Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 16:1

Ստեփանոս Սյունեցի

Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը:

   
   «Ասաց աշակերտներին. «Մի մեծահարուստ մարդ տնտես ուներ, և նրա մասին ամբաստանություն եղավ, իբրև թե վատնում է տիրոջ ունեցվածքը»

   Անիրավ տնտեսը խորհրդանշում է [այն] բոլոր մեղավորներին, ովքեր ներում են իրենց պարտապանների պարտքերը և առատապես բաշխում են իրենց սիրելի մամոնային՝ հարստության ու մեծության ինչքերը, կամ էլ ներելով պարտքերը իրեց սիրելիներ են դարձնում հրեշտակներին ու արդարներին:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-13․ Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Տէրը կանչեց նրան եւ ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող»: Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եւ սա ասում է՝ «Հարիւր տակառիկ ձէթ». եւ տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»: Ապա դարձեալ միւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». եւ սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»: Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»: «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է: Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը: Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ: Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»:

   
   Ղուկասը «Անառակի» առակին անմիջապես կցում է «Տնտեսի» առակը, միայն «Եւ ասէ առ աշակերտսն» անցումը դնելով երկուսի միջև։ Աշակերտ անվանումն ավետարաններում երբեմն տրվում է միայն Տասներկուսին, երբեմն Յոթանասուներկուսին, բայց երբեմն էլ ընդհանուր կերպով տրվում է Հիսուսին բարեմտաբար բոլոր հետևողներին։ Եթե առակի վերջում գրված ծանոթությունը նկատի առնենք, որ ունկնդիր փարիսեցիները զայրանում էին, պարտավորվում ենք ասել, թե այստեղ կարիք չկա աշակերտ անունը սեղմ իմաստով հասկանալ և թե Հիսուս միայն յուրայիններին չէ ուղարկել այդ առակը, այլ ամբողջ ժողովրդին։
   Դարձյալ մի մեծահարուստ տանուտեր կա, որ իր մատակարարական ընդհանուր գործերի վրա մի վերակացու ունի, ում տնտես անունն է տրվում, հայերեն բառի հին և լավ իմաստով և ոչ այժմյան աղավաղված և ստորացած նշանակությամբ։ Բավականին տարիներ գործի գլուխ գտնվելուց հետո տանուտերիան տեղեկացնում են, թե տնտեսը հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ, և թե մատակարարությունը վնասի և վտանգի տակ է։ Տանուտերն այս, որ լսում է, կանչում է տնտեսին և ուղղակիորեն հայտարարում. «Քո վերաբերյալ լավ բաներ չեմ լսում, պաշտոնավարությունը ինձ համար օգտակար չէ, հաշիվդ հավաքիր ու արդյունքը ներկայացրո՛ւ և գործիցդ հեռացիր, այլևս քո կարիքը չունեմ»։ Տնտեսն անակնկալի է գալիս, բայց չի շփոթվում, մի եղանակ է մտածում, որ պաշտոնը թողնելուց հետո էլ իր ապրուստն ապահովված լինի, քանզի մտածում է, թե արհեստով աշխատելու կարողություն ու փորձ չունի, իսկ ձեռք մեկնել և մուրալուց էլ ամաչում է։ Մի հնարքի կարիքն անհրաժեշտ է տեսնում, և գտնում է այն։ Գտած եղանակը տանտիրոջը պարտապանների մուրհակները փոխել, պարտքերը նվազ ցույց տալ և տարբերությունից օգուտ քաղելն է։ Կանչում է մեկին, որ հարյուր մար ձեթ էր պարտք, այսինքն՝ մարտ 16 քաշից, 1600 քաշ ձեթ։ Հրամայում է, որ հիսուն մարի համար նոր պարտամուրհակ գրի, հարյուրանոցը ջնջում է և հիսունանոցն է նրա տեղը դնում։ Մարդը խորին շնորհակալությամբ հեռանում է։ Կանչում է երկրորդին, որ 100 քոռ ցորեն էր պարտք, այսինքն՝ քոռը 158 քաշից՝ 15800 քաշ ցորեն։ Սրան էլ հրամայում է, որ 80 քեռի մի նոր մուրհակ գրի։ Հարյուրանոցը ջնջում է և տեղը ութսունանոցն է դնում։ Նա էլ հեռանում է շնորհակալությամբ։ Երրորդին էլ, չորրորդին էլ նույն բանն է անում, վերջապես, բավականին զեղչելով ի նպաստ պարտապանների և ի վնաս տանտիրոջ։ Կարող էր ենթադրել, որ խորամանկ տնտեսը այդ զեղչերը կատարելու ժամանակ, անմիջապես օգտվերը տարբերության գումարից, նույն պահին պարտապաններից պատշաճ մասը ստանալով, բայց Ավետարանի առակը սա չի ասում, այլ հակառակն է թելադրում, թե տնտեսը նկատի ունեցավ միայն պարտապանների երախտապարտությունը շահել, որպեսզի երբ պաշտոնից ազատվի, նրանց տներում բնակություն և կերակուր գտնի։ Գործը գաղտնի չէր կարող մնալ, քանի որ բավականին տարածում գտավ և տանուտիրոջ ականջին ևս հասավ, որ անտարբերությամբ լսեց և փոխանակ բարկությամբ զայրանալով, հիացավ տնտեսի հնարագիտության վրա. «Լավ վարպետ է եղել,- ասաց,-իր գործն իմացել է։ Արդեն իսկ այդ խորամանկ խարդախները մտածող ու ճարպիկ են լինում և ավելի խելացի, քան թե բարի և հավատարիմ պաշտոնյաները»։
   Առակը մինչև այստեղ է, որի ընթացքը բնավ գովելի մի դեպք չի ներկայացնում. Տանուտիրոջ լավ չմատակարարելը՝ հանցանք, տիրոջ ունեցվածքի դեմ խարդախելը՝ հանցանք, մուրհակներ փոխել տալը՝ հանցանք և իր համար անիրավ շահ պատրաստելը՝ հանցանք և դատարկապորտությամբ ուրիշին բեռ լինելով ապրելու մտադրությունը՝ ևս հանցանք։ Այս պատճառով Հիսուսի ասելը, թե «Գովեաց տէրն զտնտեսն անիրաւութեան» խորթ է հնչում շատերի ականջին, իբր թե Հիսուս Ինքը գոված լիներ անիրավ տնտեսի գործածները։ Սակայն Հիսուս չէ, որ գովում է, այլ ասում է, թե տերը գովեց, որևիցե մի մեծատան տարօրինակ մտածողության ու դատաստանի մասին է պատմում։ Մյուս կողմից ուրիշները նկատել են տալիս, թե չէ՞ որ տանուտերը աշխարհի տեր Աստուծո օրինակն էր, ուրեմն, խոսքի բնական բերմամբ Աստված ևս անիրավությունը գոված կլինի։ Սակայն այդ դեպքում էլ պետք է տեսնել, թե առակներում երկու առարկա կամ երկու անձ իրար հետ են համեմատվում, որոնք իրենց ամբողջ հանգամանքով չեն համեմատվում, այլ միայն ու միայն նկատի առնված նմանության տեսակետով։ Ըստ այսմ, այս առակում ևս տանուտիրոջ և տնտեսի բոլոր հանգամանքները Աստուծո և մարդու հետ համեմատություն պետք չէ անցկացնել, այլ միայն տնտեսի հնարիմացությունը և տանուտիրոջ ունեցվածքով իր համար օգուտ պատրաստելու ձևը։
   Այս պարագան ակնհայտորեն երևում է Հիսուսի կողմից իբրև եզրակացություն անմիջապես ավելացված խոսքերից. «Եւ ես ձեզ ասեմ, արարէք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան»։ Մամոնա բառն ասորերեն կամ արամերեն արմատից է և նշանակում է ունեցվածք, հարստություն։ Եվ Մամոնան իբրև աստվածության պաշտվելը շատերի կարծիքն է եղել, բայց վավերական փաստով հաստատված չէ։ Լինի կամ ոչ, մամոնան որպես հասարակ անում նշանակում է ունեցվածք կամ հարստություն նյութական իմաստով և առավել ևս՝ անխտիր կերպով և որևէ ապօրինի կամ օրինավոր միջոցով ձեռք բերված հարստություն։ Եվ այս պատճառով հաճախ «մամոնայ անիրաւութեան» բառերն իրար կցված են օգտագործվում։ Որքան էլ Տնտեսի առակը ևս, մամոնան, որից տնտեսն օգտվում է, անիրավության կեղտից զերծ չէ, սակայն բացարձակ կերպով անիրավությամբ ձեռք բերված հարստության մասին մեկնաբանելու կարիք չունենք, որովհետև ավելի ստորև անիրաւ բառը ճշմարիտ բառից դիմաբաժանված է օգտագործվում. «Եթէ յանիրաւ մամոնային չեղէք հաւատարիմք, զճշմարիտն ձեզ ո՞ հաւատասցէ», որով անիրավ մամոնան վաղանցուկ, անհաստատ և կեղծ հարստության իմաստով է օգտագործվում։
   Բոլոր մեկնիչները համաձայն են, թե Տնտեսի առակը շատ ներքին դժվարություններով լեցուն մի հատված է, և թե շատ նուրբ մեկնությունների կարիք է զգում, որպեսզի Հիսուսի բերանով անիրավ շահը արդարացված չասվի։ Շատերը շատ ձևեր ու դարձվածքներ են առաջ բերում, բայց մեր նպատակը նրբությունների մեջ մտնելը չէ, և մենք կարող ենք ընդունել, թե Հիսուս երբեմն տգեղ օրինակներով էլ ուզեց բացատրել աստվածային սկզբունքները։ Օրինակ՝ երբ աղոթքի զորությունը ուզեց ցույց տալ այրի կնոջ օրինակով և Աստուծո հետ համեմատեց անխիղճ դատավորին։ Մենք, ուրեմն, բավարարվենք Տնտեսի առակով հայտնված խրատը բացատրելով։
   Տանուտերն Աստված է, տնտեսն էլ մարդն է։ Աշխարհի բոլոր բարություններն Աստուծո ունեցվածքն է: Մարդը դրանց տերը չէ, այլ՝ մատակարարող պաշտոնյա: Աստված աշխարհի բարությունները մարդուն է հանձնել, որ այս աշխարհում դրանք օգտագործելով, հանդերձյալ աշխարհի համար արդյունք և շահ պատրաստի, ինչպես տանուտերը ունեցվածքը տնտեսի ձեռքում էր գտնվում և նրանցով հոգում էր իր ապագայի մասին։ Աշխարհի բարիքները մարդու ձեռքում ժամանակավոր են։ Մի օր դրանք այլևս ձեռքի տակ չպիտի ունենա, ինչպես տնտեսը մի օր տանուտիրոջ ունեցվածքի մատակարարությունից զրկված պիտի մնար։ Ճիշտ այս խորհրդով է, որ առակում տանուտերը տնտեսի պաշտոնը կասեցնելուց հետո էլ նրան ժամանակ է տալիս, որ ձեռքի տակ գտնվող ունեցվածքից օգուտ քաղի, ինչը որ աշխարհի սովորությանը չի համապատասխանում։ Քանզի պետք է, որ տնտեսի անհավատարմությունն զգացած ժամին նրան գործից հեռացներ և ոչ թե նորանոր անհավատարմություններ ավելացնելու հնարավորություն ընձեռներ։ Ուրեմն, առակի տանուտերն այնպիսի մեկն է, որ հոժար սրտով իր տնտեսին թույլ է տալիս որևէ ձևով օգտվել իր հարստությունից։ Ճիշտ այս նկարագիրն է, որ Հիսուս ուզում է վերագրել Աստծուն, թե Աստված Իր ունեցվածքը եղող աշխարհի բարիքները հանձնել է մարդուն ի մատակարարություն կամ ավելին՝ ի շահագործություն, որպեսզի նա որևէ ձևով օգտվի այդ բարիքներից, որքան դրանք իր ձեռքում են։ Եվ, երբ դրանք իր ձեռքից պակասեն, այսինքն՝ երբ մարդը մեռնի, իր ապագա կյանքում այս աշխարհի մատակարարությունից օգուտ քաղած լինի։
   Ուշագրավ է նաև օգուտ քաղելու ձևը։ Երբ պատմեցինք տնտեսի մուրհակներ փոխել տալու գործողությունը, նկատել տվեցինք, թե նա գոյացած տարբերությունները գանձելու մտադրություն չունեցավ, այլ միայն ցանկացավ ընկերոջը լավություն անել և ընկերոջն արած լավությունից մի օր էլ ինքը օգտվել։ Առակի նպատակն է հասկացնել և ուսուցանել, թե մարդ պարտավոր է ձեռքում եղած աշխարհի բարիքներից ընկերոջը օգուտ հանել, օգնել, նպաստել, ողորմելի։ Ահա առակի մեծ բարոյականը։
   Այսպես, գլխավոր կետերը ճշտելուց հետո, ավելի են պարզվում այն մի քանի սկզբունքները, որոնք հաջորդում են սույն առակին և բոլորն էլ աշխարհի բարիքներից կիրառության շուրջն են դառնում։ Քչին հավատարիմը շատին էլ հավատարիմ կլինի, անցավորին հավատարիմ չեղողը հաստատունին էլ հավատարիմ չի լինի, օտարի ունեցվածքին հավատարիմ չեղողը իր սեփականի նկատմամբ ավելի անհոգ կլինի։ Երկու իրար հակառակ տերերի միաժամանակ հավատարիմ լինելն անհնար է՝ մեկին հավատարիմ եղողը մյուսին անհավատարիմ եղած կլինի։ Աստված և մամոնան իրար հակառակ տերեր են։ Աստվածային բարիքները աշխարհի բարիքներին հակառակ են։ Աշխարհի բարիքների ետևից ընկնողը աստվածայինբարիքներին հակառակ եղած կլինի: Աստծուն և մամոնային միաժամանակ հավատարիմ լինել և հավատարմությամբ ծառայել անհնար է։
   Առակս մեկնությունը գլխավորաբար բարոյական իմաստով տվեցինք և Ավետարանը նույնպես այդ ուղղությունն է ցույց տալիս։ Ավետարանիչն ավետարանական իմաստի ակնարկ չի անում, և մենք մի նոր բան չենք ավելացնում, որովհետև նախորդների հետ նույնն է։