Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»:
Այդ ժամանակ Պետրոսը պատասխանեց` ասելով Նրան. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք Քո հետևից. ուրեմն ի՞նչ կլինի մեզ»:
Պետրոսն աննպատակ չէ, որ այս հարցը տվեց, այլ քանի որ լսեց Տիրոջից. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ունեցվածքդ, տուր աղքատներին, երկնքում գանձեր կունենաս, և ե՛կ Իմ հետևից», կամենում է իմանալ թե` մենք ոչինչ չունեինք, ինչ էլ ունեինք` թողեցինք ու վաճառեցինք և Քո հետևից եկանք. ուրեմն կա՞ որևէ հատուցում մեզ համար: Սրան կարելի է պատասխանել. «Ի՞նչը թողեցիր, երանելի՛ Պետրոս. եղեգնյա գրի՞չը, ուռկա՞նը, նավա՞կը, արհե՞ստը. «ամեն ինչ»-ով սա՞ նկատի ունես»: Այո՛, ասում է, որովհետև [ամեն] մարդ իրեն համապատասխան զորություն ունի, արդյունքին էլ համապատասխան` նրա հարստությունն է, որը թողեցինք և եկանք Քո հետևից: Որովհետև «թողնել»-ը [Քրիստոսին] հետևելու պատճառով եղավ, կամ էլ հետևելը թողնելու շնորհիվ դյուրացավ:
Նաև«ամեն ինչ թողնել»-ով նկատի ունի կամքը [թողնելը], որը կարողությունն ունի ամբողջ աշխարհը ցանկանալու: Որպես թե ասում է. որքան մեր կամքը ցանկություն ունի ամեն ինչ [ձեռք բերելու] փութալ, դա թողեցինք և եկանք [Քո] հետևից: Հիրավի՛. որովհետև շատ աշխարհականներ, արհամարհելով կամքի բոլոր ցանկությունները, գնացին Նրա հետևից: [Տիրոջից] մաս չունեն նրանք, ովքեր գնում են [Նրա հետևից], բայց չեն թողնում [իրենց կամքը]: Իսկ սրանք երկուսն էլ արեցին:
[Այս խոսքով Տերը] նաև աղքատների խմբերին է մխիթարում, որպեսզի չասեն թե` ունեցվածք չունենք, չենք կարող կատարյալ լինել: Եվ Պետրոսը հարցնում է [այս մասին], որպեսզի դու սովորես Պետրոսից և չլինես երկմիտ: Քանի որ հաճախ այն, ինչ ուրիշին է վերաբերում, մեր անունից ենք ասում, այդպես էլ առաքյալն ամբողջ աշխարհի փոխարեն էր հարցնում: Որովհետև իրենը քաջ գիտեր նա, ով նաև երկնքի բանալիներն ընդունեց այս կյանքում, բայց, ինչպես ասացի, շատերի համար էր խնդրում, ուստիև խնդրածն ընդունեց:
Մաղաքիա արք. Օրմանյան
27-30. Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»:
Մեծատուն հարուստի միջադեպը և այդ առթիվ Հիսուսի տված բացատրությունները և մանավանդ հանձնարարությունը՝ հանուն Երկնքի Արքայության բաժանվել աշխարհիկ հոգսից ու ունեցվածքից և այս առաջարկից խուսափելու համար խոսված մեղադրանքը, առաքյալների մտքում մի տեսակ մերձեցում առաջ բերին իրենց և այդ մեծատունի միջև: Նա մեղադրվում էր, որ չցանկացավ հեռանալ իր հոգսերից և ունեցվածքից, որպեսզի հետևի Հիսուսին և Նրան աշխատակցի, իսկ իրենք արել էին այդ բանը: Եթե նա մեղադրվում էր, ապա իրենք պետք է գովվեին ու փոխարենը ընդունեին, այնինչ Հիսուսի կողմից այդպիսի խոստում դեռ չէր եղել: Մի պահ իրենց մեջ այդ խոսակցություններն անելուց և լուծումը չգտնելուց հետո, որոշում են Հիսուսից բացատրություն ուզել, և նորից Պետրոսն է առաջ նետվում ու հանուն իր ընկերների, Հիսուսի հետ այդ մասին խոսակցություն է բացում, և վերջիններս խոսքը բերում են իրեն հուզած հարցի վրա. «Այն մեծատունը,- ասում է,- չուզեց թողնել իր ունեցվածքը և գալ քո հետևից, և դու նրան մեղադրեցիր. մենք՝ ամենքս էլ թողեցինք տուն ու տեղ, աշխատանք, հայր ու մայր, եղբայր ու կին, կին ու զավակ, արհեստ ու ագարակ, ինչ որ ունեինք և քեզ հետևեցինք, քեզ գործակցեցինք, քեզ հետ նեղվեցինք, մեզ համար ի՞նչ պիտի անես»: Այդ հարցը, ինչպես հիշեցինք վերևում, ցույց է տալիս, որ Երկնքի Արքայություն մտնելու առաջարկը, Հիսուսի ու հարուստի միջև տեղի ունեցած խոսակցության մեջ, պատկանում է Ավետարանի քարոզչությանը, և ոչ թե միայն հավիտենական փրկությանը, թեպետ Հիսուսի համար այդ երկուսը նույնն էին, այսինքն՝ հայտնված Երկնքի Արքայությունը ճանաչել որպես հայտնվելիք հավիտենական արքայության միջոց և պայման, ու Ավետարանով փրկության հասնել:
Իսկ գալով առաքյալներին և նրանց ամեն ինչ թողած լինելու պարագային, չենք կարծում, թե նրանք ինչ որ ունեին վաճառել, ցրել և ուրիշներին են տվել: Նախ, որ այդպիսի բան բնավ էլ հիշված չէ, և երկրորդ՝ հարուստներ չէին այդպիսի գործեր կատարելու համար և մանավանդ որոշ նշաններ կան՝ ցույց տալու համար, որ առաքյալներն իրենց ձկնորսության նավերը ձեռքից բաց չէին թողել: Քարոզության ընթացքում էլ հիշվում է Պետրոսի նավը Ղուկ. 5:3: Հիսուսի ծովագնաց ճամփորդություններն, անշուշտ առաքյալների նավերով էին լինում: Զեբեդյան եղբայրները նավերը թողել էին իրենց հորը և հնարավոր է, որ Հիսուսի մահից հետո Պետրոսը և մյուս առաքյալները, քանի որ պատրաստի նավեր ունեին, կարող էին վերադառնալ ձկնորսության Հովհ. 21:3: Առաքյալները ասում էին, որ ամեն ինչ թողել էին և ոչ թե վաճառել ու գինը բաշխել: «Մէք թողաք զամենայն»,- գրում են երեք Ավետարանները նույն ձևով:
Երևում է Հիսուս մտադիր է եղել քաջալերել իր առաքյալներին և նրանց գոհացուցիչ մի պատասխան տալ, ինչ որ ուրիշ անգամ չէր ասել: Եվ չնայած, որպատասխանն ուղղակի առաքյալներին է ուղղում, ասելով. «Դուք որ եկիք զկնի իմ», սակայն բուն նպատակը ընդհանուր է, և «ոչ ոք է որ եթող» ընդհանուր խոսքերն հավասարապես ուղղված են բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են աշխարհի բարիքներից Ավետարանի ծառայության համար: Հիսուս բոլոր նրանց, ովքեր հանուն Երկնքի Արքայության թողել էին տուն, եղբայր, քույր, հայր, մայր, կին, որդի, ագարակ և ամեն ինչ, դրանց դիմաց խոստանում է հարյուրապատիկն այս աշխարհում և հավիտենական կյանք հանդերձյալ աշխարհում: Որքան հեշտ է բառացի հասկանալ հանդերձյալ աշխարհի հավիտենական կյանքը, այնքան դժվար է հասկանալ բառացի այս աշխարհի հարյուրապատիկը, որովհետև եթե մեկ տան և մեկ ագարակի տեղ հարյուր տուն և հարյուր ագարակ ունենալը անհնարին չէ, ապա հարյուր մայր ու հարյուր հայր ունենալը հնարավոր չէ, հարյուր եղբայր և հարյուր քույր ունենալն էլ հուսալի չէ, և հարյուր որդի ունենալն էլ հուսահատական է դառնում: Ուրեմն հայտնի է, որ ոչ թե բառացի ու նյութական, այլ խորհրդական և հոգեկան իմաստ պետք է տանք այդ խոսքերին: Մարդու սիրտն այնպիսի գոհունակություն պետք է ստանա և այնպիսի հոգեկան սրտագրավ ազդեցություններ պիտի ունենա՝ իբրև թե թողածի հարյուրապատիկը ստացած լինի: Հոգևոր քարոզությամբ շահված անձերը, իր խնամքով մխիթարված անձերը պետք է լցնեն իր ընտանեկան մխիթարության պակասը, իր ընկերները՝ եղբայրներն ու քույրերը, իր առաջնորդները՝ հայրերն ու մայրերը, իր աշակերտները՝ որդիներն ու դուստրերը պետք է լինեն: Եվ, որպեսզի հասկացնի, որ իրոք այդ աշխարհի վայելքների մասին չի խոսում և խոստացված բարությունները նյութական չեն, Մարկոսը չի մոռանում ավելացնել. «հալածանօք հանդերձ» պայմա, որ իսկական և հիմնական կնիքն է բոլոր ավետարանական բացատրությունների. ըստ աշխարհի զրկումը՝ ըստ հոգու վայելումն է:
Հիսուսի խոստումների շարքին մի կետ է ավելացնում Մատթեոսը, թե Հիսուսին հետևող տասներկուսը Հիսուսի երկրորդ և փառավոր գալստյան ժամանակ, երբ Մարդու Որդին փառքերի աթոռին իշխանական և դատավարական գործեր ձեռնարկի, իր հետ մեկտեղ պետք է գործեն և տասներկու աթոռների վրա նստած պետք է դատեն Իսրայելի տասներկու ցեղերին: Այստեղ էլ չպետք է բառացի և նյութական իմաստ տալ Հիսուսի խոսքերին: Մարդու Որդին մյուս անգամ գալուց պետք է դատի ամբողջ աշխարհը Մատթ. 25:32, և ոչ թե միայն Իսրայելի տասներկու ցեղերին: Հնարավոր չէ ասել նաև, թե պիտի դատի իբր նախագահ հեթանոսներին, իսկ հրաների յուրաքանչյուր ցեղը հանձնի մի առաքյալի: Չպետք է Տասներկուսի տասներկու ցեղերից առնված լինելը հասկանալ որպես ակնարկ, որովհետև բոլորն էլ գալիլիացի էին Նեփթաղիմի և Զաբուղոնի գավառներից: Եվ դարձյալ, միևնույն ժամանակ, Հիսուսի հետ եղող տասներկուսից մեկն էլ Իսկարիովտացի Հուդան էր, որ այդպիսի վարձի սահմանված չէր: Նույնիսկ Հիսուսի ժամանակ այդ տասներկու ցեղերն այնպես էին միմյանց խառնվել, որ չի հիշվում յուրաքանչյուրի ցեղային պատկանելությունը, միայն Փանուելյան Աննայի համար է ասված, որ Ասերի ցեղից էր Ղուկ. 2:36, և Պողոսն իր համար գրել էր, որ Բենիամինի ցեղից էր Հռոմ. 11:1: Հետևաբար, տասներկու ցեղերի հաշվելը նույնն է, ինչ որ ամբողջ հրեական ազգը ասել, իսկ հրեական ազգն էլ հիշված է, որպես Ավետարանի հակառակորդներին մարմնավորող անձնավորություն և Հիսուս միայն ցանկացել է ասել, որ «Հակառակությունը և հալածանքները չպետք է ազդեցություն ունենան, Ավետարանը պետք է տարածվի և պայծառանա, Մարդու Որդին պետք է փառավորվի, և դուք էլ պետք է մասնակից լինեք այդ արդյունքին ու փառքին: Ովքեր որ հիմա իրենց մեծ և առաջինն են կարծում, իրենք իրենց փոքրիկ և վերջին եղած պետք է տեսնեն, և նրանք, ովքեր փոքր և վերջին են համարում, մեծ ու առաջին պիտի լինեն»: Հիսուս ուզում է հասկացնել, թե հրեաները, որ պարծենում են իրենց Հին Օրենքով և կարծում են, թե Երկնքի Արքայությունում առաջինն են, վերջին պիտի դառնան, իսկ հեթանոսները, ովքեր Հին Օրենքի տեսակետով հետին էին համարվում, Նոր Օրենքում առաջին պիտի հանդիսանան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: