Ծննդոց գրքի մեկնություն 19:6

Ա. Լոպուխին

6-8. Ղովտը, դուռն իր հետևից փակելով, դուրս եկավ բակ՝ նրանց մոտ, [6] և ասաց նրանց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը: Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել: Ավելի լավ է նրանց բերեմ ձեզ մոտ, և նրանց հետ վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ, միայն թե այդ մարդկանց ոչինչ մի արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ»: (Սինոդական թարգ․)

   
   Իր կյանքը վտանգի ենթարկելով՝ Ղովտը դուրս է գալիս այս գազազած ամբոխի առջև և սկզբից փաղաքշանքով, իսկ հետո, անգամ զոհաբերությամբ, փորձում է հետ դարձնել սոդոմացիներին իրենց հանցավոր մտադրությունից։

   Ղովտը, նման եղբայրական ողջույն տալով, փորձում էր նրանց մեջ դրական զգացումներ արթնացնել և շարժել նրանց ողջամտությունը, սակայն այդ ամենը իզուր էր, քանի որ ցածրագույն բնազդների սանձարձակության տիրապետության պայմաններում մեռել էին սոդոմացիների վեհ և ազնիվ զգացումները։

   Ես երկու դուստր ունեմ… Ավելի լավ է նրանց բերեմ ձեզ մոտ… միայն թե այդ մարդկանց ոչինչ մի արեք… Տեսնելով, որ իր հորդորները ապարդյուն են՝ Ղովտը համարձակվում է դիմել ծայրահեղ միջոցի. իր հյուրերի պատիվը փրկելու համար նա պատրաստ էր զոհաբերելու իր երկու չամուսնացած (Ծննդ. 8:14) աղջիկների արժանապատվությունը։ Երանելի Օգոստինոսը հանդիմանում է Ղովտին նման արարքի համար, սակայն Ս. Հովհան Ոսկեբերանը և մեկնիչների մեծամասնությունը տեսնում են այստեղ ինքնազոհաբերություն, կամ էլ, գոնե ավելի լավ ելք՝ ծանրագույն իրավիճակից. «երկու չարիքից (հյուրերի կամ դուստրերի անպատվությունը) նա ընտրում է չարյաց փոքրագույնը», ինչպես նշում է Սբ. Ամբրոսիոս Մեդիոլանեցին։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից:
(Արարատ թարգ․) Ղովտը դուրս եկավ բակ՝ նրանց մոտ, և դուռն իր ետևից փակեց:
(Գրաբար) Եւ ել առ նոսա Ղովտ՝ արտաքոյ դրանն, և զդուռն ձգեաց զկնի իւր։