Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:19

Հովհաննես Ծործորեցի

Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:

   

   Եվ կտամ քեզ երկնքի արքայության բանալիները:

   Այստեղ ևս իշխանություն է ցույց տալիս, որովհետև չի ասում. «Կաղաչեմ Հորը», այլ թե՝ «Ե՛ս կտամ», որպեսզի Հոր հետ Իր համապատվությունն ու միակամությունը հայտնի: Նաև Պետրոսին է մասնակից դարձնում [այդ իշխանության գործադրությանը], որպեսզի երկինքը բացի ապաշխարողների ու հավատացյալների առաջ և փակի անհավատների ու մեղանչածների դեմ: Իսկ «երկնքի [արքայության] բանալիներն» են՝ նախ՝ մկրտությունը՝ ըստ այսմ. «Եթե մեկը չծնվի ջրից ու Հոգուց, չի կարող մտնել [Աստծո] արքայություն» (Հովհ. 3։5):
   Երկրորդ՝ [Քրիստոսի] ուսմունքը:
   Երրորդ՝ [Քրիստոսի] խաչն ու չարչարանքները, ինչպես որ ավազակի համար եղավ 848 , որովհետև ինչ որ Ադամը հեշտությամբ փակեց, [Քրիստոսը] խաչով բացեց 849 :
   Չորրորդ՝ աղոթքն ու այլ առաքինությունները՝ հավատով ու հույսով հանդերձ, որոնցով Պետրոսը զգեստավորվեց [Քրիստոսին] ուրանալուց հետո: Հինգերորդ՝ կապելն ու արձակելը, ինչի մասին [Հիսուսը] խոսելու է հաջորդիվ: Իսկ այլաբանորեն՝ «արքայությունը» Քրիստոսն է և Նրա ուսմունքը, և «դռները» սրբերն են, որոնց միջոցով մտնում ենք Նրա մոտ և Նրա գիտության մեջ:

   Եվ ինչ որ կապես երկրում, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակես երկրում, արձակված կլինի երկնքում»: [Հիսուսը] շատ մեծ պատվի է բարձրացնում Պետրոսին, որովհետև [վերջինս] բարձրագույնը հասկացավ [Քրիստոսի] մասին՝ ցույց տալով, որ [Նա] Աստծո Որդին է: [Պատվում է Պետրոսին] նաև այս խոստումով, որովհետև միայն Աստծուն է հատուկ յուրաքանչյուրի մեղքերը ներել ու պատահող բազմաթիվ ալեկոծությունների մեջ Եկեղեցին անշարժ պահել: Եվ բացի ասվածից, ևս երկու շնորհ է պարգևում [Պետրոսին]՝ բարերարելն ու պատժելը (ինչպես որ Եղիսեին [տվեց] Եղիայի ունեցած Հոգու կրկնակին 850 ), որովհետև իշխանություն տվեց կապել սատանային և ազատ արձակել հեթանոսներին, և դա՝ թե՛ երկնքում, թե՛ երկրում, ինչպես որ [Պետրոսը մահվամբ] կապեց Անանիային և [մահվանից] ազատեց Տաբիթային 851, ինչը [կյանքի դռան] բացում է:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
   
   Քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները»:
   Երկնքի արքայությունը Քրիստոս է, և Նրա առաքինությունն ու վարդապետությունը սուրբ դռներն են: Ըստ սրանց նմանության՝ իմացի՛ր և իմանալի բանալիների [վերաբերյալ]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:17