Ծննդոց գրքի մեկնություն 19:29

Սրբ. Եփրեմ Ասորի

Երբ Տէրը կործանեց այդ բոլոր քաղաքներն իրենց շրջակայ բնակավայրերով, յիշեց Աբրահամին եւ քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, ուր Ղովտն էր բնակուել:

   

   Հիշեց, - ասում է, - Աբրահամին և քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին», որպեսզի փառավորվի Աբրահամը և որպեսզի դրանով ցույց տա, թե ով աշակերտ է արդարին, նա հաղորդակից է դառնում նրան: Եւ որպեսզի ցույց տա նրա արդարությունը, քանի որ նա խնդրեց ոչ թե մեկի, այլ բազմության համար: Եւ քանի որ Աբրահամն անբիծ և անարատ էր, իր խոսքի սկզբին կցեց նաև արդարությունը՝ ապա թող չկործանվի արդարը մեղավորի հետ: Ոչ թե միայն արդարների համար խնդրեց, այլ՝ երկրի, որպեսզի փրկվեն հանուն նրա: Ղովտն այն գիշեր աղաղակում էր, քանի որ սոդոմացիները չար գործեր էին կատարում և Աբրահամն էլ քարոզում էր, թե ինչպես նա աղաչեց ու խնդրեց և հանուն նրանց վկայության ասում է, թե ընծաների ավետիսը ինձ տրվեց: Բայց երբ ծնունդը եղավ իր ժամանակին, մարդիկ փառք տվեցին նրան, ով երկար ժամանակ համբերող եղավ սոդոմացիների նկատմամբ: Նրա անունը Սեգովր կոչելու փոխարեն, եբրայերենն ասում է՝ փոքրիկ. «Ահավասիկ փոքրիկ է»:
   

Ա. Լոպուխին

Երբ Տերը կործանեց շրջակայքի բոլոր քաղաքները, հիշեց Աբրահամին և կործանման միջից դուրս բերեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, որտեղ Ղովտն էր բնակվում: [29] (Սինոդական թարգ․)
   

   Տերը… հիշեց Աբրահամին և… դուրս բերեց Ղովտին… Այս խոսքերը շատ բան են բացատրում ինչպես Աբրահամի՝ գոնե հանուն տասը արդարի սոդոմացիներին փրկելու բարեխոսության մասին (մի թիվ, որը, գուցե, մոտ էր Ղովտի ընտանիքի անդամների թվին), այնպես էլ՝ Ղովտի նկատմամբ Աստծո առանձնահատուկ բարեհաճության և գթության մասին՝ անտեսելով նրա որոշակի տարակուսանքն ու փոքրոգությունը։ Միաժամանակ այս փաստը պերճախոս վկայությունն է այն բանի, որ «արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ. 5:16)։

--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Երբ Տէրը կործանեց այդ բոլոր քաղաքներն իրենց շրջակայ բնակավայրերով, յիշեց Աբրահամին եւ քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, ուր Ղովտն էր բնակուել:
(Արարատ թարգ․) Եվ երբ Աստված կործանում էր այդ դաշտավայրի քաղաքները, Աստված հիշեց Աբրահամին և Ղովտին դուրս բերեց այդ կործանվող քաղաքներից, որոնցում բնակվում էր Ղովտը:
(Գրաբար) Եւ եղև ի սատակել Տեառն զամենայն զքաղաքսն զայնոսիկ շուրջ զբնակութեամբն, յիշեա՛ց Աստուած զԱբրաամ, և եհան արձակեաց զՂովտ ի միջոյ կործանմանն, ի կործանել Տեառն զքաղաքսն յորս բնակեալ էր ի նոսա Ղովտ։