Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:5

Հովհաննես Ծործորեցի

Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել:

   

   Աշակերտները նույնպես այն կողմ գնացին և մոռացան հաց վերցնել:

   Քանի որ զմայլված էին Նրա վարդապետությունը լսելով, ապա նեղություն կրելով ամենուր հետևում էին [Նրան], այնքան, որ մարմնական կարիքների մասին բնավ չէին հոգում: Այդ պատճառով էլ [ավետարանիչն] ասում է. «Մոռացան հաց վերցնել»: Նաև քանի որ Հացատուին իրենց հետ ունեին, կարծում էին, թե ամեն տեղ էլ [հաց] կստեղծեր: Այլև օգտաբեր եղավ սա. որպեսզի երբ հացի մասին հիշեին, հանդիմանվեին իրենց մտքում ունեցած հրեական խտրությունների համար:

   Իսկ այլաբանորեն՝ աշակերտների՝ այն կողմ գնալը նշանակում է մարմնավորից դեպի հոգևոր փոփոխությունը, որով մոռացան երկրային իրողությունները՝ ըստ առաքյալի. «Հետևում եղածները մոռացել եմ և դեպի առաջ եմ նկրտում» (Փիլպ. 3։13):

   

Ստեփանոս Սյունեցի

Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել:

   
   Եվ Նրա աշակերտները, գնալով ծովի այն կողմը, մոռացան հաց վերցնել»
   Քրիստոսի աշակերտները [ծովի] այն կողմն անցան՝ մարմնավորներից վերածվելով հոգևորների:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

5-12․ Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել: Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»: Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»: Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. ոչ էլ եօթը նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»: Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից:
   
   Հիսուս երկար չմնաց նաև Մագդաղեա և Դաղմանունեա կողմերում: Փարիսեցիների և սադուկեցիների հակառակությունից զզված` ցանկացավ հեռանալ Գալիլիայի կենտրոնից: Ամենքը նորից նավ նստեցին և սկսեցին նավարկել դեպի Բեթսայիդա, Գալիլիայի ծովակի հյուսիս-արևմտյան ծայրը` հուսալով այնտեղ հանգստություն գտնել: Նավում եղած ժամանակ խոսակցությունները բնականորեն սկսեցին հյուսվել վերջին դեպքերի շուրջը, հիշվեցին փարիսեցիների և սադուկեցիների, դպիրների և օրենսգետների հակառակությունները, պախարակվեց նրանց ընթացքը, շեշտվեց նրանցից զգուշանալու և նրանց հարաբերություններից հեռանալու անհրաժեշտությունը, և Հիսուս խոսքը եզրակացնելով, պատվիրում էր, որ նրանց հարաբերություններից հեռանան և զգուշանան փարիսեցիների, սադուկեցիների և հերովդիանոսականների խմորից: Հերովդիանոսականների հիշատակումը հազվադեպ է Ավետարանում և օտար պատմիչներին անծանոթ է, ուստի նրանց սկզբունքի կամ աղանդի մասին պակասում են ընդարձակ տեղեկությունները: Հիսուսի հրամայած զգուշությունից զգացվում է, որ նրանք էլ մի աղանդ էին կազմում` իրենց անունը վերցնելով Հերովդեսից: Հետևաբար, կողմնակից էին նրա ընթացքին և հրեա չլինելով` հրեության վրա ազդեցություն գործելուն. ասողներ էլ կան, որ իբր Հերովդես Մեծին ցանկանում էին որպես Մեսիա ընդունել տալ:
    Հիսուսի խոսքերը լսելով` առաքյալները կարծեցին, թե իրենց հրամայում էր օտար աղանդավորների պատրաստած հացը չուտել և սկսեցին մտածել, որ նավում իրենց հացից ունեն միայն մի ամբողջ կտոր և ինչպես անեն, որ գնացած վայրերում հաց գտնեն , որը պատրաստած չլինեն երեք աղանդին հետևողները: Հիսուս լսեց նրանց փսփսուքը և իմացավ, թե ինչի համար են մտածում, ցավեց, որ չեն հասկացել Իր խոսքերի իմաստը: Եվ զայրացավ նրանց կույր մտքի համար, որ այդքան բաներ տեսնելուց և լսելուց հետո, տակավին դուրս չեն եկել իրենց անհասության վիճակից: «Ի՞նչ եք մտածում, - հարցնում է Հիսուս,- ի՞նչ եք խոսում, թերահավատներ. Ես ինչ եմ ասում, դուք ինչ եք հասկանում. ինչպե՞ս կարող էր մտքներովդ անցնել, որ հացի պակասության համար պետք է նեղութուն քաշեք: Աչքներդ բաց, աչքներիդ տակի եղածը չեք տեսնում. ականջներդ առողջ` ամեն տեղ խոսվածը չեք լսում, կատարված եղելությունները միտներդ չեք պահում, և չեք հիշում. պետք է ասել, որ կատարյալ ապուշության մեջ եք ապրում, և եղածը չեք կարող հասկանալ: Հինգ կտոր հացով 5000 հոգուն կերակրելուց հետո, քանի՞ զամբյուղ ավելցուկ հավաքեցիք: Յոթ կտոր հացով 4000 հոգուն կերակրելուց հետո, քանի՞ զամբյուղ ավելցուկ հավաքեցիք, արդյոք ա՞յդ էլ մոռացաք»: Առաքյալները, իբրև ամեն բան հիշողներ, վկայում էին հավաքած ավելցուկների 12 կողովը և 7 զամբյուղը: Հիսուսը շարունակում է. «Ուրեմն ինչո՞ւ չեք հասկանում իմ խոսքը: Ինչո՞ւ եք վախենում, որ առանց հացի կմնաք: Ինչո՞ւ չեք հասկանում, որ նյութականի մասին չեմ խոսում կամ ինչո՞ւ չեք կարծում, որ կարող է խոսացած լինեմ փարիսեցիների կամ սադուկեցիների պատրաստած հացից զգուշանալու մասին»: Երբ Հիսուս այսպես մանրամասնորեն բացատրեց Իր խոսքերը, առաքյալները վերջապես հասկացան, որ Հիսուս ոչ թե ուզում է զգուշացնել փարիսեցիների, սադուկեցիների և հերովդեսականների ձեռքով պատրաստված, խմորված հացից, այլ այդ աղանդավորների քարոզած աղանդների խմորից:
   Այս միջադեպը տեղի ունեցավ Գալիլիայի ծովակի վրա, նավում, Մագդաղեա և Դաղմանեա կողմերից դեպի Բեթսայիդա, ծովակի հարավից դեպի հյուսիս նավարկած ժամանակ: Նավագնացությունը հաջող անցավ, գիշերն էլ հարկավ անցկացրեցին ծովի վրա և մյուս օրը հասան Բեթսայիդա, Պետրոսի, Անդերասի և Փիլիպոսի հայրենիքը: Ոմանք, հիմնվելով Ավետարաններում հիշատակված «Գնացին յայնկոյս» խոսքերի վրա և «յայնկոյս»-ը մեկնելով որպես արևելյան եզերք, ջանացին այդ կողմերում մի ուրիշ Բեթսայիդա էլ գտնել, սակայն ծովային նավագնացության մեջ որևէ ուղևորություն, որ նույն գծի վրա չէ, մյուս կողմն անցնելով է կատարվում և միշտ կարող է ասվել «յայնկոյս», և այս անգամ էլ ծովակի հարավից դեպի հյուսիս էր կատարվում Հիսուսի և Իր հետ եղողների նավագնացությունը: