Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:9

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Բայց Ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:7
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»:
   

    «Բայց Ես ասում եմ ձեզ, որ ամեն ոք, ով արձակում է իր կնոջը և ո՛չ պոռնկության պատճառով, և ուրիշին առնում, շնանում է, և ով արձակվածին է առնում, շնանում է»:

    Երբ ըմբերանեց նրանց և Օրենքը ճշմարիտ, իսկ նրանց հանցավոր ցույց տվեց, իշխանությամբ օրենք է սահմանում. ո՛չ մի ուրիշը, այլ Իր նախկին [օրենքն] է հաստատում, որովհետև ինչպես որ կերակուրների և շաբաթի համար ամաչեցրեց, ապա ավելացրեց. «Ո՛չ ինչ որ բերանն է մտնում, այն է պղծում մարդուն» (Մատթ. 15։11), և` «Պե՛տք է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթ. 12։12), այդպես էլ այստեղ է վարվում: Բայց աշակերտներն ինչպես որ այնտեղ խռովվեցին, այդպես էլ այստեղ, ինչպես ասում է [ավետարանիչը]: Իսկ [ապահարզանի] թղթի մասին բացատրությունն ավելի առաջ ընդարձակորեն տրվել է. [թղթի պատճառն այն էր], որ միմյանց կանանց չհափշտակեին, դարձյալ նախկին կանանց մոտ չգնային և այսպես հաճախ չշնանային:

    Հասկացիր այս խոսքը նաև մարդասպանների վերաբերյալ, ովքեր հիմնվում են Օրենքի վրա, ուր գրված է. «Աչքի դիմաց աչք, արյան դիմաց արյուն» (հմմտ. Ղևտ. 24։20,21): Նրանց պատասխանում է Նոր Շնորհը 1, որ դա խստասիրտների համար է ասվել, ովքեր չէին հանդուրժում մերձավորի արյան [հեղումը]: Ավելի լավ համարվեց մեկին մատնել [մահվան], քան որ մինչև վերջ ցեղերը միմյանցից վրեժ լուծեին: Իսկ դրանից առաջ այդպես չէր, որովհետև [մարդն] անմահ ստեղծվեց և [ապա՛] դարձավ մահկանացու: Ուստի ինչ որ նախապես կար, [Տերը] նաև այժմ է հաստատում` ըստ այսմ. «Չգիտեք` ինչ հոգի ունեք» (Ղուկ. 9։55): Իսկ կնոջն արձակելը և ուրիշին առնելը վերաբերում է [նաև] այն աղանդավորներին, ովքեր ասացին, թե մարմնափոխություն 2 կա: Այսպիսիներին [Տերը] «շնացող» է կոչում, որովհետև դա ասելն ավելի չար է, քան կռապաշտությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:3