Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:14

Հովհաննես Ծործորեցի

Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»:
   
    Հիսուսն ասում է. «Թո՛ւյլ տվեք մանուկներին և մի՛ արգելեք նրանց գալ Ինձ մոտ, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»:

    Քրիստոսն այն բանի համար աշխարհ եկավ և հինավուրց Աստված մանկացավ, որ մեր հնացած բնությունը վերանորոգեր` ըստ սաղմոսի. «Արծվի պես կնորոգվի քո մանկությունը» (Սաղմ. 102։5): Սրա օրինակը կամեցավ մանուկներով ցույց տալ, բայց աշակերտներն այն ժամանակ չգիտեին այս տնօրենության մասին: Իսկ Նա ի՞նչ արեց. նրանց տգիտությանը դաս տալով` մանուկներին [Իր] մոտ կանչեց, գիրկն առավ ու օրհնեց` ասելով. «Այդպիսիներինն է երկնքի արքայությունը»: Դրանով ոչ միայն նրանց, այլև մեզ է խրատում, ինչպես որ ավելի առաջ էր ասում. «Եթե դարձի չգաք և չլինեք մանուկների պես, չեք մտնի երկնքի արքայություն» (Մատթ. 18։3): Քանի որ Նրա աշակերտները մեծարվելու էին ամբողջ աշխարհից, նախապես կրթում է նրանց միտքը և թույլ չի տալիս մարդկորեն ախտանալ, օրինակ` պատիվ պահանջել շատերից կամ վարձկաններ շրջեցնել [իրենց] առջևից: Նաև շատ ցավեր ու տանջանքներ էին կրելու, ուստի խրատում է անոխակալ լինել` ոչ հպարտանալ բարեպաշտներից տրված մեծարանքներից, ոչ էլ տրտմել անօրեններից ստացած անարգանքներից: Իսկ մեզ [խրատում է] լինել կամքով այնպիսին, ինչպիսին մանուկները բնությամբ են, այսինքն` խոնարհ, հեզ ու անոխակալ, որովհետև մանուկն անարգվի թե մեծարվի, ոչ մեկից տրտմում է, ոչ էլ մյուսից հպարտանում, և թեկուզ շատ ծեծ ուտի մորից, նրան բոլորից լավն է համարում, այնքան, որ եթե ճոխ զգեստով թագուհի էլ ցույց տաս նրան, ավելի լավ չի համարի իր ցնցոտի հագած մորից, և մորից ուրիշ բան չի խնդրում, քան միայն կաթով հագենալ: Այսպես էլ մենք մերն ու օտարը աղքատությամբ ու հարստությամբ չտարբերենք, այլ իմաստությամբ ու հարկավոր պարագաներով ճանաչենք, միայն [մեր իրական] կարիքները բավարարող ինչք ստանանք և ավելիով չվնասվենք, ինչով անարգել կմոտենանք Աստծուն և երկնքի արքայությունը կժառանգենք:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:13