Սրբ. Եփրեմ Ասորի
Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծու քահանան էր:
«Բարձրացնում եմ ձեռքն իմ առ Աստված, որ ստեղծեց երկինքն ու երկիրը», սրանով վարդապետություն ցույց տվեց նրանց, ինչպես և Մելքիսեդեկը: Փոխանակ այն բանի, որ ասաց. «սոդոմացիների արքան», «Վաղան». և փոխանակ նրա, որ ասաց «Գեղի արքան», «հեթանոսների արքան»:
Ա. Լոպուխին
Եվ Սաղեմի արքա Մելքիսեդեկը հաց ու գինի հանեց, որովհետև բարձրյալ Աստծո քահանան էր: (Սինոդական թարգ․) [18]
Եվ Սաղեմի արքա Մելքիսեդեկը… Աբրամին դիմավորելու եկած մարդկանց շարքում սրբազան պատմիչը մեր ուշադրությունը սևեռում է Սաղեմի արքա Մելքիսեդեկի ակնառու և բացառիկ անձի վրա: Այն հանգամանքը, որ Մովսեսը մեզ ոչ մի կենսագրական տեղեկություն չի հաղորդում Մելքիսեդեկի մասին, իսկ Սաղմոսերգուն և Պողոս առաքյալը նրան խորհրդաբար կապում են Տեր Հիսուս Քրիստոսի հետ (Սաղմ. 109:4, Եբր. 7:1-3), բազմաթիվ և բազմազան կարծիքներ է առաջացրել Մելքիսեդեկի անձի և իր պաշտոնի արժեքի վերաբերյալ. ոմանք նրա անձի մեջ տեսնում են զառամյալ Սեմ նահապետին (թարգումներ, Լյութեր և այլք), ուրիշներ՝ հրեշտակի (Որոգինես), այլք՝ Սուրբ Հոգուն (Հերաքսիոս Եգիպտացի), մյուսներն էլ՝ Տեր Հիսուս Քրիստոսին (Ամբրոսիոս)։ Սակայն այս մեկնություններից ոչ մեկը, իրենց անհաստատ և անհիմն լինելու պատճառով, չի կարող ընդունելի լինել։ Մելքիսեդեկի անձի վերաբերյալ հարկ է ընդունել երկու հիմնական տեսակետ. նախ՝ անկասկած նա հստակ պատմական անձ է եղել, որն ապրել և անգամ թագավորել է Աբրահամի օրոք, և նույնքան անկասկած է, որ այդ պատմական կերպարը հետագայում դարձել է նախատիպ, որը և բացահայտում է Սաղմոսերգուն և, առավելաբար, Պողոս առաքյալը (Եբր. 7)։
Մելքիսեդեկ անունը մաքուր սեմական ծագում ունի և բառացի նշանակում է «արդարության թագավոր» (մելեք-սեդեկ)։ Այն շատ մոտ է և հարազատ Ադոնիսեդեկ անվանը, որը կրում էր Երուսաղեմի արքան Հեսուի կողմից քանանացիների երկիրը գրավելու ժամանակաշրջանում (Հեսու 10:1, 3, 5, 23)։ Այս վերջին հանգամանքը մեզ կողմնորոշում է հօգուտ այն կարծիքի, որ Սաղեմը, որտեղ թագավորում էր Մելքիսեդեկը, նույն Երուսաղեմն է, որտեղ գահակալում էր Ադոնիսեդեկը, քանի որ արքայական անունների կայունությունն ու հարատևությունը ամեն երկրի և ազգի համար բնորոշ ցուցիչներից մեկն է ոչ միայն հին ժամանակների, այլև մինչև անգամ մեր օրերի համար։ Սաղեմի և Երուսաղեմի նույնության այս ենթադրական (համեմատության վրա հիմնված) ապացույցից բացի գոյություն ունեն բազմաթիվ այլ, ավելի դրական՝ սուրբգրային տեղեկությունների, արևելագիտության ձեռքբերումների, ինչպես նաև հնագույն ավանդության հեղինակության վրա հիմնված ապացույցներ։ Սուրբգրային տեղեկություններին է պատկանում Սաղմոսերգուի հստակ ցուցումը. «Նրա (Աստծո) տեղը խաղաղության մեջ (Սաղեմում) է և Սիոնում՝ Նրա բնակության վայրը» (Սաղմ. 75:3)։ Ասորիքի թագավորների սեպագիր արձանագրություններում Երուսաղեմը հայտնի է որպես «Ուրու-Սալիմա», ինչն ըստ էության նշանակում է հենց «Սաղեմ քաղաք»։ Փարավոնի արքունիքի հետ Եգիպտոսի պաղեստինյան փոխարքաների Թել-էլ-Ամարնական նամակագրության մեջ հայտնաբերվել է փոխարքաներից մեկի նամակը Ամենոթիս Դ փարավոնին, որում նա, ի շարս այլոց, նշում է , որ իրեն վստահված քաղաքի հովանավոր աստվածն է համարվում Էլ- Էլիոնը, որը կոչվում է նաև Սաղեմ։ Հնարավոր է, որ օտարազգի փոխարքան, իր համար նոր երկրի լեզվին, կրոնին և սովորույթներին քիչ ծանոթ լիլնելով, դեռևս վատ էր հասկանում նրա առանձնահատկությունները և շատ բան յուրովի էր ընկալում (օրինակ՝ նկարագրվածը տիպիկ եգիպտական նույնականացումն է քաղաքի անվան և հովանավոր աստվածության): Սակայն Սաղեմի հիշատակումն իսկ և, մանավանդ նրանում Էլ-Էլիոնի պաշտամունքի մասին տեղեկությունը մեզ համար վերին աստիճանի արժեքավոր է և հրաշալիորեն հաստատում է աստվածաշնչյան տեղեկությունները։ Ի վերջո, Սաղեմի և Երուսաղեմի նույնության մասին են վկայում նաև հին հուդայական թարգումները, Հովսեփոս Փլավիոսը, և ինչպես հին, այնպես էլ նոր մեկնիչների մեծամասնությունը (Իբն-Եզրան, Կիմխին, Կնոբելը, Դելիչը, Քեյլը, Մերֆին, Բուշը և այլք)։ Թեև Աստվածաշնչում Սաղեմ անունը կրող ևս երկու վայր կա (Հովհ. 3:23), այդուհանդերձ, այս ամենի լույսի ներքո Մելքիսեդեկի, Սաղեմի և Երուսաղեմի նույնացումը գրեթե անվիճելի է։ Այս վերջին Սաղեմը Աբրամի ճանապարհին էր, Սոդոմից վեց ժամվա հեռավորության վրա, որի ընթացքում Սոդոմի արքան ուղեկցում էր Աբրամին։
Հաց ու գինի հանեց… Մելքիսեդեկի անձի նկատմամբ եղած մոտեցումների տարբերությունից կախված տարբերվում են նաև հայացքները նրա կատարած գործողության՝ հաց ու գինի մատուցելու վերաբերյալ. ոմանք այստեղ տեսնում են պարզապես պարենի մատուցում Աբրամի ջոկատի ուժերը թարմացնելու և կազդուրելու համար, ուրիշները անարյուն պատարագ են նկատում, որն ամենամոտ, նախատիպային կապն ունի նորկտակարանյան Հաղորդության Խորհրդի հետ։ Միայն այս վերջին մեկնաբանությամբ ամբողջովին բավարարվել թույլ չի տալիս հենց այն հանգամանքը, որ օգտագործված ընծաները մատուցվում են ոչ թե Աստծուն, այլ մարդուն (Աբրամին), ինչը հակասում է աստվածային զոհի բուն իմաստին։ Սակայն առաջին բացատրությունը ևս չի կարելի հիմնավոր համարել, քանզի ոչ մի տեղից չի երևում, որ Աբրամի ջոկատը նման կազդուրման կարիք ուներ, և որ բերված պարենը կարող էր բոլորին բավականացնել։ Ավելի բնական և ճշմարտամոտ է այն բացատրությունը, որ Պաղեստինում հացն ու գինին կենսական նշանակություն ունեցող գլխավոր մթերքներն էին, և Մելքիսեդեկը դրանք օգտագործել է իր հյուրընկալությունն ու Աբրամի նկատմամբ հարգանքը ցույց տալու նպատակով, այնպես, ինչպես մեզ մոտ աղ ու հացով են դիմավորում պատվավոր և հարգարժան հյուրերին։ Դրանով, իհարկե, ամենևին չի բացառվում պատմական այդ փաստի մեջ տեսնելու նաև Հաղորդության նորկտակարանյան խորհրդի՝ հացի և գինու հետ կապը մատնանշող հայտնի նախատիպային նշանակությունը։
…որովհետև բարձրյալ Աստծո քահանան էր… Սուրբ Գրքի այս համարում մենք առաջին անգամ հանդիպում ենք քրմական կամ քահանայական պաշտոնը մատնանշող հատուկ եզրի։ Առաջին հերթին այն պատմական Մելքիսեդեկի անձին վերագրելով՝ մենք ամենևին չպետք է շփոթվենք այն հանգամանքից, որ այստեղ նույն անձի մեջ միավորված են և՛ քահանայական, և՛ թագավորական պաշտոնները. հնում շատ ազգեր այդպիսի սովորություն ունեին (օրինակ՝ rex Romanorum միաժամանակ եղել է նաև pontifex maximus), հատկապես այն վաղնջական ժամանակաշրջանում, երբ դեռ նահապետական կենցաղով էին ապրում, որտեղ ցեղի մեծը միաժամանակ և՛ թագավոր էր, և՛ քուրմ, և՛ օրենսդիր, և՛ դատավոր։ Թեև, խոսքի ողջ համատեքստով Մելքիսեդեկի «քահանայությունը» ներկայացվում է որպես յուրահատուկ, սրբազան ծառայություն, սակայն նույնիսկ այս տեսանկյունից Սուրբ Գրքում այն շատ անգամ և հստակորեն տարբերակվում է հաջորդող, օրինական քահանայությունից, մինչև անգամ հակադրվում է նրան (Սաղմ. 109:4, Եբր. 5:6)։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Մելքիսեդեկը վերջին ներկայացուցիչն էր նախնական այն քահանայության, որի մասին որոշ ակնարկներ ենք գտնում Ենոսի և Նոյի (Ծննդ. 4:26, 9:9) պատմություններում։ Դա ունիվերսալ, համաշխարհային քահանայություն էր, ծառայություն սկզբնական հայտնության կրոնին, որի մնացորդները, ինչպես աստղերը խավար հորիզոնում, շարունակում էին պահպանվել նաև հեթանոսական սնահավատության և կռապաշտության խավարի մեջ։ Մելքիսեդեկի քահանայության յուրահատկության մասին է վկայում ոչ միայն Աբրամի հարգալից վերաբերմունքը, այլև այն Աստծու անունը, որին նա ծառայում էր՝ «Բարձրյալ Աստված» կամ, ինչպես եբրայական բնագրում է նշված, «Էլ-Էլիոն»։ Սա ճշմարիտ Աստծու անունն է, որին կարող ենք հանդիպել նաև սուրբգրային այլ տեղիներում (Թվ. 24:16, Բ Օր. 33:8, Սաղմ. 7:18, 9:3, 17:14, 20:8 և այլն), որոնք ներկայացնում են Նրան որպես Տիեզերական Բարձրագույն Զորություն և Վերին Տերություն, որ տարածվում է ողջ տիեզերքով մեկ։ Ըստ երևույթին, այս անունը հայտնի էր նաև քանանացի հեթանոսներին: Դա երևում է այն բանից, որ նույն անունով (Էլ-Էլիոն) էր կոչվում նաև փյունիկեցիների գլխավոր աստվածությունը. ակնհայտ է, որ անունը մնացել էր ճշմարիտ Աստծո մասին իրենց աղոտ հիշողությունից։ Մելքիսեդեկի խորհրդավոր քահանայության՝ որպես առանձնահատուկ կարգ, և թագավորական աստիճանի հետ այդ քահանայական պաշտոնի զուգակցման մասին առավել լիարժեք և հստակ պատկերացում է տալիս Մելքիսեդեկի և Քրիստոսի միջև եղած նախատիպային զուգահեռը, որը հանգամանորեն բացահայտում է Պողոս առաքյալը (Եբր. 7)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի հիւրասիրեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստծու քահանան էր:
(Արարատ թարգ․) Եվ Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց և գինի բերեց, և նա Բարձրյալ Աստծո քահանա էր:
(Գրաբար) Եւ Մելքիսեդեկ արքայ Շաղեմայ եհան հա՛ց և գինի. քանզի քահանա՛յ էր Աստուծոյ Բարձրելոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: