնի մոտ, որն ինձ տվեց մայրն իմ, գանձելով պահեցի քեզ համար» (հմմտ. Երգ 7։13). որովհետև հենց դա է իմաստուն տանտիրոջ և սեփականություն [ունեցող] հարուստի գործը, որ հինը նորին հասցնի և նորը հնի մոտ հավաքի: [Տերը] սրան է նմանեցնում երկնքի արքայությանն աշակերտած օրենսգետին, ով Հին և Նոր Կտակարաններից՝ մարգարեական գրություններից և առաքելական գրքերից, «հանում» է Տիրոջ գալստյան խորհուրդն ու գալիք Դատաստանի օրինակը, որոնք զանազան առակներով սրանից առաջ հայտնեց այս աշխարհի տան ճշմարիտ Տերը, Ում նմանվեցին նաև Տիրոջ առաքյալները: Ուստի ասում էր [Տերը]. «Կուղարկեմ ձեզ իմաստուններ ու օրենսգետներ» (հմմտ. Մատթ. 23։34, Բ Մն. 36։15-16): Որպես թե՝ ովքեր տեղյակ չեն աստվածաշունչ Գրքին, երբեք չեն դառնա տանտեր, ոչ էլ օրենսգետ, որովհետև ոչ իրենք ունեն, ոչ էլ ուրիշներից են վերցնում, այլ [այս մասին] հոգ չտանելով՝ սովամահ են լինում, ինչպես եղան հերձվածողներն ու հրեաները: Թող լսե՛ն նրանք, ովքեր անտարբեր են [Սուրբ] Գրքի ընթերցվածների հանդեպ, թե որքա՛ն վնաս են իրենց հասցնում:
[Պետք է գիտենալ] նաև, որ [Տերը] չի մերժում Հին [Կտակարանը], այլ գովում ու «գանձ» է կոչում, որովհետև Նոր [Կտակարանը] ծածկված էր Հնի մեջ, ինչպես գանձը՝ ագարակում: Ուստի ովքեր Նորը չունեն, ոչ էլ Հինն [ունեն] ամբողջովին, որովհետև սրանք երկուսը կապված ու հարմարեցված են միմյանց: Այդ պատճառով էլ [Տերն] ասաց, որ [երկնքի արքայությանն աշակերտածը] «գանձարանից հանում է նորն ու հինը», այսինքն՝ գրվածից բարձրանում է [դեպի Սուրբ] Հոգին, իսկ Հոգով ճանաչում գրվածը և ազատագրվում՝ ոչ միայն ծառայությունից, այլև աղքատությունից: Եվ Տիրոջ անարատ գիտությամբ պայծառացած՝ կվերանվանվի երկնային բարիքների տանտեր, ով գիտի հին արարչության և դրա վերանորոգության, ինչպես նաև հինավուրց 767 Աստվածության և նորածին Մանկան մասին:
Ստեփանոս Սյունեցի
Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»։
Եվ նրանց ասում էր. «Դրա համար երկնքի արքայությանն աշակերտած ամեն օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձից հանում է նորը և հինը»:
Երկնքի արքայությանը աշակերտած է կոչում [նրան], ով Հրեաստանից է ստանում Քրիստոսի ուսմունքը, իսկ ավելի [խորն իմաստով] ասած՝ [աշակերտ կոչում է նրան], ով գրագիտությունից հասնում է հոգևորականի աստիճանի: Արդ նա, ով զորացել է անսուտ գիտությամբ, լինում է երկնային բազմության, արքայության տանտեր, և ո՛չ միայն ծառայությունից, այլև աղքատությունից ազատվելով՝ լինում է ինչպես Քրիստոս: Իսկ այն, որ այս [տանտերի] նման մի դպիր իր գանձերից հանում է Հին ու Նոր Կտակարանները՝ ցույց է տալիս, թե ոչ միայն պետք չէ, այլև անհնարին է բաժանել Նորը Հին Կտակարանից:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:51
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: